Հակառակորդների կարծիքի հերքում – Գրադարան – Mashtoz.org

Հակառակորդների կարծիքի հերքում

Եթե շատ են հրաշքի կարելիությունը մերժող գիտնականները, ապա, հրաշքի գոյությունն ընդունող ողջամիտ իմաստասերներն ու աստվածաբաններն ավելի շատ են։

Նրանք փաստում են և ընդունում են, թե կա մի Աստված, Ով անհուն Էակ է, Ստեղծող և Տեր ամեն բանի։ Նա առաջին շարժիչն է, որ ամեն ինչ շարժում է, բայց Ինքը չի շարժվում, ամեն ինչ փոխում է, բայց Նա Ինքն անփոփոխելի է։ Նա է տիեզերքում գտնվող բոլոր արարածներին կարգուկանոն տվողը, նրանց և բնության օրենքների իմաստուն Ղեկավարը, որ ամենակարող է և ամենակատարյալ։

Ահա՛ այս Աստվածը կարող է նաև սրբազան նպատակի համար փոխել (բացառության կարգով) բնության մեջ Իր դրած օրենքները՝ առանց, սակայն, դրանց էությունը խախտելու, առանց տիեզերքի ընթացքն ու հավասարակշռությունը խանգարելու։

Հրաշքը կարելի է, քանի որ հրաշք կատարողը վերջիվերջո Աստված է, ամենակարող և ամեն բանի Տեր։

Ո՛չ Արարչի կողմից, ո՛չ էլ արարածի կողմից արգելք գոյություն չունի հրաշքի կարելիության դեմ։

Արարչի կողմից դժվարություն չկա, քանի որ Նա եթե կարող է ոչնչից ամեն բան ստեղծել, կարող է նաև Իր կողմից ստեղծված էակի բնությունը փոխել։

Ավելի դժվար է ոչնչից բան ստեղծել, քան ստեղծված բանի մեջ փոփոխություն մտցնել։

Արգելք չկա նաև արարածի կողմից, քանի որ արարածն ամեն տեսակետով կախում ունի իր Ստեղծողից։

Նույն բանը կարելի է ասել նաև բնության մեջ տիրող օրենքների մասին։ Շատ բնական է, որ օրենք դնողը կարող է նաև օրենքը փոխել կամ ընդմիջել։

Շարունակենք հակառակորդների առարկություններին պատասխանել։

Հրաշքը հակառակ չէ Աստծո իմաստությանը, քանի որ Աստված հրաշքը գործում է բացառաբար, հատուկ նպատակի համար։

Հրաշքը նաև Աստծո անփոփոխելիությանը հակառակ չէ, քանի որ հրաշքով փոփոխությունը ո՛չ թե Աստծո մեջ է տեղի ունենում, այլ՝ արարածի մեջ, բնության օրենքների մեջ։

Ամեն օրենք իր բացառությունն ունի, և բացառությունն օրենքի ուժը չի խախտում։

Օրինակով խոսենք։ Հիսուսը, հակառակ ձգողականության օրենքի, քայլեց ջրի վրայով։ Բայց Հիսուսը ջրի վրայով քայլելով՝ չխախտեց ձգողականության օրենքը, որը մնաց նույնը և պիտի մնա մինչև վերջ։

Հիսուսը մրրիկը դադարեցրեց միայն մի խոսքով. սրանով օդերևութաբանական օրենքը չփոխեց։

Նա կույրի աչքը բացեց՝ հակառակ բժշկական օրենքների, բայց բժշկական օրենքները չփոխվեցին կույրի աչքը բացվելու պատճառով։

Դարձյալ, Հիսուսը մի խոսքով թզենու ծառը չորացրեց, բայց այդ հրաշքով հանդերձ՝ բուսական օրենքները նույնը մնացին։

Հրաշքներ մինչև այսօր էլ տեղի են ունենում, աշխարհի ամեն կողմում, սակայն տիեզերքի ներդաշնակությունը, բնության օրենքներն անխախտելի են մնում։

Ինչ վերաբերում է մյուս հակառակորդներին՝ սկեպտիկ փիլիսոփաներին պատասխանենք, որ բնականոն, խելքը գլխին մարդը կարող է շատ ճշմարտություններ ճանաչել առանց վարանման, նրանց ճշմարիտ, իրական լինելու վերաբերյալ։

Եթե, սկեպտիկների համաձայն, մարդն անկարող է բան ճանաչել, այնժամ ջուրն են ընկնում մեր բոլոր սովորածները, գիտությունը, պատմությունը, կրոնը, և այլն, և բոլորի հետ՝ նաև հենց իրենց իսկ հաստատումները. եթե մարդն անկարող է բան ճանաչելու, ինչպե՞ս են իրենք կարողանում ճանաչել դա։

Հարաբերապաշտությունը պաշտպանող փիլիսոփաներին ասում ենք, որ, այո՛, ճիշտ է, որ աշխարհում գոյություն ունի հարաբերականությունը, ինչպես Ստեղծողի և ստեղծվածի, հոր և որդու, երգահանի և երգի, նկարչի և նկարի միջև, բայց երկրի վրա ամեն ինչ չէ, որ հարաբերական է։ Կան բացարձակ ճշմարտություններ, օրինակ, կտորն իր ամբողջից ավելի փոքր է, ոչնչից ոչինչ չի առաջանում և ուրիշ անթիվ նման ճշմարտություններ, որոնք ամենուրեք և ամեն ժամանակ, յուրաքանչյուր մարդու համար անփոփոխելի և ընդունելի ճշմարտություններ են։ Ինչպես նաև, սկեպտիկների նման, եթե ամեն ինչ հարաբերական է, ուրեմն առաջին հերթին հարաբերական է հենց իրենց իսկ պնդումը, թե ամեն ինչ հարաբերական է։ Եվ եթե իրենց խոսքը հարաբերական է, ուրեմն ամեն ինչ չէ, որ հարաբերական է։

Իբրև պատասխան գաղափարապաշտների՝ ասենք, որ մարդու մտածումից դուրս կա մի իրական աշխարհ, լի բազմատեսակ էակներով, որոնք առանց մարդու էլ գոյություն ունեն և որոնք կարող ենք իսկապես ճանաչել։

Անգիտապաշտների կարծիքը հեշտությամբ է հերքվում, քանի որ մարդը շատ լավ կարող է զանազանել բնականը գերբնականից։

Հանճար լինելու հարկ չկա՝ հասկանալու համար, որ տարիներով անդամալույծին միայն մի խոսքով վայրկենապես ոտքի հանելը բնական օրենքներից վեր է, որ մի քանի հացերով հինգ հազար մարդ կշտացնելը սովորական մարդու գործ չէ, կամ քիմիագետ լինելու կարիք չկա՝ հասկանալու համար, որ սովորական ջուրը գինու վերածելը մարդու կարողությունից վեր է, գերբնական երևույթ է, մի խոսքով՝ հրաշք է։

Չմոռանանք, որ հրաշքը, թեև գերբնական դեպք է, բայց նաև զգալի է մյուս զգալի դեպքերի նման, որ մեր զգայարանների ներքո է և հեշտությամբ ճանաչելի է բոլորին։

Հրաշքը մարդկային պատմությանն է պատկանում ու մաս կազմում։

Շատերը՝ Առաքյալները, Պողոս Առաքյալը, անթիվ Սրբեր, անհավատ և չար մարդիկ Քրիստոսին հարելու համար պարտական են հրաշքների։

Նույնիսկ հեթանոս ազգերի, ինչպես Հայերի, Քրիստոնեության դարձը եղել է հրաշքի արդյունք։

Եթե հրաշքը մարդկանց համար անճանաչելի լիներ, պատմության ընթացքը տարբեր ուղղություն պիտի առած լիներ։

Արդիապաշտներին պատասխանենք. ապացուցված ճշմարտություն է, որ պատմական Քրիստոսը և հավատքի Քրիստոսը միևնույն Անձն է, որ իսկապես հրաշքներ գործեց, և այդ հրաշքների պատմությունը մեզ է հասել շնորհիվ ուղղակի ականատես և ճշմարտապատում վկաների։

Այս հարցի կարևորությունը հաշվի առնելով՝ կարիք ենք զգում սույն նյութի մեջ ավելի խորանալ։

Մեր ուսումնասիրության առաջին գլուխներում փաստերով ցույց ենք տվել, որ չորս Ավետարաններից երեքը գրվել են Քրիստոսի մահվանից շուրջ 30-40 տարի անց, իսկ Հովհաննես Առաքյալն իր Ավետարանը գրել է ամենաուշը 90-100 թվականների շրջանում։

Այսօր Աստվածաշնչի մասնագետների ջախջախիչ մեծամասնությունն ընդունում է չորս Ավետարանների լույս աշխարհ գալու վերոհիշյալ թվականները։

Նույնքան մեծամասնությամբ գիտնականներն այսօր ընդունում են, որ Հիսուսի հրաշքները երեսուն-քառասուն տարիների ընթացքում չեն կարող լինել ժողովրդի, այսինքն՝ առաջին քրիստոնյաների երևակայությունից դուրս եկած առասպելներ։

Ժողովրդական առասպել ձևավորելու համար երկար տարիների կարիք կա։

Կան գիտնականներ, ովքեր թեև ընդունում են Ավետարանների հրատարակության ճիշտ թվականը, սակայն առարկում են, որ Հիսուսի հրաշքների պատմությունն Ավետարաններում հնարվել և ներմուծվել է բարեմիտ քրիստոնյաների կողմից 200-300 տարի անց։ Հակառակորդների այս կարծիքն էլ պարապ հաստատում է, առանց փաստի, առանց հիմքի։

Չորս Ավետարաններում ընդամենը 41 հրաշքներ են պատմվում։

Այդ հրաշքներից իրենց Ավետարաններում գրել են 24-ը Մատթեոսը, 24-ը Ղուկասը, 22-ը Մարկոսը, իսկ 9-ն էլ Հովհաննեսը։

Առ ի գիտություն հավելենք, որ կան հրաշքներ, որոնք միայն մի Ավետարանիչ է պատմել, կան հրաշքներ, որոնց հանդիպում ենք երկու Ավետարանիչների մոտ, հրաշքներ էլ կան, որոնք հանդիպում են երեք Ավետարաններում, իսկ մի քանի հրաշքներ էլ պատմել են չորս Ավետարանիչներն էլ։

Երբ ուշի ուշով կարդանք Ավետարանները, ապա կտեսնենք, որ շատ անգամ Հիսուսը հրաշքը կատարել է Իր քարոզածը փաստելու համար։ Օրինակ, վերցնենք անդամալույծի բժշկությունը։

Հիսուսը մի օր մի տան մեջ էր գտնվում, երբ մի քանի հոգի պատգարակով մի անդամալույծի բերեցին։ Նրանք ամբոխի պատճառով չկարողացան հիվանդին ներս մտցնել, տանիք բարձրացան և առաստաղից՝ պատգարակով հանդերձ իջեցրեցին նրան Հիսուսի առաջ։ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով՝ անդամալույծին ասաց. «Ո՜վ մարդ, քո մեղքերը ներված են»։ Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասել. «Ո՞վ է սա, որ Աստծո դեմ անարգական խոսքեր է ասում. Աստծուց բացի ո՞վ կարող է մեղքերը ներել»։ Հիսուսը նրանց մտքերը հասկանալով՝ ասաց. «Ի՞նչ եք խորհում ձեր սրտում։ Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ քո մեղքերը ներվա՞ծ են, թե՞ ասել՝ վեր կացի՛ր և քայլի՛ր։ Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, քե՛զ եմ ասում, – ասաց անդամալույծին, – վեր կա՛ց, վերցրո՛ւ անկողինդ և տուն գնա՛» (Ղկս 5, 18-25)։

Այստեղ կարող էինք Հիսուսի գործած հրաշքներից մի շարք օրինակներ բերել, այսպես, շաբաթ օրը մարդու գոսացած ձեռքի բուժումը (Մտթ 12, 10-13), Առաքյալների առաջին հանդիպումը և հրաշագործ ձկնորսությունը (Մտթ 4, 18-22), Հայրոսի աղջկա և տեռատես կնոջ (Ղկս 8, 40-56) հրաշքները՝ ցույց տալու համար, որ հրաշքները Հիսուսի կյանքի ու վարդապետության հետ սերտորեն կապված են, այնպես՝ որ, եթե Ավետարաններից հրաշքները վերցնելու լինենք, ինչպես ցանկանում են մեր հակառակորդները, այդ դեպքում տուժում է Ավետարանների ամբողջականությունը և մնում է միայն անիմաստ, անկապ, կցկտուր մի պատում։

Հեռացնելով հրաշքները՝ անդամահատված մարդու կերպարանք կստանանք՝ առանց քթի, ականջի, առանց ձեռքի կամ ոտքի։

Հրաշքները, – ասում է Լեոնս Դը Գրանդմեզոնը[1], – Ավետարանների «մարմնի ոսկրային մասն են, որ ավետարանական պատմության ամբողջ հիմքն են կազմում»[2]։

Հիսուսի հրաշքները պատմական են և Ավետարանների մաս են կազմում։

Հիսուսի հրաշքների մասին Ավետարանիչներից շատ առաջ Պողոս Առաքյալն է գրել իր Նամակներում։

Պողոս Առաքյալից առաջ, Հիսուսի համբարձումից տասն օր անց, Հոգեգալուստի օրը, Պետրոս Առաքյալը, լցված Սուրբ Հոգով, Հիսուսի հրաշքներն է հիշում՝ ժողովրդին ասելով. «Ո՜վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցին, այս մարդը, որ Աստծուց հայտնվեց ձեզ, զորություններով, հրաշքներով ու նշաններով, որ Աստված Նրա ձեռքով գործեց» (Գրծ 2, 22)։

Քրիստոնյա առաջին պատմիչներից Հուստինոսը, ծնված 100-110-ական թվականներին և նահատակված 165 թվականին, իր «Քրիստոնեական կրոնի ջատագովություն» գրքում խոսում է Հիսուսի հրաշքների մասին։

Նմանապես, Տերտուղիանոսը՝ քրիստոնեական կրոնի մեծ ջատագովը, ծնված Կարքեդոնում և ապրած 155-220 թվականներին, Հիսուսի հրաշքները որպես զենք է գործածում՝ Քրիստոսի հակառակորդներին լռեցնելու համար։

Արժե հիշատակել նաև Կոդրատոսին՝ Առաքյալների աշակերտին (117-118 թվականներ), ով Հռոմի Ադրիանոս կայսեր ներկայացրեց Քրիստոնեությունը պաշտպանող մի գրություն, որտեղ խոսում է Հիսուսի հրաշքների մասին։

Ահա՛ մի հատված այդ գրությունից. «Մեր Փրկչի գործերը միշտ երևելի էին, որովհետև ճշմարիտ են նրանք, ովքեր բժշկվեցին ... և ապրեցին։ Ո՛չ միայն երբ մեր Փրկիչը երկրի վրա, այլ նաև՝ այս աշխարհից Նրա վերանալուց հետո նրանք երկար ժամանակ կենդանի էին, այնպես՝ որ մինչև մեր ժամանակները նրանցից ոմանք մնացին»[3]։

Հիսուսի հրաշքների մասին խոսում են ո՛չ միայն առաջին դարերի քրիստոնյա հեղինակները, այլ նաև՝ Քրիստոսի աստվածությունն ուրացող հեղինակները, ինչպես օրինակ Կելսուսը, ով ապրել է Հիսուսից հետո՝ Երկրորդ դարում, Պորփյուրը (233-304), Հուլիանոսը, և այլոք։

Հիսուսի հրաշքների ականատես վկաներն են նաև հենց Հիսուսին հալածող հրեաները, փարիսեցիներն ու քահանայապետները, ովքեր Հիսուսի գործած հրաշքները երբեք չուրացան։ Ահա՛ մի քանի մեջբերում Ավետարաններից։

Հիսուսը շաբաթ օրով մի հիվանդ կնոջ բուժեց. «Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց. և ասաց ժողովրդին. ''Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեցեք, և ո՛չ թե շաբաթ օրով''» (Ղկս 13, 14)։

Մեկ ուրիշ անգամ, երբ Հիսուսը փարիսեցիների առաջ մարդու գոսացած ձեռքը բուժեց, նրանք, փոխանակ Հիսուսին հավատալու, «դուրս գալով՝ նրա դեմ խորհուրդ արեցին, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեն» (Մտթ 12, 14)։

Հովհաննես Ավետարանիչը գրում է. «Քահանայապետներն ու փարիսեցիներն ատյան գումարեցին և ասացին. ''Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթե նրան այնպես թողնենք, ամենքը կհավատան Նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր տեղը''» (Հվհ 11, 47-48)։

Այսքան փաստերը կարծում եմ բավական են՝ համոզվելու համար, որ Հիսուսի հրաշքներն Ավետարանիչների կողմից են գրվել և ո՛չ թե 200-300 տարի անց բարեմիտ քրիստոնյաների կողմից ներմուծվել են Ավետարաններ։

Հավելենք նաև, որ արդի քննական ուսումնասիրություններն այնքան զարգացած են, որ գրքում եղած օտար ներմուծումները հեշտությամբ է կարելի գտնել, քանի որ այդ հավելումները կարկատանի տպավորություն են թողնում։ Ընդհանրապես, ներմուծված հատվածի լեզուն, ոճը բնագրից տարբերվում են և դրանք զատորոշելը դյուրին է լինում։

Ինչպես նաև, Ավետարանների բոլոր հնագույն ձեռագրերում այդ հրաշքների պատմությունները ներկա են։ Դրանք միայն հետագա, ուշ շրջանի ձեռագրերում չէ, որ հայտնվում են հանկարծակի կերպով։

Ի վերջո, լրջորեն պետք է հաշվի առնել ընդհանուր պատմիչների նկատմամբ վստահելիության հարցը։

Եթե չընդունենք քննական պատմության վստահելիությունը, ապա այնժամ մարդկային պատմության հիմքերը քանդած կլինենք։

Պետք է լուրջ և արժանահավատ պատմիչների գրածների նկատմամբ որոշակի վստահություն ունենանք։

Երբ փաստվի, որ հին կամ նոր որևէ մի պատմիչ իր շարադրանքի համար անհրաժեշտ գիտությունը և պատմելու անկեղծությունն ունի, այդժամ կարելի է նրա գրածների նկատմամբ որոշակի հավատք ընծայել։

Ճիշտ է, եղել են և կան պատմություն կեղծող պատմիչներ, դյուրահավան կամ մակերեսային գրիչներ, կողմնակալ և շահախնդիր գրողներ, ճշմարտության հանդեպ անհոգ կեցվածք ունեցող հեղինակներ, բայց նրանց գործը քննական ուսումնասիրությունների չի դիմանում և վաղ թե ուշ նրանց կեղծարարությունն ու սխալները երևան են գալիս։ Պատմության անդաստանում տատասկներ են, որոնք հեշտությամբ մաքրվում են ուշիմ և բանիմաց մասնագետների կողմից։

Տիգրան կամ Լևոն թագավորների կեղծ դրամները վխտում են հրապարակներում։ Բայց սրանից պետք չէ եզրակացնել, որ Տիգրան կամ Լևոն թագավորի բոլոր դրամներն էլ կեղծ են։

Այսօր քննական պատմության և մարդկային ողջամտության դեմ է մերժել Ալեքսանդր Մեծի, Հաննիբալի, Հուլիոս Կեսարի և ա՛յլ անթիվ հերոսների քաջագործությունները։

Նրանք Քրիստոսից առաջ են ապրել։ Եթե պատմության մեջ կան նրանց մասին խոսող հիսուն հեղինակներ, Հիսուսի մասին հարյուր անգամ ավելի խոսողներ կան։ Ինչո՞ւ հավատալ առաջիններին և չհավատալ Հիսուսի մասին գրածներին։

Պատմության մեջ չի լսվել, որ ինչ որ մեկն Ալեքսանդրի, Հաննիբալի կամ Հուլիոս Կեսարի պատմականությունն ընդունելու համար անգամ մի կաթիլ արյուն հեղած լինի։

Մինչդեռ Քրիստոսի համար ականատես և ունկնդիր Առաքյալներն ու Ավետարանիչները, հետագայում՝ հազարավոր Մարտիրոսները բազմաթիվ տանջանքների ենթարկվելով՝ իրենց արյունն են հեղել միմիայն Քրիստոսի սիրո համար՝ հավատալով Նրա Աստծո Որդի լինելուն, հավատալով Նրա գործած հրաշքներին։

Առանց հրաշքի կարելի՞ է ընկալել, որ անուս Առաքյալները և նրանց աշակերտները Քրիստոսի վարդապետությունն աշխարհի չորս կողմերը տարածած լինեն և իրենց անդրդվելի հավատքին արյունով վկա եղած լինեն։

Առանց հրաշքի կարելի՞ է ընդունել, որ Քրիստոսի խիստ վարդապետությունը, ինչը մարդուց մեծ զոհողություն է պահանջում, ինչը մարդկային վատ հակումներին է արգելք հանդիսանում, այնքան արագորեն տարածվի ո՛չ միայն ժողովրդական խավերի շրջանակներում, այլ՝ թափանցի պալատներ, արքունիքներ և ընդունելի լինի թե՛ տգետի և թե՛ գիտունի, թե՛ աղքատի և թե՛ հարուստի, թե՛ սպիտակամորթի և թե՛ սևամորթի կամ մյուս բոլոր ցեղախմբերի, թե՛ քաղաքացու և թե՛ գյուղաբնակի, թե՛ թագավորի և թե՛ թագուհու համար։

Հիսուսը հրաշքներով և, մասնավորապես, Իր հրաշափառ Հարությամբ փաստեց Իր Աստված լինելը և Իր աստվածային վարդապետությամբ կարողացավ փոխել մարդկային ճակատագիրն ու մարդկային պատմության ընթացքը։

[1] Լեոնս Դը Գրանդմեզոն (Septime Léonce Ludovic Loyzeau de Grandmaison, 1868-1927), ֆրանսիացի նշանավոր աստվածաբան, Հիսուսյան Միաբանության անդամ
[2] Grandmaison L.S.I., Jèsus, Paris, Beauchesne 1928, p. 317.
[3] Եվսեբիոս Կեսարացի, Եկեղեցական պատմություն, Վենետիկ 1877, էջ 240-241.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։