« ՄԱՐԴԸ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՎ, ԳՆԱՑ ՆՐԱ ԵՏԵՎԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԱՐԴԸ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼՈՎ, ԳՆԱՑ ՆՐԱ ԵՏԵՎԻՑ »

Սբ. Պետրոս Ոսկեխոս (մոտ 406-450). Ճառեր, 30. CCL 24, p. 173-177. PL 52, 284.
 
 
[...] Եղբայրներ, հարկահավաքի իր սեղանի մոտ նստած՝ այս խեղճ մաքսավորն ավելի վատ վիճակում էր գտնվում, քան այն անդամալույծը, որի մասին խոսեցի ձեզ նախորդ օրը, որ ուժասպառ պառկած էր իր մահճի վրա (Մրկ 2, 1...)։ Մեկն անդամալուծության էր ենթարկվել իր մարմնի մեջ, իսկ մյուսն՝ իր հոգու մեջ։ Առաջինի մոտ բոլոր անդամները խեղված էին. երկրորդի մոտ դատողությունը, իր ամբողջության մեջ, գտնվում էր շփոթված վիճակում։ Առաջինն անուժ պառկած էր, իր մարմնի մեջ բանտարկված. մյուսը նստած էր, իր հոգու և իր մարմնի մեջ ստրկացած։ Անդամալույծը տառապանքների տակ կքված էր իր կամքին հակառակ։ Մաքսավորը, մինչդեռ, ինքնակամ էր ստրկացել իր մոլություններին։ Սա, որ ինքն իրեն համարում էր անմեղ, այլոց կողմից մեղադրվում էր ագահության մեջ։ Մյուսն, իր տառապանքների մեջ, գիտակցում էր իրեն որպես մեղավոր։ Մեկը շահեր էր կուտակում շահերի վրա, և դրանք բոլորը մեղքեր էին։ Մյուսն իր մեղքերը ջնջում էր՝ ցավերի մեջ հեծեծալով։ Ուստի, արդարացի էին անդամալույծին ուղղված այս խոսքերը. « Որդյակ, քո մեղքերը ներված են քեզ ». հիրավի, իր տառապանքներով հատուցում էր իր հանցանքների փոխարեն։ Իսկ ինչ վերաբերվում է մաքսավորին, այս խոսքը լսեց. « Ե՛կ իմ ետևից », այսինքն՝ « Դու հատուցում կգտնես՝ հետևելով ինձ, դու, որ փողին հետևելով մոլորվեցիր »։
Վստահաբար կարող եք ասել. ինչո՞ւ մաքսավորը, որ առավել հանցավոր է թվում, ավելի մեծ պարգև է ստանում։ Իսկապես, նա իսկույն դառնում է առաքյալ։ [...] Նա ինքը ստացավ ներումը. և այլոց ձրիաբար պարգևում է մեղքերի թողությունը և երկիրն ամբողջ լուսավորում է ավետարանական քարոզչության շողարձակ փայլով։ Անդամալույծը, մինչդեռ, հազիվ արժանի է համարվում միայն ներումը ստանալու։ Ուզում ես իմանալ, թե ինչո՞ւ մաքսավորն առավել բազմաթիվ շնորհներ ստացավ։ Դրա պատճառը սա՛ է, Պողոս Առաքյալի խոսքի համաձայն. « Որտեղ առատացավ մեղքը, այնտեղ գերառատացավ շնորհը » (Հռմ 5, 20)։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։