Սրբություն (աստվածաշնչյան ակնարկ) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ս
Սրբություն (աստվածաշնչյան ակնարկ)
Քրիստոնեական սրբությունն այն նպատակակետն է, որին է ուղղված և դեպի որն է աստիճանաբար զարգանում քրիստոնյայի ամբողջ հոգևոր կյանքը։ Շատ հաճախ հեղինակներն անխտիր կերպով խոսում են քրիստոնեական սրբության և քրիստոնեական կատարելության մասին։ Նրանք, մինչդեռ, ովքեր կամենում են սույն եզրերը գործածել առավել մասնահատուկ կերպով, սրբությունը զանազանում են կատարելությունից։ Սրբությունը առաջին և հիմնական պարգևն է, որ կազմում և ձևացնում է քրիստոնեական լինելությունը, շնորհի խորհուրդը, որով մարդկային պարզ արարածը դառնում է երկնային էակ, Աստծո որդի։ Այս իմաստով, Նոր Կտակարանի բազմաթիվ հատվածներում քրիստոնյաները մատնանշվում են «սրբեր» անունով (2Կր 1, 1-2; Փլպ 1, 1; և այլն)։ Սա էության հարթությունն է։ Կատարելությունը, մինչդեռ, իր տեղը գտնում է վարքի ու գործողությունների հարթության վրա, մատնանշելով էության զարգացումը և ներառելով, հետևաբար, կյանքի մի որոշակի լիություն. «Կատարյալ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մտթ 5, 48)։
 
1) Հին Կտակարանում
 
Սրբության գաղափարը Հին Կտակարանում էականորեն կրոնական և ծիսական բնույթ ունի։ «Սուրբ» բառի ստուգաբանությունը – և՛ եբրայեցերենում, և՛ հունարենում – մատնանշում է ամբողջությունից, զանգվածից ինչ որ մի բանի կամ ինչ որ մեկի անջատված, մի կողմ վերցված, վերապահված լինելու գաղափարը։ Սրբությունն, ուստի, էական կերպով պատշաճ է և վայելում է միմիայն Աստծուն. արարածներին սրբությունը պատշաճ է սոսկ այնքանով, որքանով որ տվյալ անձը կամ առարկան հարաբերության մեջ է Աստծո հետ։

ա) Աստծո սրբությունը
Սրբությունն իր բացարձակ իմաստով պատկանում է միմիայն Աստծուն և մատնանշում է Նրա աստվածային էությունը, Նրա անստեղծ վեհությունը, Նրա անմատչելիությունը, բոլոր արարածների նկատմամբ Նրա անդրանցականությունը, լիովին ա՛յլ, տարբեր լինելը (հմմտ. Ել 15, 11; 1Թգ 2, 2; Ես 6, 3)։ Աստվածային մյուս բոլոր անունները – արդարություն, սեր, ճշմարտություն, և այլն – վերցված են մարդկանց աշխարհից, մինչ ասելով, որ Աստված Սուրբ է, նշանակում է, որ Նա ամբողջովին ա՛յլ բան է, քան այն ամենը, ինչը որ մենք կարող ենք ճանաչել. նշանակում է, որ Նա ամբողջովին տարբեր է։ Այն աստիճան, որ Հին Կտակարանում բազմաթիվ անգամներ ասվում է, որ մարդը չի կարող տեսնել Աստծուն առանց մեռնելու (օրինակ՝ Դատ 13, 22)։ Աստծո բացարձակ անդրանցականությունից բացի, սակայն, սրբությունն արտահայտում է նաև Աստծո աննկարագրելիորեն գերազանց կատարելությունը, որին մարդը պատասխանում է հիացմունքի և սիրո այն ընծայով, որն անվանում ենք պաշտամունք։

բ) Ժողովրդի սրբությունը
Աստծո սրբությունն Իր կնիքն է թողնում այն ամեն ինչի վրա, որին որ հպվում է։ Այսպիսով, սուրբ են վայրերը, ուր Աստված հայտնվում է, ինչպես, օրինակի համար, անկեզ մորենին (Ել 3, 5), երկինքը (Սղմ 19, 7), տաճարը (Սղմ 5, 8; Ել 26, 34; և այլն), Երուսաղեմը (Ես 52, 1), և այլն։
Քանի որ սրբությունը Աստծո բացառիկ հատկությունն է, միմիայն Նա կարող է հաղորդել սրբությունը ա՛յլ էակների։ Արարածը կարող է սրբանալ այնքանով, որքանով որ առանձնացվում է աշխարհիկ գործածումից, մոտենում է Աստծուն, ընծայվում և միանում է Նրան։ Այս իմաստով սուրբ են քահանաները և հատկապես քահանայապետը (Ղևտ 21, 1.6-7; Ել 28, 37)։
Ժողովուրդը, որին Աստված ընտրում և զատում է մյուս ժողովուրդներից, «սուրբ» ժողովուրդ է (Ել 19, 3-6)։ Աստծո ազատ ընտրությանը Իսրայելը պետք է պատասխանի սրբանալով, մաքրվելով ամեն տեսակ աղտեղությունից, որ անհաշտ է Աստծո սրբության հետ (Ղևտ 19, 2; 20, 26)։ Եվ ակնհայտ է, որ խոսքը չի վերաբերվում սոսկ արտաքին և ծիսական մաքրությանը, այլ՝ այն սրբությանը, որն հարկավոր է հոգեպես ապրել, օրենքում բովանդակված բարոյական բազմաթիվ ուսուցումների համաձայն (Ղևտ 17-26)։
 
2) Նոր Կտակարանում

ա) Հիսուս Քրիստոսը՝ միակ Սուրբը և սրբության միջնորդը
Քրիստոնեական հայտնության առանցքային նյութը ո՛չ միայն Աստծո սրբությունը հիշեցնելն է, այլ նաև ավետարանելն է այն բարի լուրը, որ Աստծո կողմից սիրո մի անճանաչելի մղմամբ՝ կանչվել ենք մասնակցելու Աստծո սրբությանը, Իր խորհրդի, Իր երրորդութենական կյանքի լիությանը։
Հանձինս Քրիստոսի, աստվածային բնությունը միացել է մարդկային բնությանը և սրբացրել է այն, այն ամբողջովին Աստծո կյանքի մեջ թաթավելով։ Քրիստոսը Աստծո «Սուրբն» է (Գրծ 3, 14)։ Սուրբ է Իր էության, Իր լինելության մեջ, ուր Իր մարդկային բնությունն ամբողջովին սուրբ է, քանի որ պատկանում է Աստծո Որդու անձին։ Սուրբ է նաև Իր գործերում, այն լիակատար հարումով, որով Իր մարդկային կամքը միացած է աստվածային կամքին՝ հնազանդությամբ և սիրով։ Ամբողջովին յուրահատուկ կերպով Քրիստոսը՝ մարդ-Աստվածը սուրբ է, 1) որովհետև Աստված է (Հվհ 6, 70; 20, 28) և 2) որովհետև ունի Սուրբ Հոգու լիությունը (Մտթ 3, 16-17; Ղկս 1, 35)։
Նա՝ Աստծո Սուրբը (Մրկ 1, 24; Ղկս 4, 34), Իր սրբությունը հաղորդում է մարդկանց։ Քրիստոսով է կատարվում մեր սրբացումը (1Կր 1, 30)։ Զորությամբ և «Անվամբ» Քրիստոսի, որ գործում է Մկրտության մեջ, և սրբարար Հոգու հեղմամբ, քրիստոնյան սրբվում է (1Կր 6, 11)։ Այդ սրբացումը տեղի է ունենում Հիսուսի ինքնազոհաբերման կամքով, որի արտահայտությունն է խաչելությունը (Եբր 10, 10)։

բ) Աստծո նոր ժողովրդի հավաքական սրբությունը
Նախևառաջ քրիստոնեական ամբողջ համայնքը՝ Աստծո նոր ժողովուրդը, այսինքն՝ Եկեղեցին է, որ իբրև մեկ միասնական ամբողջություն սրբացվում է Քրիստոսի արյան մեջ (հմմտ. 1Կր 1, 2; Եփս 5, 25-27; 1Պտ 2, 9-10)։

գ) Քրիստոնյայի սրբությունը
գ.1) Գոյաբանական (օնթոլոգիական) սրբությունը
Նոր Կտակարանում սրբության դրութենական և իրապաշտական նկարագիրն առավել ևս է ընդգծվում. քրիստոնեական սրբությունն այլևս սոսկ ծիսական, արտաքին սրբությունը (մաքրությունը) չէ, ո՛չ էլ սոսկ բարոյական սրբությունն է (բարոյական կանոնների առավել կամ նվազ գիտակցությամբ պահպանումը). քրիստոնեական սրբությունը ճշմարիտ, իրական, ֆիզիկական մասնակցություն է Աստծո սրբությանը, Նրա երրորդութենական կյանքին։
Մկրտությամբ Ամենասուրբ Երրորդությունն ինքնանվիրումով տրվում է քրիստոնյայի հոգուն, գալիս է նրա մեջ բնակվելու (Հվհ 14, 23), և միաժամանակ – Քրիստոսի և Նրա Եկեղեցու միջոցով – հոգու մեջ հեղում է ֆիզիկական մի նոր իրողություն. իրական մասնակցությունն Իր աստվածային կյանքին, որն անվանվում է «սրբարար» շնորհ, որին ընկերանում են գերբնական առաքինություններն ու Սուրբ Հոգու պարգևները։ Սուրբ Հոգու սրբարար այս գործը (2Թղ 2, 13) աստվածացնում է քրիստոնյային և նրան դարձնում է մի «նոր արարած» (Գղտ 6, 15), «Աստծո որդի» (1Հվհ 3, 1)։ Սրբարար շնորհի միջոցով – այդ աստվածային սերմը, որ ցանվել է իր մեջ (1Հվհ 3, 9) – քրիստոնյան իսկապես մասնակցում է Աստծո բնությանը, հետևաբար՝ Աստծո սրբությանը (2Պտ 1, 4)։
Դրութենական տեսանկյունից դիտված, հետևաբար, սրբացումը դա Աստծո ձրի պարգևն է և կայանում է մարդու ներքին արմատական նորոգման մեջ, սրբարար և քրիստոսացնող շնորհի միջոցով, որովհետև սուրբ լինել՝ նշանակում է մասնակցել Քրիստոսի իսկ սրբությանը։

գ.2) Բարոյական սրբությունը և քրիստոնեական կատարելությունը
Քրիստոնյայի գոյաբանական սրբությունը պետք է կոնկրետ կերպով արտահայտվի բարի գործերի մեջ, ի Քրիստոս Հիսուս նոր կյանքի մեջ (Եփս 4, 17-32; Կղս 3, 5-17; և այլն)։ Այսպես է, որ Քրիստոսի հավատարիմ հետևորդը, Նրա կողմից արդարացված, ձգտում է աճելու սրբության մեջ մինչև կատարելություն։ Քրիստոնեական բառապաշարում, որի հիմքերը տվյալ դեպքում գտնվում են Հին Կտակարանում, «կատարյալ» կամ «կատարելություն» եզրերն ունեն զուտ բարոյական և կրոնական նշանակություն։ Հին Կտակարանում «կատարյալ» է հավատքի մարդը, որ պահպանում է Ուխտի «դաշինքը», անմնացորդ ու անպայմանադիր կերպով ընդունելով Տասնաբանյան, որն այդ դաշինքի գրեթե պայմանագիրն է։
Ավետարանում Հիսուսը երկու անգամ խոսում է կատարելության մասին. Լեռան Քարոզի ավարտին (Մտթ 5, 48) և հարուստ երիտասարդի հետ ունեցած զրույցի վերջում (Մտթ 19, 21; Մրկ 10, 21)։
Պողոս Առաքյալը նույնպես «կատարյալ» և «կատարելություն» եզրերը գործածում է մատնանշելու համար քրիստոնեական կյանքի և սրբության լիությունը նրա սկզբնական հանգրվանների համեմատ (Փլպ 3, 10-15)։ Պողոս Առաքյալի համաձայն, կատարյալ սրբությունը նրանցն է, ովքեր հասել են քրիստոնեական կյանքի ու մտքի լիակատար զարգացմանը, հոգևոր հասունությանը (1Թղ 5, 23; 1Կր 2, 6; 14, 20; Եփս 4, 13; Եբր 5, 11-14)։ Քրիստոնեական կատարելությունը, այսինքն՝ կատարյալ սրբությունը, հետևաբար, քրիստոնեական կյանքի լիակատար իրագործումն է, նրա նպատակների ամբողջական ձեռքբերմամբ, որը սակայն վերջնական ու մնայուն է լինելու միմիայն ժամանակի սահմաններից անդին։
 
3) Սրբության համընդհանուր կոչումը
 
Եզրակացնելով կարող ենք ասել, որ սրբությունը հանդիպումն է Ինքն Իրեն նվիրող Աստծո և վեհանձն ու հարատև պատասխան ընծայող մարդու միջև։ Հետևաբար՝ մի կոչման և մի պատասխանի արդյունքն է։ Արդ, աստվածային սույն կոչումն ուղղված է բոլոր մարդկանց։ Ընդհանրական է։ Ճիշտ այնպես, ինչպես որ ընդհանրական է Քրիստոսի կողմից իրագործված փրկությունը։
Սրբության այս ընդհանրական բնույթը վերաբերվում է անխտիր բոլոր մարդկանց և այն կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից դիտված (աշխարհագրական, ազգային, դասակարգային, մասնագիտական, սեռային, և այլն)։ Այստեղ կարևոր ենք համարում ընդգծել սրբության ընդհանրականությունը նաև կյանքի վիճակների վերաբերյալ. քրիստոնեական սրբությունը վերապահված չէ միայն մի խումբ մարդկանց (օրինակ՝ քահանաների, վանականների, կուսակրոնների), այլ՝ ընդգրկում է կյանքի բոլոր վիճակները, ներառյալ՝ ամուսնական վիճակը։ Աստվածային կոչումն ուղղված է բոլոր մկրտվածներին. «Կատարյա՛լ եղեք, ինչպես կատարյալ է ձեր երկնավոր Հայրը» (Մտթ 5, 48; Հվհ 13, 34-35; 15,12-13). «Սա՛ է Աստծո կամքը. ձեր սրբությունը» (1Թղ 4, 3; Եփս 1, 4; 5, 3; Կղս 3, 12-14; Հռմ 6, 22)։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։