– Գրադարան – Mashtoz.org

ՍՈՒՐԲ ԻԶԻԴՈՐՈՍ. գյուղացին, որն հասկացել էր, թե ինչպե՛ս է հարկավոր հաղթահարել տնտեսական ճգնաժամը
Նա չէր հաճախել Լոնդոնի Տնտեսագիտական Համալսարանը, դոկտորատի աստիճան չէր ստացել աշխարհի երևելի կրթօջախներից մեկում, չէր մասնակցել տնտեսագիտական ակումբների քննարկումներին, բայց ... շատ լավ հասկացել էր, թե ո՛րն է աշխատանքի իսկական օրենքը։
 
 
Երբ ինչ որ մեկն ընտրում է անցնել սխալի ճանապարհով, անխուսափելիորեն հանգում է պարադոքսալ արդյունքների, այսինքն՝ այնպիսի արդյունքների, որոնք ամբողջովին տարբերվում են նրանցից, որոնց նա մտադիր էր հասնել։ Սա՛ է սխալի օրենքը։ Աստվածաշունչը – որի մասին Ա. Պուշկինն ասում է. «Ես կարծում եմ, որ մենք ժողովրդին երբևէ չենք կարողանալու տալ ավելի լավ մի գիրք, քան Աստվածաշունչն է։ [...] Աստվածաշունչը համամարդկային է, նրանում ամփոփված է մարդկային ողջ կյանքը։ [...] Ահա՛ աշխարհի միակ գիրքը. նրանում ամեն բան կա». – Աստվածաշունչը, ասում էի, սրա մասին մեզ զգուշացնում է իր առաջին էջերից իսկ սկսած։ Ադամն ու Եվան մեղանչեցին, որովհետև ցանկանում էին ''ազատ'' լինել, ցանկանում էին ոչ մի կապ չունենալ Աստծո հետ, ապրել ինքնուրույն, առանց Աստծո ներկայության, հետևելով այն պատրանքին, թե կարող էին հասնել լիակատար ինքնաբավության, այսինքն՝ մի տեսակ ինքնա-աստվածացման։ Եվ սակայն, ո՛չ միայն ձախողվեցին այդ մտադրության մեջ, այլ՝ ստիպված եղան ցավալիորեն ճանաչել և ընդունել իրենց սահմանափակությունն ու անկայունությունը։ Տեսան, որ ''մերկ'' էին։ Խոսքը չի վերաբերվում մարմնական, այլ՝ օնթոլոգիական (գոյութենական) մերկությանը։ Մարդկային բնության սահմանավորությունը, որն առաջ նրանց վրա չէր ծանրանում և որի ծանրությունն Աստված Ինքն էլ չէր թողնում, որ նրանք զգային, այդ ծանրությունը մեղքից հետո դառնում է վիթխարի, անտանելի. մինչև իսկ՝ վախեցնում է։ Սխալի օրենքն է։
Մի օրենք, – սխալի օրենքը, – որն ակնհայտորեն բացատրվում է այն կարգուկանոնով, որն Աստված դրոշմել է արարչության վրա։ Եթե խախտում ես կարգն ու կանոնը, որպես արդյունք ստանում ես անկարգությունն ու անկանոնությունը, իսկ եթե ստանում ես անկարգությունն ու անկանոնությունը, քո կյանքում իրականացնում ես պարադոքսը։ Մի պարադոքս, որը Նախախնամության կողմից բարձրացվում է ուսուցման մակարդակի։ Պատահական չէ, որ վաղեմի իմաստունները պատմության մասին խոսում էին որպես ''դաստիարակի'', որից հարկավոր է սովորել։ Պատմությունը որպես «magistra vitae», «կյանքի ուսուցիչ», որպես իրադարձությունների ո՛չ թե պատահական շարան, այլ՝ դեպքերի նշանակալի ընթացք, որից պետք է սովորենք մեր կյանքի համար։ Որովհետև, թեև բազմաթիվ բաներ խուսափում են պատմական ըմբռնումից, այնուամենայնիվ ճշմարիտ է հետևյալը. կատարված սխալներն անխուսափելիորեն վերածվում են պատիժների, մինչ ակնհայտորեն վարձատրվում են այն բոլոր բարի գործերը, որոնք քաղաքակրթություններն իրականացնում են։
Իմաստուններից մեկն արդարացիորեն ասել է, որ մինչ անհատ մարդիկ, քանի որ քայլում են դեպի անդրերկրային կյանքը, վարձատրվելու կամ պատժվելու համար ունեն հավիտենությունը, նույնը չի կարելի ասել հասարակությունների ու քաղաքակրթությունների դեպքում։ Դրանք ապրում են միայն պատմության ներսում և, ապրելով միայն ժամանակի սահմաններում, իրենց վարձատրությունն ու պատիժները ստանում են այստեղ՝ երկրի վրա, այդ միևնույն պատմության ներսում։ Եթե մի հասարակություն հանրային մակարդակով ընտրում է սխալը, եթե նրանում տարածվում է ''հասարակական մեղքը'', այդպիսի քաղաքակրթությունը, մեղքի ժանգով ապականվելով, իր կատարած ընտրությունների հետևանքներն անխուսափելիորեն կվճարի ժամանակի և պատմության մեջ։
Այս խորհրդածություններն ուղղակի ու անուղղակի կերպով կապակցված են Սուրբ Իզիդորոսի՝ իսպանացի այս մեծ-փոքր Սրբի կյանքին։ Ընթերցողներն հուսով եմ հասկանում են ինձ։ Ասելով ''մեծ-փոքր'', հասկանում եմ մի Սուրբ, որը շատ ճանաչված չէ, կամ ընդհանրապես ճանաչված չէ (գոնե այստեղ՝ Հայաստանում), բայց իր վարքով մեծ է, ինչպես բոլոր Սրբերը, որոնց Եկեղեցին մեզ ներկայացնում է որպես քրիստոնեական կյանքի ջինջ օրինակ։ Համառոտ կերպով ներկայացնեմ Սուրբ Իզիդորոսի կյանքը և դուք ինքներդ էլ կհասկանաք, թե ի՛նչ կապ կա նրա և իմ այս ներածական խորհրդածությունների միջև։
 
Սուրբ Իզիդորոսի կյանքը
 
Ծնվել է մոտավորապես 1070 թվականին, գյուղացիների չափազանց աղքատ ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Իզիդորոսը հազիվ պատանի էր։ Կարիքը նրան ստիպում է աշխատելու գնալ Մադրիդի շուրջը տարածվող դաշտերում։ Այդ տարիներին փոթորկացող պատերազմների պատճառով ապաստանում և աշխատանք է փնտրում հյուսիսային նահանգներում, Թոռռելագունայում։ Այդտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մարիա Թոռիբիայի հետ, որը նույնպես աղքատ գյուղացիների ընտանիքում ծնված-մեծացած աղջիկ էր։ Իզիդորոսը մեծ հավատքի տեր երիտասարդ էր և ապրում էր այդ հավատքի համաձայն։ Անգրագետ էր, բայց հասկանում էր Աստծուն վերաբերվող ամեն բան և գիտեր աղոթել։ Ամեն օր առավոտյան, արշալույսին, եկեղեցի էր գնում աղոթելու և Սուրբ Պատարագին մասնակցելու և Ամենասուրբ Հաղորդությունը ստանալու։ Բայց օրվա ընթացքում էլ, մինչ աշխատանքի վայրում էր, հաճախ առանձնանում էր ու աղոթում։ Աշխատանքի ընկերները նրան քննադատում էին, թե աշխատանքից փախչում էր։ Գործատեր Խուան Դէ Վերգասը նույնպես սկսում է կասկածել նրա վերաբերյալ, բայց հետո տեսնում է, որ երեկոյան Իզիդորոսի աշխատանքը ո՛չ միայն կատարված է, այլ նաև՝ կատարված է որակով ու բարեխղճությամբ։ Ի վերջո համոզվում է, որ խորհրդավոր ինչ որ մի բան Իզիդորոսին օգնում է իր աշխատանքում։ Միաժամանակ սկսվում են նաև հրաշքներ տեղի ունենալ իր հողատարածքներում։ Շուտով Իզիդորոսը դառնում է իր վստահելի անձը և սկսում է ավելի շատ գումար վաստակել, բայց ինքը և կինը (որը 18րդ դարում հռչակվել է Երանելի) միասին որոշում են շարունակել ապրել այնպես, ինչպես ապրել էին մինչև այդ օրը, և ավելացող գումարները նվիրաբերում են չքավորներին։ Իզիդորոսը մահանում է 1130 թվականին՝ վայելելով համընդհանուր ճանաչում և հիացմունք։ Սրբադասվել է 1622 թվականի Մայիսի 25-ին, Հռոմի Սրբազան Քահանայապետ Գրիգոր Տասնհինգերորդ Պապի կողմից։
 
''Մարդավայել'' կյանքի գաղտնիքը
 
Վերադառնանք մեր խորհրդածություններին։ Ի՞նչն է, որ ամեն ինչից ավելի էր աչքի զարնում Սուրբ Իզիդորոսի կյանքում։ Անշուշտ այն փաստը, որ նա օրվա ընթացքում հաճախ ընդմիջում էր աշխատանքը, որպեսզի առանձնանար և աղոթեր։ Նրան քննադատում էին, որովհետև, զուտ մարդկային տրամաբանության համաձայն, աղոթելու համար հարկավոր է ժամանակ, իսկ այդ ժամանակն անշուշտ վերցվում էր աշխատանքի հաշվին, և ակնհայտ մտահոգությունը կար, որ եթե նա չհասցներ կատարել իր աշխատանքը, այդ աշխատանքը կփաթաթվեր ուրիշների վզին։ Եվ սակայն, աշխատանքային օրվա ավարտին, այն, ինչը կարողանում էր հնձել Իզիդորոսը, շա՜տ ավելի առատ էր, քան այն, ինչը կարողացել էին հնձել ուրիշները։
Միտքս ակամա ուղղվում է մեր ժամանակների տնտեսական ճգնաժամին, իրական լինի այն, թե ոմանց կողմից սարքված (երբեմն փորձությունն եմ ունենում այսպես մտածելու, բայց այս պահին դա մեր նյութին չի առընչվում)։ Փաստն այն է, որ այն օրվանից, ինչ մարդիկ սկսեցին մտածել, թե փողն ամեն ինչ է, փողը ոչ ոքի չի հերիքում։ Բոլորը բողոքում են, նույնիսկ ողբում։ Բողոքներ, որոնք շատ հաճախ վիրավորանք են մարդկային առողջ դատողությանն ու խելքին։ Ես, որ մի քանի տարի առաջ հատեցի հիսնամյա սահմանագիծը, շատ լավ եմ հիշում, թե ինչպիսի՛ զոհողությունների գնով էին տուն-տեղ դնում իմ պապիկ-տատիկներն ու ծնողներս, այնպիսի ժամանակներում, երբ ճաշից հետո ոչ ոք վստահությունը չուներ, թե այդ օրը կլինի՞ նաև մի ընթրիք, կամ ընթրիքից հետո՝ հաջորդ առավոտյան նախաճաշը։ Այստեղ խոսքը չի վերաբերվում ֆանատիկական մոտեցմամբ փողը սատանայական ինչ որ մի բան որակավորելուն, ո՛չ էլ միամտորեն անգիտանալուն այն փաստը, որ անցյալում էլ կային անձինք, ովքեր ագահորեն փնտրում էին հարստություններ, ինչպիսին էլ որ լիներ դրանց հասնելու գինը։
Ո՛չ, խոսքը դրանց չի վերաբերվում։ Խոսքը վերաբերվում է այն փաստին, որ մեր ժամանակաշրջանում, երբ հանրային կյանքից ամբողջովին դուրս ենք մղել Աստծուն և Նրան վերաբերվող ամեն բան ( – և խոսքը չի վերաբերվում միայն ''տեսական'' աթեիզմին, այլ՝ շա՜տ ավելի տարածված ''գործնական'' աթեիզմին, այսինքն՝ նրանց, ովքեր չեն ժխտում Աստծո գոյությունը, մանավանդ թե՝ հաճախ նույնիսկ պարտաճանաչ մոմավառներ են եկեղեցիներում և նրանց տներն ու մեքենաները լի են սրբապատկերներով, բայց ... գործնական կյանքում ապրում են այնպես, որ Աստված կարծես թե գոյություն չունի էլ, կամ առնվազն՝ տեղ ու ներկայություն չունի իրենց կյանքում – ), պարզ է, որ հանրային կյանքի գլխավոր դերակատարը դառնում է փողը, փողը դառնում է ամեն բան, քանի որ երկրային կյանքը դառնում է ամեն բան, մոռացության մատնելով անդրերկրային որևէ երանություն։ Չկարողանալը արձակուրդի մեկնել տրոպիկական հանգստավայրերում կամ մոդայի վերջին ճիչը հանդիսացող բջջային հեռախոսը չունենալը ''գործնական աթեիստների'' համար դառնում է նշանը մի կյանքի, որ ''մարդավայել'' չէ, որ կորցրել է իր արժանապատվությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդիկ, որոնք այսօր խոսում են տնտեսական ճգնաժամի մասին, հաճախ գործածում են ''արժանապատվությունից զուրկ գոյություն'' արտահայտությունը։ Կամ այն թշվառները, որոնք նման պատճառներով դիմում են ինքնասպանության և իրենց ետևից թողնում են նման գրություններ. «Հնարավոր չէ ապրել առանց արժանապատվության»։ Կարծես թե փող չունենալը կամ մանավանդ թե՝ բավակա՛ն փող չունենալը ինչ որ մի բան է, որ այս կամ այն կերպ կապ և առընչություն ունի մարդկային արժանապատվության հետ։
Ահա՛ և պարադոքսը։ Ժամանակակից մարդը կարող է և հայտնվել փող չունենալու իրավիճակներում, բայց շարունակում է պաշտել փողը որպես ''ամեն բան կյանքում''։ Սրանից էլ ծնվում է պատիժը։ Այո՛, պատիժը։ Շատ լավ հասկացաք, թանկագին ընթերցողներ։ Տնտեսական ճգնաժամն էլ կարող է պատիժ հանդիսանալ։ Ո՛չ թե մի պատիժ, որն Աստված ուղարկում է մարդկանց վրա, – Աստված մեզ երբե՛ք չի պատժում, – այլ՝ մի պատիժ, որը մենք ինքներս ենք, որպես հասարակություն, բարդում մեր գլխին։ Մի պատիժ, որը գոնե պետք է օգնի ժամանակակից մարդուն հասկանալու, որ չի կարող իրեն և իր նմաններին ստորացնելով հասցնել սոսկ սպառողի կամ դիզողի կարգավիճակի, երբ մարդկային արժանապատվությունն ամբողջովին այլուր է։ Հասկանալու, որ չի կարող համակ բռնվել արտադրելու տենդով, առանց մտածելու ինքն իր մասին և առանց մտերիմ հարաբերություն մշակելու Աստծո հետ՝ հասկանալու համար սեփական գոյության խորհուրդը։ Մինչև իսկ Կիրակի օրն են մեզնից խլել՝ այն դարձնելով աշխատանքային։ Առևտրի կենտրոններն ավելի բազմամարդ են, քան եկեղեցիները։ Այստեղ ևս կարող ենք մի խորհրդածություն կատարել. առևտրի կենտրոնները բաց են շաբաթը յոթը օր, բայց ինքնին առևտուրը ճգնաժամի մեջ է։ Առաջ դրանք բաց էին շաբաթը վեց օր և առևտուրը ճգնաժամի մեջ չէր։ Մի փաստ է, որ մտածելու տեղիք է տալիս։
Սուրբ Իզիդորոսը այդպես չէր մտածում։ Նա չէր հաճախել Լոնդոնի Տնտեսագիտական Համալսարանը, դոկտորատի աստիճան չէր ստացել աշխարհի երևելի կրթօջախներից մեկում, չէր մասնակցել տնտեսագիտական ակումբների քննարկումներին։ Բայց նա շատ լավ հասկացել էր, թե ո՛րն է աշխատանքի իսկական օրենքը. խնդրել և ստանալ Աստծո օգնությունը, մեր կյանքում Աստծուն դնել առաջին տեղում, հավատալ և վստահել ո՛չ թե տնտեսագետներին, այլ՝ Նրան, Ով ասել է. «Ամեն ինչից առաջ փնտրեցեք Աստծո Արքայությունը և մնացած ամեն բան կտրվի ձեզ ավելիով»։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։