Ջեսթրոու Ռոբերտ (1925-2008) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ջ
Ջեսթրոու Ռոբերտ (1925-2008)
Ռոբերտ Ջեսթրոուն (7 Սեպտեմբեր 1925 - 8 Փետրվար 2008) եղել է ամերիկացի աստղագետ, ֆիզիկոս և տիեզերաբան, NASA-ի առաջատար գիտնականներից մեկը: Եղել է NASA-ի Լուսնային Հետազոտությունների Հանձնախմբի առաջին նախագահը: 1958-1961թ.ին ղեկավարել է NASA-ի Տեսական Բաժինը: 1961թ.ին դարձել է NASA-ի տիեզերական ուսումնասիրությունների Գոդդարդ Ինստիտուտի հիմնադիր-տնօրենը: NASA-ում աշխատել է մինչև 1981թ., միաժամանակ գեոֆիզիկա է դասավանդել Կոլումբիայի Համալսարանում: 1979-1992թ.ին Երկրի Գիտություններ է դասավանդել Դարթմութի Քոլեջում, տնօրենն է եղել Մաութ Ուիլսոն Աստղադիտարանի և Հալեի Արևային Ուսումնասիրությունների Լաբորատորիայի:
Դոկտոր Ջեստրոուն չի եղել «հավատացյալ» բառի քրիստոնեական իմաստով: Ինքն իրեն միշտ նկատել է իբրև «չիմացող» (ագնոստիկ) կամ «դեիստ»: Բայց նաև կտրուկ կերպով հերքել է այն թյուր պատկերացումը, թե իբր աթեիզմը կարող է ինչ որ մի գիտական հիմք ունենալ և թե իբր գիտության ուսումնասիրությունն անհաշտ է քրիստոնեական հավատքի հետ և իբր թե հանգեցնում է անհավատության:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Այս պահին թվում է, որ գիտությունը երբեք ի վիճակի չի լինելու մի կողմ քաշել այն վարագույրը, որի ետևում թաքնվում է արարչության խորհուրդը: Գիտնականի համար, որն ապրել է մտքի զորության հանդեպ հավատքով, պատմությունն ավարտվում է իբրև մղձավանջ: Նա մագլցել է անգիտության ժայռերն ի վեր, հասել է ամենաբարձր գագաթը նվաճելու կետին, և ահա, վերջին ժայռաբեկորի վրա բարձրանալիս, նրան այնտեղ ընդունում են մի խումբ աստվածաբաններ, որոնք այդ գագաթին նստած էին դարեր ի վեր »:
 
R. JASTROW, God and the Astronomers [Աստված և Աստղագետները], Readers Library 2000, pag. 107.
 
---
 
« Աստղագետներն ապացուցել են, իրենց մեթոդներով, որ աշխարհը սկիզբ է առել հանկարծակի կերպով, արարչության մի գործողությամբ, որի մեջ հնարավոր է գտնել բոլոր աստղերի, բոլոր մոլորակների, այս տիեզերքում և երկրի վրա ապրող բոլոր կենդանի էակների սերմերը: Եվ բացահայտել են, որ այդ ամենը կատարվել է որպես արդյունքը ուժերի, որոնց վերաբերյալ մենք չենք կարող հույս ունենալ, թե ինչ որ մի օր կբացահայտենք [գիտական մեթոդներով]: Այն, որ գործել են նրանք, որոնց ես, ինչպես ուրիշ որևէ մեկը, կանվանեի ''գործող գերբնական ուժեր'', այժմ, կարծում եմ, գիտականորեն ապացուցված փաստ է »:
 
R. JASTROW, God and the Astronomers [Աստված և Աստղագետները], Readers Library 1982, pag. 18.
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։