Ջինջերիչ Օուեն Ջեյ (ծնվ. 1930թ.) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ջ
Ջինջերիչ Օուեն Ջեյ (ծնվ. 1930թ.)
Օուեն Ջեյ Ջինջերիչը (ծնվ. 1930թ.) երկար տարիներ Աստղագիտություն և Գիտության Պատմություն է դասավանդել Հարվարդի Համալսարանում, և ավագ աստղագետ է եղել Սմիթսոնյան Աստղաֆիզիկական Աստղադիտարանում: Արվեստների ու Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի, Ամերիկյան Փիլիսոփայական Ընկերության և Գիտության Պատմության Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ է: Համարվում է Կեպլերի, Կոպերնիկոսի և Գալիլեյի մեր ժամանակվա մեծագույն գիտակը: Եղել է Ամերիկյան Աստղագիտական Ընկերության խորհրդատուն և օգնել է կազմակերպելու այդ ընկերության Աստղագիտության Պատմության Բաժինը: 2000թ.ին շահել է «Doggett Prize» մրցանակը աստղագիտության պատմությանը բերած վիթխարի նպաստի համար: 2006թ.ին շահել է Ֆրանսիական Աստղագիտական Ընկերության «Prix Jules Janssen» մրցանակը: 2009թ.ին՝ «Trotter Prize» մրցանակը: Հրատարակած ավելի քան 20 գրքերից բացի, գիտական և կրթական մոտ 600 հոդվածների հեղինակն է: Իր անունով է կոչվում 2658 Gingerich աստերոիդը:
 
ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ
 
« Իբրև աստղագետ, միշտ հետաքրքրվել եմ ֆիզիկական աշխարհի մի քանի զարմանահրաշ մանրամասնություններով, չխոսելու համար կենդանական աշխարհի հարուստ զանազանության մասին: Իմ համար, տիեզերքին հավատքի աչքերով դիտելով, այդ տվյալները միշտ վկայել են ծրագրավորման և նպատակի մի տպավորիչ ակնհայտությանը: [...] Տիեզերքն ավելի հեշտ է ըմբռնել, եթե ենթադրվում է, որ նպատակ և ծրագրավորում ունի: [...] Իմ համար տրամաբանական է ենթադրելը, որ Գերագույն Միտքը հայտնվել է բոլոր ժամանակների մարգարեների միջոցով, իսկ գերագույն ու վեհագույն կերպով՝ Հիսուս Քրիստոսի կյանքում: [...] Այսպիսով, ինչպես որ հավատում եմ, որ Աստվածաշունչ Գիրքը լուսավորում է առ Աստված տանող ճանապարհը, նույն կերպ նաև հավատում եմ, որ Բնության Գիրքը, իր զարմանահրաշ մանրամասնություններով, մեզ հուշում է, որ ունի աստվածային ծրագիր և նպատակ: Եվ կարծում եմ, որ իմ հավատքն ինձ նվազ գիտնական չի դարձնում »:
 
O. GINGERICH, Is There a Role for Natural Theology Today? [«Ի՞նչ դեր ունի Բնական Աստվածաբանությունն այսօր». հոդվածը տպվել է մի քանի անգամ, գիտական տարբեր պարբերականներում]
 
---
 
« Համոզված եմ բարձրակարգ բանականությամբ օժտված Արարչի ներկայությանը՝ տիեզերքից անդին և տիեզերքի ներսում։ Ինչպես նաև կարծում եմ, որ մեր տիեզերքի կողմից մեզ ընծայվող միջավայրը, – որն այսքա՜ն հարուստ է մարդկային տեսակի գոյությանը նպաստող տարրերով, և այնպիսին է, որ հնարավոր է դարձնում և մանավանդ թե՝ խրախուսում է ինքնագիտակցություն ունեցող կյանքի կերպերի գոյությունը, – մաս է կազմում այդ Արարչի ծրագրին և նպատակին »։
 
O. GINGERICH, Cercando Dio nell’universo [«Աստծուն տիեզերքի մեջ փնտրելիս»], Lindau 2007, p. 47.
 
 
[ շարունակելի ... ]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։