Նովակ Մարտին Անդրեաս (ծնվ. 1965թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ն
Նովակ Մարտին Անդրեաս (ծնվ. 1965թ.)
Մարտին Անդրեաս Նովակը (ծնվ. 1965թ.) ավստրիացի աշխարհահռչակ կենսաբան է և մաթեմատիկոս: Դասավանդում է Հարվարդի Համալսարանում և ղեկավարում է այդ նույն համալսարանի Էվոլյուտիվ Դինամիկաների Ծրագիրը: Ուսումնասիրում է վարակիչ հիվանդությունների դինամիկաները, քաղցկեղի գենետիկան և մարդկային համագործակցության ու լեզվի զարգացումը: Ռոբերտ Մեյի հետ գրած նրա առաջին գիրքը՝ «Virus Dynamics», 2000 թվականին հրատարակվել է Օքսֆորդի Համալսարանի կողմից: Ավստրիայի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ է: Շահել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր Weldon Memorial Prize, Albert Wander Prize, Akira Okubo Prize, David Starr Jordan Prize և Henry Dale Prize մրցանակները: Նրա «Evolutionary Dynamics: Exploring the Equations of Life» գիրքը 2006 թվականին հրատարակվեց գիտության քննադատների խանդավառ ծափողջույնների ընկերակցությամբ և նույն տարում շահեց Հրատարակողների Ամերիկյան Ընկերության «R.R. Hawkins Award» մրցանակը Մասնագիտական Բացառիկ Կարողությունների համար: Հեղինակն է գիտական ավելի քան 300 հոդվածների, որոնցից 40ը Nature, իսկ 15ը Science անվանի պարբերականներում: Նրա բեղուն գործունեությունը տակավին շարունակվում է գիտության տարբեր ճյուղերում:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Աստված ընտրել է Իր արարչությունը ժամանակի մեջ տարածել բնության օրենքների միջոցով: Մարդիկ, Աստծո պատկերով ստեղծված լինելով, սկսել են հասկանալ բնության այդ օրենքների տեսանկյուններից մի քանիսը: Էվոլյուցիան կենդանի աշխարհի կազմակերպման սկզբունքներից մեկն է. Աստված այն գործածում է երկրի վրա կյանքը տարածելու համար: Աստծո արարչագործ զորությունը և էվոլյուցիայի օրենքները չեն հակասում միմյանց. Աստված գործում է էվոլյուցիայի միջոցով և դրա սկզբնապատճառն է: Առանց Աստծո, էվոլյուցիան բնավ գոյություն չէր ունենա: Միևնույն կերպ, Աստված գործածում է ձգողականությունը՝ տիեզերքի կառուցվածքը լայնամասշտաբ ծավալով կազմակերպելու համար: Առանց Աստծո, ոչ մի ձգողականություն էլ գոյություն չէր ունենա: Ո՛չ ձգողականությունը, ո՛չ էլ էվոլյուցիան մարտահրավերներ չեն քրիստոնեական հավատքի համար: Էվոլյուցիայի իսկապե՛ս գիտական մեկնաբանությունը չի հանգեցնում Աստծո դեմ փաստերի: Գիտական աթեիզմը դա մետաֆիզիկական [փիլիսոփայական] դիրքորոշում է, որը մեր տրամադրության տակ գտնվող զուտ գիտական տվյալների մեկնաբանությունից այն կողմ է անցնում »:
 
Մեջբերված է. Dio oggi. Con lui o senza lui cambia tutto [Աստված այսօր. Նրա հետ կամ առանց Նրա ամեն ինչ փոխվում է], Cantagalli 2010, p. 201-202.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։