« ՏԵՍԱՆԵԼԻ ՈՐԵՎԷ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ Է ԵՎ ՄԵՐ ՄԻՏՔՆ ՈՒՂՂՈՒՄ Է ԴԵՊԻ ՄԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵՍԱՆԵԼԻ ՈՐԵՎԷ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ Է ԵՎ ՄԵՐ ՄԻՏՔՆ ՈՒՂՂՈՒՄ Է ԴԵՊԻ ՄԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ »

ՈՐՈԳԻՆԵՍ ԱԴԱՄԱՆՑԻՈՒՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ, Մեկնություն Երգ Երգոցի, III, 13, 9-12.14-16 (PG 13, 172D-174A; GCS 33, pp. 208-209; SC 376, pp. 628-634).
 
 
[...] Պողոս Առաքյալն ուսուցանում է մեզ, որ «այն՝ ինչն անտեսանելի է Աստծո մեջ», «բացահայտվում է» տեսանելի արարածների միջոցով (Հռմ 1, 20), անտեսանելին՝ տեսանելիի միջոցով. նա այդպիսով մեզ ցույց է տալիս, որ այս տեսանելի աշխարհն իր մեջ պարունակում է ուսուցումներ անտեսանելի աշխարհի մասին, և որ այս երկիրն իրենում պարունակում է որոշ «պատկերներ երկնային իրականությունների»: [...] Մինչև իսկ կարող է պատահել, որ Աստված, որը մարդուն ստեղծել է «Իր պատկերով ու նմանությամբ» (Ծնդ 1, 26), մյուս արարածների մեջ ևս դրած լինի նմանություն երկնային որոշ իրականությունների հետ: Թերևս այդ նմանությունն այնքա՜ն չնչին է, որ մինչև իսկ մանանեխի հատիկը, «որն ամենափոքրն է բոլոր սերմերի մեջ» (Մտթ 13, 31-32), իր համանմանն ունի երկնքի արքայությունում: Ուրեմն, իր բնության այդ օրենքով, որի համաձայն ինքն ամենափոքրն է բոլոր սերմերի մեջ, և սակայն ընդունակ է դառնալու ամենամեծը բոլոր բույսերի շարքին և իր ճյուղերի մեջ հյուրընկալելու երկնքի թռչուններին, այն մեր համար պատկերում է ո՛չ թե երկնային միայն մեկ իրականություն, այլ՝ երկնային արքայությունն ամբողջովին:
Այս առումով հնարավոր է, որ երկրային մյուս սերմերն էլ հավասարապես պարունակեն իրենց մեջ երկնային իրականությունների համանմանությունն ու նշանը: Իսկ եթե սա ճիշտ է սերմերի դեպքում, պետք է որ նույնը լինի նաև բույսերի պարագան, և եթե ճիշտ է բույսերի համար, չի կարող ա՛յլ կերպ լինել կենդանիների, թռչունների, սողունների կամ չորքոտանիների դեպքում: [...] Կարելի է ընդունել, որ այդ գոյակները՝ սերմերը, բույսերը, արմատները կամ կենդանիները, անշուշտ ծառայում են մարդկանց ֆիզիկական կարիքներին, բայց մյուս կողմից՝ իրենց մեջ բովանդակում են անտեսանելի աշխարհի կերպարանքն ու պատկերը, ինչպես նաև պարտականությունն ունեն վերամբարձելու հոգին և առաջնորդելու դեպի երկնային իրողությունների հայեցողությունը: Եվ թերևս սա է այն, ինչ ուզում է ասել աստվածային Իմաստության պատգամաբերը, երբ արտահայտվում է այսպես. «Նա է, որ ինձ տվել է գոյություն ունեցող ամեն ինչի ճշմարիտ գիտությունը, սովորեցրել է ինձ աշխարհի կառուցվածքն ու տարրերի հատկությունները, ժամանակների սկիզբը, վախճանն ու միջնամասը: Արեգակի շրջադարձերը և եղանակների հերթափոխը, տարվա պարբերական շրջանը և աստղերի դիրքը, կենդանիների նկարագիրն ու վայրի գազանների բնազդները, հոգիների ուժն ու մարդկանց մտքերը, բույսերի բազմազան տեսակներն ու արմատների հատկությունները. այն ամենը, որ ծածուկ է, այն ամենը, որ բացահայտ է, ես սովորեցի դրանք» (Իմ 7, 17-21): [...] Եվ այսպես ցույց է տալիս, առանց կասկածի հնարավորության, որ տեսանելի ամեն բան հարաբերության մեջ է ծածուկ ինչ որ մի բանի հետ, այսինքն՝ որ տեսանելի որևէ իրականություն խորհրդանշան է և մեր միտքն ուղղում է դեպի մի անտեսանելի իրականություն, որին ինքը կապակցված է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։