– Գրադարան – Mashtoz.org

Յելի համալսարանի նյարդաբանական գիտությունների դասախոսի որոշումը՝ նվիրվելու քահանայական կյանքի
Նյարդաբանական գիտությունների ուսումնասիրությունից՝ ամբողջական նվիրման Քրիստոսին։ Սա է որոշումը պորտոռիկացի նյարդաբան Ջեյմ Մալդոնադո-Ավիլեսի, ով մինչ այդ նյարդաբանական գիտություններ էր դասավանդում աշխարհահռչակ Յելի Համալսարանում, ուսումնասիրություններ էր կատարում նույն համալսարանի մոլեկուլային հոգեբուժության բաժանմունքում և գիտական հոդվածներ էր հրատարակում համբավաշատ Nature պարբերականում։

Նրա մասին մի քանի օր առաջ խոսեցին ամերիկյան լրատվամիջոցները, պատմելով Վաշինգտոնում գտնվող Ամերիկայի Կաթոլիկ Համալսարանին կից գործող Աստվածաբանական Վարժարանի (Theological College - Catholic University of America) նոր ճեմարանականի պատմությունը։ Առողջապահության Ազգային Ինստիտուտի (National Institute of Health) խիստ ախորժելի կրթաթոշակները շահելուց հետո, 37 տարեկան հասակում, նյարդաբանական գիտությունների դոցենտը զգացել է աստվածային կոչը, որը չափազանց սաստիկ է եղել՝ անտեսվել կարողանալու համար։ Ուստի մի կողմ է դրել կարիերան ու լաբորատորիան. «Այս տևական ներքին զգացողությունը»ասել է Մալդոնադո-Ավիլեսը, «որ թերևս կանչված էի ծառայելու աշխարհին մի ա՛յլ ձևով, միշտ ավելի հաճախակի էի զգում»։ Այսպիսով հետևել է կոչմանը, աստվածաբանական վարժարանում վերագտնելով իր բազմաթիվ դասընկերներին, որոնցից մեկը դոկտոր է քիմիայի բնագավառում, իսկ մեկ ուրիշը՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Այժմ նա պետք է կատարի փիլիսոփայության երկու տարվա և աստվածաբանության չորս տարվա ուսումներ՝ քահանա ձեռնադրվելու համար։

Վաշինգտոնի Արքեպիսկոպոս Կարդինալ Դոնալդ Վերլը լրագրողին բացատրել է, որ գիտական առարկաներ ուսումնասիրող համալսարանական ուսանողների թիվը բավական բարձր է նրանց մեջ, ովքեր որոշում են քահանա դառնալ Կաթոլիկ Եկեղեցում. «Գիտությունը գտնելուց հետո՝ փնտրում են Աստծուն»։

Սբ. Հովհաննես Քսաներեքերորդ Պապի անունը կրող ճեմարանի (Pope St. John XXIII Seminary) հոգևոր առաջնորդներից Քեն Վոթսը նույնպես պատմել է, որ բազմաթիվ գիտաշխատողների է ընկերակցել և հասցրել քահանայության, իմիջիայլոց ասելով նաև. «Երբ բարոյական հարցերը պտտվում են բժշկական-գիտական բնագավառների շուրջը, անկասկած օգտակար է ունենալ անձինք, որոնք կատարյալ կերպով հասկանում են, թե խոսքը ինչի մասին է, և կարողանում են հասարակական կարծիքի դիմաց լուսաբանել Եկեղեցու միտքը»։

«Չէի ասի, թե ավելի զրկանքներ եմ կրում, քան նա, ով ապրում է ամուսնական վիճակում», ասել է նյարդաբան-քահանայացուն մի հարցազրույցի ժամանակ։ «Աստված ինձ կանչում է լինելու քահանա, ուստի հենց Ինքը կտա ինձ այն շնորհները, որոնք հարկավոր են ինձ նեցուկ կանգնելու համար»։ Առաջին շաբաթների ընթացքում զարմացել է, երբ կիրակնօրյա Պատարագների ժամանակ կաթոլիկ եկեղեցում հանդիպել է Յելի Համալսարանի իր կոլեգաներից ոմանց։ «Բաղադրյալ էությունը և, միաժամանակ, կարգուկանոնը, որով ամեն բան աշխատում է մեր մարմնի մեջ և մեր ուղեղում, մեզ մտածել է տալիս, որ կա շա՜տ ավելին, քան պարզունակ պատահականությունը», բացատրում է նա։

Ունեցել է նաև խղճի համար ցավալի պահեր։ Օրինակ, երբ տեղեկացել է, որ մարդկային ուղեղի թաղանթի վրա կատարվող փորձարկումների համար գործածվում են Եվրոպայում աբորտի զոհ դարձած երեխաները։ «Արդյո՞ք երբևէ հավատքիս ու բարոյական համոզումներիս հակառակ կգործեի՝ սոսկ մասնագիտական հաջողության հասնելու նպատակով», հարցնում է ինքն իրեն։

Ամերիկայի Կաթոլիկ Համալսարանում մասնակցել է մի համաժողովի, նվիրված Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի «Գովված եղիր» («Laudato si») կոնդակին, որովհետև հետաքրքրված է ճշմարտության որոնման գործում գիտության, տեխնոլոգիաների և աստվածաբանության համատեղմամբ, կամենալով դրական կերպով պատասխանել Պապի կոչին՝ խնամելու և պահպանելու բնությունը։ «Աստվածաբանությունը պետք է սովորի գիտությունից։ Գիտությամբ տեղեկանում ենք այն մասին, թե ինչպես է աշխատում կյանքը։ Բայց գիտությունն էլ իր հերթին պետք է սովորի աստվածաբանությունից», եզրակացրել է Մալդոնադո-Ավիլեսը, քայլերն ուղղելով դեպի իր ճեմարանն, ուր այժմ ապրում է, աղոթում և կրթվում ու կազմավորվում է որպես առաքյալ այն Հավատքի, որը լիակատար գոհացում է տալիս մարդկային բանականությանը։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։