Ռաֆայել Հրեշտակապետ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ռ
Ռաֆայել Հրեշտակապետ (Սուրբ)
«Ռաֆայել» անվանը տրվում է երկու բացատրություն, թեև դրանք միևնույն իմաստն են արտահայտում. առաջին բացատրության համաձայն՝ այն նշանակում է «Աստծուց շնորհված դեղ», իսկ երկրորդի համաձայն՝ «Աստված բժշկում է»:
Ռաֆայել Հրեշտակապետն Աստվածաշնչում հիշատակվում է միայն Տովբիթի գրքում, ուր պատմվում է, թե նա ինչպես է ընկերակցում պատանի Տուբիային նրա ճամփորդության ժամանակ, օգնում է դժվարությունների պահին, բժշկում է նրա սիրելիների հիվանդությունները: Այդպիսով, Ռաֆայելի կերպարն Աստվածաշնչում ներկայանում է որպես ճամփորդող և բժշկող Հրեշտակ, թեև նա մեկն է այն 7 Հրեշտակներից, որոնք կանգնած են Տիրոջ Գահի առաջ և նրան անդադար մատուցում են ամենավառ աղոթքների խունկը (հմմտ. Տվբ 12, 15): Ավանդաբար կարծվում է, թե Ավետարանն ակնարկում է հենց Ռաֆայել Հրեշտակապետին, երբ պատմում է այն Հրեշտակի մասին, որն իջնում է հուզելու Սիլոեի ավազանի ջրերը, որպեսզի հիվանդներն իջնեն այնտեղ և բուժվեն:
Քրիստոնյա ժողովուրդը Սբ. Ռաֆայել Հրեշտակապետին է դիմում հատկապես մարմնի հիվանդություններից Աստծո կամքի համաձայն ապաքինում գտնելու և ընտանիքի անդամների միջև սեր ու խաղաղություն հաստատելու համար: Ներկայումս Ռաֆայել Հրեշտակապետի ծիսական տոնը կատարվում է Սուրբ Միքայելի և Սուրբ Գաբրիելի հետ միասին, մինչ առաջ նրա հատուկ տոնի օրը Հոկտեմբերի 24ն էր:
 
 
Ծիսական աղոթք
 
Ո՜վ Աստված, որ Սուրբ Ռաֆայել Հրեշտակապետին որպես ճանապարհորդակից ընկեր տվեցիր Քո ծառա Տուբիային, խնդրում ենք, որ պարգևես մեզ, քանի որ մենք էլ Քո ծառաներն ենք, Երկնային Արքունիքի այս փառապանծ Իշխանի պաշտպանությունը միշտ վայելելու և նրա օգնականությամբ միշտ զորանալու շնորհը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անվամբ և շնորհով: Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։