« ՉԵ՞Մ ԿԱՐՈՂ ՎԱՐՎԵԼ ԻՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԵՏ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ՉԵ՞Մ ԿԱՐՈՂ ՎԱՐՎԵԼ ԻՄ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՀԵՏ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ »

Սբ. Եփրեմ Ասորի (մոտ 306-373). « Դիատեսսարոնի մեկնություն », 15, 15-17 (SC 121).

 

[...] Այդ մարդիկ պատրաստակամ էին աշխատելու, բայց «ոչ ոք չէր վերցրել նրանց օրավարձով». աշխատասեր լինելով հանդերձ, անգործ էին մնացել՝ աշխատանք ու աշխատատեր չունենալու պատճառով։ Հետո մի ձայն նրանց գործի կանչեց, մի խոսք նրանց քայլքի մեջ դրեց և, խանդավառված, նախապես չպայմանավորվեցին իրենց աշխատանքի գնի վերաբերյալ, ինչպես որ արել էին առաջինները։ Տերն իմաստությամբ գնահատեց նրանց աշխատանքը և վճարեց նրանց այնքան, որքան առաջիններին։

Տերն այս առակն ասաց, որպեսզի ոչ ոք չասի. «Քանի որ չեմ կանչվել երիտասարդ տարիքում, չեմ կարող ընդունելի լինել»։ Նա ցույց տվեց, որ ո՛րն էլ որ լինի դարձի գալու պահը, ամեն մարդ ընդունվում է։ [...]

«Դուրս ելավ առավոտյան, ապա երրորդ, վեցերորդ, իններորդ և տասնմեկերորդ ժամերին». կարող ենք այս խոսքերը հասկանալ որպես Հիսուսի վերաբերյալ ասված. Իր քարոզչության սկզբից, Իր կյանքի ողջ ընթացքում, մինչև Խաչը, քանի որ «տասնմեկերորդ ժամին» բարի ավազակը մտավ Դրախտ (Ղկս 23, 43)։ Որպեսզի բարի ավազակը չմեղադրվի, մեր Տերն հաստատում է նրա բարի կամքը. եթե գործի վերցվեր, աշխատած կլիներ. «Ոչ ոք չվերցրեց մեզ օրավարձով»։

Այն, ինչը որ մենք տալիս ենք մեր Տիրոջը, իսկապես անարժան է Իրեն, իսկ այն, ինչը որ Նա տալիս է մեզ, շատ ավելին է, քան այնքանը, որքանին որ մենք արժանի ենք։ Գործի ենք ընդունվել՝ կատարելու համար մի աշխատանք, որ համապատասխանում է մեր ուժերին, բայց մեզ առաջարկվում է մի վարձավճար, որ բացարձակապես անհամաչափ է [մեր կատարած գործին]։ [...] Աստված միևնույն կերպ է վարվում առաջինների ու վերջինների հետ. «յուրաքանչյուրը մի դահեկան ստացավ», որի վրա Արքայի պատկերն է դրոշմված։ Սա նշանակում է, որ Կյանքի Հացը (Հվհ 6, 35) նույնն է բոլորի համար. կյանքի մեկ և միակ դարմանն է բոլոր նրանց համար, ովքեր այն ընդունում են։

Խաղողի այգում տարված աշխատանքի մեջ որևէ մեկը չի կարող այգու տիրոջը հանդիմանել իր բարության համար, և ասելիք ոչինչ չկա իր ուղղամտության վրա։ Իր ուղղամտությամբ՝ նա տվեց այնքան, որքան որ պայմանավորվել էր, իսկ իր բարությամբ՝ ողորմածություն դրսևորեց այնպես, ինչպես կամեցավ։ Այս ուսուցումը տալու համար մեր Տերն այս առակն ասաց և ամբողջը այս խոսքերով ամփոփեց. «Չե՞մ կարող իմ ունեցվածքի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում եմ»։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։