Քարրել Ալեքսի (1873-1944) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քարրել Ալեքսի (1873-1944)
Ալեքսի Քարրելը (28 Հունիս 1873 - 5 Նոյեմբեր 1944) եղել է ֆրանսիացի վիրաբույժ և կենսաբան: Հիմնական նպաստ է բերել արյունատար անոթների վիրաբուժական կարման տեխնիկաների զարգացման և հյուսվածքների ու օրգանների պատվաստման ուսումնասիրությունների գործին: 1912թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակին, բժշկության և ֆիզիոլոգիայի համար: Ամերիկացի քիմիկոս Հ.Դ. Դակինի հետ միասին ստեղծել է հականեխիչ ամենահզոր միջոցներից մեկը, որն իրենց անունով կոչվել է Դակին-Քարրելի Լուծույթ և հազարավոր կյանքեր է փրկել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին: Անդամակցել է բազմաթիվ երկրների Գիտությունների Ակադեմիաներին, 1926թ. դարձել է նաև Վատիկանի Գիտությունների Քահանայապետական Ակադեմիայի ակադեմիկոս անդամ: Քարրելի անունով է կոչվում Լուսնի խառնարաններից մեկը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Սիրված ենք մի աննյութական ու ամենակարող Էակի կողմից: Այդ Էակը հասանելի է մեր աղոթքներին: Պարտավոր ենք սիրել Նրան բոլոր արարածներից գերիվեր: Եվ մեզ էլ պետք է սիրենք, փոխադարձաբար մեկս մյուսիս: Մի նոր դարաշրջան էր սկսվել: [...] Եվ սակայն, մարդկությունը [...] բնավ չի հասկացել, որ միմիայն փոխադարձ սերը կարող է փրկել իրեն բաժանումից, կործանումից ու քաոսից: Չի հասկացել նաև, որ գիտական հայտնագործություններից ոչ մեկը իմաստով ու նշանակությամբ այնքան ծանրակշիռ չի եղել, որքան Խաչված Հիսուսի սիրո օրենքի հայտնությունը: Այս օրենքի շնորհիվ է, հիրավի, որ մարդկային հասարակությունը գոյատևում է: [...] Մեր քաղաքակրթությունն իսկապես մոռացել է, որ ծնվել է Քրիստոսի արյունից, և մոռացել է նաև Աստծուն: Բայց տակավին հասկանում է ավետարանական պատմությունների և Լեռան Քարոզի գեղեցկությունը: Տակավին մղված է աստվածպաշտության ու սիրո այն խոսքերից, որոնք խաղաղություն, իսկ երբեմն նաև բերկրանք են բերում տառապյալներին, հիվանդներին ու մահամերձներին »:
 
A. CARREL, Reflections on Life [Մտորումներ կյանքի մասին], H. Hamilton 1952, Chap. 3, Part 6.
 
---
 
« Հիսուսը ճանաչում է մեր աշխարհը: [...] Կարող ենք խոսել Իր հետ և Ինքը պատասխանում է մեզ: Թեև անձ է, մեր նման, Նա բոլոր գոյություններից անդենական Աստվածն է: [...] Քրիստոնեությունը մարդկանց ընծայում է բարոյականության ամենաբարձր գագաթը: [...] Կարող ենք պաշտամունք մատուցել Աստծուն, որովհետև Նա հասանելի է մեզ, և մենք պետք է սիրենք Իրեն: [...] Ինչո՞ւ ենք այստեղ: Որտեղի՞ց ենք գալիս: Ի՞նչ ենք մենք: Անհեթեթությո՞ւն է հոգու անմահությանը հավատալը: Միմիայն կրոնն է ամբողջական լուծում տալիս մարդկային խնդրին: Քրիստոնեությունը, հատկապես, հստակ պատասխան է տալիս մարդկային հոգու կարիքներին: [...] Աստծո կարիքն արտահայտվում է աղոթքով: Աղոթքը դա տագնապի մի աղաղակ է, օգնության մի հայցում, սիրո մի օրհներգ: Աղոթքը մեզ տալիս է մտահոգություններն ու տագնապները կրելու ուժը. ընդունակ է դարձնում հուսալու, նաև երբ հույսի ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա. հաղորդում է աղետների մեջ անսասան մնալու զորությունը »:
 
A. CARREL, Reflections on Life [Մտորումներ կյանքի մասին], H. Hamilton 1952.
 
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։