ՀԱՏԸՆՏԻՐ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՏԸՆՏԻՐ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXIV, 5 (PG 61, 204).
 
 
[...] Մոգերն այս մարմնին երկրպագեցին մսուրի մեջ դրված: [...] Այլևս մսուրի մեջ չէ, որ դու տեսնում ես Նրան, այլ՝ խորանի վրա: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, L, 3 (PG 58, 507).
 
 
[...] Պետք է հավատաք, որ այսօր էլ խոսքը միևնույն ընթրիքի մասին է, որին նախագահում էր Հիսուսը: Ոչ մի տարբերություն չկա այս ընթրիքի [Սուրբ Պատարագի] և այն ընթրիքի [Վերջին Ընթրիքի] միջև: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXIV, 4 (PG 61, 203-204).
 
 
[...] Մարմինն է, որ արյունոտվեց, գեղարդով խոցվեց, որից բխեցին արյան և ջրի փրկարար վտակները, ամբողջ երկրի համար:
Քրիստոսը անդունդներից դուրս ելավ շողարձակ լույսով զգեստավորված և, այստեղ թողնելով Իր ճառագայթները, համբարձավ մինչև երկնային գահը: Արդ, սա՛ է մարմինը, որը Նա մեզ տալիս է մեր ձեռքերում պահելու և ուտելու: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հուդայի մատնության մասին, I, 6 (PG 49, 380).
 
 
[...] Քահանան ասում է. «Սա իմ մարմինն է», և այս խոսքերը փոխակերպում են ընծայի բնությունը: Այսպիսով, Փրկչի այս խոսքը, երբ արտասանվում է, բավական է եղել և բավական է լինելու՝ կատարելու համար ամենակատարյալ պատարագը բոլոր եկեղեցիների խորանների վրա, Հիսուս Քրիստոսի վերջին Զատիկից մինչև մեր օրերը և մինչև Իր գալուստը: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLV, 2 (PG 59, 253).
 
 
[...] Հացը դառնում է երկնքի հացը, որովհետև նրա վրա գալիս է հանգչելու Հոգին: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, LXXXII, 5 (PG 58, 744).
 
 
[...] Այն, ինչն այստեղ մեր առաջ է, մարդկային զորության գործը չէ: Նա, ով դա արեց Վերջին Ընթրիքի ժամանակ, նույնը անում է նաև այժմ: Ինչ վերաբերվում է մեզ, մեր պաշտոնը սպասավորելն է, բայց Նա է, որ ընծաները սրբագործում է ու փոխակերպում: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Առ Եբրայեցիս Նամակի մասին, XVII, 3 (PG 63, 131).
 
 
[...] Կա [...] միայն մեկ Քրիստոս, կատարյալ ու ամբողջական այստեղ և կատարյալ ու ամբողջական այնտեղ, միայն մեկ մարմին: [...] Մենք մի ուրիշ զոհ չենք մատուցում, ինչպես վարվում էր այն ժամանակների [Հին Կտակարանի] քահանայապետը: Զոհը միշտ նույնն է, կամ ավելի ճիշտ է ասել՝ մենք կատարում ենք զոհաբերման հիշատակությունը: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Առ Կորնթացիս Ա. Նամակի մասին, XXX, 1 (PG 61, 250).
 
 
[...] Ինչպես գլուխն ու մարմինը կազմում են մեկ միակ մարդ, այնպես էլ Քրիստոսը և Եկեղեցին կազմում են մեկ միակ ամբողջություն: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 3 (PG 59, 260).
 
 
[...] Այս միությունը իրագործվում է այն սնունդի շնորհիվ, որը Նա տվել է մեզ, կամենալով փաստել մեզ Իր սերը: Սրա համար սերտորեն միացավ մեզ, Իր մարմինը իբրև թթխմոր խառնեց մեր մարմնին, որպեսզի դառնանք մեկ ամբողջական էակ, ինչպես մարմինը միացած է գլխին: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, XLVI, 2-3 (PG 59, 260).
 
 
[...] Հասկանա՛նք այս խորհրդի սքանչելիությունը, նրա հաստատման նպատակը, արգասիքները, որ արդյունավորում է: Մենք դառնում ենք միայն մեկ մարմին, Աստվածաշնչի համաձայն, անդամներ Իր մարմնի և ոսկորներ Իր ոսկորներից: Սա՛ է այն, ինչ գործում է սնունդը, որը Նա պարգևում է մեզ. Նա խառնվում է մեզ, որպեսզի բոլորս միայն մեկ իրականություն դառնանք, որպես իր գլխին միացած մի մարմին: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հովհաննեսի Ավետարանի մասին, LXV, 1 (PG 59, 361-362).
 
 
[...] Բոլորին միավորելով, Քրիստոսը ձևավորում է միայն մեկ մարմին: Այսպիսով նա, ով բնակվում է Հռոմում, հնդիկներին նկատում է որպես իր իսկ մարմնի անդամները: Կա՞ մի միություն, որն հնարավոր լինի համեմատել սրա հետ: Քրիստոսը բոլորի գլուխն է: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Օզիայի մասին, I, 1 (PG 56, 97; SC 277, pp. 44-46).
 
 
[...] Հրեշտակային զորքերը փառաբանում են վերևում: Այստեղ՝ ներքևում, եկեղեցու ներսում դաս կազմած մարդիկ, նրանց հետևելով, արձագանքում են միևնույն փառաբանությանը: Այնտեղ՝ վերևում, հրեղեն հրեշտակները հզոր ձայնով եղանակում են երիցս սուրբ օրհնությունը [«Trisághion» - «Երեքսրբյան»]. այստեղ՝ ներքևում, մարդիկ դեպի վեր են առաքում նույնի արձագանքը: Երկնքի բնակիչների տոնը միանում է երկրի բնակիչների տոնին. մեկ միակ գոհաբանություն է, երջանկության մեկ միակ խոյանք, բերկրանքի մեկ միակ դաս: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Հուդայի մատնության մասին, I, 6 (PG 49, 381-382).
 
 
[...] Մեծարանքով պատվի՛ր ընծայի բնությունն իսկ: Քրիստոսն այնտեղ է, զոհաբերված: Իսկ ի՞նչ պատճառով է զոհաբերվել: Խաղաղության մեջ հաստատելու համար երկնայիններին ու երկրայիններին, հաշտեցնելու համար քեզ տիեզերքի Աստծո հետ և քեզ Նրա մտերիմը դարձնելու համար: [...] Այն, ինչը որ այդ կերպ արեց Աստծո Որդին, դու նույնպես արա՛ դա քո մարդկային ուժերի համաձայն, լինելով խաղաղություն կերտող ինքդ քո և ուրիշների համար: [...] Ահա՛ թե ինչու, զոհաբերության պահին, միակ պատվիրանը, որ Նա հիշեցնում է քեզ, այն է, որ հաշտվես եղբորդ հետ, ինչով որ ցույց է տալիս, որ այդ պատվիրանը մյուսներից ավելի կարևոր է: [...]
 
***
 
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Քարոզներ Մատթեոսի Ավետարանի մասին, L, 3 (PG 58, 508).
 
 
[...] Ուզո՞ւմ ես մեծարել Փրկչի մարմինը: Մի՛ արհամարհիր Նրան, երբ մերկ է: Մի՛ մեծարիր Նրան եկեղեցում մետաքսյա շքեղ զարդարանքներով, մինչ դրսում թողնում ես, որ մերկ մնա ու ցրտից ընդարմանա: Նա, որ ասաց. «Սա իմ մարմինն է», և Իր խոսքով ի կատար ածեց դա, նույն Ինքն ասաց. «Ինձ քաղցած տեսաք և ուտելիք չտվեցիք: Այն, ինչը չարեցիք ամենախոնարհներից մեկին, ի՛նձ է, որ մերժեցիք»: Ուստի մեծարիր Նրան, ունեցվածքդ կիսելով աղքատների հետ: Որովհետև Աստծուն հարկավոր չեն ոսկեղեն սկիհեր, այլ՝ ոսկեղեն հոգիներ: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։