Քեդար և Քեդարացիներ – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ք
Քեդար և Քեդարացիներ
Քեդարի թագավորությունը (արաբերեն՝ مملكة قيدار, Mamlakat Qaydar) եղել է արաբական հնագույն թագավորություն, որի տարածքը գտնվել է Պաղեստինից դեպի հարավ, հարավ-արևելք։
 
ԾԱԳՈՒՄԸ
Աստվածաշնչի համաձայն, Քեդարը (թագավորության կամ ցեղի հիմնադիրը) Աբրահամի որդի Իսմայելի որդիներից մեկն էր, ծննդյան կարգով երկրորդը (Ծնդ 25, 13)։ Այսինքն, աստվածաշնչյան Իսահակ և Հակոբ նահապետների զարմիկը։
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ասորական տարեգրքերը հիշատակում են Քեդար անունով մի թագավորություն հյուսիսային Արաբիայում Ք.ա. 7րդ դարից սկսած, Քեդարացիներին նույնացնելով Շումույիլների ցեղամիավորման հետ։ Միապետերը կրում էին «Թագավոր» կամ «Արաբների Թագավոր» տիտղոսը։ Թագավորությունը տարածվում էր Դումայի օազիսի շուրջը (այժմյան Էլ-Ջայ)։
Հույն պատմիչ Հերոդոտոսը նույնպես հիշատակում է Քեդարացի Արաբներին, ասելով, որ բնակվում էին Պարսկաստանից դեպի Եգիպտոս ձգվող քարավանային ճանապարհի երկայնքին, Քադիտիս (Գազա) քաղաքից դեպի հարավ, և որ դաշնակցել էին Պարսից Աքեմենյան տոհմի հիմնադիր Կյուրոս Մեծի ավագ որդի և գահակից Կամբյուսես Երկրորդին, երբ վերջինս ներխուժել էր Եգիպտոս Ք.ա. 6րդ դարի վերջում։ Եգիպտոսում (Թելլ էլ-Մաշքութա, Իզմայիլիայի մոտ) գտնված արծաթե թասեր վրա կան գրություններ ի պատիվ Հան-իլաթի («աստվածուհին», արաբերենով), որոնցից մեկը պատկանել է Քեդարի թագավոր Գաշմուին (կամ Գեշեմ, գրաբար՝ Գեսամ Արաբացի), որը այն նույն թագավորն է, որն ընդդիմացել է աքսորից Հրեաների վերադարձին, որ կազմակերպել էր Նեեմիան (Նե 2, 19; 6, 1-2)։
Պաղեստինից հարավ և Եգիպտոսի արևելյան սահմանների մոտ բնակություն հաստատած այդ Արաբները, հետևաբար, Քեդարացիներ էին, որոնց թագավորությունը վերջացավ Ք.ա. 4րդ դարի սկզբում, այն պահին, երբ այդ տարածաշրջան ժամանեցին Նաբաթեացիները։
 
ԿԵՆՑԱՂԸ
Քեդարացիները քոչվոր բեդուիններ էին, հայտնի էին իրենց նետ-աղեղների գործածությամբ, ապրում էին այծի կաշվից կարված սև վրաններում, նրանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր և առևտուրը, որ կատարում էին հիմնականում փյունիկեցիների հետ։
 
ՔԵԴԱՐԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ
Բացի Քեդարացի առանձին անձնավորություններից, Քեդարի թագավորությունը հիշվում է Հին Կտակարանի տարբեր գրքերում։ Դրանք են.
1 Մն 1, 29; Ես 21, 16-17; 42, 11; 60, 7; Երմ 2, 10; 49, 28; Եզկ 27, 21; Երգ 1, 5 :
 
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ
Իսլամական ավանդության համաձայն, Քեդարացիներից է սերել Քուրայիշների արաբական տոհմը, որը Ք.հ. 7րդ դարում հաստատվել է Մեկքայում, և նրանցից է ծնվել Մուհամմեդը։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։