Փիլիպպոս Առաքյալը (հունարեն « Φίλιππος » - « Ֆիլիպպոս ») Հիսուս Քրիստոսի Տասներկու Առաքյալներից մեկն էր: Փիլիպպոսին առաքելության կանչելու մասին պատմությունը կարդում ենք Հովհաննեսի Ավետարանում (Հվհ 1, 43): Փիլիպպոսը Բեթսաիդա քաղաքից էր, այդտեղից էին նաև Անդրեասն ու Պետրոսը: Փիլիպպոսն էլ այն աշակերտների հետ էր, ովքեր Հովհաննես Մկրտչի կողքին էին, երբ նա մատնացույց էր անում Հիսուսին որպես Աստծո Գառը: Փիլիպպոսն էր, որ Նաթանայելին (որին երբեմն նույնացնում են Բարդուղիմեոսի հետ) առաջին անգամ ծանոթացրեց Հիսուսի հետ: Ըստ Բաթլերի, Փիլիպպոսը ևս ներկա էր Կանայի հարսանիքին[1]:
Չորս Ավետարաններից Փիլիպպոսն ամենաշատը երևում է Հովհաննեսի Ավետարանում. միայն Հովհաննեսի մոտ նրա անվան հիշատակությանը հանդիպում ենք 11 անգամ, իսկ մյուս երեք Ավետարաններից յուրաքանչյուրում՝ երեքական անգամներ: Հվհ 6, 6-ում Հիսուսը հինգ հազարանոց բազմությանը կերակրելուց առաջ հարց է տալիս Փիլիպպոսին, թե ինչպե՞ս են կերակրելու այդքան ժողովրդին, որպեսզի Փիլիպպոսը մտածի ավելի խորությամբ և պատրաստ լինի ընդունելու հացի բազմացումը՝ մյուս Առաքյալների հետ միասին:
Ավելի ուշ, Փիլիպպոսը միջնորդի դեր է ստանձնում հույների (կամ հելլենական աշխարհից սերող հեթանոսների) և Հիսուսի միջև: Նա ուներ հունական անուն, և, թերևս, կարողանում էր հունարեն խոսել: Հնարավոր է նաև, որ նրան ճանաչում էին Երուսաղեմ այցելող այն ուխտավորները, ովքեր իրեն ասել էին, թե ուզում էին Հիսուսին տեսնել: Այդ մասին Փիլիպպոսը տեղեկացնում է Անդրեասին, երկուսով խոսում են Հիսուսի հետ (Հվհ 12, 21): Վերջին Ընթրիքի ժամանակ, երբ Փիլիպպոսը Հիսուսին խնդրեց. «Ցո՜ւյց տուր մեզ Հորը, և մեզ բավական է» (Հվհ 14, 8), Հիսուսը սկսեց աշակերտներին բացատրել Իր և Հոր միության խորհուրդը:

Փիլիպպոս Առաքյալը տարբեր է Փիլիպպոս Ավետարանչից
Փիլիպպոս Առաքյալին հաճախ շփոթել են Փիլիպպոս Ավետարանչի կամ Սարկավագի հետ, ում մասին պատմվում է Գործք Առաքելոց գրքում: Այդ երկրորդ Փիլիպպոսը Առաքյալների կողմից ընտրված (Գրծ 6) յոթ սարկավագներից մեկն էր, ով Ավետարանը քարոզեց Եթովպացի Կանդակա թագուհու ներքինիին և դարձավ նրա մկրտության պատճառը (Գրծ 8, 26-39), որի պատճառով էլ կոչվում է «Ավետարանիչ»: Այս մյուս Փիլիպպոսի մասին պատմվում է նաև Գրծ 21, 8-9-ում, երբ նրան այցելեց Պողոս Առաքյալը:
![]()
Պարականոն պատմությունները. Նագ Համմադիի տեքստերը
Վերին Եգիպտոսի Նագ Համմադի բնակավայրի մոտ 1945թ.ին գտնված ձեռագրերի մեջ կա մի գնոստիկական ավետարան, որը կրում է Փիլիպպոս Առաքյալի անունը որպես հեղինակ[2]: Այդ ձեռագրերում կա նաև մի պարականոն գրություն՝ «Պետրոսի նամակը Փիլիպպոսին», որտեղ պատմվում է Փիլիպպոս Առաքյալի մասին: Այս պարականոնները թվագրվում են 2-3-րդ դարերով: Այս նամակում Պետրոսը Փիլիպպոսին խնդրում է վերստին միանալ Առաքյալներին, ովքեր հավաքված էին Ձիթենյաց լեռան մոտ: Ֆրեդ Լաֆամը մտածում է, որ այդ նամակը խոսում է վաղ ժամանակներում գոյություն ունեցած մի ավանդության մասին, ըստ որի՝ Հիսուսի Հարությունից մինչև Համբարձումն ընկած ժամանակ Փիլիպպոսը առանձին առաքելության էր մեկնել ինչ որ տեղ և ինչ որ պատճառով չէր ուզում վերադառնալ աշակերտների մոտ: Այս վարկածը ներդաշնակ է ավելի ուշ շրջանի այն ավանադության հետ, թե Հիսուսը յուրաքանչյուր աշակերտի տվել էր հատուկ առաքելություն[3]:

Փիլիպպոսի գործերը և մարտիրոսությունը
Փիլիպպոսի կյանքի մասին ավելի ուշ շրջանի պատմություններ կարելի է կարդալ անանուն «Փիլիպպոսի Գործերում», որը, հավանաբար, գրվել է Եվսեբիոս Կեսարացու ժամանակակիցներից մեկի կողմից[4]: Այս պարականոն գիրքը պատմում է Փիլիպպոսի քարոզչության և հրաշքների մասին: Ըստ այդ պատմությունների, Հիսուսի Հարությունից հետո Փիլիպպոսը իր քրոջ՝ Մարիամնեի և Բարդուղիմեոս Առաքյալի հետ միասին, ուղարկվել է քարոզելու Հունաստանում, Փռյուգիայում և Սիրիայում: Այդ գրքում կա նաև փռյուգիական Հիերապոլիս քաղաքում Փիլիպպոսի նահատակության պատմությունը: Ըստ այդ պատմության, Փիլիպպոսը քարոզչությամբ և բժշկումներով քրիստոնյա է դարձրել այդ քաղաքի կառավարչի կնոջը: Կառավարիչը զայրացել և կտտանքների է ենթարկել Փիլիպպոսին, Բարդուղիմեոսին և Մարիամնեին: Փիլիպպոսն ու Բարդուղիմեոսը խաչվել են գլխիվայր, ընդ որում՝ Փիլիպպոսը շարունակել է քարոզել խաչի վրայից, որի շնորհիվ բազմությունը ազատ է արձակել Բարդուղիմեոսին, իսկ Փիլիպպոսը պնդել է, որ իրեն չազատեն և այդպես նահատակվել է խաչի վրա: Ըստ մի ա՛յլ պատմության, Փիլիպպոսը նույն քաղաքում ո՛չ թե խաչվել, այլ՝ գլխատվել է:

Մասունքները և գերեզմանը
Փիլիպպոս Առաքյալի մասունքները ներկայումս գտնվում են Հռոմի Սուրբ Առաքյալների Բազիլիկ եկեղեցու դամբարանում, ինչպես նաև՝ Նյու Յորքի Սբ. Փիլիպպոս Առաքյալի եկեղեցում:
2011թ.ին իտալացի հնագետ Ֆրանչեսքո Դ'Անդրիան հայտարարեց, թե հայտնաբերել է Փիլիպպոս Առաքյալի գերեզմանը՝ հին Հիերապոլսի պեղումների ժամանակ, ներկայիս Թուրքիայի Դենիզլի քաղաքի մոտ: Առաջին դարով թվագրված գերեզմանը, որը դատարկ էր, գտնվում էր 4-րդ կամ 5-րդ դարի եռանավ մի բազիլիկ եկեղեցու կենտրոնում: Այդ եկեղեցին հնում Փիլիպպոսին նվիրված սրբավայրերի մի ամբողջ համալիրի մի մասն էր, որ սիրելի ուխտավայր է եղել քրիստոնյաների համար: Այդ մասին են վկայում գերեզմանի և եկեղեցու պատերին փորագրված աղոթքները, և 6-րդ դարով թվագրված մի հացի կնիք, որում պատկերված է Փիլիպպոսը՝ ձեռքին հացի նկանակ, որը հիշեցնում է Հվհ 6-րդ գլուխը՝ հացի բազմացման հրաշքը, նրա ձախ կողմում պատկերված է այդ եռանավ բազիլիկ եկեղեցին, իսկ աջ կողմում՝ մեկ ա՛յլ եկեղեցի կամ սրբավայր (հունարեն՝ « μαρτυριών » - « մառտիռիօն »)՝ կառուցված Առաքյալի նահատակության վայրում, նրա գերեզմանի վրա: Այս ամենը կասկածներ չի թողնում, որ այդ վայրն իսկապես Փիլիպպոս Առաքյալի գերեզմանն ու սրբավայրն է եղել: Առաքյալի գերեզմանի վրա կառուցված բազիլիկը և քիչ հեռու կառուցված սրբավայր-եկեղեցին դարեր շարունակ եղել են Փիլիպպոսի նկատմամբ քրիստոնյաների ջերմեռանդ նվիրման և աղոթքների վայրեր:
2012թ.ին Հույն Օրթոդոքս Եկեղեցու գլուխ, Պոլսի Պատրիարք Բարդուղիմեոսը Սուրբ Պատարագ մատուցեց Փիլիպպոս Առաքյալի հայտնաբերված դամբարանի եկեղեցում և հարակից սրբավայր-եկեղեցում:
Սբ. Փիլիպպոս Առաքյալի հիշատակության տոնը Ընդհանրական Եկեղեցու լատինածես տոնացույցում նշվում է Մայիսի 3-ին՝ Հակոբոս Կրտսեր Առաքյալի հետ միասին, իսկ Հույն Օրթոդոքս Եկեղեցում՝ Նոյեմբերի 14-ին: Հայկական տոնացույցը նրան հիշատակում է Տասներկու Առաքյալների տոնին և Սուրբ Ծննդյան Հիսնակաց Պահքի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը՝ Անդրեաս Առաքյալի հետ միասին:

Սբ. Փիլիպպոս Առաքյալի մասին Ն.Ս. Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապի քարոզը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։