Սիմոն Կանանացի Առաքյալ (Սուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ս
Սիմոն Կանանացի Առաքյալ (Սուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Սիմոն (հայերեն նաև Շմավոն) Կանանացին կամ Զելոտը (հայերեն՝ Նախանձահույզ) (հունարեն՝ Σίμων ὁ Κανανίτης) Հիսուսի Տասներկու Առաքյալներից մեկն է, ում մասին շատ քիչ տեղեկություններ են տրամադրում Ավետարանները: Այս Սիմոնին Սիմոն-Պետրոսից տարբերելու համար Ավետարանիչները նրա անվան կողքին դնում են կա՛մ Կանանացի, կա՛մ Զելոտ մականունները: Զելոտ (կամ Նախանձահույզ) անունը Սիմոնի կողքին դնում է Ղուկասը՝ Ավետարանում (6, 15) և Գործք Առաքելոցում (1, 13): Աստվածաշնչի որոշ մասնագետներ առաջ են քաշել մի վարկած, ըստ որի՝ այս Առաքյալը, գուցե, նախկինում պատկանել է Զելոտների քաղաքական կուսակցությանը: Մատթեոսն ու Մարկոսը, սակայն, այս Սիմոնին անվանում են Կանանացի. բյուզանդական ձեռագրերում «Kananites», իսկ ալեքսանդրյան ձեռագրերում «Kananaios» (Մտթ 10, 4; Մրկ 3, 18): Այս վերջին երկու բառերն էլ ծագում են եբրայեցերեն «qanai» բառից, որ նշանակում է «նախանձահույզ» կամ «նախանձախնդիր», այնպես՝ որ շատ ժամանակակից գիտնականներ այդ երկու բառերն էլ թարգմանում են որպես «Զելոտ» արևմտյան լեզուներում, և «Նախանձահույզ»՝ հայերենում: Սակայն, հին մեկնիչ հայրեր Հերոնիմոսն ու Բեդան առաջարկում են «Kananaios» և «Kananites» բառերը թարգմանել որպես «Կանանացի», այն իմաստով, որ Սիմոնը Գալիլեայի Կանա քաղաքից էր: Բայց, ըստ ոմանց էլ, եթե այդպես լիներ, ապա նրա մականունը կդնեին «Kanaios»:

Ռոբերտ Էյզենմանը պնդում էր, թե թալմուդյան ժամանակակից հղումները Զելոտների մասին խոսում են «kanna'im» բառով, որը «ավելի շուտ նշանակում է ո՛չ թե մի խումբ, այլ՝ այն քահանաներին, ովքեր ընդդիմադիր կեցվածք ունեին Տաճարում»[1]: Ջոն Մեյերը պնդում է, թե «զելոտ» հասկացությունը սխալ թարգմանություն է, և որ Ավետարանների համատեքստում այդ բառը նշանակում է հոգևոր իմաստով նախանձախնդիր, նվիրված, կրոնական (այդ ժամանակ՝ ի նկատի ունենալով Մովսեսի Օրենքի նկատմամբ), քանի որ Զելոտների շարժումը Իսրայելում ծագել է ավետարանական իրադարձություններից 30-40 տարի անց միայն[2]:

 

 

Ա՛յլ նույնացումներ

Ավետարաններում Սիմոն Կանանացին չի նույնացվում Հիսուսի եղբայր Սիմոնի հետ, ով հիշատակվում է Մրկ 6, 3-ում. «Սա հյուսնի որդին չէ՞, Մարիամի որդին և եղբայրը Հակոբոսի և Հովսեսի և Հուդայի և Սիմոնի, և նրա քույրերն այստեղ մեր մոտ չե՞ն»:

Կաթոլիկ Հանրագիտարանի համաձայն, Սիմոն Կանանացին կարող է լինել նույն անձը, ինչ Սիմոն Երուսաղեմացին կամ Կղեովպասի Սիմոնը, որը հաջորդեց Հակոբոսին՝ որպես Երուսաղեմի հոգևոր առաջնորդ, կամ Հիսուսի զարմիկ՝ «եղբայր» Սիմոնը, կամ երկուսն էլ միասին՝ նույն անձը:

 

 

Ավելի ուշ շրջանի ավանդությունը

Համաձայն «Ոսկյա Լեգենդի», որը Սրբերի վարքագրությունների մի հավաքածո է՝ ստեղծված Յակոբուս դե Վորագինեի կողմից 13-րդ դարում, «Սիմոն Կանանացին և Հուդա-Թադեոսը Հակոբոս Կրտսերի եղբայրներն էին և Կղեովպասի Մարիամի որդիները, որն ամուսնացած էր Ալփեոսի հետ»[3]:

Հիսուսի մանկության մասին Սիրիական կամ Արաբական պարականոն Ավետարանում կա մի պատմություն՝ այս Առաքյալի վերաբերյալ: Օձը խայթում է Սիմոն անունով մի տղայի ձեռքը, և Հիսուսը բուժում է նրան և ասում. «Դու կլինես իմ աշակերտը»: Այս դրվագը վերջանում է հետևյալ խոսքերով. «Սա Սիմոն Կանանացին է, ում մասին գրված է Ավետարանում»:

Ուշ շրջանի ավանդություններում Սիմոն Կանանացուն կապել են Հուդա-Թադեոս Առաքյալի հետ՝ որպես զույգ քարոզիչներ: Ընդհանրական Եկեղեցին, ըստ Լատինական Ծեսի օրացույցի, նրանց հիշատակությունը տոնում է միասին՝ Հոկտեմբերի 28-ին: Ըստ լայն տարածում գտած ավանդության, Սիմոն Կանանացին, Եգիպտոսում քարոզելուց հետո, միացել է Հուդա-Թադեոսին և նրանք միասին քարոզել են Պարսկաստանում, Հայաստանում, ապա նաև Լիբանանի տարածքում: Երկուսն էլ նահատակվել են իրենց առաքելավայրերում՝ Ք.հ. 65 թ.ին: Այս մասին գրված է նաև «Ոսկյա Լեգենդում»: Սիմոն Կանանացին, հնարավոր է, որ նահատակված լինի խաչելությամբ՝ որպես Երուսաղեմի առաջնորդ: Ըստ արևելյան մի ավանդության, Սիմոնը քարոզել է նաև Վրաստանում, նահատակվել է Աբխազիայում և թաղվել Նիկոպսիայում: Նրա մասունքները հետագայում տեսափոխվել են Աբխազիայի Անաքոպիա կամ ներկայիս Գուդաուտա ծովափնյա քաղաքը[4]:

 

 

Մեկ ա՛յլ ավանդության համաձայն, Սիմոն Կանանացին Ավետարանը հռչակել է նաև Միջին Արևելքում և Աֆրիկայում: Եթովպիայի քրիստոնյաները համոզված են, որ նա խաչվել է Սամարիայում, մինչդեռ Ջուսթուս Լիփսիուսը գտնում է, որ նրան սղոցով կտրատել են Պարսկաստանում: Սակայն Մովսես Խորենացին գրում է, որ Սիմոն Առաքյալը նահատակվել է Կովկասյան Իբերիայում: Ըստ մեկ ա՛յլ ավանդության, նա բնական մահով վախճանվել է Եդեսիայում:

Արևմտյան մի ավանդության համաձայն, Կանանացին հասել է մինչև հռոմեական Բրիտանիա: Ըստ այդ պատմության, Բրիտանիա կատարած նրա երկրորդ ճամփորդությունը համընկել է Բոադիկեայի ապստամբության հետ՝ Ք.հ. 60թ.ին, և 61թ.ի Մայիսի 10-ին նրան սպանել են խաչելությամբ՝ հռոմեացի պաշտոնյա Կատուս Դեցիանուսի հրամանով՝ Քեյսթորում, որն այսօրվա Բրիտանիայի Լինքոնշայր մարզում է[5]: Ըստ պատմագետ կարդինալ Չեզարե Բարոնիոյի և Հիպպողիտոս Հռոմեացու կողմից հաղորդված տեղեկությունների, Սիմոնի առաջին ժամանումը Բրիտանիա տեղի է ունեցել Ք.հ. 44թ.ին՝ հռոմեական նվաճումների ժամանակ: 9-րդ դարի Կ.Պոլսի Պատրիարք Նիկեփորոս Առաջինը գրում է. «Սիմոնը, որ ծնվել է Գալիլեայի Կանա քաղաքում և իր Ուսուցչի հանդեպ ջերմ սիրո և Ավետարանի հանդեպ մեծ նախանձախնդրության համար մականվանվել է Զելոտ, ի վերուստ ստանալով Սուրբ Հոգին, ճամփորդեց և Ավետարանը քարոզեց Եգիպտոսում և Աֆրիկայում, ապա՝ Մավրիտանիայում և ամբողջ Լիբիայում: Եվ նույն վարդապետությունը նա ուսուցանեց ... Բրիտանիա կոչվող կղզիներում»[6]:

Մեկ ա՛յլ ավանդություն, հիմնվելով անկասկած Սիմոն Առաքյալի «Զելոտ» մականվան վրա, պնդում է, թե Սիմոնը ներգրավված է եղել Առաջին Հուդեա-Հռոմեական պատերազմում, որն ընթացել է Ք.հ. 66-73թթ.ին:

 

 

2-րդ դարի մի գրություն՝ «Առաքյալների Նամակ» վերնագրով, որը գնոստիկների դեմ ուղղված մի գործ է, Սիմոնին հիշատակում է որպես այդ գրության հեղինակներից մեկը՝ «Հուդա Զելոտ» անունով: Մատթեոսի Ավետարանի որոշ հին լատիներեն թարգմանություններ Մտթ 10, 3-ում Թադեոս-Ղեբեոսի փոխարեն դնում են Հուդա Զելոտ անունը: Որոշ ուսումնասիրողները կարծում են, որ նա կարող է լինել նույնը, ինչ «Հուդա ո՛չ Իսկարիովտացին», որի մասին նշված է Հվհ 14, 22-ում. «Հուդան – ո՛չ Իսկարիովտացին – ասաց Նրան. Տե՜ր, ինչպե՞ս է, որ Քեզ ցույց ես տալու մեզ և ո՛չ թե աշխարհին»: Եվ քանի որ կա վարկած առ այն, թե այդ Հուդան, գուցե, նույնն է, ինչ Թովմաս Առաքյալը, ապա Սիմոն Կանանացու նույնացումը Թովմաս Առաքյալի հետ ևս որոշ մասնագետների համար բացառված չէ:

Նոր Կտակարանում այլևս ոչինչ գրված չէ Սիմոն Կանանացու մասին:

Նրա մասունքներն, ըստ ավանդության, ամփոփված են Հուդա-Թադեոսի մասունքների հետ միասին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկ տաճարի ձախակողմյան հատվածում՝ Սուրբ Հովսեփի խորանի տակ:

Հայ Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիները Սբ. Սիմոն Կանանացուն հիշատակում են Տասներկու Առաքյալների հետ և Վերափոխման Երրորդ Կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Թովմաս և Հակոբոս Ալփյան Առաքյալների հետ միասին։ Ընդհանրական Եկեղեցին, ըստ Լատին Ծեսի օրացույցի, նրա հիշատակը տոնում է Հոկտեմբերի 28-ին, իսկ Հույն Օրթոդոքս Եկեղեցին՝ Մայիսի 10-ին։

 

 

Սբ. Սիմոն Կանանացի և Սբ. Հուդա-Թադեոս Առաքյալների մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։

[1] Eisenman, Robert (1997), James the Brother of Jesus: The Key to Unlocking the Secrets of Early Christianity and the Dead Sea Scrolls, Viking Penguin, pp. 33-34.
[2] Meier, John (2001), A Marginal Jew: Rethinking the Historical Jesus Volume 3: Companions and Competitors, Yale University, pp. 132-135.
[3] De Voragine, Jacobus (1275), The Golden Legend or Lives Of The Saints.
[4] McDowell, Sean (2016), The Fate of the Apostles: Examining the Martyrdom Accounts of the Closest Followers of Jesus, Routledge, p. 247.
[5] Jowett, G.F. (1961), The Drama of the Lost Disciples, Covenant Publishing Company, p. 159.
[6] Նույն.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։