Ջանոտտի Ֆաբիոլա (ծնվ. 1960թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ջ
Ջանոտտի Ֆաբիոլա (ծնվ. 1960թ.)
Ֆաբիոլա Ջանոտտին (ծնվ. 29 Հոկտեմբեր 1960) իտալացի ֆիզիկոս է: Միլանի Համալսարանում մասնագիտացել է ֆիզիկայի ենթա-ատոմային ուղղվածությամբ: Հատուկ ուսումնասիրություններ է կատարել տարրական մասնիկների և հեղուկ արգոնի վերաբերյալ: 1992թ.ից մասնակցել է «ATLAS experiment» փորձարկմանը, որի ծրագրերին մասնակցել են 3.000 գիտնականներ աշխարհի 38 երկրներից: Այդ նույն փորձարկման համակարգողն է եղել 1999-2003 և 2009-2013 թվականներին: 2012թ. Հուլիսի 4ին իր կողմից ղեկավարված գիտնականների խումբը առաջին անգամ լինելով կարողացել է դիտարկել Հիգգսի բոզոնին համապատասխանող մի մասնիկ:
ԱՄՆ ՖերմիԼաբ-ի («Fermi National Accelerator Laboratory») գիտական խորհրդի և Իտալիայի «Դեյ Լինչեյ» Գիտությունների Ակադեմիայի անդամ է: 2013թ.ից պատվո դասախոս է Էդիմբուրգի Համալսարանում:
2014թ.ին ընտրվել է Ատոմային Ուսումնասիրությունների Եվրոպական Կազմակերպության («CERN - Conseil Européen pour la Recherche Nucléaire») Ընդհանուր Տնօրեն: Առաջին կինն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
Արժանացել է «Fundamental Physics Prize» (2012) և մի շարք ա՛յլ մրցանակների:
Իր անունով է կոչվում նաև 214819 Gianotti աստերոիդը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Գիտությունը և կրոնը պետք է միմյանցից անջատ երկու ճանապարհների վրա մնան: Գիտությունը հիմնվում է փորձարարական փաստարկման վրա, [...] և գիտությունը երբեք չի կարող փաստել Աստծո գոյությունը կամ չգոյությունը: Այո՛, ես հավատում եմ Աստծուն: Գիտությունը լիովին հաշտ ու համերաշխ է [քրիստոնեական] հավատքի հետ, նրանց միջև հակասություններ չկան: Կարևորն այն է, որ երկու հարթությունները միմյանցից անջատ պահվեն: Հավատացյալ լինել կամ անհավատ. ֆիզիկան չէ, որ կարող է պատասխան տալ այս հարցին »:
 
Մեջբերումը հետևյալ հեռուստատեսային հաղորդումից է. Otto e Mezzo, 06/01/15.
 
---
 
« Ոչ մի հակասություն չեմ տեսնում գիտության և [քրիստոնեական] հավատքի միջև. դրանք երկու տարբեր ոլորտների են պատկանում։ Չափազանց սնափառ և չափազանց ամբարտավան կլինենք, եթե մտածենք, թե կարող ենք բացատրել տիեզերքի ծագումը։ Այն, ինչը որ կարող ենք անել մենք՝ գիտնականներս, դա փոքրի՜կ քայլերով առաջ ընթանալն է, և գիտելիքներ կուտակելը։ Բայց ինչպես ասում էր Նյուտոնը, այն, ինչը որ գիտենք, մի փոքրիկ կաթիլ է, իսկ այն, ինչը որ չգիտենք, օվկիանոս է, ուստի շա՜տ ու շա՜տ հեռու ենք նման հարցերի պատասխանել կարողանալուց »։
 
« Famiglia cristiana » շաբաթաթերթին տրված հարցազրույցից (20/08/2010)
 
[ շարունակելի ...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։