– Գրադարան – Mashtoz.org

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԾԵՍԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՄԱՍԻՆ

Սուրբ Կույս Մարիամի մասին Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերի գրություններում աստվածաբանական բացատրություններ կամ մարեմաբանություն կարելի է գտնել սկսած Վաղ Միջնադարից, երբ Սահակ-Մեսրոպյան թարգմանչական դպրոցը սկսեց հայացնել հույն աստվածաբան Հայրերի աշխատություններն ու ծիսական մատյանները, Սուրբ Պատարագի կանոնները: Հետագայում, Հայ Ծեսը հարստացնելու նպատակով հեղինակված շարականները ևս մեծապես հարուստ են շքեղ բառամթերք գործածող մարեմաբանությամբ, Մարիամին ուղղված աղոթքներով և մարեմագով տիտղոսներով: Այստեղ չենք հավակնել հավաքել և ամբողջացնել Հայ Եկեղեցու Սուրբ Հայրերի մարեմաբանական բոլոր էջերը կամ կատարել ժամանակագրական հետևողական ուսումնասիրություն, այլ՝ ներկայացնում ենք սոսկ մի քանի ընտիր հատվածներ՝ Հայրերի գրություններից և հայ ծիսական շարականներից՝ առ ի օգտակար ծանոթություն մարեմասեր ընթերցողների և որպես խրախուսանք՝ առավել ընդարձակ ընթերցանության համար:

***

Սբ. Եղիշե Վարդապետն (410-475) իր «Մատենագրության» մեջ, համեմատելով Հովհաննես Մկրտչի և Հիսուսի ծնունդները, գրում է, որ Եղիսաբեթը մեծապես օրինակելի է, բայց «կուսության մեջ ծնվել և մորը կուսության մեջ թողնել՝ ո՛չ օրենքի համաձայն է և ո՛չ էլ գոյություն ունեցող կամ ստեղծվելիք որևէ արարածի կարողությունների սահմաններում է, այլ՝ կարող է անել միայն ու միայն Միածինը, Եսայիի մարգարեության համաձայն ... »[1]:

***

Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետը († 350), համեմատելով Եվային և Մարիամին, նախ խոսում է այն մասին, որ Եվայի միջոցով սատանան իր ձեռքում զենք ունեցավ՝ ընդդեմ նահատակների, մահն ու անեծքը մտան աշխարհ, իսկ «Երանելի Մարիամի գալստյամբ՝ այդուհետև փշերը խլվեցին, տանջանքը վերացավ, [...] անեծքը բևեռվեց խաչափայտի վրա, [...] երանելիներին ավետարանվեց  դրախտը, կույսերն ու սրբերը պտուղ են տալիս, [...] դուռը բացված է, այնտեղից մի աղբյուր է ելնում և արբեցնում ծարավածներին, սեղանը բացված է և հարսանիքը պատրաստ է, [...] փեսան մոտենում է բազմելու»[2]:

***

Սբ. Մովես Խորենացին (5-րդ դար)՝ հայ մեծ պատմիչն ու ժամանակի ամենաուսյալ Հայրերից մեկը, Սահակ Արծրունուն ուղղված իր նամակում Տիրամոր հրաշագործ պատկերի և Փոխման մասին պատմելիս՝ գրում է. «Զվարճանում եմ Տիրամոր հիշատակով, որ երկրում ծագեցրեց Արդարության Արեգակը՝ ճշմարիտ արևելք լինելով՝ Արդարության Արեգակի համար, որովհետև նրանից է փրկությունը, նրանից է կենդանությունը, նրանից է և Քրիստոսը՝ ըստ մարմնի, որ է հավիտյան օրհնյալ Աստված»:

Խորենացին պատմում է, թե ինչպե՛ս Բարդուղիմեոս Առաքյալը Հայաստան բերեց Տիրամոր պատկերը: Երբ Առաքյալները հավաքվել էին Տիրամոր շուրջբոլորը՝ նրան Երկինք ճանապարհելու համար, Բարդուղիմեոսը նրանց հետ չէր, այլ՝ Թովմասի հետ գնացել էր Հնդկաստանի կողմերը: Երբ Բարդուղիմեոսը վերադառնում է Երուսաղեմ և իմանում է Կույսի վախճանման մասին, գնում է Նրա գերեզմանը և տեսնում, որ այն դատարկ է, Կույսի մարմինը ևս հրեշտակների զորքերը բարձրացրել էին Երկինք: Դառնացած Բարդուղիմեոսին Առաքյալները տալիս են Տիրամոր նկարը՝ պատկերված փայտի վրա և «զորությամբ բնավորված»: Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը տանում է իր հետ Հայաստան, ապա հասնում մինչև պարսից Խորասան քաղաքը, այնտեղ կրակարանի մեջ մի լույս է կանգնեցնում, «նկարը պահում է արեգակի դեմ և արգելում է արևի ճառագայթներին, արևը խավարում է վեց ժամ», և ապա ութ մոգեր հավատում են Փրկչին և մկրտվում են: Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և Տիգրիսի ափին, «Ագռավաց քար» կոչվող վայրի մոտ, կառուցում է մի գեղեցիկ եկեղեցի, ուր դնում է Տիրամոր պատկերը, և կառուցում է նաև մի վանք՝ միանձնուհիների համար, որ անվանում է «Հոգեաց վանք, որովհետև այդտեղ Աստված բազում սքանչելիքներ էր կատարում Սուրբ Կույսի ձեռքով»[3]:

Խորենացին Տիրամորն անվանում է «Մայր լույսի՝ Մարիամ, աղբյուր մաքրության, քո լույսով մերկացա անեծքից, ինձ լուսավորեցիր քո սրբության լույսի ճառագայթով»[4]:

Հռիփսիմյան կույսերի մասին իր ճառում, խոսելով սկզբնաչար օձի խաբեությունների մասին՝ գրում է, որ օձը «սարսափում էր՝ տեսնելով, որ ինքը հաղթված է Սուրբ Կույս Մարիամից և նրա դուստր Հռիփսիմեից»[5]:

***

Հայ աստվածաբան և մատենագիր Թեոդորոս Քռթենավորը († 680) Սուրբ Կույսին նվիրված իր ճառում Տիրամորը դիմում է հետևյալ վսեմաշուք խոսքերով. «Ուրախացի՜ր մտքի և սրտի խնդությամբ, Տիրուհի Կույս և Աստվածածին Մարիամ, դուստր մարգարեության շնորհի և Մայր Տիրոջ, որ ծնեցիր վայելչության Աստծուն՝ Արդարության Արեգակին, և քեզնով տեսանք և ճանաչեցինք ճշմարտահոս Լույսը՝ Քրիստոսին։ [...] Ուրախացի՜ր բերկրալից սրտով, օրհնյա՜լդ կանանց մեջ, պայծառազարդ արևելք, որ քեզնից փայլածագեց Քրիստոսի աստվածաշունչ դեմքի լուսավորությունը և արթնացրեց մեր սրտերը՝ քննելու ուղղափառ հավատքի գիտության խորքերը: Ուրախացի՜ր հրճվողալից սրտով, ամենօրհնյալ ծնող և Տիրոջ աղախին, որ արժանացար լինելու ականատես և սպասավոր Հայր Աստծո Բանին։ [...] Ուրախացի՜ր բերկրական ձայնով, կույս բարեպաշտ և անարատ ծնունդ տվողդ նախաստեղծի և ընդհանուր ծնողի, քանզի քո մեջ հաճեց բնակվել անպարիմանալի[6] Աստվածը. [...] ուրախացի՜ր, [...] փառքի աթոռ՝ բարձրյալ ճշմարիտ Աստծո, [...] ծաղիկների անդաստան, [...] հովիտ շուշանաբեր և անուշահոտ մանուշակ՝ հավետ սրբությամբ սնված վարքով, որ մեր համար հրաշագործեցիր Աստծո Բանի գեղեցկազան անուշահոտության տնտեսությունը։ [...]
Դարձյալ ուրախացի՜ր, [...] Մարիամ Կույս, ծնող և աղախին բոլորի Փրկչի և Աստծո, հնձան աստվածահրաշ և հոգենկար, որ հարատև բխեցրիր Քրիստոսի հոգեծավալ գինու առատաբուխ և անուշահամ վտակների հոսանքները՝ հնձանաշեն Եկեղեցու մեջ։ [...]
Ուրախ եղիր, Մարիա՜մ, շնորհազարդված տաճար, հարսն երկնային և արքունական լուսավոր առագաստ, Բանի բնության միավորության գործարան, [...] բաժակ հոգևոր և աստվածային շնորհաց տվող՝ Քրիստոսի ավետարանագիր արանց ձեռքով, ովքեր արբեցրին տիեզերքը:

Ուրախացի՜ր տիեզերաբարձ տուփ ոսկի՝ զարդարված անուշահոտ խնկերով և եփվող յուղի բուրմունքնով մաքրափայլ տաշտ [...] »[7]:

***

Խոսրով Անձևացին (902-964)՝ Վասպուրականի Անձևաց գավառի Եպիսկոպոսը և Սբ. Գրիգոր Նարեկացու հայրը, իր «Ժամակարգության մեկնության» մեջ աղոթելով Աստծուն՝ որպես միջնորդ է բերում Աստվածածին, ասելով. «Եվ մանավանդ, երբ Սրբուհի Կույսի պատվական անձը որպես ամբողջ աշխարհի միջնորդ, և բոլոր սրբերին որպես առ Քեզ բարեխոսներ ունենք, հավատում ենք, որ լսում ես մեր խնդրանքները և ներում ես մեր սխալները [...] »[8]:

***

Անձևացու որդին՝ Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Սբ. Գրիգոր Նարեկացին (950-1005), իր «Ներբող Սուրբ Աստվածածնի» ստեղծագործության մեջ Տիրամորը գովում է հետևյալ հոգեզմայլ խոսքերով. «Որ հրեշտակների դասերի կերակրիչին իր կաթնասուն ստինքներով կերակրեց, ո՞ր երգով կարելի է պատվել, որ պատշաճի օրհնության գովեստին: Մարմնարան անտեսի և ճեմարան մեծության, տաղավար տիրական և խորան աստվածային, անապական խրախճանքի ճաշակման խառնարան, մաքրության սրբարան և զգաստության ընդունարան, [...] անլուծանելի հարսնարան՝ անժամանակյա Փեսայի, անեղ Աստվածության կամքի հաճության բնակարան, [...] Աստվածության էության Բանի լրությունը հղացյալ կրեց իր մարմնում, ինչպե՞ս կարող են մարմնեղեն լեզուն և շրթունքները ճանաչել նրան։ [...]
Խնդա՜ և ուրախացի՜ր, [...] Բանի խոնարհության արժանավոր բնակարան, [...] որ նախքան Բանին անթերի լրիվությամբ ծնելը՝ հրեշտակային թևերի սքողմամբ ցանկապատված պահվում էիր անաղարտ անբծությամբ, [...] և նա, որ հոդավոր մարմնով քեզնից ծնվեց, Իր էության սկիզբն ունի նախքան արուսյակը, ուստի և հոդավոր միակ մարմինը խառնեց աստվածային բնության հետ՝ անքակտելիորեն [...] »[9]:

Սուրբ Կույսի Վերափոխման մասին նույն ներբողի մեջ Նարեկացին գրում է. « [...] Եվ կյանքի ընթացքը լուսազարդ կյանքի շավիղ դարձրեցիր, և օդային արագաթռիչ թռչնի նմանությամբ փոխվեցիր այս անցավորներից և հրեշտակների դասի մեջ հայտնվեցիր և ճանաչվեցիր Աստծո ներկայության մեջ: Եվ լուսավոր ամպով նրանց կողմից պատիվ ընդունելով համբարձվեցիր, [...] և գովասանք ստացար որպես մեղսագործ առաջին կնոջ առանց հանցանքների զավակ և քեզ դավանեցին որպես ամենայն անբծության ընտրյալ պսակ սրբության, և իբրև հանդարտ երինջ՝ մատուցվեցիր արարչավանդ լծին, և իբրև ավանակ՝ հետևեցիր անբավ աստվածության կամքին և աշխարհի ծովի խորքերից շուշանազարդ շավիղներով վեր բարձրացվեցիր և աշխարհի խիստ ու դժնի փշերի տանջանքների մեջ ծաղկեցիր, և հայտնվեցիր իբրև քաղցրաճաշակ պտուղ՝ երկրի դառն արմատների մեջ, և կոչվեցիր Երրորդության անտես թաքնված սիրո խորհրդակից [...] »[10]:

Աստվածամորն է նվիրված նաև Նարեկացու «Մատյան Ողբերգության» աղոթարանի Բան Ձ-ն, որտեղ Սուրբն ապավինում է Կույսի բարեխոսությանը՝ հետևյալ խոսքերով.

«Քեզ եմ աղաչում, Սուրբ Աստվածածին,
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե,
Երկնավոր արքայուհի,
Անխառն՝ ինչպես օդ, մաքուր՝ ինչպես լույս,
Անշաղախ՝ նման բարձր արուսյակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբությունների բնակարան անկոխելի,
Խոստացված դու վայր երանավետ, Եդեմ շնչավոր,
Անմահ կենաց ծառ՝ բոցեղեն սրով պարունակված,
Բարձրյալ Հորից զորացած և հավանորված,
Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված,
Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված,
Հոր համար միածին և քեզ անդրանիկ,
Որդիդ՝ ծնունդով, և Տերդ՝ արարչությամբ,
Անաղտ մաքրությանդ հետ և՛ անբիծ բարի,
Անարատ սրբությանդ հետ և՛ բարեխոս խնամակալ,
Ընդունի՜ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս,
Եվ այն ընծայի՜ր Աստծուն՝ իբրև պաղատանքը քո, [...]
Կյանքի տունկդ դու օրհնված պտղի, [...]
Դու, որ բուժեցիր երկունքը Եվայի,
Խնդրի՜ր, աղաչի՜ր և բարեխոսի՜ր,
Զի անճառելի մաքրությանդ համար, հավատում եմ ես, խոսքդ կընդունվի։ [...]
Օրհնյա՜լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա՛ կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ,

Ո՜վ դու Մայր բարձրյալ Տիրոջդ Հիսուսի [...] »[11]:

***

Բարսեղ Շնորհալին (12-րդ դար), նկարագրելով Խաչից Հիսուսի մարմնի իջեցման ժամանակ Սուրբ Կույսի հոգեվիճակը, գրում է. «Ո՞վ կարող է պատմել Աստվածածնի լացն ու ողբը, [...] քանզի երբ Քրիստոսի մարմինն իջեցրեցին խաչից, ընկավ մեռած մարմնի վրա և, բռնելով արյամբ ներկված ձեռքը, տարավ մոտեցրեց իր շուրթերին, և արտասուքի վտակ կաթեցրեց վրան, և անհագ համբուրելով՝ ողբալով լալիս էր ու կոծում, և գգվում էր մրմուռով ու հեծեծալով: Որդյա՜կ իմ, այս ձե՞ռքն է, որ կավով կույրի աչքերը բացեց և հինգ նկանակները բազմացրեց, ինչո՞ւ հիմա մեռար և Ինքդ Քեզ փրկել չկամեցար [...] »[12]:

***

Ներսես Լամբրոնացին (1153-1198)՝ մարեմասեր հայ մեծանուն Հայրերից մեկը, համեմատելով Եվային և Մարիամին, գրում է, որ երբ օձը Եվային առաջարկեց ուտել պտուղը և լինել Աստծո նման, Եվան չփորձեց հասկանալ, թե ի՛նչ է իրեն առաջարկում օձը, ենթարկվեց նրան և կորցրեց իր փառքը, իսկ Մարիամը «եղավ նրա ախտի բուժողը, և Եվայի նման չվարվեց, երբ հրեշտակն ավետիս տվեց, այլ՝ հարցմամբ քննեց. ինչպե՞ս դա կպատահի ինձ: Եվ երբ իմացավ, որ Աստծո գործն է և կամքը, նայելով բազում ապացույցներին, որ Աստծո կամքով եղավ վերբնական ձևով, հավանությամբ ասաց. ''Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող որ քո խոսքի համաձայն լինի ինձ: Արդ, այսպես մանուկն է կամենում վարդապետի խրատը լսել. ո՛չ պարզամտությամբ, այլ՝ հարցաքննությամբ»[13]:

***

Հովհաննես Սարկավագ Վարդապետը (12-րդ դար) Սուրբ Կույսին նվիրված իր աղոթքներից մեկում գրում է. «Ծնունդ երկրածնի և ծնող բոլորին Ծնողի, կուսությամբ մայր, և մայր լինելով՝ ճշմարիտ կույս, երկուսն էլ [քո մեջ] մեկ լինելով և անվանվելով, հրաշափառագույն գործի սկիզբ։ [...] Բնության պտուղ սքանչելի և արմատ նորընծա, [...] անխառնելի բնությունների միավորում, անբավելիի բովանդակություն, անպարագրական էության պարագրություն, սկիզբ՝ Անսկզբի համար, և ժամանակային սահման՝ Անժամանակյայի համար։ [...] Քո աղոթքի միջնորդությամբ գազանաբեկը կբժշկվի, քո շնորհիվ շուտով կգտնվի կորուսյալը, բազմատեսակ հիվանդությամբ և վերքերով ախտավորը կապաքինվի, մեր հոգիների խավարը կփախչի, մեր աչքերը համարձակությամբ կտեսնեն քեզնից մարմնացած Բանի ամենալուսավոր ճառագայթները»[14]:

***

Սուրբ Կույս Մարիամի տիտղոսները կամ աղոթական դիմելակերպերը Շարականներում

«Սափոր ոսկի՝ երկնային հացի» (Տէր յԵրկնից, Աւետման Ս. Կուսին)։

«Հոր Անսկզբնական Բանի բնակարան, տաճար և առագաստ, անտանելի լույսի տեղ» (Ճաշ. Ծննդ. Քրիստոսի)։

«Աստվածատունկ խնկաբեր ծառ՝ անուշահոտ բուրաստանից, որ Հոգու վտակների հոսանքների վրա տնկվեցիր և ժամանակին մեզ տվեցիր անմահության պտուղը» (Մեծաց. Չորրորդ Կիր. Պահոց)։

«Առաքյալներին հովանի ամպ լուսեղեն, Սուրբ Հոգու և Բարձրյալի զորությամբ հովանավորված՝ Սուրբ Աստվածածին» (Ողորմ. Ա օր Վարդավառի)։

«Խորանահարկ, կամարանման հորինվեցիր, Սուրբ Կույս Աստվածածին, անհասանելի Բանն Աստծո բնությամբ անսերմնապես կրեցիր քո որովայնում» (Մեծաց. Վերափոխման Կուսին):

«Սուրբ և Աստվածածին Մարիամ, կույսերի ցանկալի և մարդկային ցեղի պարծանք, քեզ մեծարում ենք՝ մայր և աղախին» (Մեծ. Երկր. Ձայն):

«Անկեզ մորենի և տաճար ընդհանուր լույսի, անարատ և անխախտելի կուսություն» (Մեծ. Երկր. Ձայն):

«Քո մեջ տեսանելի է երեք սոսկալի խորհուրդ, ո՜վ Աստվածածին. անսերմ հղություն, ծնունդ անարատ, կուսություն, ծնունդից հետո մնալով անապական» (Մեծ. Չորրորդ Ձայն):

«Փակված դուռ, ինչպես Եզեկիելը սկզբում ճանաչեց քեզ, Կույս Անարատ, որով մտավ էակների համար Անտեսը՝ անմարմին Բանը, որ Հորից է, և ելավ մարմնով՝ կուսությունդ մնալով անխախտ» (Մեծաց. Գ օր Փոխման):

«Գերարփիի արևելք և լուսածին օթևան, նախապես անմայր ծնվածին երկրորդ անգամ ծնեցիր անհայր» (Անձինք Փոխման Աստուածածնի):

«Աստվածածին անհարսնացյալ», (ԱՁ Աւագ Օրհնութեանց), «Անտանելի Բանի տեղ» (Մեծաց. Բ օր Փոխման):

«Դուռն երկնքի, անճառելի ծագումն անապական, որ Հորից առաքվեց, քո գրկում վերցնելով կրեցիր՝ քեզնից մարմնացյալին սնելով քո կուսական սուրբ կաթովդ» (Մեծաց. Փոխման):

«Ուրախ եղիր, երկինք վեհագույն, քերովբե հողեղեն, որ երկնքի և հրեղենների դասի համար Անտանելիին ընդունեցիր քո մաքրական որովայնում» (Տէր յԵրկն. Աւետման Սուրբ Աստուածածնի)։

«Անթառամ ծաղիկ, անդատապարտ շառավիղ վերաբուսած» (Համբ. Թ օր Փոխման)։

«Անեծքի քանդող և մեղքերի քավիչ սուրբ կույս, որ անտանելին քո գիրկը վերցրեցիր» (Ճաշու Ծննդ. Քրիստոսի)։

«Ցավերի լուծիչ, անեծքի վերացնող, ճշմարիտ արևի լույսի ծագում» (Օրհնութ. Յովակիմայ եւ Աննայի)։

«Համեղաճաշակ պտղի բանավոր բարունակ, [...] Սրբուհի Անարատ» (Համբ. Թ օր Փոխման)։

«Ամպ թեթև՝ երկրային ցանկություններից, Սուրբ Կույս, և վառարան աստվածային բոցի, որ հայրաբուղխ ցողն անձրևեցիր բանական երկրում, որով բուսնեցին բնության արդարության սուրբ բույսերը» (Ճաշու Ծննդ. Աստուածածնի, էջ 8, թիվ 10):

[1] Եղիշէ Վարդապետ, Մատենագրութիւն, Վենետիկ - Սբ. Ղազար, 1859, էջ 209-210.
[2] «Զգոն» Սբ. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Կ.Պոլիս, 1824, էջ 117.
[3] Մ. Խորենացի, Մատենագրութիւնք, Թուղթ առ Սահակ Արծրունի, Վենետիկ - Սբ. Ղազար, 1865, էջ 285.
[4] Նույն տեղում, էջ 318.
[5] Նույն տեղում, «Ճառ Հռիփսիմեանց», էջ 310.
[6] Իմացության համար անընդգրկելի, անպարունակելի։
[7] Թեոդորոս Քռթենավոր, Գովեստ ի Սուրբ Կոյսն, Վենետիկ - Սբ. Ղազար, 1833, էջ 176-182.
[8] Խոսրով Անձևացի, Մեկնութիւն Ժամակարգութեան, Կ.Պոլիս 1840, էջ 137.
[9] Գրիգոր Նարեկացի, Ներբող Սուրբ Աստվածածնի, Վենետիկ - Սբ. Ղազար, 1840, էջ 407-410.
[10] Նույն տեղում, էջ 415-416.
[11] Սբ. Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, Բան Ձ, թարգմ.՝ Մկրտիչ Խերանյանի, Երևան, 2003.
[12] Բարսեղ Շնորհալի, Մեկնութիւն Մարկոսի Աւետարանի, Կ.Պոլիս, 1826, էջ 381.
[13] Ներսես Լամբրոնացի, Մեկնութիւն Առակաց Սողոմոնի, Լայպցիգ, 1919, էջ 11.
[14] Հովհաննես Սարկավագ Վարդապետ, Աղօթամատոյց, Սոփերք Հայկականք ԺԷ, Վենետիկ - Սբ. Ղազար, 1854, էջ 144.
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։