« ԵՐԲ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ՔԵԶ ՀԱՐՍԱՆԻՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ՄԻ՛ ՆՍՏԻՐ » (ՂԿՍ 14, 8) – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԲ ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ ՔԵԶ ՀԱՐՍԱՆԻՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ՄԻ՛ ՆՍՏԻՐ » (ՂԿՍ 14, 8)

Սբ. Հիլդեգարդ Բինգենացի (1098-1179). « Աստվածային գործերի գիրքը », 6.

 

[...] Իր սկզբնական ծրագրի համաձայն, Աստված հաստատեց բոլոր բարիքները լիությամբ և առաքինությունների կառույցը կազմակերպեց այնպես, որ նրանում ոչ մի պակասություն չգտնվեր։ Մինչև վերջ պայքարում է թշնամիների դեմ, որոնց սիրտը միայն հպարտություն է, որոնք փորձում են բարձրանալ՝ նախքան աստիճան ունենալը, նստում են՝ նախքան աթոռ ունենալը, և որոնց գործը սոսկ կարծիք է. երբ քննության է դրվում, անհետանում է։

Նրանից է, որ սկիզբ են առնում բոլոր կենդանի էակները, բայց Ինքը սկիզբ չունի, Ինքը մշտնջենավոր է։ Ապրում է ինքնուրույն(1), կարող է ինքնուրույն(2), ճանաչում է ինքնուրույն(3)։ Նա, Ով միակն է, որ ապրում է, կարող է և ճանաչում է, Աստված է. այս երեք իշխանությունների մեջ Աստծո բոլոր գործերը զատորոշված և կատարված են, և Իր մեջ է, որ Իր գործերն իշխանություն ունեն գործելու։ [...]

Երբ մարդն, իր ծրագրերի մեջ, ինքն իր համար օրենք է ստեղծում, դա նշանակում է, որ ինքն իրեն իր համար Աստված է դարձնում։ Այդ ժամանակ, ո՜վ Տեր, Դու հայտնվում ես նրան Քո արդար դատաստաններով, որպեսզի իմանա, որ ոչինչ չի կարող Քո դեմ։ Բայց երբ մարդը հասնում է արհամարհելու Քո ուսուցումներն այն աստիճան, որ Քո փոխարեն կուռքեր(4) է պաշտում, այդ ժամանակ, արդարացի վճռով, Դու պայքարում ես Քո թշնամու դեմ։ [...]

Աստված կյանքն է, որ չի խամրում որևէ սկզբնավորմամբ և չունի վերջ։ Մեր Աստվածն է, որ Ինքը Կյանքը լինելով՝ հավիտենական կյանքը տալիս է Իրեններին։ [...] Ո՞վ կարող է դա անել, եթե ո՛չ միայն՝ Աստված։ Այն ամենը, որ Աստված տնօրինել է իր կարգի համաձայն, կատարել է դա, և ունայն չէ՝ մարդկանց մտքերի նման։ Քանի որ մարդիկ բազմաթիվ ծրագրեր են կազմում իրենց մտքում, որոնք իրենց ավարտին հասցնելու կարողությունը չունեն։ [...]

(1) Բնագրում բառացի՝ Ինքն Իր մեջ, այսինքն՝ գոյությունը ուրիշից չի ստանում։
(2) Բնագրում բառացի՝ Ինքն Իրենից, այսինքն՝ ուժը արտաքին աշխարհից չի ստանում (օրինակ, սնվելու և մարզվելու կարիք չունի), և չի էլ կորցնում։
(3) Բնագրում բառացի՝ Ինքն Իրենից, այսինքն՝ կարիք չունի դրսից տեղեկություններ ստանալու կամ ձեռքբերելու։
(4) Բնագրում բառացի՝ պատկերներ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։