Նախաբան – Գրադարան – Mashtoz.org

Նախաբան

«Կարո՞ղ է գոյություն ունենալ մի կեղծ կրոն: Ասել և ապացուցել, որ կրոններից մեկը կեղծ է, ոչ մեկի համար կրոնական հալածանք չէ: Կրոնական հալածանք չէ այն իրողությունը, որ ուսյալ մի անձ հրապարակայնորեն դիմակազերծում է այդ կրոնը, փաստելով, որ այն կեղծ է, այդպիսով ստեղծելով տեսնելու հնարավորությունը, թե ի՛նչ տարբերություններ կան կեղծ կրոնի և ճշմարիտ կրոնի միջև: Բայց դիմակազերծելու և ապացուցելու համար, որ սխալ կրոնները կեղծիք են, ճշմարիտ երկրպագուն պետք է գործի դնի դատողության հեղինակավոր միջոցներ, գնահատման այնպիսի կանոններ, որոնք չեն կարող կեղծ լինել: Կեղծ կրոնը հրապարակայնորեն դիմակազերծելը անշուշտ շատ ավելի կարևոր է, քան փաստելը, թե լրագրի մեջ հայտնված լուրերը սուտ են: Սա մի ծառայություն է հասարակական օգտակարության, երբեք չի կարող կոչվել կրոնական հալածանք և վերաբերվում է անձանց հավիտենական կյանքին ու երջանկությանը»:

Այսպես է արտահայտվում Եհովայի Վկաների Ղեկավար Մարմինն իր «Դիտարան» պաշտոնաթերթի 368րդ էջում (15.06.1964): Շատ լավ. միակ կետն է, որի հետ համաձայնվում ենք: Ցավոք սրտի:

Որպես գնահատման ապահով կանոն, Եհովայի Վկաների վերաբերյալ մենք գործածելու ենք մեծ մասամբ իրենց իսկ հրատարակությունները: Դրանցում է ամփոփված իրենց պաշտոնական ուսմունքը, ուստի դրանք են «դատողության հեղինակային միջոցները» և «գնահատման այնպիսի կանոնները, որոնք չեն կարող կեղծ լինել» այս աղանդի (սեկտայի), – բայց ավելի ճիշտ կլինի ասել՝ հերետիկոսության, – ճանաչման գործում: Դրանց խաղաղ սրտով և պատվով գործածումը թույլ է տալիս բացահայտել, որ Եհովայի Վկաների կրոնը կրոն – թեկուզև կեղծ կրոն – լինելուց չափազանց հեռու, պարզապես առևտրական իրականություն է և լրտեսական ցանց, կրոնի դիմակով ծպտված:

Բրուքլինի Ղեկավար Մարմինը գիտի, որ ասում ենք ճշմարտությունը: Կուզենայինք նաև, որ համոզվեին, որ պատերազմ չենք մղում իրենց շահերի դեմ, առավել ևս նվազ՝ իրենց անձերի դեմ: Իրենց և բոլոր Եհովայի Վկաներին հղում ենք այս պատգամը. «Ճշմարտությունը ձեզ կազատի» (Աստվածաշունչ Մատյան, Հովհաննեսի Ավետարան 8, 32):

 

Բայց Եհովայի Վկաների շարքերում կան նաև ազնիվ ու անկեղծ հոգիներ, որոնք պարզապես խաբված լինելով, կարծում են, թե իսկապես ծառայում են Աստծուն, երբ կատարում են Բրուքլինի Ղեկավար Մարմնի կողմից ստացված հրամանները: Այդպիսիք սովորաբար կրոնական աղքատ կրթություն և հոգեբանական թույլ կազմվածք ունեցող անձինք են, որոնց որսալը բավական հեշտ է եղել Եհովայի Վկաների համար: Այդ անձանց հոգիներում հարգում եմ իրենց անկեղծությունը, որով կամենում են ծառայել Աստծուն և հասնել հավիտենական կյանքին: Այդ հոգիները իմ եղբայրներն ու քույրերն են, որոնց սիրում եմ ողջ սրտով և որոնց համար կտայի ամբողջ ժամանակս և ուժերս, նրանց խաղաղ, հոգեպես երջանիկ և ճշմարտության մեջ տեսնելու համար: Ահա նրանց համար է, որ աշխատել եմ. նրանց համար է, որ աղոթում եմ:

 

Բայց անշուշտ, գրությանս որպես առաջին հասցեատերեր ճանաչում եմ Հայ Եկեղեցու հավատարիմ զավակներին, որոնք ներկա դժվարությունների մեջ, հայրենիքի տնտեսական աղքատության պայմաններում, Հայ Եկեղեցու ներքին ու արտաքին նեղությունների ներքո կքված, շարունակում են հետևել իրենց միակ Ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, և օտարներին չեն վաճառում ո՛չ իրենց հոգիները, ո՛չ իրենց անձերը, ո՛չ իրենց հայրենիքն ու ժողովուրդը, ո՛չ էլ իրենց Մայր Եկեղեցին: Հայ Եկեղեցու այս հավատարիմ զավակներին քաջալերում եմ իրենց ընթացքի մեջ, բայց տեղին եմ համարում տալ նաև մի քանի խորհուրդներ:

Նախևառաջ, զանազանել սխալը սխալվողից: Եթե ամբողջական ատելություն պետք է ունենանք կեղծիքի նկատմամբ, որը գործն է սատանայի, այնուամենայնիվ պետք է կատարյալ հարգանք ու սեր ցուցաբերենք այն անձանց նկատմամբ, որոնք տակավին խավարի մեջ են: Մարդկային որևէ էակ, առանց բացառության, – լինի քրիստոնյա, թե բուդդիստ, բողոքական, թե Եհովայի Վկա, իսլամ, թե հրեա, թերահավատ, թե անաստված, – կարիքն ու ծարավն ունի սիրո, ըմբռնումի, իրավունքն ունի հարգվելու որպես մարդկային անձ: Ճիշտ մեր՝ իրական քրիստոնյաներիս պարտականությունն է վկայել աշխարհի դիմաց, որ Աստված Սեր է: Ինչպես որ մենք Աստծուց ստանում ենք մեր մեղքերի ներումը, այնպես էլ մենք պետք է ներենք մեր մերձավորներին: Ուրեմն, պայքարենք սխալի դեմ, բայց երբեք չստորացնենք սխալվողին:

Երկրորդ, խոսելիս ժպիտը չպակասի մեր շուրթերից: Տարածենք Քրիստոսի Հարության զվարթությունը, երբեք չտրվենք զայրույթին: Դիմացինը պետք է զգա, որ աշխատում ենք ցույց տալ իրեն ճշմարտությունը ի՛ր իսկ բարիքի, ի՛ր իսկ փրկության, և ո՛չ թե՝ մենք մեզ և մեր գաղափարները պարտադրելու համար: Եվ ո՛չ թե այդպես սոսկ ցույց տալու համար, այլ՝ այդպես պետք է լինի իսկապես:

Երրորդ, որ վերջինն է ու ամենակարևորը, հիշենք, որ ո՛չ թե մեր խոսքերը, այլ՝ մեր կյանքն է, որ պետք է քարոզի ճշմարտությունը: Մեր վարքը պետք է ցոլացնի Քրիստոսի Դեմքի փառքը: Ապրենք խոնարհությամբ, հարգելով յուրաքանչյուր մարդու, սիրելով բոլորին, օգնության հասնելով կարիքավորներին, ամենուր և ամեն կերպ գործադրելով քրիստոնեական սերը:

 

Սույն գրքի տիտղոսը («Խոսքին Հավատարիմ») ներշնչված է Նոր Կտակարանից. մենք Աստծո Խոսքի ծառաներն ենք (Ղուկասի Ավետարան 1, 2), կրթված ենք Աստծո Խոսքով (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 6, 6), հարատևում ենք Աստծո Խոսքի մեջ (Հովհաննեսի Ավետարան 8, 31; 15, 20; 17, 6; Հովհաննես Առաքյալի Ընդհանրական Առաջին նամակը 2, 5): Տնտեսը, ծառան նախևառաջ պետք է հավատարիմ լինի (Մատթեոսի Ավետարան 24, 45; Պողոս Առաքյալի Առաջին Նամակը Կորնթացիներին 4, 2; Պողոս Առաքյալի Նամակը Կողոսացիներին 1, 7; Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Տիմոթեոսին 2, 2): Գրված Խոսքը հավատարիմ է, այսինքն՝ ճշմարտախոս (Հովհաննեսի Հայտնություն 21, 5; 22, 6), և հավատարմությունը, կամ՝ հավատքը, պտուղներից մեկն է այն Հոգու (Պողոս Առաքյալի Նամակը Գաղատացիներին 5, 22), որին Եհովայի Վկաները չեն ճանաչում: Եհովայի Վկաները «նենգում են Խոսքը» (Պողոս Առաքյալի Երկրորդ Նամակը Կորնթացիներին 4, 2), ինչպես կտեսնենք հետագա էջերում:

Ընթերցողի ներողամտությունն եմ հայցում, եթե որոշ տեղեր ստիպված եմ եղել դիմել կրկնությունների. նպատակս նյութի առավել խորացումն է, ինչպես նաև՝ քննարկվող նյութերն ուրիշ նյութերի հետ համեմատելու անհրաժեշտությունը: Երբեմն նաև շեղվել եմ բուն նյութից, քննարկվող որոշ հարցերի շուրջ մեկնաբանություններ տալու և Եհովայի Վկաների դիրքորոշումները հերքելու համար:

Գրությունը շատ չծանրացնելու նպատակով կանգ չառա Եհովայի Վկաների մի քանի ուսուցումների վրա, որոնք հիմնականում բարոյական ու առողջապահական բնույթի են (ինչպես արյան փոխներարկման հարցը), դրանց քննարկումն իբրև նյութ թողնելով հետագա հավելվածների համար:

Չանդրադարձա նաև մի քանի հարցերի, որոնք Եհովայի Վկաները “որդեգրել են” բողոքական գալստական (ադվենտիստ) այն միջավայրից, որում ծնվել են: Գտնում եմ, որ այդ նյութերը կարող են առարկան հանդիսանալ նմանատիպ մի ա՛յլ հատորի համար:

Ինչպես նաև պետք է նշեմ, որ Եհովայի Վկաների հրատարակություններից բոլոր մեջբերումները կատարել եմ դրանց իտալերեն թարգմանությունից, չունենալով դրանց ո՛չ անգլերեն բնագիրը, ո՛չ էլ հայերենը: Հիմնականում, այս գրքի շարադրման համար գործածածս հատորները հետևյալներն են.

Antonio Contri, Fedeli alla Parola, Torino 1991.
Bernard Blandre, La storia dei Testimoni di Geova, Torino 1989.
Giuseppe Crocetti, I Testimoni di Geova a confronto con la vera Bibbia, Milano 1993.
Giuseppe Crocetti, I Testimoni di Geova, Bologna, 1979.
Lorenzo Minuti, I Testimoni di Geova non hanno la Bibbia, Roma 1992.
Paolo Scanocchini, La Bibbia dei Testimoni di Geova; traduzione o manipolazione?, Torino 1992.

 

Կրկին անգամ մաղթում եմ, որ այս էջերի ընթերցանությունը օգնի Եհովայի Վկաներին անդամակցած հայորդիներին՝ բացահայտելու աստվածային ճշմարտությունը և ապրելու այդ ճշմարտության համաձայն:

Թող ամենուր ճանաչվի, երկրպագվի ու փառաբանվի Ամենասուրբ Երրորդությունը և Մի Աստվածությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, հավիտյանս հավիտենից. ամեն:

 

* * *
 
ՇԱՏԵՐԸ,
ՈՐՈՆՑ  ՄԱՍԻՆ  ԲԱԶՈՒՄ  ԱՆԳԱՄՆԵՐ
ԱՍԵԼ ԵՄ  ՁԵԶ
ԵՎ  ԱՅԺՄ  ԷԼ  ԼԱԼՈՎ  ԵՄ  ԱՍՈՒՄ,
ՎԱՐՎՈՒՄ  ԵՆ  ՈՐՊԵՍ
ՔՐԻՍՏՈՍԻ  ԽԱՉԻ  ԹՇՆԱՄԻՆԵՐ:
ԱՅԴՊԻՍԻՆԵՐԻ  ՎԱԽՃԱՆԸ  ԿՈՐՈՒՍՏՆ  Է:
ՆՐԱՆՑ  ԱՍՏՎԱԾԸ  ԻՐԵՆՑ  ՈՐՈՎԱՅՆՆ  Է,
ԻՍԿ  ԻՐԵՆՑ  ՓԱՌՔԸ՝  ԻՐԵՆՑ  ԱՄՈԹՈՒՅՔԸ:
ՆՐԱՆՔ  ՄԻԱՅՆ  ԵՐԿՐԱՎՈՐ  ԲԱՆԵՐ  ԵՆ  ԽՈՐՀՈՒՄ:
 
Աստվածաշունչ Մատյան,
Պողոս Առաքյալի Նամակը Փիլիպեցիներին,
3, 18-19
 
* * *
 
Հիսուսը, հարությունից հետո, եկավ փակ դռների միջով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»: Ապա Թովմասին ասաց. «Մի՛ եղիր անհավատ, այլ՝ հավատացյալ»: Թովմասը պատասխանեց Նրան ու ասաց. «ՏԵՐ  ԻՄ  ԵՎ  ԱՍՏՎԱԾ  ԻՄ»:
Հիսուսը նրան ասաց. «Այդ՝ որովհետև դու տեսար ինձ ու հավատացիր: Երանի՜նրանց, ովքեր չեն տեսել և սակայն կհավատան, որ Ես Եմ միակ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԿՅԱՆՔԸ»:
 
Աստվածաշունչ Մատյան,
Հովհաննեսի Ավետարան,
20, 24-29; 14, 6
 
* * *
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։