Սենդիջ Ալլան Ռեքս (1926-2010) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ս
Սենդիջ Ալլան Ռեքս (1926-2010)
Ալլան Ռեքս Սենդիջը (18 Հունիս 1926 - 13 Նոյեմբեր 2010) եղել է ամերիկացի աստղագետ, համարվում է 20րդ դարի կարևորագույն աստղաֆիզիկոսներից մեկը։ Հայտնաբերել է առաջին քվազարը, առաջիններից մեկն է եղել, որ ուսումնասիրել է աստղային կուտակումները, աստղային հեղաշրջումը, և առաջինն է եղել, որ ուսումնասիրել է ցայթքերի (jets) ֆենոմենոլոգիան M82 գալակտիկայում։ 1958 թվականին հրատարակել է Հաբլի Օրենքի առաջին գնահատումը, մոտ 75km/s x Mpc, որ շատ մոտ է այսօր ընդունված արժեքին։ Հեղինակել է գիտական ավելի քան 500 հոդված։ Արժանացել է գիտական աշխարհում մեծապես պատվաբեր մի շարք մրցանակների. Helen B. Warner Prize for Astronomy (1957), Eddington Medal (1963), Gold Medal of the Royal Astronomical Society (1967), National Medal of Science (1970), Henry Norris Russell Lectureship (1972), Elliott Cresson Medal (1973), Bruce Medal (1975), Mohler Prize (1987), Crafoord Prize (1991), Jansky Prize (1991), Tomalla Prize (1993), Gruber Prize in Cosmology (2000), Fellow of the Royal Society (2001)։ Իր անունով է կոչվում նաև 9963 Sandage աստերոիդը։
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Տիեզերքի ընդարձակման բացահայտումը, դրանից բխող հետևությունների հետ միասին, որոնք վերաբերվում են հնարավորությանը, որ աստղագետները բացահայտել են արարչության պահը, աստղագիտական տիեզերաբանությունն իսկապես մոտեցնում է միջնադարյան բնական աստվածաբանության տիպարին, որը փորձում էր գտնել Աստծուն, գտնելով գոյությունների առաջին պատճառը։ Աստղագետները կարող են գտած լինել առաջին հետևանքը, բայց ո՛չ անհրաժեշտորեն, հետևաբար, Անսելմոսի կամ Թովմա Աքվինացու կողմից փնտրված առաջին պատճառը։ Աստղագիտական հայտնագործություններից ոչ մեկը մեզ չի ասում, թե ինչո՛ւ է այդ դեպքը տեղի ունեցել։ Իսկապես գերբնական է (այսինքն՝ գոյությունների բնական կարգի ըմբռնումից դուրս է), և այս սահմանման համաձայն՝ հրաշք է։ Բայց Աստծո բնությունը չպետք է բացահայտվի գիտության այս հայտնագործությունների մասերից յուրաքանչյուրի ներսում։ Այս իսկ պատճառով, հարկավոր է վերադառնալ Աստվածաշնչին, եթե մեր մարդկային սահմանափակ միտքն իսկապես ուզում է մի պատասխան ստանալ »։
 
Մեջբերված է. M. BERSANELLI - M. GARGANTINI, Solo lo stupore conosce [Միայն հիացմունքն է ճանաչում], Bur 2003, p. 338.
 
---
 
« Աստվածաշունչն իհարկե գիտության գիրք չէ. այն չենք ուսումնասիրում գտնելու համար նրանում Բալմերի գծերի ալիքների երկարությունը ջրածնի համար, բայց ո՛չ էլ գիտությունն ինչ որ գործ ունի աշխարհի հոգևոր վերջին հատկությունների հետ, որոնք նույնպես իրական են։ [...] Գիտությունը կարող է պատասխանել միայն այնպիսի հարցերի, որոնք հստակ սահմանված են և վերաբերվում են «ի՞նչ»ին, «որտե՞ղ»ին և «ինչպե՞ս»ին։ Իր մեթոդով, – որն հզոր է այնքան, որքան որ է, – գիտությունը չի պատասխանում (և իրականում չի կարող պատասխանել) «ինչո՞ւ» հարցին։ Ինչո՞ւ ինչ որ մի բան գոյություն ունի, փոխանակ ոչնչի։ Ինչո՞ւ էլեկտրոնները բոլորը միևնույն լարվածությունն ու զանգվածն ունեն։ Ինչո՞ւ ծրագիրը, որը մենք տեսնում ենք ամենուր, իսկապես այսքա՜ն զարմանահրաշ է։ Ինչո՞ւ այսքան բազմաթիվ գործընթացներ այսքան խորը կերպով փոխկապակցված են։ Բայց պետք է ընդունենք, որ այն գիտնականները, որոնք կամենում են այս ամենի մեջ տեսնել մի ծրագիր, կտեսնեն մի ծրագիր, մինչդեռ նրանք, ովքեր իրենց գոյության բոլոր մասերում գոհ են՝ ապրելով որպես մատերիալիստ ռիդուկցիոնիստներ, [...] երբեք չեն ընդունի խորհրդի գոյությունը այն բաներում, որոնք տեսնում են, միշտ ապագային թողնելով, ժամանակ առ ժամանակ, սպասելով ռիդուկցիոնիստական մի բացատրություն այն բաների համար, որոնք տակավին անհայտ են։ Բայց ռիդուկցիոնիստական այս հավատամքը ավելի խորը մակարդակի հասցնելը և միաժամանակ անորոշ ապագայի հետաձգելը (որն անորոշ է մնալու միշտ), երբ ''գիտությունը կիմանա ամեն բան'', սա նույնպես հավատքի ակտ է, որ մերժում է հնարավորությունը, որ կարող է ինչ որ մի անհայտ բան գոյություն ունենալ գիտության համար, առնվազն սկզբունքային հարթության վրա։ [...] Կարիք չկա ընդհարում ստեղծելու գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև, եթե յուրաքանչյուր ոք արժևորի իր սահմանները և եթե յուրաքանչյուր ոք լրջորեն հաշվի առնի մյուսի կողմից առաջ քաշված հարցադրումները։ [...] Եթե Աստված գոյություն չունենար, գիտությունը պարտավոր կլիներ (իրականում պարտավոր է) հորինել մի գաղափար, որով կբացատրվեր այն, ինչը որ գիտությունը բացահայտում է իր կորիզի մեջ։ [...] Եթե Աստված չկա, ամեն բան անիմաստ է։ Աթեիստների առաջ քաշած պատահականությունը հիմնված է մի խաբեության վրա, որն հետևում է իրենց սկզբնական նախադրյալներից արդեն, որոնք նրանք ցանկանում են հաստատել իրենք իրենց վերաբերյալ։ Իսկ եթե կա մի Աստված, Նա պետք է ճշմարիտ լինի և՛ գիտության համար, և՛ կրոնի։ Եթե այդպես չի ներկայանում, ուրեմն ներկայացված մեկնաբանությունները (մի հովվի կամ մի գիտնականի) պետք է որ սխալ լինեն։ [...] Այս իսկ պատճառով, մեծապես խորիմաստ են ներկայանում [Աստվածաշնչի] Հռմ 1, 19-21 հատվածի խոսքերը, և որքան ավելի է յուրաքանչյուր գիտնական դեպի խորքերը մղում իր աշխատանքը, այնքան ավելի խորիմաստ է այն դառնում »։ 
 
Մեջբերված է. M. BERSANELLI - M. GARGANTINI, Solo lo stupore conosce [Միայն հիացմունքն է ճանաչում], Bur 2003, pp. 336-338.
 
---
 
« Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ, և չի կարող սոսկ պատահականության արդյունքը լինել։ Ես անձամբ համոզված եմ, որ կյանքի գոյությունը, իր օրգանիզմներից յուրաքանչյուրի մեջ ի հայտ եկող իր ողջ կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է համադրված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է [մարմնի] մյուս բոլոր մասերից՝ աշխատել կարողանալու համար։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը գիտակցում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը [մյուսներից] տարբերակվում հղացման ժամանակ։ Որքան ավելի ենք ուսումնասիրում բիոքիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում կարծիքը, թե այս ամենն ի հայտ է եկել առանց որևէ կազմակերպող կամ համակարգող սկզբունքի. – մի ճարտարապետի, ըստ նրանց, ովքեր հավատում են։ Բաղադրյալության և կարգուկանոնի փաստը, որով օրգանիզմներին հնարավորություն է տրվում աշխատելու, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը, [այսինքն՝ պատկանում է ավելի բարձրակարգ կարգի], տարուց տարի ավելի զարմանահրաշ է դառնում, մինչ քայլ առ քայլ ավելի մանրամասն են դառնում գիտական արդյունքները։ Սրա պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ այսօր իրենց իսկ [գիտական] աշխատանքի պատճառով հակվում են դեպի [քրիստոնեական] Հավատքը։ Վերջնական վերլուծության արդյունքում, դա մի հավատք է, որ առավել ամրապինդ է դարձել Ծրագրի փաստարկի միջոցով »։
 
Մեջբերված է. M. BERSANELLI - M. GARGANTINI, Solo lo stupore conosce [Միայն հիացմունքն է ճանաչում], Bur 2003, pp. 338-339.
 
 
[ շարունակելի ...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։