« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԸ »

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

Ընտանիքը հիմնված է ամուսինների ազատ կամքի վրա՝ միավորվելու ամուսնության մեջ, հարգելով նշանակություններն ու արժեքները, որոնք բնորոշ են այս հիմնարկին, որ կախումնավոր է ո՛չ թե մարդուց, այլ՝ Ինքնին Աստծուց. «Այս սրբազան զոդը, որի նպատակն է և՛ ամուսինների, և՛ նրանց զավակների, և՛ հասարակության բարիքը, կախումնավոր չէ մարդկային կամայականությունից: Արդարև, Աստված Ինքն է բազմապիսի արժեքներով ու նպատակներով օժտված ամուսնության հեղինակը»1: Ամուսնության հիմնարկը – «կյանքի և սիրո ամուսնական սերտ հաղորդությունը, որ հիմնվել է Արարչի կողմից և օժտվել է իր սեփական օրենքներով»2 – մի հորինվածք չէ, հետևաբար, որն իր գոյության համար պարտական է մարդկային պայմանավորվածություններին և օրենսդրական պարտադրանքներին, այլ՝ իր կայունության համար պարտական է աստվածային կարգավորմանը3: Դա մի հիմնարկ է, որ ծնվում է – նաև հասարակության համար – «մարդկային այն գործողությունից, որով ամուսինները փոխադարձաբար տրվում են և ընդունում մեկը մյուսին»4 և հիմնվում է ամուսնական սիրո բնության իսկ վրա, որը – իբրև անձից անձի տրվող ամբողջական ու բացառիկ պարգև – ենթադրում և պահանջում է փոխադարձ, անհետսկոչելի և հրապարակային համաձայնությամբ արտահայտված վճռական հանձնառություն5: Նման հանձնառությունը ենթադրում է, որ ընտանիքի անդամների միջև հարաբերությունները պետք է դրոշմված լինեն նաև արդարության գիտակցությամբ, և հետևաբար՝ փոխադարձ իրավունքների ու պարտականությունների հանդեպ հարգանքով:

Ոչ մի իշխանություն իրավասու չէ խափանել ամուսնության բնական իրավունքը, կամ փոփոխել դրա հատկանիշներն ու նպատակները: Ամուսնությունն, արդարև, օժտված է իր սեփական, սկզբնածին ու մշտատև նկարագրով: Հակառակ այն բազմաթիվ փոխակերպումներին, որոնք դարերի ընթացքում տեղի են ունեցել տարբեր մշակույթներում, սոցիալական կառույցներում և հոգևոր դիրքորոշումներում, բոլոր մշակույթների մոտ գոյություն ունի ամուսնական միության արժանապատվության որոշակի զգացում, թեև ո՛չ ամենուր է այն երևում միևնույն հստակությամբ6: Այդ արժանապատվությունը հարկավոր է հարգել իրեն բնորոշ առանձնահատկություններով, որոնք պահանջում են պաշտպանություն աղավաղման որևէ փորձի դիմաց: Հասարակությունը չի կարող իր քմահաճույքի համաձայն տնօրինել ամուսնական կապը, որով ամուսինները միմյանց խոստանում են հավատարմություն, օգնություն և երեխաների ընդունում, այլ՝ իրավասու է կանոնակարգելու դրա քաղաքացիական հետևանքները:

Ամուսնության առանձնահատուկ գծերն են. ամբողջականությունը, որով ամուսինները միմյանց փոխադարձաբար նվիրվում են անձը կազմող բոլոր՝ ֆիզիկական ու հոգևոր մասերում. միությունը, որը նրանց դարձնում է «մի մարմին» (Ծնդ 2, 24). անլուծարելիությունը և հավատարմությունը, որոնք պահանջվում են փոխադարձ և վերջնական ինքնանվիրման կողմից. արգասավորությունը, որի առաջ ամուսնությունը բնականորեն բացվում է7: Ամուսնության վերաբերյալ Աստծո իմաստուն ծրագիրը – ծրագիր, որ հասանելի է մարդկային մտքի համար, չնայած դժվարություններին, որոնք ծնվում են մարդկային կարծրասրտությունից (հմմտ. Մտթ 19, 8; Մրկ 10, 5) – չի կարող գնահատվել բացառաբար փաստացի վարմունքների և նրանից շեղվող կոնկրետ իրավիճակների լույսի ներքո: Աստծո սկզբնական ծրագրի արմատական ժխտումներից մեկն է բազմակնությունը, «որովհետև հակասում է տղամարդու և կնոջ անձնական հավասար արժանապատվությանը, որոնք ամուսնության մեջ նվիրվում են միմյանց ամբողջական, և այդ իսկ պատճառով՝ միակ ու բացառիկ սիրով»8:

Ամուսնությունը, իր «առարկայական» ճշմարտության մեջ, կարգավորված ու նպատակամղված է որդեծնությանը և զավակների դաստիարակությանը9: Ամուսնական միությունն, արդարև, անմնացորդ կերպով ապրել է տալիս այն անկեղծ ինքնանվիրումը, որի պտուղը զավակներն են, որոնք իրենց հերթին նվեր են ծնողների, ամբողջ ընտանիքի և ամբողջ հասարակության համար10: Այդուհանդերձ, ամուսնությունը չի հաստատվել միմիայն որդեծնության նպատակով11. ամուսնության անլուծարելի նկարագիրը և հաղորդության նրա արժեքը շարունակում են վավերական մնալ նաև այն դեպքում, երբ զավակները, ջերմորեն փափաքված ու սպասված լինելով հանդերձ, չեն գալիս ամբողջացնելու ամուսնական կյանքը: Ամուսինները նման դեպքերում «կարող են իրենց վեհանձնությունը ցույց տալ որդեգրելով լքված երեխաներ, և կամ՝ նշանակալի ծառայություններ կատարելով ի նպաստ մերձավորի»12:

1) Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes, 48: AAS 58 (1966) 1067-1068.
2) Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes, 48: AAS 58 (1966) 1067.
3) Հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 1603.
4) Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes, 48: AAS 58 (1966) 1067.
5) Հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 1639.
6) Հմմտ. Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 1603.
7) Հմմտ. Հովհաննես Պողոս Բ., Առ. Հորդ. Familiaris consortio, 13: AAS 74 (1982) 93-96.
8) Հովհաննես Պողոս Բ., Առ. Հորդ. Familiaris consortio, 19: AAS 74 (1982) 102.
9) Հմմտ. Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes, 48.50: AAS 58 (1966) 1067-1069.1070-1072.
10) Հմմտ. Հովհաննես Պողոս Բ., Նամակ ընտանիքներին Gratissiman sane, 11: AAS 86 (1994) 883-886.
11) Հմմտ. Վատիկան. Բ. Ժողով, Հով. Սահմ. Gaudium et spes, 50: AAS 58 (1966) 1070-1072.
12) Կաթողիկե Եկեղեցու Քրիստոնեական, 2379.

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։