Նաբաթեա և Նաբաթեացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ն
Նաբաթեա և Նաբաթեացիներ
Նաբաթեացիները եղել են հին Արաբիայի առևտրականների մի ժողովուրդ, որ բնակություն էր հաստատել Արաբական Թերակղզու հյուսիս-արևմտյան օազիսում, որին Առաջին դարից սկսած տրվել է Նաբաթենե անունը, մոտավոր կերպով մատնանշելով այն տարածքը, որը սահմանի դեր էր կատարում Սիրիայի և Արաբիայի միջև, Եփրատից մինչև Կարմիր Ծով։ Նրանց կողմից արդյունավետ կերպով հսկված և տնօրինված առևտրական ցանցը հաղորդակցության մեջ էր դնում Արաբական Թերակղզու հարավային և հյուսիսային գոտիները և հնարավորություն էր ստեղծում Միջերկրական Ծովի առևտրային գոտի դուրս բերելու կենցաղային բարձր պահանջարկ ունեցող ապրանքներ, որ բերվում էին Հնդկաստանից և նրա մերձակա երկրներից։
 
ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Նաբաթեացիների ծագման հարցը մնում է գրեթե ամբողջովին անհայտ։ Պատճառը հիմնականում այն է, որ երբ սկսվում է փաստագրված պատմությունը, նրանք արդեն ենթարկվել էին ա՛յլ մշակույթների ազդեցությունն իրենց վրա կրելու գործընթացներին։ Մշակույթը, որից ավելի են ազդվել Նաբաթեացիները, բնականաբար արամայականն է. արամայերենով էին նրանք կատարում իրենց արձանագրությունները, հատում դրամները, նամակներ գրում ա՛յլ տերությունների ղեկավարներին, նաև այն ժամանակ, երբ նրանք հասարակական կազմակերպությունը դարձավ միապետական կարգի։
Ք.ա. 586 թվականին սկիզբ առած բաբելոնյան աքսորը իշխանության վակուում ստեղծեց Հուդայի Թագավորությունում, և հազիվ Եդոմացիները տեղափոխվեցին գրավելու Հրեաների թողած արոտավայրերը, Նաբաթեացիներն էլ իրենց հերթին տեղափոխվեցին գրավելու Եդոմացիների տարածքները։ Պետրան (կամ Սելա) Եդոմացիների հնագույն մայրաքաղաքն էր, իսկ այդ ժամանակներում դառնում է արդեն Նաբաթեացիների մայրաքաղաքը, որոնք միաժամանակ դառնում են նաև Աքաբայի Ծովածոցի նավահանգիստների տերը։
Ք.ա. մոտ 85 թվականին, օգտագործելով սելևկյան իշխանության ճգնաժամային պահը, Նաբաթեացիները գրավեցին նաև Հորդանանի արևելյան բերրի տարածքները և նրանց Արետաս թագավորը դարձավ նաև Դամասկոսի տիրակալը։ Այդ ժամանակվանից արաբները սկսեցին «Նաբաթեացի» անվանել Արամայեցիներին։ Այս հանգամանքը ուսումնասիրողներից ոմանց թույլ տվեց ենթադրել, թե Նաբաթեացիներն արամայական ծագում են ունեցել և գաղթել են Բաբելոնից։ Ինչը սակայն սխալ է, քանի որ ամբողջական ուսումնասիրությունների արդյունքում գրեթե անվիճելի է դարձել Նաբաթեացիների արաբական ծագման փաստը։
Մալիք Երկրորդի թագավորության օրոք, Ք.ա. 32 թվականին, Հերովդես Մեծը, Կլեոպատրա թագուհու հետ համաձայնությամբ, պատերազմական գործողություններ սկսեց Նաբաթեայի դեմ։ Հերովդեսի զորքերը ասպատակեցին ողջ երկրով մեկ, վիթխարի հեծելազորի օգնությամբ։ Մեկ տարի անց, Հերովդեսի զորքերը կրկին կողոպտեցին Նաբաթեան։ Որոշ ժամանակ անց, երբ Իսրայելում երկրաշարժ եղավ, Նաբաթեացիները ապստամբեցին և փորձեցին ներխուժել Իսրայել, բայց Հերովդեսը կրկին կարողացավ հաղթել նրանց։
Բայց Հռոմեացիների հետ դաշնակցելով, Նաբաթեացիները կարողացան բարգավաճել Ք.հ. Առաջին դարի ողջ ընթացքում։ Նրանց իշխանությունը տարածվեց ամբողջ Արաբիայի վրա, Կարմիր Ծովի երկայնքով մինչև Եմեն, և Պետրան շարունակեց մնալ որպես միջազգային առևտրի կենտրոն, չնայած կամաց կամաց առևտուրն այդ կողմերում սկսում է տկարանալ, քանի որ ի հայտ են գալիս առևտրական նոր՝ արևելյան ճանապարհները։ Հռոմեական Խաղաղության ներքո (Pax Romana) Նաբաթեացիները կորցրեցին իրենց պատերազմական ու քոչվորական սովորույթները և դարձան լիովին խաղաղ, խնայող ու կարգապահ ժողովուրդ, ամբողջովին նվիրված առևտրին ու հողագործությանը։
Ք.հ. 3րդ դարից սկսած Նաբաթեացիները դադարեցին գրել արամայերեն և սկսեցին գրել հունարեն, իսկ 4րդ դարում ընդունեցին Քրիստոնեությունը։ Արաբ զավթիչները, որոնք այդ տարածքներում հայտնվեցին 7րդ դարում, Նաբաթեացիների մնացորդներին գտան գյուղացիների վերածված, այն աստիճան, որ արաբերեն «նաբաթի» բառը դարձավ «հողագործ» բառի հոմանիշը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։