« ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ԱՆԽՈՆՋ ԿԵՐՊՈՎ ԿԱՆՉՈՒՄ Է ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ԱՆԽՈՆՋ ԿԵՐՊՈՎ ԿԱՆՉՈՒՄ Է ԴԱՐՁԻ ԳԱԼՈՒ »

Սբ. Դորոթեոս Գազացի (մոտ 500 - ?). « Հոգևոր ուսուցումներ », 1, 8-9 (SC 92).

 

[...] Աստծո բարությունը, ինչպես որ հաճախ եմ կրկնում, չի լքել նրանց, որոնց Ինքն է հենց ստեղծել, այլ՝ տակավին դիմում է նրանց՝ նորից հիշեցնելու. «Եկե՛ք իմ մոտ դուք բոլորդ, որ հոգնած եք ու ճնշված, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մտթ 11, 28)։ Սա նշանակում է. ահա՛ դուք հոգնած, ահա՛ դուք դժբախտ, չարի փորձառությունն ունեցաք ձեր անհնազանդության պատճառով։ Արդ, դարձի՛ եկեք, վերջապես. [...] ապրեք խոնարհության մեջ, դուք, որ մեռել էիք հպարտության պատճառով։ [...]

Օ՜հ, եղբայրներ իմ, ի՜նչ չի անում հպարտությունը, և ի՜նչ կարողություն ունի խոնարհությունը։ Ի՞նչ կարիք կար բոլոր այս շեղումները կատարելու։ Եթե սկզբից ևեթ մարդը խոնարհ մնար և հնազանդվեր Աստծուն, [...] չէր ընկնի։

Մարդու անկումից հետո էլ Աստված նրան զղջալու և ողորմություն գտնելու հնարավորությունը տվեց, բայց մարդն իր գլուխը վեր բարձրացրած պահեց։ Աստված, արդարև, կանչեց մարդուն և ասաց նրան. «Ո՞ւր ես» (Ծնդ 3, 9), որ նշանակում էր. «Ինչպե՞ս կարողացար այսքա՜ն ցած ընկնել»։ [...] Ապա հարցրեց նրան. «Ինչո՞ւ մեղանչեցիր։ Ինչո՞ւ չհնազանդվեցիր», այդպիսով կամենալով, որ նա ասեր. «Ների՜ր ինձ»։

Բայց [...] ո՛չ խոնարհություն կա, ո՛չ զղջում, այլ՝ հակառակը։ Մարդն հակադարձում է. «Կինը, որին Դո՛ւ իմ կողքը դրեցիր, նա՛ տվեց ինձ ծառից և ես կերա» (Ծնդ 3, 12). չի ասում. «իմ կինը», այլ՝ «կինը, որին Դո՛ւ իմ կողքը դրեցիր», կարծես ուզենալով ասել. «Բեռը, որը Դո՛ւ դրեցիր իմ գլխին»։ Այսպե՛ս է, եղբայրներ. երբ մի մարդ չի ընդունում, որ մեղավոր է, չի քաշվում Ինքնին Աստծուն մեղադրելուց։

Աստված, ապա, դիմում է կնոջը և ասում. «Ինչո՞ւ դու էլ չպահեցիր իմ պատվիրանը», ասելով կարծես. «Գոնե դու ասա՛ ինձ. "Ների՜ր ինձ", որպեսզի հոգիս խոնարհ լինի և ողորմություն գտնի»։

Բայց [...] կինն էլ իր հերթին պատասխանում է. «Օձը խաբեց ինձ» (Ծնդ 3, 13), ասելով կարծես. «Եթե նա մեղանչել է, ինչո՞ւ պետք է ես հանցավորը լինեմ»։

Այս ի՞նչ եք անում, աղետյալնե՜ր։ [...] Ընդունեցե՛ք ձեր հանցանքը. բարեգութ եղեք ձեր իսկ մերկության հանդեպ։ Բայց ավա՜ղ, ոչ մեկը չբարեհաճեց ընդունել իր մեղավորությունը։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։