Նյուտոն Իսահակ (1642-1727) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ն
Նյուտոն Իսահակ (1642-1727)
Սըր Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 - 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Եղել է Լոնդոնի Թագավորական Ընկերության նախագահը 1703-1727 թվականներին: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ: Նրա անունով է կոչվում 8000 Isaac Newton աստերոիդը և Հրատի ամենամեծ խառնարաններից մեկը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: [...] Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը »:
 
I. NEWTON, Philosophiae Naturalis Principia Mathematica [Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները], 1697.
 
---
 
« Աստվածպաշտության հակառակը աթեիզմն ու կռապաշտությունն է։ Աթեիզմն այնքան պակասամիտ բան է ու ատելի է մարդկությանը, որ երբեք բազմաթիվ հետևորդներ չի ունեցել։ Մի՞թե կարող է պատահականություն լինել այն, որ բոլոր թռչունները, կենդանիներն ու մարդիկ [...] միայն երկու աչք ունեն, և ո՛չ ավելի, [...] և միայն երկու ականջ, [...] և միայն մի քիթ երկու անցքով, և առջևի երկու ոտքեր, կամ երկու թևեր, կամ երկու ձեռքեր ուսերի վրա, և երկու ոտքեր կոնքերին, և ո՛չ ավելի։ Որտեղի՞ց է սերում այս միակերպությունը նրանց բոլոր արտաքին կերպերի մեջ, եթե ոչ՝ մի Հեղինակի որոշումից ու գործից։ [...] Այս և նման մտորումները միշտ գերակշռել են և միշտ էլ գերակշռելու են մարդկության մեջ, հավատալու համար, որ գոյություն ունի մի Էակ, որ ստեղծել է ամեն բան, և ամեն բան Իր իշխանության տակ է, և հետևաբար՝ հարկավոր է երկյուղ ունենալ Նրա նկատմամբ։ Մենք դավանում ենք, ուստի, միայն մեկ Աստված, անսահման, հավիտենական, ամենուր ներկա, ամենագետ, ամենակարող, գոյություն ունեցող ամեն ինչի Արարիչ, իմաստուն, արդար, բարի, սուրբ։ Մենք պետք է սիրենք Նրան, երկյուղած լինենք, պատվենք Նրան, վստահենք, աղոթենք, շնորհակալություն հայտնենք, փառաբանենք, գովենք, սրբացնենք Իր Անունը, հնազանդվենք Իր պատվիրաններին »։
 
D. BREWSTER, Memoirs of the Life, Writings, and Discoveries of Sir Isaac Newton [Հուշեր Սըր Իսահակ Նյուտոնի Կյանքից, Գրություններից ու Հայտնագործություններից], Thomas Constable and Co., 1855, Vol. II, p. 347-348.
 
---
 
« Աստված ստեղծել և կառավարում է անտեսանելի աշխարհը, և մեզ պատվիրել է սիրել և պաշտել Իրեն, և ուրիշ ոչ մի աստծո. պատվել մեր ծնողներին ու ուսուցիչներին, և սիրել մեր մերձավորին մեր սեփական անձի նման. լինել ժուժկալ, արդար ու խաղաղասեր, և ողորմած լինել նաև չարերի հանդեպ: Այն զորությամբ, որով արարչագործության առաջին պահին կյանք պարգևեց կենդանի բոլոր տեսակներին, ի զորու է վերակենդանացնելու մեռյալներին և հարություն պարգևեց Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին, որը գնաց երկինք՝ ստանալու մի արքայություն և տեղ պատրաստելու մեր համար, արժանապատվությամբ մոտ է Աստծուն, և կարող է երկրպագություն ընդունել որպես Գառն Աստծո: Նա առաքել է Սուրբ Հոգին, որպեսզի մխիթարի մեզ Իր բացակայության ընթացքում. վերադառնալու է, որպեսզի թագավորի մեր վրա »:
 
Մեջբերված է. D. BREWSTER, Memoirs of the Life, Writings, and Discoveries of Sir Isaac Newton [Հուշեր Սըր Իսահակ Նյուտոնի Կյանքից, Գրություններից ու Հայտնագործություններից], Thomas Constable and Co., 1855, Vol. II, p. 354.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։