Պահք, պահեցողություն – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պահք, պահեցողություն
Պահքը ենթադրում է որոշ ժամանակով կերակուրներից և խմիչքներից ամբողջական կամ մասնակի հրաժարում։ Պատճառները, որոնք մղում են պահեցողության, բազմաթիվ են, բայց կարող են համախմբվել գաղափարային երկու առանցքի շուրջ. մի բնական պահանջ և մի կրոնական փորձառություն։

Բնական պահանջ է, երբ դրա կարիքը գրեթե բնազդաբար զգացվում է պսիխոֆիզիկական մասնահատուկ իրավիճակների կամ նաև զուտ կլիմայական պարագաների դիմաց. այդպիսի դեպքերում ձեռք է բերում «ֆիզիոլոգիական հանգստի» նշանակություն, որը նպաստում է օրգանիզմի մաքրմանը։ Կարող ենք հավելյալ կերպով ճշգրտել, որ այս տեսակ պահեցողությունը, եթե կատարվում է ենթակայի կողմից ազատ ընտրությամբ, որը դա անում է առաքինությունների մեջ կրթվելու նպատակով (Եկեղեցու պատվիրաններից դուրս գտնվող կոնտեքստում ևս) և բանական եղանակով կանոնավորում է պահեցողության հանգամանքները, աստվածաբանների կողմից անվանվում է «փիլիսոփայական բարոյական պահք»։ Այս տեսակ պահքի համար մեծապես կարևոր է, որ կատարվի մտքի պահքի հետ միասին, կեղծավորության մեջ ընկնելուց և մարդկային անձի հիմնական հատկությունները (օրինակ՝ հաղորդակցությունը, մարդկային հարաբերությունները) լիովին փչացնելուց խուսափելու համար։

Պահքը վերածվում է կրոնական փորձառության, երբ չի սահմանափակվում իր բարերար ազդեցությունը միայն մարմնի վրա տարածելով, այլ՝ գործում է նաև հոգու ոլորտում։ Սա կրոնական գրեթե համամարդկային փորձառություն է և կարևոր տեղ է գրավում լինի՛ Քրիստոնեության և հրեականության մոտ, լինի՛ իսլամում և հինդուիզմում։ Այս տեսակի պահքը կարող է պատվիրվել և՛ հասարակությանը հավաքական իմաստով, և՛ անհատին, ինչպես նաև կարող է կատարվել անհատի կողմից ինքնահոժար կերպով, գոհացում տալով տարբեր նպատակների. ապաշխարության գործադրում, Աստծո հետ մարդու հաղորդությունն ամրապնդող մաքրագործում, ողբի արտահայտություն, յուրահատուկ ծիսակատարությունների նախապատրաստություն, և այլն։
 
Հին Կտակարանի բազմաթիվ հատվածներում գովաբանվում և պատվիրվում է պահեցողությունը (օրինակ՝ Դատ 20, 26; Տվբ 12, 8; Հդթ 8, 6; Հվլ 2, 12-17; Եսթ 4, 13; 2Մկ 13, 12)։ Մարգարեական քննադատությունը, սակայն, հատկապես Եսայի մարգարեի մոտ, ընդգծում է այն կարևորագույն փաստը, որ սոսկ պահքը բավարար չէ Տիրոջ արդարությանը գոհացում տալու և Նրա շնորհներին արժանանալու համար, եթե պահքին չեն ընկերանում անկեղծ զղջումը և արդարության ու սիրո գործադրումը (Ես 58, 1-14)։ Հետևաբար, հիմնական կարևորություն ունի ո՛չ թե պահեցողությունը, այլ՝ դարձը, դեպի որը մարդուն պետք է առաջնորդի պահքը։
Եկեղեցու ավանդությունը, Հին Կտակարանի վրա հիմնվելուց բացի, ուսանում է հատկապես Հիսուսի օրինակից, որը քառասուն օր և քառասուն գիշեր կատարյալ պահեցողությամբ անցկացրեց անապատում (Մտթ 4, 2; Մրկ 1, 13; Ղկս 4, 2)։ Թեև Քրիստոսը պահքի պատվիրանը չի պարտադրում, որպես փարիսեցիական չափազանցությունների հաղթահարման միջոց (Ղկս 18, 12), այդուամենայնիվ՝ աշակերտներին հայտնում է, որ գործադրելու են պահեցողությունը (Մտթ 9, 14-15), մինչ սպասելուն են Իր վերադարձին, և պահեցողության վերաբերյալ նկարագրում է այն գործադրելու կերպը, պատվիրելով խուսափել ցուցամոլությունից ու կեղծավորությունից (Մտթ 6, 15-19)։ Առաքյալները ևս գործադրել են պահեցողությունը (Գրծ 13, 2-3)։
Պահքի իմաստն ու նշանակությունը առաքելական շրջանում հարստացվում է քրիստոսաբանական արժեքներով։ Պողոս Առաքյալն այս առումով հորդորում է ըմբռնելու պահքի ամենախորը նշանակությունը, որը սոսկ ֆիզիկական երևույթներից անդին է գնում (Հռմ 14, 6.17; 1Կր 10, 31; 2Կր 6, 4-6; Փլպ 4, 12; 1Տմ 4, 4-5), հասնելու համար Աստծո հետ առավել սերտ ու մտերիմ հաղորդության հարաբերությանը, մարմինը զսպելով և այն որպես ծառա պահելով հանդերձ։
 
Պահքի ամենակարևոր տեսանկյուններն, ուստի, հետևյալներն են.
– համարվում է շնորհի մի պահ, ընդունակ՝ հզորացնելու առաքինությունները, ծնելու աղոթքը, լինելու հոգեկան անդորրի աղբյուր, բոլոր բարի հատկությունների նախակարապետ. բայց հատկապես, պահքը մարդու համար հնարավորություն է ստեղծում բացվելու մի ա՛յլ կերակուրի առջև. Աստծո կամքը (Հվհ 4, 31-34).
– սերտ կապակցություն ունի աղոթքի հետ. ապավինում է միմիայն Աստծուն (Տվբ 12, 8; Դատ 20, 26; Սղմ 34, 13). տեսանելի արարք է, որով հայցվում է ներում և ողորմություն (Հվլ 1, 14; 2, 17; Հդթ 4, 11-12; Մտթ 17, 20; Մրկ 9, 28). ուրիշների նկատմամբ սիրո նշան է (Եսթ 4, 13; Սղմ 34, 13). հրահանգում և կրթում է դժվարին ձեռքբերումների մեջ (Մտթ 4, 2; Գրծ 14, 22; Ել 34, 28; 3Թգ 19, 8; Դն 10, 3).
– բերում է կյանքի փոփոխություն. արդարև, պահքն ինքնըստինքյան արժեք չունի, այլ միմիայն այն դեպքում է արժեքավոր, երբ կապակցված է զղջմանը (Մտթ 9, 13; հմմտ. 6, 16-18), կրկնակի ուղղվածությամբ. ինքնականոնակարգումը և հոգևոր ու նյութական սիրո գործադրումը (Տվբ 4, 8)։
 
Վերջնական առումով կարող ենք հաստատել, որ քրիստոնեական միջավայրում պահեցողությունն ավելի քրիստոսաբանական փորձառություն է, քան սոսկ ճգնություն, քանի որ քրիստոնեական ամբողջ կյանքի նպատակը Աստծո հետ հաղորդությունն է։
Ամփոփելով, քրիստոնեական պահեցողության պրակտիկայում ընդգծվում են չորս տեսանկյուններ. 1) աստվածաբանականը, որովհետև տրամադրում է հանդիպելու Աստծուն ավելորդություններից ազատված ժուժկալության մեջ. 2) գոյութենականը, որ վերաբերվում է կյանքի ընտրությունների, որոնք ենթադրում են փորձությունների հաղթահարում. 3) առողջապահականը, որով մարդը բուժվում է Ադամի «գոռոզամիտ քաղցից». 4) ապաշխարությանը, որով մատնանշվում է սրտի դարձի ու մաքրագործման առաջադրանքը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։