Սիրտ Հիսուսի (Ամենասուրբ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ս
Սիրտ Հիսուսի (Ամենասուրբ)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Հիսուսի Ամենասուրբ Սրտի պաշտամունքը Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում ամենատարածված ու ամենասիրելի ջերմեռանդություններից է: Հիսուսի Ամենասուրբ Սիրտը մարդկության հանդեպ Աստծո անսահման և ուժգին սիրո, և այդ սիրո ամենակատարյալ գործադրման՝ Հիսուսի չարչարանքների, խտացումն ու խորհրդանիշն է:

Պատմականորեն, այս ջերմեռանդության համար հիմք է հանդիսացել Հիսուսի մարդկային բնության և մանավանդ Նրա փրկարար չարչարանքների ու վերքերի հանդեպ պաշտամունքը: Քրիստոնեության առաջին տասնմեկ դարերի ընթացքում չկա ոչ մի վկայություն՝ Հիսուսի Ամենասուրբ Սրտի ջերմեռանդության վերաբերյալ: 12-13-րդ դարերում, մանավանդ՝ Սբ. Բեռնարդոս Քլերվոյացու և Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու եռանդուն գործունեության շնորհիվ և Սուրբ Երկրից վերադարձած առաջին խաչակիրների խանդավառությամբ է, որ սկսեց տարածվել Հիսուսի չարչարանքների և սուրբ վերքերի, և հատկապես՝ տիգախոց կողի նկատմամբ պաշտամունքը, որից էլ աստիճանաբար զարգացավ Հիսուսի Ամենասուրբ Սրտի հանդեպ պաշտամունքը: Առաջին դրսևորումներն ի հայտ եկան 11-12-րդ դարերում՝ Բենեդիկտյան և Կիստերսյան վանքերում: Ահնարին է ճշգրտությամբ ասել, թե որո՛նք էին այդ ջերմեռանդության առաջին տեքստերը և թե ովքե՛ր էին առաջին նվիրյալները:

Սբ. Բեռնարդոս Քլերվոյացին († 1153թ.) ասում էր, որ տիգախոց կողը ցույց տվեց մարդկության հանդեպ Հիսուսի սերն ու բարությունը: Ամենասուրբ Սրտին նվիրված առաջին օրհներգը, հավանաբար, գրվել է Գերմանիայում, Հերման Յոզեֆի կողմից († 1241թ.): Օրհներգը սկսվում է այսպես. «Ողջունո՜ւմ եմ Քեզ, ո՜վ արքայական Սիրտ ամենաբարձրյալ»:

13-16-րդ դարերում այս ջերմեռանդությունը ջանում էին տարածել, բայց շատ զարգացած չէր, թեև ֆրանցիսկյանների, դոմինիկյանների և կարտուզյանների կողմից արդեն լայնորեն կիրառվում էր վանքերում և իրենց պատկանող ծխական համայնքներում: Ֆրանցիսկյաններից Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդության ականավոր տարածողներից էր Սուրբ Բոնավենտուրան († 1274թ.): Նա գրում էր. «Ո՞վ կարող է չսիրել այս վիրավոր Սիրտը: Ո՞վ ի պատասխան չի սիրի Նրան, Ով սիրում է այսքա՜ն շատ»: Այնուամենայնիվ, դա ավելի շատ խորհրդազգացական, այսինքն՝ միստիկ, ջերմեռանդություն էր: Այս ուղղությամբ մեծամասշտաբ շարժում դեռ չէր զարգանում: Ֆրանցիսկյանները դեռևս կիրառում էին Հինգ Սուրբ Վերքերի ջերմեռանդությունը, որտեղ ամենակարևորը տիգոխոց կողն էր: Բոնավենտուրան իր «Երրորդ գրքույկ. Կենաց Փայտը» աշխատության մեջ Սուրբ Սրտի մասին գրում է. «Ո՜վ փրկված մարդ, տե՛ս, թե որքա՜ն մեծ ու արժանի է Նա, Ով քո համար գամվեց խաչին: Նրա մահը մեռածներին կյանք է բերում։ Երբ Նա անցնում է, երկինքն ու երկիրը ողբում են, և ամուր ժայռերը կոտրվում են: Աստվածային վճիռը թույլ տվեց զինվորին՝ տեգով խոցել Նրա սրբազան կողը: Դա կատարվեց, որպեսզի Եկեղեցին ձևավորվի Քրիստոսի կողից, երբ Նա քնեց մահվան քնով՝ խաչի վրա, որպեսզի նաև կատարվի Սուրբ Գրքում գրվածը. ''Նրանք կնայեն նրան, ում խոցեցին'': Այդ պահին դուրս հեղված արյունն ու ջուրը մեր փրկության գինն էին: Աղբյուրի նման դուրս ցայտելով մեր Տիրոջ Սրտի ծածուկ անդնդից, այդ հեղումը Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին տվեց զորություն՝ փոխանցելու շնորհի կյանքը, իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են Քրիստոսի մեջ, այն դարձավ կենդանի ջրի աղբյուր, որ հոսում է հավիտենական կյանքի համար»:

 

Սբ. Լութգարդ Թոնգերնացի (1182-1246)

 

 

Սբ. Լութգարդ Թոնգերնացին բելգիացի կիստերսյան խորհրդազգաց միանձնուհի էր և Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդության առաջին մունետիկներից մեկը: Լինելով Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացու ժամանակակիցը, նա «իր խորհրդազգացական կյանքը սկսեց Հիսուսի Սուրբ Սրտի մի տեսիլքով և Աստծո մարմնացած Խոսքի հետ խորհրդազգացական կերպով հարսնացավ՝ իր սիրտը միացնելով Տիրոջ Սուրբ Սրտին»[1]: Աղբյուրները վկայում են, որ Քրիստոսն այցելել է Լութգարդին՝ նրան առաջարկելով ամեն տեսակ շնորհ, ինչ որ ցանկանա: Լութգարդը ցանկացել է ավելի լավ տիրապետել լատիներենին՝ ավելի լավ հասկանալու համար Աստվածաշունչը և փառավորելու համար Տիրոջը: Քրիստոսը կատարեց նրա խնդրանքը և Լութգարդի հիշողությունը հարստացավ սաղմոսներով, շարականներով, հոգևոր ընթերցումներով ու աղոթքներով: Բայց դեռևս մնում էր մի ցավոտ դատարկություն: Նա դարձյալ դիմեց Հիսուսին և խնդրեց ետ վերցնել Իր տված պարգևը և այն փոխարինել մեկ ուրիշով. «Եվ ի՞նչ ես ուզում, որ քեզ տամ դրա փոխարեն», – հարցնում է Տերը, իսկ Լութգարդը պատասխանում է. «Տե՜ր, ես ուզում եմ, որ դրա փոխարեն ինձ տաս Քո Սիրտը»: Քրիստոսը մոտենում է Լութգարդին, հանում է նրա սիրտը և դրա տեղում դնում է Իր Սիրտը, իսկ Լութգարդի սիրտը թաքցնում է Իր կրծքում[2]: Այս ամբողջն, անշուշտ, հարկավոր է հասկանալ ո՛չ թե ֆիզիկական, այլ՝ հոգևոր-խորհրդազգացական (միստիկ) եղանակով։

 

Սբ. Մեխթիլդ Հելֆթացի (կամ Հեկքբըրնացի, 1240/1241-1298)

 

 

Սբ. Մեխթիլդ Հելֆթացին ևս դարձել է Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդ հետևորդը՝ անձնական տեսիլքներից հետո: Հիսուսի Սրտի բաբախյունը լսելու գաղափարը շատ կարևոր էր միջնադարյան Սրբերի համար, ովքեր շատ սիրում էին Սուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդությունը: Սրբուհի Մեխթիլդը պատմում էր, որ Հիսուսը երևացել է իրեն և պատվիրել է խանդավառությամբ սիրել Իրեն և հնարավորինս շատ պատվել Իր Սուրբ Սիրտը՝ Ամենասուրբ Հաղորդության մեջ: Հիսուսը Մեխթիլդին տվել է Իր Սիրտը որպես Իր սիրո գրավական, որպես ապաստան՝ նրա ողջ կյանքի համար, և որպես մխիթարություն՝ մահվան ժամին: Այդ ժամանակվանից Մեխթիլդն արտասովոր նվիրում ուներ Սուրբ Սրտի հանդեպ, և ասում էր, որ եթե գրելու լիներ Սուրբ Սրտից ստացած բոլոր շնորհների ու օրհնությունների մասին, մի մեծ հատորն անգամ բավական չէր լինի[3]:

 

Սբ. Գերթրուդ Մեծ (կամ Հելֆթացի, 1256-1302)

 

 

Սբ. Գերթրուդ Մեծը Հիսուսի Սուրբ Սրտի վաղ շրջանի նվիրյալներից է: Իր հեղինակած «Աստվածային սիրո մունետիկը» գրքում նա նկարագրում է իր այն տեսիլքները, որ առնչվում են Հիսուսի Սուրբ Սրտին: Ըստ այդ նկարագրությունների, Հիսուսի Սրտից՝ տիգախոց և բացված կողից, դուրս է հորդում փրկարար մի աղբյուր: Այս պատկերն ավելի գեղեցիկ ձևով ներկայացնում էր դեռևս Սբ. Բեռնարդոսը: Սբ. Գերթրուդը գրում է իր տեսիլքներից մեկի մասին, Սբ. Հովհաննես Ավետարանչի տոնի օրը. Գերթրուդը գլուխը դրել էր Հիսուսի տիգախոց կողին և լսել էր Հիսուսի Սրտի բաբախյունը: Նա հարցնում է Հովհաննեսին, թե արդյոք Վերջին Ընթրիքի ժամանակ նա զգացե՞լ է Հիսուսի Սրտի բաբախյունը, և ինչո՞ւ երբեք չի խոսել այդ մասին: Հովհաննեսը պատասխանել է, որ այդ բացահայտումը պահել է վերջին ժամանակների համար, երբ աշխարհը կդառնա ավելի սառը և կարիք կունենա այդ բացահայտման, որպեսզի աշխարհում վերստին տարածվի սերը:

 

16-րդ դարում Սուրբ Սրտի ջերմեռանդությունը խորհրդազգացությունից անցավ դեպի քրիստոնեական ճգնողության (ասկետիզմի) ոլորտ: Այն արդեն հաստատվել էր հատուկ աղոթքներով ու հոգևոր վարժանքներով, որոնք տարածվել էին Քյոլնի կարտուզյան Լանսպերգիուսի († 1539), բենեդիկտյան Լուի Դը Բլուայի († 1566), Սբ. Հովհաննես Ավիլացու (1499-1569) և Սբ. Ֆրանցիսկոս Սալեզացու (1567-1622) գրվածքների շնորհիվ: Ջերմեռանդությունը տարածում էին նաև հիսուսյան միաբանները, որոնք իրենց եկեղեցիների պատերին և գրքերի տիտղոսաթերթերին դնում էին Հիսուսի Սուրբ Սրտի պատկերները:

Առաջին անձը, ով ջանք թափեց՝ աստվածաբանական հիմք ապահովելու այս ջերմեռանդության համար, հիսուսյան լեհ միաբան վարդապետ Հ. Կասպեր Դրուժբիցկին էր (1590-1662), իր « Meta cordium - Cor Jesu » - «Սրտերի նպատակը՝ Հիսուսի Սիրտը» գրքում: Ո՛չ շատ ուշ, ֆրանսիացի Սբ. Ժան Էուդսը (1601-1680) գրեց Սուրբ Սրտին նվիրված աղոթաշարք և առաջարկեց տոնել Սուրբ Սրտի տոնը: Էուդսը Հիսուսի և Մարիամի Սուրբ Սրտերի հանդեպ ջերմեռանդության տարածման անխոնջ առաքյալ եղավ, հայր և ուսուցիչ:

Կամաց կամաց Հիսուսի Սուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդությունն ավելի զատորոշվեց և 1670թ.ի Օգոստոսի 31-ին Ռեննի Մեծ Ճեմարանում նշվեց Հիսուսի Սուրբ Սրտի տոնը: Այդուհետև, այդ տոնը սկսեց տարածվել նաև ա՛յլ համայնքներում և թեմերում:

 

Սբ. Մարգարիտ Մարի Ալաքոք (1647-1690)

 

 

Հիսուսի Ամենասուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդության ներկայիս ձևի համար ամենամեծ ջանքերի հեղինակը Մարգարիտ Մարի Ալաքոքն է, ով Սրբուհի Մարիամի Այցելության Միաբանության միանձնուհի է եղել: Մարգարիտն ասում էր, որ ֆրանսիական Փաղե-Լը-Մոնիալ գյուղում ունեցել է Հիսուսի տեսիլքներ, առաջինը՝ 1673թ.ի Դեկտեմբերի 27-ին՝ Սբ. Հովհաննես Ավետարանչի տոնի օրը, իսկ վերջինը՝ 18 ամիս անց, որոնց ընթացքում Տերն իրեն բացատրել է Իր Սուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդության ձևը, որի հիմնական պայմաններն են յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին Ամենասուրբ Հաղորդության ընդունումը, հինգշաբթի օրերին Ամենասուրբ Հաղորդության երկրպագությունը և Սուրբ Սրտի տոնակատարությունը: Մարգարիտն ասում էր, որ Հիսուսն իրեն պատվիրել է յուրաքանչյուր հինգշաբթի գիշեր մեկ ժամ անցկացնել խորհրդածելով Գեթսեմանիի պարտեզում կրած Իր չարչարանքների մասին:

1675թ.ի Քրիստոսի Մարմնի տոնի ութօրեքի ընթացքում, հավանաբար Հունիսի 16-ին, ինչպես պատմում է Ալաքոքն ինքը, տեղի է ունեցել հայտնի «մեծ տեսիլքը», որի ժամանակ Հիսուսն ասել է. «Ահա՛ այն սիրտը, որ այնքա՜ն սիրեց մարդկանց։ [...] Երախտագիտության փոխարեն ես մարդկանցից ստացա միայն ապերախտություն»: Մարգարիտի խոստովանահայր Քլոդ Դը Լա Քոլոմբիերը ուղղորդում է Մարգարիտին գրի առնելու իր տեսիլքները, և այդ գրառումները տարածում է Ֆրանսիայում և Անգլիայում: 1682թ.ի Փետրվարի 15-ին, խոստովանահոր մահից հետո, նրա գրադարանում գտնվում է նրա իսկ ձեռագրով գրված մի օրինակ՝ տեսիլքների այն պատմության, որը նա խնդրել էր պատմել Ալաքոքին, նաև մի քանի մտորումներ՝ Սուրբ Սրտի ջերմեռանդության տարածման օգտակարության վերաբերյալ: Այդ գրառումները հրատարակվեցին 1684թ.ին Լիոնում: Փոքրիկ գրքույկը լայնորեն ընթերցվեց, հատկապես Փաղե-Լը-Մոնիալում: Մարգարիտն ասում էր, որ «իրեն շփոթված» էր զգում՝ այդ գիրքը կարդալով, բայց որոշում է հավանություն տալ, որ այդ գիրքը տարածվի՝ հօգուտ ջերմեռանդության տարածման: Բազմաթիվ միաբան քույրեր, քահանաներ, կրոնավորներ, մանավանդ՝ վեղարավոր վանականները, նաև աշխարհականներ, ընդունեցին Սուրբ Սրտի ջերմեռանդությունը: Տեսիլքների պատմությունը մեծ խթան հանդիսացավ՝ այդ ջերմեռանդության լայն տարածման համար: 1691թ.ին Հիսուսյան Միաբանության վարդապետ Հ. Հովհաննես Քրուասեն գրեց մի գիրք՝ «Սուրբ Սրտի ջերմեռանդության մասին», իսկ Հ. Ժոզեֆ Դը Գալլիֆեն զարկ տվեց ջերմեռանդության տարածմանը: Նոր ջերմեռանդության քարոզության առաքելությունը վստահվեց հատկապես Այցելության Միաբանությանը և հիսուսյաններին:

 

Ալաքոքին տրված խոստումները

 

 

Ալաքոքն ասում էր, որ տեսիլքների ժամանակ Հիսուսը հատուկ օրհնություններ է խոստացել նրանց, ովքեր կկատարեն Իր Սուրբ Սրտի ջերմեռանդությունը: Այդ խոստումները հետևյալներն են.
1) Ես նրանց կտամ բոլոր շնորհները, որ անհրաժեշտ են իրենց կյանքի վիճակի համար.
2) Ես խաղաղություն կշնորհեմ նրանց ընտանիքներին.
3) Ես կմխիթարեմ նրանց բոլոր նեղությունների ժամանակ.
4) Ես կլինեմ նրանց համար ապաստան՝ կյանքում և մահվան ժամին.
5) Ես առատորեն կօրհնեմ նրանց բոլոր ձեռնարկները.
6) Մեղավորներն իմ Սրտի մեջ կգտնեն ողորմության աղբյուր և անսահման օվկիանոս.
7) Գաղջ հոգիները կդառնան ջերմեռանդ.
8) Ջերմեռանդ հոգիներն արագորեն կբարձրանան դեպի կատարելություն.
9) Ես կօրհնեմ այն տները, որտեղ դրված կլինի և կհարգվի իմ Սուրբ Սրտի պատկերը.
10) Քահանաներին կտամ կարողություն՝ հպվելու ամենակարծր սրտերին.
11) Ովքեր կտարածեն այս ջերմեռանդությունը, նրանց անունները հավիտենապես գրված կլինեն իմ Սրտում.
12) Իմ Սրտի լիառատ ողորմությամբ խոստանում եմ, որ իմ ամենակարող սերը վերջնական ապաշխարության շնորհը կտա բոլոր նրանց, ովքեր կհաղորդվեն առաջին ուրբաթ օրերին՝ իննը հաջորդական ամիսների ընթացքում. նրանք չեն մեռնի ինձնից հեռացած, և ո՛չ էլ՝ առանց Սուրբ Խորհուրդները ստանալու, և իմ Սիրտը կլինի նրանց ապահով ապաստանը՝ իրենց վերջին ժամին:

 

Եր. Մարիամ Աստվածային Սրտի (1863-1899)

 

 

Սուրբ Սրտի ջերմեռանդության տարածման հաջորդ առանցքային առաքյալը Քույր Մարիամ Աստվածային Սրտի անունը կրող միանձնուհին էր՝ Բարի Հովվի Գթության Տիրամոր Միաբանությունից: Նա ևս ունեցել է Հիսուսի տեսիլքներ և ներքին հայտնություններ: 1898թ.ի Հունիսի 10-ին, հիմնվելով այդ տեսիլքների վրա, Բարի Հովվի վանքի խոստովանահայրը գրեց Լևոն Տասներեքերորդ Պապին՝ տեղեկացնելով, որ Տերն ուղերձ է հղել Քույր Մարիամի միջոցով՝ պատվիրելով, որ Քահանայապետն ամբողջ աշխարհը նվիրաբերի Հիսուսի Ամենասուրբ Սրտին: Պապը սկզբում չվստահեց այդ նամակին և ոչինչ չձեռնարկեց, բայց 1899թ.ի Հունվարի 6-ին Քույր Մարիամն ինքը մի նամակ գրեց Քահանայապետին՝ խնդրելով ո՛չ միայն կատարել այդ նվիրաբերումը Սուրբ Սրտին, այլ նաև՝ ամսվա առաջին ուրբաթները պահել ի պատիվ Սուրբ Սրտի:

Քույր Մարիամը վախճանվեց Պորտուգալիայում գտնվող իր վանքում, 1899թ.ի Հունիսի 8-ին, մինչ Եկեղեցին կատարում էր առաջին Երեկոյան Ժամերգությունն ի պատիվ Հիսուսի Սուրբ Սրտի: Հաջորդ օրը Լևոն Տասներեքերորդ Պապն ամբողջ աշխարհը նվիրաբերեց Հիսուսի Սուրբ Սրտին:

Քույր Մարիամը մինչև իր մահը նաև ասել էր, որ տեսիլքների ժամանակ Հիսուսն իրեն խնդրել էր մի սրբավայր կառուցել՝ նվիրված Իր Սուրբ Սրտին: Ըստ Քույր Մարիամի գրությունների, Հիսուսն ասել էր. «Ես այն կդարձնեմ շնորհների վայր: Ես շնորհներ կբաշխեմ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս տանը [այսինքն՝ այդ վանքում], նրանց, ովքեր այդտեղ կապրեն հետո և, նաև, նրանց հարազատներին»:

Նա չտեսավ այդ եկեղեցու կառուցումը, որ տեղի ունեցավ 1957-1966թթ.ին՝ Պորտուգալիայի Էրմեսինդե համայնքում և նվիրվեց Սուրբ Սրտին: Քույր Մարիամը այժմ թաղված է այդ սրբավայրում:

 

 

Պապական հավանությունը

 

 

1353թ.ին Իննովկենտիոս Վեցերորդ Պապը հաստատել էր մի առանձին Սուրբ Պատարագ՝ ի պատիվ Սուրբ Սրտի խորհրդի: 1693թ.ին Հռոմի Սուրբ Աթոռը լիակատար ներողություններ շնորհեց Սուրբ Սրտի եղբայրակցություններին: Ջերմեռանդությունը սկզբում տարածվում էր մանավանդ վանքերում, բայց 1720-22թթ.ին Մարսելում բռնկված ժանտախտի ժամանակ սկսեց տարածվել նաև աշխարհականների շրջանում, Մարսելից դուրս, եվրոպական ա՛յլ քաղաքներում:

Աստվածային Սրտի Քույր Մարիամի կողմից աշխարհը Սուրբ Սրտին նվիրագործելու մասին խնդրանքը ստանալուց հետո Լևոն Տասներեքերորդ Պապը աստվածաբաններին հանձնարարեց ուսումնասիրել միանձնուհու այդ խնդրանքը՝ Աստվածային Հայտնության և Ավանդության հիման վրա: Այդ ուսումնասիրությունների արդյունքը դրական եղավ. 1899թ.ի Հունիսի 11-ին Լևոն Տասներեքերորդը կատարեց միանձնուհու միջոցով փոխանցված տերունական այդ պատվերը: Շրջաբերական հատուկ նամակով Պապը նաև խնդրեց Ընդհանրական Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին՝ խրախուսել Սուրբ Սրտի հանդեպ ջերմեռանդական աղոթքների, խոստովանությունների կատարումը և Ամենասուրբ Հաղորդության ճաշակումը՝ ամեն ամսվա առաջին ուրբաթ օրերին, ինչպես նաև Հունիս ամիսը հռչակեց Սուրբ Սրտին նվիրված ամիս, և հաստատեց Սուրբ Սրտին նվիրման աղոթքը: Լևոն Տասներեքերորդն այս քայլն անվանեց իր «քահանայապետության մեծագույն գործը»:

Սբ. Պիուս Տասներորդ Պապը որոշեց, որ Լևոն Տասներեքերորդի կողմից կատարված աշխարհի նվիրաբերումը Սուրբ Սրտին հարկավոր է կատարել ամեն տարի: Պիուս Տասնմեկերորդ Պապը վերահաստատեց Եկեղեցու դրական դիրքորոշումը Ալաքոքի տեսիլքների վերաբերյալ և ասաց, որ Հիսուսն «Իրեն ցույց տվեց Ալաքոքին և նրան խոստացավ, որ ամեն ոք, ով այդ պատիվը կմատուցի Իր Սրտին, կօժտվի երկնային առատազեղ շնորհներով»: Սուրբ Սրտի ջերմեռանդության կարևորության մասին հետագայում պաշտոնական նամակներով հանդես եկան նաև Պիուս Տասներկուերորդ և Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապերը:

 

Սուրբ Սրտի պաշտամունքը և ջերմեռանդությունը

 

 

Սուրբ Սրտի պաշտամունքը հիմնականում բաղկացած է մի քանի օրհներգներից, Սուրբ Սրտի հանդեպ նվիրման աղոթքից և Սուրբ Սրտի Լիթանիայից: Այն շատ տարածված և սիրված է կաթոլիկ բոլոր համայնքներում, նաև Հայ Կաթոլիկ Եկեղեցու համայնքներում:

1873թ.ի Հուլիսի 24-ին քվեարկված օրենքով, Մոնմարտրի Սուրբ Սրտի տաճարը, որ հայտնի է որպես ֆրանսիական Ազգային Ուխտավայր, հայտարարվել է հանրային օգտակարության վայր։ 1875թ.ի Հունիսի 16-ին Փարիզի Արքեպիսկոպոս Գիբերը դրեց տաճարի առաջին քարը՝ երկու հարյուր տարի անց կատարելով 1675թ.ի Հունիսի 16-ին Մարգարիտ Մարի Ալաքոքի կողմից ներկայացված չորրորդ խնդրանքը։

Կաթոլիկ ավանդության մեջ Սուրբ Սրտի պաշտամունքն ու ջերմեռանդությունը սերտորեն կապված են Քավության կամ Հատուցման գործերի հետ, որ ընծայվում են Տեր Հիսուս Քրիստոսին՝ մարդկության մեղքերի փոխարեն: Պիուս Տասնմեկերորդ Քահանայապետն իր « Miserentissimus Redemptor » - « Ողորմածագույն Փրկիչ » կոնդակում գրում է. «Քավության և հատուցման հոգին Սուրբ Սրտի պաշտամունքի մեջ մշտապես եղել է առաջնային և ամենակարևոր տեղում»:

Հիսուսի Ամենասուրբ Սրտի տոնը Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցում նշվում է Հոգեգալստյան տոնից հետո երրորդ ուրբաթ օրը:

Հունիսը համարվում է Սուրբ Սրտին նվիրված ամիս, երբ Հիսուսի Սուրբ Սրտին նվիրված Սուրբ Պատարագներ են մատուցվում, կատարվում են իննօրյա աղոթքներ և ա՛յլ ջերմեռանդություններ:

Կան Հիսուսի Սրտին նվիրված, սեփական կրծքին և թիկունքին կրելու սահմանված հատուկ վզնոցներ (սկապոլար), նաև՝ Հիսուսի ու Մարիամի Սրտերին նվիրված նմանատիպ վզնոցներ, որոնք կրելը շատ տարածված է լատինածես երկրներում: Այս վզնոցների հին ձևը կտորից էր, որի վրա պատկերված էր Հիսուսի Սուրբ Սիրտը. այն պատրաստում և նվիրում էր Սբ. Մարգարիտ Մարի Ալաքոքը:

Ե՛վ Ալաքոքը, և՛ ուրիշներ գրել են Սուրբ Սրտին նվիրման աղոթքներ (Սուրբ Սրտին նվիրված աղոթքներ կարող եք գտնել մեր կայքի « Աղոթք » ենթաբաժնում, հետևյալ հղմամբ): Ավանդական ջերմեռանդություններն են ամսվա առաջին ուրբաթներին նախորդող հինգշաբթիներին Սուրբ Ժամը կամ Ամենասուրբ Հաղորդության երկրպագությունը, և իննը ամիսների առաջին ուրբաթներին Սուրբ Սրտին ուղղված աղոթքների կատարումը, Խոստովանությունը և Ամենասուրբ Հաղորդություն ստանալը:

Ջերմեռանդական մի գեղեցիկ սովորություն էլ կա՝ Սուրբ Սրտի գահակալությունը, երբ աղոթքով որոշ ժամանակ պատրաստվելուց հետո՝ տան մեջ մի պատվո տեղում դնում են Հիսուսի Սուրբ Սրտի պատկերը: Շատ ընտանիքներ Հիսուսի Սուրբ Սրտի պատկերի կողքին դնում են նաև Մարիամի Անարատ Սրտի պատկերը: Թեև այս սովորությունը սկսել է տարածել մի քահանա՝ Հ. Մաթեո Քրոլեյ-Բովեյը՝ 1907թ.ին, բայց այն կատարելու համար քահանայի ներկայությունը պարտադիր չէ, դա կարող են անել նաև աշխարհականները:

 

Հիսուսի Սուրբ Սրտի և Մարիամի Անարատ Սրտի միությունը

 

 

«Հիսուսի Սուրբ Սրտի և Մարիամի Անարատ Սրտի միություն» արտահայտությունը պատկանում է Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապին, ով այն արտասանեց 1985թ.ին՝ իր կիրակնօրյա քարոզներից մեկի ժամանակ, ասելով, որ Հիսուսի և Մարիամի Սրտերը, թեև տարբեր են, բայց կապված են միմյանց հետ:

Մարիամի Անարատ Սրտի հանդեպ ջերմեռանդությունը սկսեց տարածվել 17-րդ դարում, Սբ. Ժան Էուդսի ջանքերով: Էուդսն իր քարոզությունը սկսեց Մարիամի Անարատ Սրտից և ապա սկսեց քարոզել Հիսուսի Սուրբ Սրտի մասին. Էուդսը, սակայն, միշտ անբաժանելի միության մեջ էր դիտարկում Հիսուսի ու Մարիամի Սրտերը:

Տասնութերորդ և Տասնիններորդ դարերում երկու ջերմեռանդություններն էլ սկսեցին լայնորեն տարածվել մանավանդ Տիրամոր հրաշագործ մեդալյոնի շնորհիվ, որի վրա պատկերված են Հիսուսի Սիրտը՝ փշերով պսակված, և Մարիամի Սիրտը՝ սրով խոցված: Հիսուսի և Մարիամի Սրտերի հանդեպ ջերմեռանդությունը 20-րդ դարում հատկապես զարգացավ Ֆաթիմայի Տիրամոր երևումներից հետո, երբ Լուսիայի վկայությունների համաձայն՝ Տիրամայրն ասել էր երեք մանուկներին, որ Հիսուսի Սիրտն ուզում է պատվվել Մարիամի Սրտի հետ միասին: 1956թ.ին Պիուս Տասներկուերորդ Սրբազան Պապը հատուկ Կոնդակով խրախուսեց երկու ջերմեռանդությունների կիրառումը:

[1] Th. Merton, What are These Wounds? The Life of a Cistercian Mystic, Saint Lutgarde of Aywieres, Clonmore and Reynolds Ltd., Dublin, 1948.
[2] Mark Daniel Kirby, "Draw Me to Thy Piercèd Side", June 15, 2008, Silverstream Priory, Stamullen, County Meath, Ireland.
[3] John Croiset S.J., The Devotion to the Sacred Heart, 1691.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։