Մկրտություն (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Մ
Մկրտություն (աստվածաշնչյան ակնարկ)
Մկրտությունը Քրիստոսի Եկեղեցուն անդամակցելու խորհուրդն է։ Նոր Կտակարանում գործածված հունարեն « βάπτισμα , βαπτίζειν » եզրը մատնանշում է «ջրի մեջ սուզվելը». իրոք, մկրտությունը խորհրդանշում է հին մարդու թաղումը Քրիստոսի մահվան մեջ և ի Քրիստոս նոր մարդու ծնունդը։
Ավետարանի սկզբում պատմվում է, թե ինչպես էր Հովհաննեսը քարոզում անապատում և կատարում «ջրով մկրտությունը», որպես նշան դարձի ու նախապատրաստության՝ ընդունելու Նրան, ով մկրտելու էր «Սուրբ Հոգով ու կրակով» (Մտթ 3, 11)։ Մկրտության արարքին միանում էր Հովհաննեսի մարգարեական քարոզչությունը, որով ընդգծվում էր ընտրյալ ժողովուրդ լինելու գիտակցությանը կապված կրոնական ապահովությունները լքելու և անարդարությունները ջնջելու ու առաքինությունները ծաղկեցնելու անհրաժեշտությունը (Ղկս 3, 7-14)։ Հիսուսն Ինքն էլ, մեղավոր մարդկանց հետ կամովին նույնանալով, մկրտվեց Հովհաննեսի կողմից (Մտթ 3, 13-17; Մրկ 1, 9-11; Ղկս 3, 21-22)։ Հովհաննու Ավետարանում ասվում է, որ Հիսուսն Ինքն էլ, երբ սկսում է քարոզչական Իր առաքելությունը, մկրտում է (3, 22), նույնիսկ Հովհաննես Մկրտչից ավելի շատ (4, 1), թեև ընդգծվում է նաև, որ անձամբ Ինքը չէր մկրտում, այլ՝ Իր աշակերտները (4, 2)։ Հարությունից հետո, Հիսուսն Իր Առաքյալներին պատվիրում է բարի լուրը քարոզել ամբողջ աշխարհում և մկրտել բոլոր հավատացյալներին (Մտթ 28, 19-20)։
 
ա) Մկրտության ուսմունքը Ավետարաններում

Համաբարբառ երեք Ավետարանները պատմում են Հովհաննես Մկրտչի ձեռքով Հիսուսի մկրտության դեպքը։ Հիսուսի մկրտության նկարագրության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում որոշ մանրամասնություններ, որոնք, օրինակի համար, ներկայացվում են Ղուկասի Ավետարանում. «Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց և մինչ Հիսուսն ինքն էլ մկրտվելուց հետո աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով, որպես աղավնի իջավ նրա վրա. և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. ''Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, քո մեջ է իմ ողջ բարեհաճությունը''» (Ղկս 3, 21-22)։
Այս դեպքը կարևորագույն տեղ է զբաղեցնում առաքելական քարոզչության մեջ։ Հիսուսն արտահայտում է մարդկանց հետ Իր համերաշխությունը, բայց այն պահին, երբ մկրտվում է, Հոր կողմից հայտնվում է որպես Որդի և օծվում է որպես Մեսիա։ Մկրտվում է Սուրբ Հոգու մեջ, որի կողմից էլ օծվում է։ Հիսուսի մկրտության մանրամասնությունները կարևոր են քրիստոնյաների մկրտությունը հասկանալու համար։
Ավետարանական երկու հատվածներ (Ղկս 12, 50 և Մրկ 10, 38-39) մկրտությունը ներկայացնում են որպես ապագա մահվան խորհրդապատկեր, որի մեջ Տերը «սուզվելու է» տառապանքի մեջ։ Մարկոսն ու Մատթեոսն իրենց Ավետարանների վերջում գրի են առել բարի լուրն ամբողջ աշխարհով մեկ քարոզելու և բոլոր հավատացյալներին Երրորդության անունով մկրտելու Հիսուսի հստակ պատվիրանը (Մտթ 28, 19-20; Մրկ 16, 15-16)։
Հովհաննեսի Ավետարանում (1, 29-34) Հիսուսը ներկայացվում է որպես Աստծո ծառա-Գառը, որն Իր վրա է վերցնում և ջնջում է մարդկանց մեղքերը։ Այս կետից մեկնելով, եկեղեցական աստվածաբանության հետագա ողջ ավանդությունն ընդգծելու էր, որ Հիսուսը մկրտվեց ո՛չ թե Ինքը սրբվելու, այլ՝ ջուրը սրբելու համար, որով էլ հետո սրբվելու էին Իր հետևորդները։ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին խոսում է իբրև Նրա, ով «մկրտում է Սուրբ Հոգու մեջ»։
Նիկոդեմոսի հետ զրույցի մեջ (Հվհ 3, 1-21) համադրվում են բազմաթիվ թեմաներ, – կյանքը, ճշմարտությունը, հավատքը, նոր ծնունդը, – որոնց առանցքը կազմում է ի վերուստ նոր ծննդի գաղափար-իրողությունը, որը Հովհաննես Առաքյալի խորհրդաբանության մեջ բացատրվում է «ջրից» ծնվելու պատկերով. նոր կյանքն է, որ գալիս է նոր ծննդից. Աստծո սերմից ծնունդն է, ինչպես Հովհաննեսն ասում է իր նամակներում (օրինակ՝ 1Հվհ 3, 9)։
 
բ) Մկրտության կիրառումը Գործք Առաքելոցում

Գործք Առաքելոց գրքում մկրտության աստվածաբանություն ներկայացնելուց ավելի՝ տրվում է քրիստոնեական առաջին համայնքում մկրտության գործնական կիրառման վերաբերյալ կարևոր վկայություն, որն անուղղակի կերպով ակնարկում է մկրտության հոգևոր արդյունքներին։ Գործք Առաքելոցի առաջին իսկ տողերում հիշեցվում է Հիսուսի խոստումը. «Դուք մկրտվելու եք Սուրբ Հոգու մեջ» (1, 5)։ Հոգեգալուստը ներկայացվում է որպես Առաքյալների մկրտությունը Սուրբ Հոգու մեջ, այն կրակի մեջ, որին Ավետարանի սկզբում ակնարկել էր Հովհաննես Մկրտիչը (Մտթ 3, 11)։ Իսկապես, Հոգեգալստյան միևնույն օրը, երբ Առաքյալները լցվում են Սուրբ Հոգու զորությամբ, անմիջապես սկսում են քարոզել Հիսուս Փրկչի խորհուրդը։ Քարոզչությանը հետևում է ունկնդիրների հարցը. «Ի՞նչ պետք է անենք, եղբայրներ»։ Պետրոսը պատասխանում է՝ կոչ անելով դարձի գալ (« ... ապաշխարեցէք ... »), նրանցից յուրաքանչյուրի համար պահանջելով ջրով մկրտությունը (« ... ձեզնից յուրաքանչյուր ոք թող մկրտվի ... ») Տեր Հիսուս Քրիստոսի անունով. այդ ամենի արդյունքը կլինի «մեղքերի թողությունը», որին ավելացվում է Սուրբ Հոգու խոստումը. « ... կստանաք Սուրբ Հոգու պարգևը ... » (2, 37-38)։ Այդ պահից սկսած, «նրանք, ովքեր ընդունեցին Պետրոսի խոսքը, մկրտվեցին» (2, 41)։ Խոսքի քարոզումը, դարձը, մկրտությունը, մեղքերի թողությունը, Սուրբ Հոգու պարգևը և Եկեղեցուն անդամակցելը մշտապես փոխմիահյուսված են Գործք Առաքելոց գրքում, որի ա՛յլ էջերում ևս գտնում ենք մկրտության մեծապես հարուստ խորհրդապատկերներ (օրինակ՝ 8, 14-17; 19, 1-6; 22, 16; և այլն)։
 
գ) Մկրտության ուսմունքը առաքելական նամակներում

Պողոս Առաքյալի ուսմունքային ողջ համակարգը պտտվում է քրիստոնեական մկրտության ուսմունքի և փորձառության առանցքի շուրջը. հավատքի միջոցով դարձը, հարումը Քրիստոսին, պատվաստումը Նրա խորհրդին, արդարացման շնորհը և Սուրբ Հոգու պարգևը, միմյանց անդամակցումն ու հաղորդությունը Եկեղեցու մեջ, լուսավորումը, կյանքի նորությունը, ապագա աշխարհի սքանչելիքների ճաշակումը, վախճանաբանական սպասումը (Հռմ 6, 1-11; 1Կր 12, 12-13; 2Կր 1, 21-22; Եփս 1, 13-14; 4, 2-6.30; 5, 26; Տտ 3, 4-7; Եբր 6, 3-8; 10, 22.32; և այլն)։
Պետրոս Առաքյալի Առաջին Նամակում քրիստոնեական կոչման բոլոր հարստությունները կապակցության մեջ են դրվում մկրտական շնորհի հետ, որը մի նոր ծնունդ է Աստծո անապական սերմից (1Պտ 1, 3.23). քրիստոնյաները նորածին երեխաների նման են, որոնք խոստացված երկիր մուտք գործելով՝ ճաշակում են հոգևոր անխարդախ կաթը (2, 2-3). Աստծո նոր Իսրայելն են, որի միջոցով հռչակվում է ի Քրիստոս սրբության օրենքը (1, 15-16). Աստծո թագավորական և քահանայական նոր ժողովուրդն են, նոր ցեղ, խավարից լույսի կանչված հոգևոր նոր տաճար, ուր պետք է աստվածահաճո զոհեր մատուցեն ի Քրիստոս Հիսուս (2, 4-10). նրանց վարքը, հետևաբար, պետք է արժանի լինի Քրիստոսի հավատարիմ հետևորդների անվանը (1, 8-9)։ Այս ամենը քրիստոնյայի հոգում սկզբնավորվում է մկրտությամբ։
 
դ) Մկրտության խորհրդապատկերներն ու արդյունքները

Հայտնության լույսի ներքո՝ փրկության պատմության բոլոր մեծագույն հանգրվանները դառնում են մկրտական շնորհի խորհրդապատկերները։ Դրանցից ոմանք գործածվել են առաքելական նամակներում արդեն, հղում կատարելով Ավետարանում տրված մեկնություններին։ Այսպիսով, օրինակի համար, ջրհեղեղը մկրտության խորհրդապատկերն է (1Պտ 3, 18-22), ինչպես նաև թլփատությունը (Կղս 2, 11-15) և Ելքի սքանչելիքները (1Կր 10, 1-2.11)։ Աստվածաբանական հետագա խորհրդածություններում պատկերները բազմապատկվում են. սկզբնածին ջրերը, որոնց վրա շրջում էր Հոգին (Ծնդ 1, 2). Հորդանան գետի հրաշագործ ջուրը (Հս 3, 11-17). այն ջուրը, որ բխում էր սրբարանից, ուր Աստված սրբելու էր Իր ժողորդին, Եզեկիելի մարգարեությունների համաձայն (Եզ 36, 25-26; 47, 1-12)։
Ավետարաններում, հատկապես Հովհաննու Ավետարանում պատմվող դրվագները ևս մկրտական խորհրդապատկերներ են. Կանայի հարսանիքի ժամանակ գինու փոխված ջուրը (2, 1-12), սամարացի կնոջը խոստացված կենդանի ջուրը (4, 10.13-14), Քրիստոսի կողմից խոստացված կենդանի ջրերի հոսանքները (7, 37-39), ի ծնե կույրի բժշկության հրաշքը (9, 1-34), ոտնլվայի արարողությունը (13, 1-15), խաչված Քրիստոսի տիգախոց կողից բխած ջուրը (19, 34-35)։
 
Ամփոփելով և հնարավորինս խտացնելով Մկրտության աստվածաշնչյան հարստությունները, կարող ենք հիշել, որ այն հավատքի խորհուրդ է, կենսական հաղորդություն է մեռած և հարություն առած Քրիստոսի հետ և, հետևաբար, որդեգրության, Հոգու, Արքայության ժառանգության շնորհ է։ Մկրտությամբ մարդը դառնում է Քրիստոսի հավատարիմ աշակերտ, Հոր որդեգիր, Սուրբ Հոգու տաճար, և հանձն է առնում ապրել Քրիստոսի հետ, Քրիստոսի նման։ Փրկության ու ազատագրության խորհուրդն է, լույսի խորհուրդ, Հոգու կնիք։ Նոր կյանքի սկիզբն է՝ հավիտենական կյանքի համար։ Մկրտությամբ մարդն անջնջելի կերպով պատվաստվում է Քրիստոսին և դառնում է Նրա խորհրդական մարմնի անդամ։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։