Փղշտացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Փ
Փղշտացիներ
Փղշտացիները (եբրայեցերեն՝ פְלִשְׁתִּים, Փելիշթիմ, արաբերեն՝ فلستيون, Ֆիլասթիյյուն) եղել են հնդեվրոպական մի հին ժողովուրդ, որ բնակվել է Քանաանի ծովեզրյա տարածքներում, Միջերկրական Ծովի ափին, մոտավորապես ներկայիս Գազայի հատվածում և Թել Ավիվի տարածքում (վերջինից դեպի հյուսիս, Թելլ Քասիլ ավանի մոտակայքում, հնագետները պեղել են փղշտական քաղաքի ավերակներ)։ Փղշտացիներից է առաջացել տարածաշրջանի Պաղեստին անվանումը։
 
ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Փղշտացիները հնդեվրոպական ծագում ունեցող շատ հին ժողովուրդ են եղել, որը Ք.ա. 13րդ-ից մինչև 9րդ դարի միջև հաստատվել է Պաղեստինի պատմական տարածքում (Ֆիլասթիյա)։ Նրանց մասին հիշատակություններ կան մինչև իսկ Եգիպտոսի Ռամզես Երրորդ փարավոնի արձանագրություններում, ուր նրանք թվարկվում են Ծովի Ժողովուրդների ցանկում, որոնք բազմիցս հարձակվել էին Եգիպտոսի վրա։ Եգիպտական բարձրաքանդակներում պահպանվել են Փղշտացիների պատկերներ, որտեղ նրանք կրում են այնպիսի սպառազինություններ, որոնցից պարզ է դառնում նրանց էգեական ծագումը։ Հին Կտակարանն էլ է ընդգծում Փղշտացիների էթնիկական տարբերությունը (նրանց սովորաբար անվանում է «այլազգիներ»)։ Աստվածաշնչյան և եգիպտական աղբյուրների համադրմամբ՝ արդի ուսումնասիրողների մեծամասնությունը գտնում է, որ Փղշտացիները ծագումով կրետացիներ էին, հունական Կրետե կղզուց։ Սա հաստատվում է նաև հնագիտական պեղումներով, քանի որ Պաղեստինի փղշտացիաբնակ տարածքներում պեղված խեցեգործական առարկաները բոլորը միկենյան բնույթի են։
Հռոմի Ադրիանոս Կայսրը 135 թվականին ճնշելով հրեական ապստամբությունը, Հուդա (Ջուդեա) անունը ջնջելու համար՝ ողջ տարածաշրջանն անվանեց Պաղեստին (Ֆիլիստիա, Փղշտացիների Երկիր)։
 
ԼԵԶՈՒՆ
Թեև Փղշտացիները շատ արագ կերպով որդեգրեցին Քանանացիների մշակույթն ու լեզուն, նրանց հնդեվրոպական ծագումը հաստատվում է նաև որոշ քանակի բառերով, որոնք պահպանվել են Փղշտացիների լեզվում և ունեն հնդեվրոպական արմատներ։
Իրենց մայրենի լեզուն մոռացության մատնելուց հետո Փղշտացիները խոսել են քանանական լեզուներից մեկով, որ պատկանում էր սեմական լեզվախմբին և մոտ էր փյունիկերենին ու եբրայեցերենին։ Ինքնիշխանության կորստից հետո, հին Պաղեստինի բոլոր ժողովուրդների նման, Փղշտացիներն էլ որդեգրեցին արամայերենը և հետագայում այլևս չզանազանվեցին տարածաշրջանի մյուս ժողովուրդներից։
 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲԱՆԱԿԸ
Սովորաբար խոսվում է «Փղշտացիական Պենտապոլիս»ի մասին՝ մատնանշելու համար փղշտացիական հինգ կարևորագույն քաղաք-պետությունների խումբը (կարևորագույն՝ ըստ Հին Կտակարանի գնահատման), որոնք գտնվում էին անմիջապես ծովեզերքին կամ մոտակայքում։
Եգիպտական բարձրաքանդակներում պատկերված Փղշտացի զինվորները կրում են փետրածածկ սաղավարտներ, բրոնզե զրահներ, Էգեական ոճի կլոր վահաններ, տարբեր ձևերի, հավանաբար երկաթե թրեր ու գեղարդներ։ Փղշտացիները կարողացան որոշակի գերակայություն հաստատել և պահպանել քանանացի մյուս ժողովուրդների և իսրայելացիների հանդեպ՝ շնորհիվ երկաթե զենքերի կիրառման, մինչդեռ մյուսները դեռևս գտնվում էին բրոնզի դարում։ Փղշտացիների սույն տեխնոլոգիական գերազանցության մասին հետաքրքրական հիշատակություն է պահպանվել 1Թգ 13, 19-21 հատվածում. «Այդ ժամանակ ոչ մի դարբին չէր գտնվում Իսրայելի ողջ երկրում, քանի որ Փղշտացիներն ասում էին. ''Այնպես անենք, որ եբրայեցիները սրեր կամ նիզակներ չշինեն''։ Այսպիսով, Իսրայելացիները հարկադրված էին միշտ Փղշտացիների մոտ իջնել՝ ոմանք իրենց խոփերը, ոմանք իրենց բրիչները, ոմանք իրենց կացինները կամ մանգաղները սրելու համար։ Այգեկութի ժամանակ էր. խոփերն ու բրիչները սրելու գինը երկու երրորդ սիկղ էր, իսկ կացիններն ու խթանները սրելու գինը՝ մեկ երրորդ սիկղ»։
Հին Կտակարանի համաձայն, Իսրայելացիներին վերջիվերջո հաջողվեց հաղթել Փղշտացիներին։ Բայց ավելի ուշադիր ընթերցմամբ նկատում ենք, որ դա տեղի է ունեցել միայն ցամաքի խորքում, մինչդեռ ծովեզերքի քաղաք-պետությունները չեն կորցրել իրենց ո՛չ անկախությունը, ո՛չ էլ ծովեզերյա տարածքների նկատմամբ տիրապետությունը, մինչև ասորեստանյան նվաճման ժամանակները։
 
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Փղշտացիների տնտեսությունը հիմնված էր միջերկրածովային ապրանքների արտադրության վրա, ինչպիսիք էին ցորենը, գինին և ձեթը, և արհեստագործության վրա (կտավագործություն, երկաթի մշակում, հաղճապակյա առարկաների պատրաստում)։
Զարմանալիորեն, հակառակ իր ծովեզրյա դիրքին, ծովային առևտուրը չի թվում, թե կարևոր դերակատարություն է ունեցել, թերևս շատ ավելի լավ կազմակերպված փյունիկեցիների մրցակցության պատճառով։ Այդուամենայնիվ, ասորեստանյան տիրապետության ժամանակ, Գազան ծաղկում ապրեց որպես վերջնակետային նավահանգիստ Ասորեստանից մեկնող «Անապատի քարավանների» համար։
 
ԿՐՈՆԸ
Երբ Փղշտացիները, քանանական նախնական բնակչության հետ ձուլվելով, որդեգրեցին նրանց պանթեոնը, իրենց հարևան բոլոր ժողովուրդների նման ընտրեցին աստվածություններից մեկին յուրահատուկ կերպով որպես իրենց «ազգային աստված». նրանց ընտրությունը կանգ առավ Դագոնի՝ Բահաղի հոր վրա։ Այս աստվածությունը, որ կրում էր Բահաղ Զեբուղ անունը, որ նշանակում է Շեմի Տեր (հասկանալով Անդենական Աշխարհի շեմը), հրեաների կողմից, թեթևակի բառախաղով, ծաղրվում էր որպես Բահաղ Զեբուբ, որ նշանակում է Ճանճերի Տեր։ Ներկայացվում է նաև որպես «դժոխքի յոթ իշխաններից» մեկը, քրիստոնեական ավանդության մեջ նույնացվելով սատանայի՝ դևերի տիրոջ հետ։
Հին Կտակարանը Դագոնին նվիրված տաճար է հիշատակում Էքրոնում (գրաբարում ՝ Ասկաղոն, հունարենի տառադարձության համաձայն), Երուսաղեմից ընդամենը 35 կմ հեռավորության վրա դեպի արևմուտք (այժմյան Թել Միքնե)։ Դա այն տաճարն էր, որի սյուները գերմարդկային ուժով քանդեց Սանսոնը, մեռնելով ինքը և Փղշտացիների ղեկավարներից շատերն իր հետ (Դտվ 19, 23-31)։
Հետաքրքրական պատմություն կա Թագավորաց Առաջին գրքում. երբ Փղշտացիները կարողանում են հաղթել Իսրայելացիներին, կարողանում են որոշ ժամանակով գերեվարել Ուխտի Տապանակը, և այն իրենց երկիրը տանելով՝ դնում են Դագոնի տաճարում, կուռքի կողքին (1Թգ 4, 1 - 5, 5)։
 
ԱՐՎԵՍՏԸ
Արվեստի ոլորտում Փղշտացիները ստեղծել են կարմիր և սև հաղճապակիներ՝ երկրաչափական կամ ոճավորված զարդանկարներով։ Փղշտացիական արվեստի գլուխգործոցներ են նաև Աշտարտու աստվածուհու կավե արձանիկները, որոնք այժմ պահպանվում են Երուսաղեմի Թանգարանում։
 
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
Փղշտացիների և Իսրայելացիների աստվածաշնչյան հայտնի պատմություններից մեկն է Դավթի և Գողիաթի մենամարտը (1Թգ 17, 4 - 22, 10)։
Փղշտացիների թագավորությանը վերջ դրեցին Թիգլաթպալասար Երրորդի զորքերը Ք.ա. 732 թվականին։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։