Օրհնություն (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Օ
Օրհնություն (աստվածաշնչյան ակնարկ)
Աստվածաշնչյան ավանդության մեջ, օրհնությունը Աստծո շնորհի և բարեհաճության կոչումն է ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի վրա։ Օրհնությունը կատարվում է Աստծո հեղինակությունը ներկայացնող անձի կողմից (քահանա, տոհմապետ, ընտանիքի հայր և մայր, և այլն)։ Աստծուց մարդկանց վրա իջնող օրհնությանը պատասխանում է մարդկանց կողմից Աստծուն ուղղված օրհնությունը, որով նրանք Արարչին հայտնում են իրենց երախտագիտությունը։
 
ա) Հին Կտակարանում

Աստվածաշնչյան եզրը – եբրայեցերենի «brk» արմատից, որը Յոթանասնիցում թարգմանվել է հունարեն «εὐλογία, εὐλογέω» եզրով – ներկա է Հին և Նոր Կտակարանների ամենատարբեր հատվածներում։ Ուսումնասիրողներից ոմանց համաձայն, «brk» արմատը ակնարկում է տղամարդու և կնոջ մեջ կյանքի վայրին, այսինքն՝ օրհնության որովայնին, որի մեջ ավանդվում է Աստծուց եկող կյանքը։ Ուժի, կորովի, ամեն տեսակ բարիքների առատության, բարյացակամության, բարեմաղթանքի բազմակի իմաստներով՝ Աստծո կողմից նախածնողներին (Ծնդ 1, 28) և Աբրահամին (Ծնդ 12, 2-3) խոստացված օրհնությունը նշանակում է Տիրոջ ներկայությունն ու օգնությունը որպես փրկություն և երջանկություն։
Օրհնության առաջնակարգ իմաստներից մեկը, հետևաբար, փրկության պատմության հետ կապն է. փրկություն, որի ակունքը Աստված Ինքն է։ Հաճախ օրհնությունը տրվում է մի մարդու միջնորդությամբ, – Հակոբ նահապետը (Ծնդ 27), Մովսեսն ու Ահարոնը (Թց 6, 22-27) – որը դառնում է Աստծո օրհնության մեկնիչը, փրկության միևնույն գործի շարունակության մեջ, կյանքի ու երջանկության միևնույն մաղթանքով։
Մի ա՛յլ իմաստով, որը կատարվում է Աստծո կողմից արդեն ստացված օրհնությանն ի պատասխան, Ծննդոց գրքից սկսած գտնում ենք Աստծուն ուղղված օրհնությունների գրական կերպը, – օրինակ, «Օրհնյալ է Տերը» բանաձևով (հմմտ. Ծնդ 9, 26; 14, 20) – որով արտահայտվում է փառաբանությունն ու երախտագիտությունը նրանց, ովքեր փորձառությամբ ճանաչել են Աստծո պարգևի ներկայությունն իրենց սեփական պատմության մեջ։
Նյութական առարկաները ևս կարող են օրհնվել, որպեսզի ամենօրյա կյանքում, հունձքի, բերքահավաքի մեջ, առօրյա ամենատարբեր գործերում ու աշխատանքներում տարածեն Աստծո պարգևների ավանդման գիտակցությունը և հռչակեն Նրա բարերարությունները։
Օրհնության արարքը և կիրառումը Հին Կտակարանում բացարձակապես զերծ է մոգական երանգավորումներից, ինչով և կտրականապես տարբերվում է հին ու նոր հեթանոսական ընկալումներից։ Աստվածաշնչում օրհնությունը դա արարչության և պատմության, մարդկանց և առարկաների մեջ Աստծո բարյացակամ ներկայության խոնարհ գիտակցությունն է, որին կցվում է Աստծո կամ Իր միջնորդի կողմից տրված բարեմաղթանքը։
Անհամեմատելիորեն գերակշռում է, սակայն, Աստծուն ուղղված օրհնության պատասխանը, այն աստիճան, որ դառնում է հինկտակարանյան ժողովրդի բնորոշ աղոթքը. ժողովուրդ, որ Հայտնության հիացմունքի ընդմիջով շարունակ ճանաչում և հռչակում է Աստծո ներկայությունն ու սերը արարչության և իր սեփական պատմության, յուրաքանչյուր դեպքի ու իրադարձության մեջ։ Այստեղից է ծնունդ առնում « בּרכה , berakāh»ի գրական կերպն իր առավել ընդարձակ արտահայտություններով կամ նաև համառոտ բանաձևերով, որոնցով լի էին հինկտակարանյան ծիսական-պաշտամունքային արարողությունները մինչև Հիսուսի ժամանակները. տաճարի և ժողովարանի հանդիսավոր աղոթքներում, կերակուրների և հատկապես զատկական ընթրիքի օրհնության բանաձևերում, ինչպես նաև Աստծուն ուղղված երախտագիտության կարճառոտ, բայց շատ գեղեցիկ ու փայլուն արտահայտությունները, որ գտնվում են Հիսուսին ժամանակակից ռաբբինական գրականության մեջ։
 
Բ) Նոր Կտակարանում

Նոր Կտակարանը Քրիստոսին ներկայացնում է որպես Աստծո օրհնությունների գագաթնակետը. Նա, արդարև, Մարիամի որովայնի օրհնյալ պտուղն է (Ղկս 1, 42), քանի որ հանձինս Մարիամի իր գագաթնակետին է հասնում օրհնությունների այն երկար շարանը, որոնցով կանանց արգանդներն ավանդել են կյանքի պարգևը։
Ավետարաններում գտնում ենք նկարագրությունը օրհնության ժեստերի, որոնք Հիսուսը կատարում է մանուկների (Մրկ 10, 16), Հարուցյալը՝ աշակերտների հանդեպ (Ղկս 24, 51)։ Հիսուսն օրհնում է Հորը այն բանի համար, որ Իր հայտնությունը տվել է խոնարհներին (Մտթ 11, 25; Ղկս 10, 21), Գոհաբանական Պատարագի հաստատման պահին արտասանում է Մեծ Օրհնությունը (հմմտ. Մտթ 26, 26-28), որը գագաթնակետն է հանդիսանում մյուս օրհնությունների, որոնք Հիսուսն արտասանել էր հացերի բազմացումից առաջ (Մտթ 14, 13-21)։ Նա, ի վերջո, փառաբանվում է որպես «Օրհնյալը, որ գալիս է Տիրոջ Անունով» (Մտթ 23, 38; Մրկ 11, 9-10)։
Առաքյալները և քրիստոնեական առաջին համայնքը որդեգրել են հինկտակարանյան ժառանգությունը և Քրիստոսի պարգևը որպես բոլոր օրհնությունների համադրությունը (հմմտ. Եփս 1, 3)։ Հիսուսի Անձից մեկնելով, Եկեղեցին իր օրհնությունն է վերամբարձում դեպի Հայրը և երգում է արարչության ու փրկագործության խորհուրդը իբրև ողորմած սիրո գործ, և կյանքի բոլոր իրողություններում ու իրականություններում տեսնում է Աստծո օրհնության նշանը, որը կոնկրետանում և իրագործվում է հանձինս Քրիստոսի և Սուրբ Հոգու պարգևմամբ։ Հինկտակարանյան աղոթքը դառնում է Հիսուսի հետևորդների աղոթքը, տեղադրվելով, սակայն, Ամենասուրբ Երրորդության հավատքի շրջանակի մեջ, և՛ Գոհաբանական Պատարագի ծիսակատարմանը վերաբերվող բանաձևերում, և՛ ծիսական ներշնչյալ նոր օրհներգների, և՛ փառատրական կարճառոտ բանաձևերի շարադրման գործում, որոնցով լի են առաքելական գրությունները և որոնք իրենց գերազանց արտահայտությունը գտնում են Հովհաննու Հայտնության էջերը ճոխացնող փառաբանական օրհնություններում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։