ՍԲ. ՊԻԵՌ ԴԱՄԻԱՆԻ (1007-1072). « ՏԵՍՆԵԼՈՒ ԵՔ ԵՐԿԻՆՔԸ ԲԱՑՎԱԾ ԵՎ ԱՍՏԾՈ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՎ ԻՋՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ՎՐԱ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ՊԻԵՌ ԴԱՄԻԱՆԻ (1007-1072). « ՏԵՍՆԵԼՈՒ ԵՔ ԵՐԿԻՆՔԸ ԲԱՑՎԱԾ ԵՎ ԱՍՏԾՈ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՎ ԻՋՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒ ՎՐԱ »

Սբ. Պիեռ Դամիանի (1007-1072). « Ճառ 42, երկրորդ՝ ի պատիվ Սբ. Բարդուղիմեոսի » (PL 144, 726).

 

[...] Առաքյալների փառքն անբաժանելի է իրարից, միավորված է այնպիսի շնորհներով, որ, երբ կատարվում է նրանցից մեկի տոնը, մեր ներքին հայացքի ուշադրությունը հրավիրվում է բոլոր Առաքյալների ընդհանուր մեծության վրա։ Արդարև, նրանց մեջ ընդհանուր է գերագույն դատավորների նույն իշխանությունը, արժանապատվության նույն աստիճանը, և տիրապետում են կապելու և արձակելու միևնույն կարողությանը (Մտթ 19, 28; 18, 18)։ Այն թանկարժեք քարերն են, որոնք Հովհաննես Առաքյալն ասում է, որ տեսել է Հայտնության ժամանակ և որոնցով էին շինված երկնային Երուսաղեմի դռները (Հյտ 21, 21.24)։ [...] Հիրավի, երբ Առաքյալները նշաններով ու հրաշքներով տարածում են աստվածային լույսը, քրիստոնեական հավատքին դարձի եկած ժողովուրդների առաջ բացում են երկնային Երուսաղեմի փառքին [հասնելու] ճանապարհը։ [...]

Նրանց մասին է տակավին, որ մարգարեն ասում է. «Ովքե՞ր են սրանք, որ ճախրում են ամպերի նման» (Ես 60, 8)։ [...] Աստված վերամբարձում է Իր քարոզիչների հոգին վերին ճշմարտությունների հայեցողությանը, [...] այնպես՝ որ նրանք կարողանան առատորեն ցողել Աստծո խոսքի անձրևը մեր սրտերի մեջ։ Եվ այսպես, նրանք խմում են աղբյուրից, հետո մեզ խմելիք տալու համար։ Սուրբ Բարդուղիմեոսը խմեց այդ աղբյուրի լիությունից, երբ Սուրբ Հոգին հրեղեն լեզուների կերպարանքով իջավ նրա վրա, ինչպես մյուս Առաքյալների վրա ևս (Գրծ 2, 3)։

Բայց դու լսում ես խոսքերը կրակի մասին և թերևս չես տեսնում հարաբերությունը ջրի հետ։ Լսիր, թե ինչպե՛ս է Տերը ջուր անվանում Սուրբ Հոգուն, Ով Առաքյալների վրա իջել էր հրեղեն կերպարանքով։ Ասում է. «Ով ծարավ է, թող որ իմ մոտ գա և խմի», և հավելում է. «Ով հավատում է ինձ, – ինչպես Գրվածքն ասում է, – կենդանի ջրի գետեր կբխեն նրա գրկից», իսկ Ավետարանիչը բացատրում է. «Նա այս բաներն ասաց Հոգու մասին, որին ընդունելու էին Իրեն հավատացողները» (Հվհ 7, 37֊39)։ Սաղմոսերգուն տակավին ասում է հավատացյալների մասին. «Հագենում են տանդ առատությամբ և նրանց ծարավն անցկացնում ես վայելքներիդ հոսանքով։ Քեզնում է կյանքի աղբյուրը» (Սղմ 36, 9֊10)։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։