Թ. – Քահանայության կարգ – Գրադարան – Mashtoz.org

Թ. – Քահանայության կարգ

534. – Ի՞նչ է Քահանայության կարգը:

– Եկեղեցու խորհուրդներից մեկն է, որն Աստծո պաշտոնյա է դարձնում այն ընդունողին և պաշտոնյայի կնիքը դրոշմում է նրա հոգու վրա։ Սրանով իշխանություն է տալիս պատարագելու, մեղքերին արձակում տալու և Եկեղեցու սրբազան գործերն ու պաշտամունքները կատարելու։

 

535. – Ո՞վ կարող է տալ Քահանայության աստիճանը:

– Քահանայության աստիճանը միայն Եպիսկոպոսը կարող է տալ Ձեռնադրությամբ: Եպիսկոպոսն է Քահանայության կարգի միակ պաշտոնյան, լինելով Առաքյալների հաջորդը։ Ուրիշ ոչ ոք չի կարող կատարել Ձեռնադրությունը նրա փոխարեն:

 

536. – Ինչո՞ւ է Քահանայության խորհուրդը Կարգ կոչվում:

– Որովհետև Քահանայության խորհուրդն իր մեջ պարունակում է փոքր և մեծ զանազան աստիճաններ, որոնք կարգով մեկը մյուսից բարձր են և բոլորը միասին կոչվում են Նվիրապետություն։

 

537. – Որո՞նք են Քահանայության երեք մեծ կարգերը:

– Քահանայության երեք մեծ կարգերն են. 1) Սարկավագությունը, որ իշխանություն է տալիս Եպիսկոպոսի հրամանով քարոզելու, Ամենասուրբ Հաղորդություն տալու և հանդիսավոր կերպով մկրտելու. 2) Քահանայությունը, որ իշխանություն է տալիս նաև Պատարագ մատուցելու, մեղքերին արձակում տալու, Հիվանդների Օծման, Պսակի խորհուրդները և Եկեղեցու պաշտամունքները կատարելու. 3) Եպիսկոպոսություն, որ սրանցից բացի, իշխանություն է տալիս սարկավագներ և քահանաներ և իր նման Եպիսկոպոսներ ձեռնադրելու, դրոշմելու և Եկեղեցին կառավարելու։

 

538. – Որո՞նք են Քահանայության խորհրդի նյութն ու ձևը:

– Քահանայության խորհրդի նյութը Եպիսկոպոսի Ձեռնադրությունն է, իսկ ձևը՝ դրան ընկերացող խոսքերը։

 

539. – Քահանայության պատիվը մե՞ծ է:

– Քահանայությունն աշխարհի վրա ամենամեծ պատիվն է, քանի որ թագավորներից և հրեշտակներից ավելի մեծ իշխանություն ունի, և մարդուն իր ամենաբարձր նպատակին է հասցնում։

 

540. – Ամեն մարդ կարո՞ղ է ընդունել Քահանայության խորհուրդը:

– Այո՛ և ո՛չ:

Այո՛ այն իմաստով, որ քրիստոնեական քահանայությունը վերապահված չէ ինչ որ մի դասակարգի կամ ցեղի ներկայացուցիչներին և չի փոխանցվում ազգակցական ժառանգականության ճանապարհով: Յուրաքանչյուր մկրտված տղամարդ կարող է քահանա դառնալ:

Ո՛չ այն իմաստով, որ քահանա դառնալու համար հարկավոր է Աստծուց կանչված լինել, քանի որ ոչ ոք ինքնիրեն չի կարող բարձր պաշտոններ տալ, ինչպես նաև՝ պետք է Եկեղեցու պահանջած բոլոր հատկություններն ունենա, քանի որ լրջագույն պաշտոն է և ծանր պատասխանատվություններ ունի։

Հետևաբար, մեծապես մեղանչում և իրենց հոգու փրկությունը լրջորեն վտանգում են նրանք, ովքեր Աստծուց կանչված չեն և փորձում են քահանա լինել շահի, մարդկանց հարգանքի կամ ուրիշ մարդկային նպատակներից մղված: Եվ հակառակն էլ, նրանք, ովքեր Աստծուց կանչված են, բայց իրենց կոչմանը չեն հետևում, իրենք իրենց զրկում են հոգևոր ամենատարբեր շնորհներից ու օրհնություններից, որոնք Աստված պատրաստել էր իրենց համար։

 

ԳՐԱՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Ի՞նչ է Քահանայությունը։
– Երկրի վրա կա՞ ավելի մեծ իշխանություն։ Ինչի՞ մեջ է կայանում այդ իշխանությունը:
– Առանց այս Կարգի ո՞ր խորհուրդները գոյություն չէին ունենա։
– Քահանան ո՞վ է ժողովրդի համար։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։