Փորձություն (աստվածաշնչյան համառոտ ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Փ
Փորձություն (աստվածաշնչյան համառոտ ակնարկ)
Աստվածաշնչում փորձություն հասկացողության մեջ միշտ ներառվում է փորձի ենթարկվելու, վտանգի, դժվար իրավիճակի գաղափարը, որից անձը կարող է դուրս գալ հաղթանակած, բայց ուր հնարավոր է նաև պարտությունը։ Խոսքը վերաբերվում է մի «փորձարկման», որի արդյունքը դրական կլինի միմիայն այն դեպքում, երբ փորձության ենթարկվածը կորովի անձնավորություն է և ամենայն լրջությամբ ու գիտակցությամբ՝ իսկապես գործի է դնում իր բոլոր կարողությունները։ Աստվածաշնչում հանդիպում ենք փորձության երեք հիմնական նշանակությունների.

ա) Առաջինը դա այն է, երբ Աստված Ինքը թույլատրում է, որ Իր ծառայությանը նվիրված անհատ մարդը – կամ ժողովուրդը՝ հավաքական առումով – փորձության ենթարկվի, որպեսզի գործով դրսևորի Իր հանդեպ հավատարմությունը. ինչպես ասացինք, սա վերաբերվում է և՛ ժողովրդին (օրինակ, Ել 15, 25; 16, 4; 20, 20; Դատ 2, 22; 3, 1.4; 2Օր 8, 2; 13, 3), և՛ անհատ մարդկանց, ինչպիսիք էին Աբրահամը (Ծնդ 22, 1; 1Մկ 2, 52; Եբր 11, 17) և Հոբը։

բ) Երկրորդը դա սատանայի և չարի ուժերի կողմից կիրառվող հրապուրանքն է, մղելու համար մարդուն մեղանչելու, ինչպես տեղի ունեցավ նախածնողների դեպքում (Ծնդ 3, 1-7), և այս իմաստով են հասկացվում և՛ Տերունական աղոթքի մեջ պարունակված աղերսանքը («Մի՛ տար մեզ փորձության». Մտթ 6, 14), և՛ Աստվածաշնչում հանդիպող կտրուկ հաստատումները, թե Աստված չարը գործելու փորձի չի ենթարկում (օրինակ, Հկբ 1, 13)։

գ) Երրորդը դա այն է, երբ մարդն ինքը կամենում է փորձության ենթարկել Աստծուն, որպես նպատակ ունենալով ստուգել Նրա խոսքերի հավաստիությունը։ Աստված, ակնհայտորեն, չի հանդուրժում այս խենթ ու անմիտ վերաբերմունքը (Ել 17, 2.7; 2Օր 6, 16; Սղմ 94, 8-11; Եբր 3, 8-15), ճիշտ այնպես՝ ինչպես Հիսուսն Ինքն էլ վերահաստատեց (Մտթ 4, 7) և Պողոս Առաքյալն էլ պատվիրեց միանշանակ կերպով (1Կր 10, 9)։
 
Փորձության արմատը սատանան է և մարդու ցանկասիրությունը, որոնք հաճախ միահյուսում են իրենց ներգործությունը. առանց ցանկասիրության՝ մարդը դժվարությամբ կենթարկվեր փորձության, կամ առնվազն՝ հարաբերական դյուրությամբ կկարողանար դիմադրել փորձությանը. առանց մեր հոգևոր բարիքի թշնամու՝ կպակասեր նա, ով անդադար դաշնակիցներ է փնտրում մեզ Աստծուց բաժանելու, հեռացնելու համար։
Մարդուն հիմնականում փորձության ենթարկողը սատանան է (Մտթ 4, 3; Մրկ 4, 15; Հվհ 13, 2; Գրծ 5, 3; 1Կր 7, 5; 2Կր 2, 11; Եփս 6, 11; 1Թղ 3, 5; 1Տմ 3, 7; 2Տմ 2, 26; 1Պտ 5, 8), բայց Աստված նրան գործելու լիակատար ազատությամբ երբեք չի թողնում (1Կր 10, 13)։
Փորձությունն ինքնըստինքյան բնավ մեղք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ մարդն ինքն է հոժարությամբ ընդառաջ գնում փորձությանը և ոչինչ չի անում նրանից խուսափելու համար։ Աստված թույլատրում է փորձությունը, որպեսզի հնարավոր դառնան այն բարիքները, որոնք դրանից կարող են բխել։ Բարության համար մղվող հոգևոր պայքարը և ապագա փորձություններից խուսափելը կամ ներկա փորձությունը հաղթահարելը ծայր աստիճան նպաստավոր են մարդու ինքնակերտման համար, որովհետև այդպիսով նա հնարավորությունն է ունենում ճանաչելու սեփական սահմանները, առավել ապավինելու Տիրոջը, գործադրելու բազմաթիվ առաքինություններ և հրահանգվելու հոգևոր պայքարում։
Մարդը երբեք միայնակ չի թողնվում փորձության դժվարություններում. Աստծո շնորհը, որքան որ անհրաժեշտ է փորձությանը հաղթելու համար, նույնքան ապահով ու արդյունավետ է բոլոր նրանց համար, ովքեր այն հայցում են և հնարավոր ամեն բան անում են իրենց ուժերի ներածի չափով։ Աղոթքն ու հսկումը (Մրկ 14, 38), Տիրոջ հանդեպ հավատարմությունը (Ղկս 22, 28), հարատևությունը (Մրկ 13, 13) պարտականություններ են քրիստոնյայի համար։ Բայց և՛ այս պարտականությունները կատարելու համար, և՛ ընդհանրապես մեղքի հրապույրների դեմ մղվող պայքարում հաղթանակած դուրս գալու համար, բացարձակապես անհրաժեշտ է Աստծո շնորհը։ Սա հարկավոր է ընդգծել նաև չափավորելու համար նրանց մտքերն ու գործերը, ովքեր չափազանց կարևորություն են ընծայում մարդկային միջոցներին, մինչ դրանք (ինչպես, օրինակի համար, մարմնական և հոգևոր հիգիենան, ներառյալ պահքը, խղճի ճիշտ կրթությունը և առողջ դաստիարակությունը) անկասկած օգտակար են, բայց բնավ բավարար չեն։

Փորձությունը – ինչպես «փորձի ենթարկման», այնպես էլ «հրապույրի» փորձությունը – երբեք չպետք է տապալի կամ վհատության հասցնի մարդուն։ Հիսուս Քրիստոսն Ինքն էլ կամեցավ փորձության ենթարկվել (Մտթ 4, 1-11; Մրկ 1, 12-13; Ղկս 4, 1-13), և՛ որպեսզի հոգևոր օգնություն հայթայթեր մեր փորձությունների դեմ, և՛ որպեսզի զգուշացներ մեզ, որ երբեք ազատ չենք լինելու փորձություններից, և՛ ուսուցանելու համար փորձությունների դեմ պայքարելու կերպը, և՛ Իր ողորմության հանդեպ մեզ վստահություն ներշնչելու համար։ Հոգևոր այս բազմապիսի տեսանկյուններն ու դիրքորոշումները մեզ ուսուցանում է Աստվածաշունչը իր բազմաթիվ հատվածներում (հմմտ., օրինակի համար, Սիր 2, 1; 34, 9; Գղտ 6, 1; Հկբ 1, 12; 1Պտ 4, 12; և այլն)։
 
Անհնարին է ամփոփ կերպով ներկայացնել մարդու կոնկրետ վարքը փորձության պահին, որովհետև գործնական հարթության վրա հարկավոր է հաշվի առնել տվյալ անձի նկարագիրն ու կրթությունը, ինչպես նաև՝ փորձության բազմաթիվ կերպերն ու երանգավորումները։ Փորձությունների դեմ պայքարում ամենանպաստավոր օգնությունը դա հմուտ և փորձառու հոգևոր առաջնորդ ունենալն է (հմմտ. Առկ 1, 8-9; 4, 1-2; 19, 20-21.27)։ Սա նաև այն պատճառով, որ ամենանենգ ու ամենավտանգավոր փորձությունները նրանք են, որ ծպտվում են առաքինության արտաքին կերպարանքի ներքո (2Կր 11, 14) և միմիայն կողմնակի անշահախնդիր, հարցի մեջ չներգրավված և Աստծո ճանապարհներին հմուտ հայացքը կարող է զանազանել և դիմակազերծել դրանք։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։