ՀԱՐՑ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՐՑ

«Հին Կտակարանը կարդալով՝ նկատել եմ, որ Թագավորաց գրքերից հետո կարծես մոռացվել է Ուխտի Տապանակի մասին, նրա մասին այլևս չի խոսվում։ Ի՞նչ եղավ այն և ինչո՞ւ մոռացության մատնվեց։ Չէ՞ որ դա ամենամեծ սրբությունն էր»։

Հարց. - Հին Կտակարանը կարդալով՝ նկատել եմ, որ Թագավորաց գրքերից հետո կարծես մոռացվել է Ուխտի Տապանակի մասին, նրա մասին այլևս չի խոսվում։ Ի՞նչ եղավ այն և ինչո՞ւ մոռացության մատնվեց։ Չէ՞ որ դա ամենամեծ սրբությունն էր։

Պատասխան. - Նախ համառոտ հիշենք, թե ի՛նչ էր իրենից ներկայացնում Ուխտի Տապանակը (եբրայեցերեն՝ ארון הברית, ʾĀrôn habbərît, արդի արտասանությամբ՝ aˌʀon habˈʀit)։ Այն մանրամասն կերպով նկարագրված է Ելից գրքում (25, 10-21; 37, 1-9). մրփենու փայտից պատրաստված և ներսից ու դրսից ոսկով պատված զուգահեռանիստ արկղ էր, ոսկեձույլ կափարիչով (կոչվում էր Քավություն), որի վրա տեղադրված էին քերովբեների ոսկեձույլ երկու արձաններ, որոնց տարածված թևերը կենտրոնում հպվում էին միմյանց (եբրայական պատկերագրության քերովբեները տարբերվում են քրիստոնեական պատկերագրության քերովբեներից)։ Ուխտի Տապանակի չափսերը սրանք էին. երկուսուկես կանգուն երկարություն և մեկուկես կանգուն լայնություն ու բարձրություն, այսինքն՝ մոտ 110x67x67 սմ։ Երկու կողմերում ամրացված էին չորս ոսկեձույլ օղակներ, որոնց միջով անցնում էին երկու ոսկեզօծ փայտյա ձողեր, որոնց օգնությամբ Տապանակը բարձրացվում էր, երբ հարկավոր էր լինում այն տեղափոխել։
Տապանակի ներսում պահպանվում էին Մանանայով լի ոսկե մի սափոր, Ահարոնի ծաղկած գավազանը և Օրենքի Տախտակները (Եբր 9, 4)։ Սողոմոնի Տաճարի բացման ժամանակ, սակայն, պարունակում էր միայն Օրենքի Տախտակները (2Օր 10, 1-5; 3Թգ 8, 9; 2Մն 5, 2-10):
Տապանակը տեղափոխելու պարտականությունը վերապահված էր ղևտացիներին (հրեա քահանաներին). ուրիշ որևիցէ մեկի արգելված էր հպվել նրան։ Երբ Դավիթ արքան Տապանակը տեղափոխել տվեց Երուսաղեմ, ճանապարհին Օզա անունով մի մարդ դպավ Տապանակին (որն ընկնելու վտանգի մեջ էր), բայց տեղնուտեղը մահացավ (2Թգ 6, 1-8; 2Մն 13, 9-10)։
Ավանդության համաձայն, երբ Տապանակը տեղափոխվում էր, ծածկվում էր գորշուկի կաշվից պատրաստված մի ծածկոցով, որի վրա էլ գցվում էր մութ երկնագույն կերպասից կարված մի երկրորդ ծածկոց ևս (Թվոց 4, 6)։ Երբ հրեաները կանգ էին առնում ինչ որ մի տեղ, Տապանակը տեղադրվում էր մի հատուկ վրանում, որն անվանվում էր «Տիրոջ Վրան» կամ «Հավաքույթի Վրան» (կամ էլ՝ «Վկայության Խորան», ըստ հայերեն թարգմանության), առանց ժողովրդի առաջ բացահայտ ցուցադրվելու (միայն բացառիկ դեպքերում է ցուցադրվել)։
Անապատի մեջ հրեաների քառասնամյա թափառումների ժամանակ Տապանակը միշտ մնացել է նրանց ճամբարում, տեղափոխվելով նրանց հետ։ Երբ հրեաները հաստատվեցին Պաղեստինում, Հավաքույթի Վրանը նախ կանգնեցվեց Սելովում (Հեսու 18, 1), ուր մնաց մինչև Սամուելի ժամանակները։ Այդ ժամանակ հրեաները, որոշակի կռապաշտական մտադրությամբ, որոշեցին Տապանակն իրենց հետ պատերազմի տանել փղշտացիների դեմ, որպեսզի իրենց հաղթանակ ապահովեր, բայց պարտվեցին, իսկ Տապանակը գերեվարվեց թշնամու կողմից (1Թգ 4, 1-11)։ Սակայն մի ծանր համաճարակ տարածվեց փղշտացիների մեջ Տապանակի գերեվարման պատճառով և նրանք յոթ ամիս անց որոշեցին այն վերադարձնել հրեաներին (1Թգ 5-6)։ Տապանակն այս անգամ տեղադրվեց Քիրիաթ-Յեարիմ քաղաքում (1Թգ 7, 1) և այնտեղ մնաց մինչև այն օրը, երբ Դավիթ արքան որոշեց տեղափոխել այն Դավթի քաղաք, այսինքն՝ Երուսաղեմի ամրոցը (2Թգ 6)։ Ի վերջո, Ուխտի Տապանակն իր վերջնական տեղադրումը գտավ այն ժամանակ, երբ Սողոմոն արքան՝ Դավթի որդին և հաջորդը, այն տեղադրեց իր իսկ կողմից կառուցված Երուսաղեմի Տաճարի ամենասրբազան սենյակում՝ «Սրբություն Սրբոց»ում, որն եբրայեցերեն անվանում էին Դեբիր (Ք.ա. 10րդ դարի երկրորդ կես, 1Թգ 8, 1-9)։
Այդուհետև Տապանակը կարծես թե միշտ պահվել է Սողոմոնյան Տաճարում, բայց քանի որ դրված է եղել Սրբություն Սրբոցում, ուր մուտքն արգելված էր ժողովրդի և քահանաների մեծամասնության համար (միայն մի խումբ ընտրված Ղևտացիներ կարող էին մուտք գործել այնտեղ), ականատեսների կողմից թողնված վկայություններ չեն պահպանվել։ Տապանակի (կամ դրա կրկնօրինակի) դեռևս գոյության ու ներկայության մասին միակ հիշատակությունը պատկանում է Հոսիաս թագավորին (Ք.ա. 621թ.), ով Ղևտացիներին կոչ է անում Տապանակը կրկին տեղադրել Տաճարում, բայց հայտնի չէ, թե այն ո՛ւր էր տարվել մինչ այդ (2Մն 35, 3)։
Հաջորդաբար, երբ վրա են հասնում Բաբելացիները և Երուսաղեմը գրավվում է (Ք.ա. 6րդ դարի սկիզբ), Տապանակի մասին այլևս ոչ մի հիշատակություն չի կատարվում։ Աստվածաշնչյան այն հատվածում, ուր խոսվում է Տաճարի սրբազան սպասքի ավարառության մասին (2Թգ 25, 8-17), մանրակրկիտ ձևով թվարկվում են Բաբելոն տարված բոլոր առարկաները, բայց Ուխտի Տապանակը չի հիշատակվում։ Եզրասի գրքում էլ պատմվում է, որ Պարսից արքա Կյուրոսը վերադարձնում է կողոպտված սպասքը (Ք.ա. 538թ.), որոնք հրեաների բաբելոնյան գերեվարության ժամանակ պահպանվել էին Բաբելոնի տաճարներում, բայց կրկին՝ Ուխտի Տապանակը չի հիշատակվում (1Եզր 2, 1-15)։

Այդ սրբազան առարկայի մասին հիշողությունները ծնունդ են տվել նրա ունեցած ճակատագրի վերաբերյալ մի քանի վարկածների։ Քննենք դրանցից մի քանիսը.

1) Հինկտակարանյան վարկածը. Մակաբայեցիների Երկրորդ գրքի 2, 1-8 հատվածի համաձայն (որը, սակայն, որպես Աստվածաշունչ Սուրբ Գիրք չի ընդունվում հրեաների և բողոքական քրիստոնյաների կողմից), երբ Հուդայի ու Իսրայելի թագավորությունները սկսեցին հարձակումների ենթարկվել տարբեր հզոր պետությունների կողմից (Եգիպտոս, Ասորեստան, և այլն), և Տաճարը ենթակա էր գրավման ու կողոպուտի վտանգին, Երեմիա Մարգարեն, փրկելու համար Ուխտի Տապանակը և ուրիշ սրբություններ ևս, մի խումբ մարդկանց հետ վերցնում է դրանք Տաճարից և գաղտնի տանում է Սինայ լեռան վրա, ուր Մովսեսը տեսել էր Անկեզ Մորերնին (Ել 3, 1...) և տարիներ անց ստացել էր Տասնաբանյա Պատվիրանները (Ել 19, 10...), կամ էլ՝ Նաբավ լեռան վրա, որի գագաթից Մովսեսը, մահանալուց քիչ առաջ, տեսել էր Ավետյաց Երկիրը (2Օր 34, 1-5), այնտեղ գտնում է մի քարանձավ, այդ սրբությունները տեղադրում է այդ քարանձավում և մուտքը փակելով՝ այն անգտանելի է դարձնում, մարգարեանալով, որ դրանք վերստին կգտնվեն միայն այն ժամանակ, երբ հրեաները կրկին կմիաբանվեն Աստծո ճշմարտության ու փրկության շուրջը։ Ուստի կան քրիստոնյաներ, որոնք մեկնաբանում են, որ Ուխտի Տապանակը կվերագտնվի այն ժամանակ, երբ հրեաները ամբողջովին դարձի կգան Քրիստոսին (Պողոս Առաքյալի արտահայտած հույսի համաձայն)։

2) Հրեական վարկածը. հրեաները պնդում են, հիմնվելով Թալմուդի արտա-աստվածաշնչյան զրույց-ավանդությունների վրա, որ Սողոմոն արքան իբրև թե Ուխտի Տապանակի համար գաղտնի պահոց էր կառուցել Երուսաղեմի Տաճարի տակ, ուր և այն թաքցվել է Հոսիաս թագավորի կողմից, Տաճարի կործանումից 22 տարի առաջ, այսինքն՝ իբրև թե Ուխտի Տապանակը մինչև օրս էլ գտնվում է Երուսաղեմում։

3) Եթովպիական, զիմբաբվեական, եգիպտական և բաբելական վարկածները. մի ուրիշ ավանդազրույց (ամենատարածվածը) պնդում է, որ Ուխտի Տապանակն իբրև թե տարվել է Եթովպիա և այնտեղ գաղտնի կերպով պահվում է քրիստոնյա ճգնավորների կողմից։ Ուրիշ մի ավանդազրույց էլ պնդում է, որ իբրև թե տարվել է Զիմբաբվե, Սողոմոն արքայի սիրուհու՝ Սաբայի թագուհու երկիր և այնտեղ թաքնվել է։ Մի ուրիշ ավանդազրույց պնդում է, որ երբ եգիպտացիները կողոպտել են Տաճարը, Տապանակը տարել են Եգիպտոս։ Սրա նմանությամբ մի ա՛յլ ավանդազրույց էլ պնդում է, թե իբր տարվել է Բաբելոն և մնացել է այնտեղ։

4) Պատմագիտական վարկածը. որոշ գիտնականներ պարզապես պնդում են, որ Տաճարի բազմաթիվ նվաճումներից ու հրդեհներից մեկի ժամանակ Տապանակն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է, քանի որ պատրաստված էր ոսկեզօծ փայտից, իսկ Տաճարում ամենուր ներկա էին վառվող մոմերն ու կրակները։ Իսկ եթե չի այրվել հրդեհներից մեկի ժամանակ, ուրեմն որպես ավար վերցվել և ոչնչացվել է Իսրայելի բազմաթիվ թշնամիներից մեկի ձեռքով (վրայի ոսկին թալանելու մտադրությամբ)։


Եզրակացություն՝ քրիստոնեական տեսանկյունից դիտված։

Այս վարկածներից ո՛ր մեկը կարող է ճիշտ լինել, մենք չենք կարող իմանալ, որովհետև չկան պատմական ստույգ տեղեկություններ։ Միայն մի բան է պարզ, որ Ուխտի Տապանակը անհետ կորել է։ Եվ իրականում, հարցին քրիստոնեական տեսանկյունից դիտելով, պետք էլ չունենք իմանալու։ Տապանակի անհետ կորուստը ևս մեկ նշան է Աստծո կողմից, որ Հին Ուխտը անվերադառնալիորեն անցել է, և մենք ապրում ենք Նոր Ուխտի մեջ, ուր ունենք մի նոր Ուխտի Տապանակ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինը, որի մեջ է նյութապես բնակվում ո՛չ թե ինչ որ մի սրբազան առարկա, այլ՝ Ինքնին Սրբությունը, Սրբություն Սրբոցը, որին մենք կարող ենք հաղորդվել ամեն անգամ, երբ փափաքում ենք, յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ժամանակ տրվող Ամենասուրբ Հաղորդությամբ, մենք ինքներս էլ դառնալով տապանակներ, որոնց մեջ բնակվում է Երիցս Սուրբը։ Հինկտակարանյան Ուխտի Տապանակում տեղադրված էին երեք առարկաներ. Տասնաբանյա Օրենքի Տախտակները, Ահարոնի ծաղկած գավազանը և երկնքից տեղացած Մանանայով լի սափորը։ Մենք՝ քրիստոնյաներս, սակայն, այլևս Հին Օրենքի ներքո չենք, այլ՝ Քրիստոսի Նոր Օրենքի, որի ամփոփումը Փրկչի կողմից տրված երկմասնյա միակ Պատվիրանն է. «Սիրի՛ր Աստծուն ամբողջ էությամբդ և սիրի՛ր մերձավորիդ քո սեփական անձի նման»։ Մեր՝ քրիստոնյաներիս համար, Քրիստոսի անարատ Մարմինն ու անապական Արյունն են երկնքից իջած Մանանան, որով սնվում ենք և կազդուրվում, մինչ քայլում ենք երկրային այս կյանքի անապատի միջով, մինչև որ կհասնենք ճշմարիտ Ավետյաց Երկիրը՝ Երկնքի Արքայությունը, որի սոսկ ստվերն ու մարգարեությունն էր հանդիսանում երկրային խոստումը։ Քրիստոսի հարություն առած ու փառավորված Մարմինն է այն ճշմարտապես ծաղկած գավազանն ու արմատը, որի վրա մենք պատվաստված ենք Մկրտությամբ, որպեսզի պտղաբերենք Հավիտենական Կյանքի համար։