Պասկալ Բլեզ (1623-1662) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Պ
Պասկալ Բլեզ (1623-1662)
Բլեզ Պասկալը (19 Հունիս 1623 - 19 Օգոստոս 1662) եղել է ֆրանսիացի աշխարհահռչակ մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և աստվածաբան: Հիդրոստատիկայի և հիդրոդինամիկայի հեղինակն է: Մարդկության պատմության ամենաականավոր գիտնականներից մեկն է, մեծապես նշանակալի դեր է ունեցել մեխանիկական հաշվարկների ստեղծման և հեղուկների ուսումնասիրման գործում: Հիմնական կարևորության աշխատություններ է գրել գիտական մեթոդի մասին: 1654թ.ից սկսած աշխատել է հավանականությունների տեսության վրա. այս ոլորտում կատարած իր աշխատանքը անգնահատելի ազդեցություն է թողել տնտեսագիտական ու սոցիոլոգիական արդի գիտությունների զարգացման վրա: Մտահղացել է ներարկիչների գաղափարը: Ճշտել է ''վակուումի'' և ''ճնշման'' հասկացողությունները, որի չափման միավորը կրում է իր իսկ անունը, և շարադրել է Պասկալի սկզբունքը: Համարվում է համակարգչային գիտության նախակարապետը, ստեղծած լինելով մեխանիկական առաջին հաշվիչ մեքենան՝ Պասկալինը: Գրել է Պասկալի Թեորեման: Նրա անունով է կոչվում 4500 Pascal աստերոիդը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Ո՛չ միայն Աստծուն ենք ճանաչում միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով, այլ՝ ինքներս մեզ էլ չենք ճանաչում, եթե ոչ միայն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Կյանքը և մահն էլ ճանաչում ենք միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիսուս Քրիստոսից դուրս չգիտենք, թե ի՛նչ է մեր կյանքը, մեր մահը, Աստված, մենք ինքներս: Այսպիսով, առանց Սուրբ Գրքի, որի առարկան միմիայն Հիսուս Քրիստոսն է, մենք չգիտենք ոչինչ, և տեսնում ենք միայն խավարը, խառնաշփոթը Աստծո էության մեջ և խառնաշփոթը մեր իսկ էության մեջ »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 186.
 
---
 
« Ստոիկներն ասում են. ''Ներս մտեք ինքներդ ձեր մեջ. այնտեղ է, որ կգտնեք ձեր խաղաղությունը'': Եվ դա ճիշտ չէ:
Մյուսներն ասում են. ''Ինքներդ ձեզնից դուրս եկեք. զվարճանալով փնտրեցեք երջանկությունը'': Եվ դա ճիշտ չէ:
Երջանկությունը ո՛չ դրսում է, ո՛չ էլ՝ մեր ներսում:
Երջանկությունն Աստծո մեջ է: Հետևաբար. և՛ դրսում է, և՛ մեր ներսում »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, pp. 26-27.
 
---
 
« Մարդն առանց Աստծո գտնվում է ամեն ինչի վերաբերյալ տգիտության և անխուսափելի ապերջանկության մեջ։
Կամենալն, արդարև, և չկարողանալը, նշանակում է ապերջանիկ լինել։
Արդ, մարդը կամենում է երջանիկ և ինչ որ մի ճշմարտության վերաբերյալ ապահով լինել. և սակայն, չի կարող ո՛չ ճանաչել, ո՛չ էլ չկամենալ ճանաչել: Չի կարող և ո՛չ իսկ կասկածել »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 26.
 
---
 
« Ոչ ոք այնքան երջանիկ, այնքան բանական, այնքան առաքինի, այնքան սիրելի չէ, որքան ճշմարիտ քրիստոնյան »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 27.
 
---
 
« Սիրտն ունի իր մտքերը, որոնք միտքը չի ճանաչում: Սա նկատելի է հազար ու մի բաներում։
Սրտով է, որ մենք ճանաչում ենք առաջին սկզբունքները, և միտքը, որ չի մասնակցում այդ գործընթացին, ապարդյուն է փորձում պայքարել դրանց դեմ »։
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 31.
 
---
 
« Մարդու մեջ ներքին պատերազմ է մղվում բանականության և կրքերի միջև։
Երանի՜ թե միայն բանականությունն ունենար առանց կրքերի ... ։
Երանի՜ թե միայն կրքերն ունենար առանց բանականության ... ։
Բայց, երկուսն էլ միասին ունենալով, չի կարող մնալ առանց պատերազմի, քանի որ չի կարող խաղաղություն ունենալ դրանցից մեկի հետ, եթե չի պատերազմում մյուսների դեմ։
Այդպիսով, մարդը միշտ բաժանված է, հակասության մեջ է ինքն իր հետ »։
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 49.
 
---
 
« Մտքի ներքին պատերազմը կրքերի դեմ որպես հետևանք ունեցել է այն, որ նրանք, ովքեր փափաքել են խաղաղություն վայելել, բաժանվել են երկու աղանդների։
Դրանցից մեկին հարողները ցանկացել են հրաժարվել կրքերից և դառնալ աստվածներ, իսկ մյուսին հարողները ցանկացել են հրաժարվել մտքից և դառնալ անբան անասուններ։
Բայց չհասան իրենց նպատակին, ո՛չ առաջինները, ո՛չ էլ երկրորդները։ Եվ միտքը միշտ շարունակում է մեղադրել կրքերի ստորակարգությունն ու անարդարությունը, և շարունակում է խանգարել հանգիստը նրանց, ովքեր հանձնվում են դրանց, իսկ կրքերն էլ միշտ կենդանի են նրանց մեջ, ովքեր դրանցից ցանկանում են հրաժարվել »։
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 49-50.
 
---
 
Քրիստոնեական « Հավատքն ասում է այն, ինչը որ զգայարանները չեն ասում։
Բայց չի ասում հակառակն այն բանի, ինչ նրանք տեսնում են։
Հավատքը զգայարաններից վեր է, ո՛չ թե՝ նրանց հակառակ »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 57.
 
---
 
« Երեք միջոց կա հավատալու համար. բանականությունը, սովորույթը, ներշնչանքը կամ հայտնությունը։ Քրիստոնեական կրոնը, – միակը, որ հիմնվում է բանականության վրա, – որպես իր ճշմարիտ զավակներ չի ճանաչում նրանց, ովքեր հավատում են առանց ներշնչանքի։ Սա չի նշանակում, թե քրիստոնեական կրոնը բացառում է բանականությունն ու սովորույթը։ Ընդհակառակն, հարկավոր է բացել սեփական միտքը փաստերի առաջ, տրամադրվել սովորույթի ուժով, բայց միաժամանակ՝ խոնարհությամբ տրվել ներշնչանքներին, միմիայն որոնք կարող են հառաջ բերել ճշմարիտ ու փրկարար արդյունքը »։
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 58.
 
---
 
« Սկեպտիկների, ստոիկների, աթեիստների և նրանց նմանների բոլոր սկզբունքները ճիշտ են։
Բայց սխալ են նրանց եզրակացությունները, որովհետև իրենց սկզբունքներին հակառակ սկզբունքներն էլ են ճիշտ »։
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 65.
 
---
 
« Առանց Հիսուս Քրիստոսի՝ մահը սոսկալի է ու խորշելի, և ահ ու սարսափ է բնության համար: Հիսուս Քրիստոսի հետ՝ այն ամբողջովին ա՛յլ է. սիրելի է, սուրբ, և հավատացյալի ուրախությունն է: [...] Ամեն բան քաղցր է Հիսուս Քրիստոսի հետ, մինչև իսկ մահը. և դա Իր կրածների ու տառապածների պատճառով, և որ մահացավ՝ սրբացնելու համար մահն ու տառապանքը »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 78.
 
---
 
« Առանց առաջին մարդու մեղքի խորհրդի, որը բոլորից ամենաանըմբռնելին է, մենք անըմբռնելի ենք մնում ինքներս մեր համար: Մեր գոյության վիճակի հանգույցը ոլորվում ու գալարվում է այս անդունդի մեջ. այնպես, որ մարդն ավելի անըմբռնելի է առանց այս խորհրդի, քան որքան այս խորհուրդն ինքը անըմբռնելի է մարդու համար: Այստեղից հայտնի է դառնում, որ Աստված, կամենալով մեր համար անըմբռնելի դարձնել մեր էության դժվարությունը, դրա հանգույցը թաքցրել է այնքան բարձր, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այնքան ցածր տեղում, որ անկարող էինք հասնելու դրան. այնպես, որ ո՛չ թե մեր մտքի գոռոզ ու խռովահույզ շարժումներով, այլ՝ պարզ հպատակությամբ մենք կարող ենք իսկապես ճանաչել ինքներս մեզ »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 88.
 
---
 
« Մարդիկ արհամարհում են կրոնը. ատում են այն, և վախենում են, որ կարող է ճշմարիտ լինել: Այս ամենից բժշկվելու համար հարկավոր է սկսել ցույց տալով և փաստելով, որ կրոնը բնավ հակառակ չէ բանականությանը, որ արժանի է մեծարանքի. հարկավոր է հասցնել նրա հանդեպ հարգանք ունենալու: Ապա, հարկավոր է այն սիրելի դարձնել, ցանկանալ տալ բարիներին, որ այն ճշմարիտ լինի, և հետո ապացուցել, որ ճշմարիտ է: Արժանի է պատվի ու մեծարանքի, որովհետև լիակատար կերպով ճանաչում է մարդու էությունը. արժանի է սիրո, որովհետև խոստանում է ճշմարիտ ու իրական բարիքը »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 95.
 
---
 
« Քրիստոնեական կրոնը, դողալու պատճառ տալով նրանց, որոնց ինքն արդարացնում է, և մխիթարելով նրանց, որոնց ինքը դատապարտում է, մեծ արդարությամբ չափավորում է վախը հույսով: Այս կրկնակի կարողության շնորհիվ, որ բնորոշ է բոլորին, և՛ շնորհին, և՛ մեղքին, քրիստոնեական կրոնը խոնարհեցնում է անսահմանորեն ավելի, քան որքան դա կարող է անել միտքը միայն իր ուժերով, բայց դա անում է առանց հուսահատեցնելու. և բարձրացնում է անսահմանորեն ավելի վեր, քան որքան դա կարող է անել բնության գոռոզությունը, բայց դա անում է առանց հպարտության մեջ գցելու, դրանով հստակ կերպով ցույց տալով, որ միայն ինքը սխալից ու մոլությունից զերծ լինելով՝ միմիայն իրեն է պատկանում մարդկանց ուսուցանելու և ուղղելու իրավունքը »:
 
BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 101.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։