Բետթանկուր Յոզե Ավելինո (Արքեպիսկոպոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Բ
Բետթանկուր Յոզե Ավելինո (Արքեպիսկոպոս)
Յոզե Ավելինո Բետթանկուրը (Վելաս, 23 Մայիս 1962) Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու Արքեպիսկոպոս է, պորտուգալական արմատներով կանադացի դիվանագետ, 2018 թվականի Փետրվարի 26-ից Առաքելական Նվիրակ (Վատիկանի Դեսպան)։
Կենսագրական տվյալներ
 
Յոզե Ա. Բետթանկուրը ծնվել է 1962թ. Մայիսի 23-ին Վելասում (Ազորյան Կղզիներ, Պորտուգալիա)։ Պատանի տարիքում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կանադա։ Քահանա է ձեռնադրվել 1993թ. Մայիսի 29-ին, և ծառայության է անցել Օտտավայի Թեմում։ Գրականագիտական, ապա նաև աստվածաբանական ուսումները կատարել է Օտտավայի Համալսարանում։
1999 թվականին սկսել է ծառայել Սուրբ Աթոռի (Վատիկանի) դիվանագիտական կորպուսում և Եկեղեցական Իրավագիտության դոկտորային աստիճան է ստացել Հռոմի Գրիգորյան Քահանայապետական Համալսարանում։ Կարճ ժամանակով ծառայության է ուղարկվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մոտ Առաքելական Նվիրակությունում (Վատիկանի Դեսպանատուն), ապա ետ է կանչվել՝ ծառայելու Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարությունում (Վատիկանի Արտաքին Գործերի Նախարարություն)։ 2003 թվականից դարձել է Նորին Սրբության (Հռոմի Սրբազան Պապի) Մատրանապետ։
2012թ. Նոյեմբերի 14-ին Ն.Ս. Բենեդիկտոս 16րդ Պապը Յոզե Ա. Բետթանկուրին նշանակել է Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության արարողակարգի գլուխ, այդպիսով նրան հանձնելով նաև Սուրբ Աթոռի մոտ հավատարմագրված դեսպանատների հետ կապերի պահպանման պատասխանատուի պաշտոնը՝ Վատիկանի կենտրոնական վարչակարգի մոտ։
2018թ. Փետրվարի 26-ին Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի կողմից նշանակվել է Առաքելական Նվիրակ և Մարտի 19-ին, Սբ. Հովսեփ Աստվածահոր տոնի օրը, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն՝ «Վենետիկյան Նեապոլիսի Արքեպիսկոպոս» պատվո տիտղոսով։ 2018թ. Մարտի 1-ից ստանձնել է Առաքելական Նվիրակի պաշտոնը Հայաստանի Հանրապետությունում, իսկ Մարտի 8-ից՝ Վրաստանի Հանրապետությունում։
 
 
Պարգևատրումներ
 
Ն.Գ. Յոզե Ա. Բետթանկուրը պարգևատրվել է պորտուգալական, իտալական, ռումինական և հայկական պետական շքանշաններով ու տիտղոսներով.
– Քրիստոսի Զինվորական Միաբանության Հրամանատար (Պորտուգալիա, 2013).
– Իտալական Հանրապետության Երախտագիտության Շքանշանի Ավագ Ասպետ (Իտալիա, 2015).
– Ռումինիայի Աստղի Միաբանության Սպա (Ռումինիա, 2015).
– Իշխան Հենրիկ Ծովակալի Միաբանության Ավագ Ասպետ (Պորտուգալիա, 2016).
– Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ Երախտագիտության Շքանշան (Հայաստան, 2022)։
 
 
Հավելյալ նյութեր
 
Հավելյալ լուսանկարներ կան Պատկերադարան բաժնում։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։