ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԿՈՒՅՍԻ ԱՆՈՒՆԸ. ՄԱՐԻԱՄ » – Գրադարան – Mashtoz.org

ՍԲ. ԲԵՌՆԱՐԴՈՍ. « ԿՈՒՅՍԻ ԱՆՈՒՆԸ. ՄԱՐԻԱՄ »

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Առաքեցաւ Գաբրիէլ Հրեշտակ յԱստուծոյ » խոսքի շուրջ Քարոզներից (Քարոզ ի գովեստ Կույս Մոր), II, 17; III, 4 (Homiliae super «Missus est»: Sermo in laudibus Virginis Matris).
 


[...] «Եվ Կույսի անունն էր Մարիամ»։ Այս անունը թարգմանաբար նշանակում է «ծովի աստղ», և շատ լավ վայելում է Կույս Մորը։ Նա, արդարև, լիովին արդարացի կերպով նմանեցվում է աստղի. որովհետև ինչպես աստղը իր ճառագայթն արձակում է առանց խաթարվելու, այնպես էլ Կույսը ծնեց Որդուն առանց իր մարմինը որևէ կերպ եղծելու։ Եվ ինչպես ճառագայթը չի նվազեցնում աստղի պայծառությունը, այնպես Որդին էլ՝ Կույսի անարատությունը։

Նա է, հետևաբար, «Հակոբից ծնված այն վսեմ աստղը», որի ճառագայթը լուսավորում է աշխարհն համայն, որի պայծառությունը փայլում է երկնքում և թափանցում է մինչև դժոխք, տարածվում է ամբողջ երկրի վրա, և ջերմացնելով ավելի հոգիները, քան մարմինները, բորբոքում է առաքինությունները, և այրում՝ մոլությունները։ Հենց նա է, ասում եմ, այն պայծառափայլ ու հրաշագեղ աստղը, անհրաժեշտորեն բարձր [շողում է] «այս մեծ ու ընդարձակ ծովի վրա», որ փայլում է իր արժանիքներով, որ լուսավորում է իր օրինակով։ [...]

«Ողջո՜ւյն քեզ, ո՜վ շնորհալի. Տերը քո հետ է»։ Եվ քո հետ չէ միայն Տեր Աստված Որդին, որին դու քո մարմնով զգեստավորեցիր, այլ նաև Տեր Աստված Սուրբ Հոգին, որի զորությամբ դու հղացար, և Տեր Աստված Հայրը, որը ծնել է Նրան, ում դու հղացար։ Հայրն Ինքը, ասում եմ, քո հետ է. Նա, որ ծնում է Իր և քո Որդուն։ Քո հետ է Որդին, որն Իր զարմանահրաշ խորհուրդը քո մեջ հաստատելու նպատակով՝ հրաշալի կերպով Իր համար բացեց Իր արգասավորության գաղտնի դուռը, և քո համար պահպանեց կուսության կնիքը։ Քո հետ է Սուրբ Հոգին, ով Հոր և Որդու հետ սրբացնում է քո արգանդը։ Ուստի, «Տերը քո հետ է»։ [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։