Ցավերի (Յոթվերք) Տիրամայր (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ց
Ցավերի (Յոթվերք) Տիրամայր (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Ցավերի Տիրամայր» կամ «Ցավագին Տիրամայր» (լատիներեն՝ «Beata Maria Virgo Perdolens», «Mater Dolorosa»), «Յոթ Ցավերի Տիրամայր» կամ «Յոթ Վերքերի Տիրամայր» տիտղոսը վերաբերվում է Սուրբ Կույս Մարիամի տառապանքներին կամ ցավերին՝ Հիսուսի կյանքի ցավագին դրվագների և չարչարանքների առնչությամբ: Տիրամոր Ցավերին նվիրված աղոթքները նաև տարածված և սիրված ջերմեռանդական սովորություններ են՝ բնորոշ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցուն ընդհանրապես՝ մշակութային և աշխարհագրական բազմազան դրսևորումներով:

Քրիստոնեական պատկերագրության մեջ Ցավերի Տիրամայրը սովորաբար պատկերված է վշտի մեջ և արտասվալից աչքերով, յոթ սրերով խոցված սրտով: Այս կերպարը հիմնված է Ղկս 2, 34-35 հատվածում Սիմեոն ծերունու մարգարեության վրա: Ցավերի Տիրամոր ջերմեռանդական աղոթքներից են Յոթ Վերքերի Պսակը կամ Վարդարանը, Յոթ Վերքերի աղոթաշարքը, Յոթ Վերքերի Իննօրյան և Մոր Ճանապարհը (Via Matris):

Յոթ Վերքերը Մարիամի կյանքի յոթ իրադարձություններ են, որոնք միաժամանակ Հիսուսի կյանքի դրվագներից են: Այս Յոթ Վերքերը չպետք է շփոթվեն Վարդարանի Տրտմության խորհուրդների հետ:

Ավանդաբար, Տիրամոր Յոթ Վերքերը հետևյալներն են.

1) Սիմեոն Ծերունու մարգարեությունը (Ղկս 2, 35). «Եվ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի».
2) Սուրբ Ընտանիքի փախուստը Եգիպտոս (Մտթ 2, 13-15).
3) Տասներկուամյա Հիսուսին կորցնելը՝ Երուսաղեմ ուխտագնացության ժամանակ (Ղկ 2, 41-52).
4) Մարիամը հանդիպում է Հիսուսին՝ Խաչի ճանապարհի վրա, որը, միաժամանակ, «Ճանապարհ Խաչի» ջերմեռանդության 14-րդ կայանն է.
5) Հիսուսի Խաչելությունը՝ Գողգոթայի վրա, Մարիամը՝ Խաչի տակ (Մտթ 27, 32-56; Մրկ 15, 21-41; Ղկս 23, 26-49; Հվհ 19, 16-37).
6) Հիսուսին իջեցնում են Խաչի վրայից (Մտթ 27, 57-60; Մրկ 15, 42-47; Ղկս 23, 50-56; Հվհ 19, 38-42).
7) Հիսուսի թաղումը (Մտթ 27, 57-60; Մրկ 15, 42-47; Ղկս 23, 50-56; Հվհ 19, 38-42):
 

 

 

Յոթ Վերքերի ջերմեռանդությունը

1232թ.ին Տոսկանայում (կենտրոնական Իտալիա) յոթ երիտասարդներ հիմնեցին «Մարիամի Ծառաների Միաբանությունը» կամ «Ծառաների Եղբայրությունը»: Հինգ տարի անց նրանք վերցրեցին Հիսուսի Խաչի տակ կանգնած Մարիամի Ցավերը որպես իրենց Միաբանության հիմնական ջերմեռանդություն:

Դարերի ընթացքում ավելացան Մարիամի Ցավերի կամ Վերքերի հանդեպ ջերմեռանդությունները և, նույնիսկ, Մարիամի Ցավերի շուրջ խորհրդածություններին ու աղոթքներին նվիրված նոր Միաբանություններ: «Մարիամի Ծառաների Միաբանությունը» զարգացրեց Յոթ Վերքերի Վարդարանը, տարածեց Մարիամի Յոթ Ցավերի Սև Ուսակապը և Ցավագին Տիրամոր Իննօրյան: Այս Վարդարանը բաղկացած է յոթ յոթնյակ հատիկներից, որոնց վրա աղոթում են «Ողջոյն»ը, իսկ յոթնյակների արանքում առանձին մեկական հատիկներ են, որոնց վրա աղոթում են «Հայր մեր»ը: Յուրաքանչյուր ցավի վերաբերյալ Ն.Ս. Պիուս Յոթերորդ Պապը (1742-1800-1823) 1818թ.ին շարադրել է մեկական խորհրդածության տեքստ:

Սև Ուսակապը խորհրդանիշն է Վշտերի Տիրամոր Եղբայրության, որը կապված է Մարիամի Ծառաների Միաբանության հետ: Ջերմեռանդական ուսակապերի մեծամասնությունը պատրաստվում և զարդարվում է հատուկ կանոններով: Սև Ուսակապի պատրաստության համար պահանջվում է միայն, որ այն լինի սև բրդե կտորից: Ցավագին Տիրամոր Իննօրյան տարածվել է Սուրբ Պերեգրինի Ազգային Սրբավայրից, որը գտնվում է Չիկագոյում:

Կաթոլիկ Հայերն այս ջերմեռանդությունն իրենց հետ Արևմտյան Հայաստանից բերել են այժմյան Հայաստանի Հանրապետության տարածք և Գյումրիի իրենց պատմական եկեղեցին ձոնել են Տիրամոր Յոթ Վերքերին։

 

 

Ցավերի Տիրամոր տոնը

Ցավերի Տիրամոր տոնը սկսեց տարածվել 12-րդ դարում՝ թեև տարբեր անվանումներով: Որոշ ուսումնասիրողներ այս տոնի ծագումը դնում են 11-րդ դարում և վերագրում Բենեդիկտյան վանականներին: «Ցավերի Տիրամոր տոնը»՝ ճիշտ այսպիսի անվանումով, ծագեց 1423-ին՝ Քյոլնում գումարված մի գավառային ժողովի որոշմամբ: Այն հիշատակում էին Զատկական շրջանի Երրորդ Կիրակի օրվան հաջորդող ուրբաթ օրը: Տոնի առանցքը Մարիամի վիշտն էր՝ Քրիստոսի խաչելության և մահվան ժամանակ: Մինչև 16-րդ դարն այդ տոնը տարածված էր միայն Հյուսիսային Գերմանիայում, Սկանդինավիայում և Շոտլանդիայում: Ըստ Ուիլիամ Սաունդերսի, «1842-ին տոնը պաշտոնապես մտցվեց Հռոմեական Տոնացույցի մեջ՝ Ցավակից Տիրամայր անվանումով: 1600-ից հետո տոնը տարածված ու սիրված դարձավ Ֆրանսիայում: 1727թ.ի Ապրիլի 22-ի որոշմամբ, Բենեդիկտոս Տասներեքերորդ Պապն (1649-1724-1730) այս տոնը տարածեց ամբողջ լատինածես Կաթոլիկ Եկեղեցում՝ Երանելի Կույս Մարիամի Յոթ Վերքեր անվանումով»: 1960թ.ին Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապն այս տոնը վերածեց հիշատակության տոնի:

1668-ին Մարիամի Ծառաների Միաբանությանը շնորհվեց Մարիամի Յոթ Վերքերի առանձին մի տոն կատարելու արտոնություն՝ Սեպտեմբերի երրորդ Կիրակի օրը: Իննովկենտիոս Տասներեքերորդ Պապն (1655-1721-1724) այդ տոնը վերանվանեց «Ցավերի Տիրամոր տոն»: 1814-ին այն մտցվեց Հռոմեական գլխավոր Տոնացույցի մեջ, իսկ 1913-ին այն տեղափոխվեց Սեպտեմբերի 15-ին՝ Խաչի տոնից անմիջապես հետո, և մինչև օրս լատինածես կաթոլիկները Ցավերի Տիրամոր տոնը կատարում են այդ օրը: Այսպիսով, լատին տոնացույցում երկու տոն կա՝ նույն անվանումով: Ցավերի Տիրամոր կամ Տիրամոր Յոթ Վերքերի տոներին սովորաբար երգում են «Կայր առ Խաչին» - «Կանգնած էր Խաչի մոտ» («Stabat Mater») շարականը, որն ի դեպ սիրված է նաև Հայ Կաթոլիկ Եկեղեցում և երգվում է մանավանդ «Ճանապարհ Խաչի» ջերմեռանդության ժամանակ:

 

 

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։