Գլուխ Ա. - «Ժողովուրդների զարգացումը» կոնդակի պատգամը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - «Ժողովուրդների զարգացումը» կոնդակի պատգամը

10. «Populorum progressio»ի վերընթերցումը, իր հրատարակումից ավելի քան քառասուն տարի անց, թախանձում է հավատարիմ մնալ սիրո և ճշմարտության իր պատգամին, այն ի նկատի ունենալով և քննելով Պողոս Վեցերորդի ինքնահատուկ վարդապետության շրջանակում, իսկ ավելի ընդհանուր կերպով՝ Եկեղեցու սոցիալական ուսմունքի ավանդության ներսում: Հարկավոր է, ապա, գնահատել այն տարբեր սահմանագծերը, որոնց ներսում այսօր, ի տարբերություն այն ժամանակվա, դրվում է զարգացման խնդիրը: Անսխալ տեսակետն, ուստի, Առաքելական Հավատքի Ավանդությունն է[1], այդ հին և նոր ժառանգությունը, որից դուրս՝ «Populorum progressio»ն կլիներ առանց արմատների մի փաստաթուղթ, իսկ զարգացմանը առընչվող հարցերը կվերածվեին լոկ սոցիոլոգիական տվյալների:

 

11. «Populorum progressio»ի հրապարակումը տեղի ունեցավ Վատիկանյան Երկրորդ Համամիութենական Ժողովի ավարտից անմիջապես հետո: Կոնդակն ինքնին մատնանշում է, իր առաջին իսկ պարբերություններում, Ժողովի հետ ունեցող իր սերտ հարաբերությունը[2]: Հովհաննես Պողոս Երկրորդն իր հերթին, քսան տարի անց, «Sollicitudo rei socialis» Կոնդակում ընդգծում էր այն արգասավոր առընչությունը, որ Պողոս Վեցերորդի Կոնդակն ունի Ժողովի և հատկապես «Gaudium et spes» («Ուրախություններն ու հույսերը») Հովվական Սահմանադրության հետ[3]: Ես նույնպես կամենում եմ այստեղ հիշատակել Վատիկանյան Երկրորդ Ժողովի ունեցած կարևորությունը Պողոս Վեցերորդի Կոնդակի և նրան հաջորդած բոլոր Քահանայապետների սոցիալական Վարդապետության համար: Ժողովը խորացրեց ճանաչումն այն ամենի՝ ինչը որ մշտապես մաս է կազմում հավատքի ճշմարտությանը, այսինքն՝ որ Եկեղեցին, Աստծո ծառայության մեջ լինելով, ծառայում է աշխարհին, սիրո և ճշմարտության սահմաններում: Հենց այս տեսությունից էր մեկնում Պողոս Վեցերորդը, մեզ հաղորդելու համար երկու մեծ ճշմարտություն: Առաջինն այն է, որ ամբողջ Եկեղեցին, իր ամբողջ էությամբ և իր ամբողջ գործունեությամբ, երբ ավետարանում, ծիսակատարում և գործում է սիրո մեջ, ձգտում է խթանելու մարդու ամբողջական զարգացումը: Եկեղեցին մի հանրային պաշտոն ունի, որը չի սպառվում իր մարդասիրական կամ կրթական ու դաստիարակչական գործունեություններով, բայց մարդկային զարգացմանն ու համաշխարհային եղբայրությանը ծառայող բոլոր իր ուժերը հայտնում և գործի է դնում, երբ կարողանում է գործել ազատության պայմաններում: Ո՛չ սակավաթիվ դեպքերում այդ ազատությունը խոչընդոտվում է արգելքներով և հալածանքներով, կամ նաև սահմանափակվում է, երբ Եկեղեցու հանրային ներկայությունը բռնությամբ սահմանափակվում է նրա միայն մարդասիրական գործունեության դաշտում: Երկրորդ ճշամարտությունն այն է, որ մարդու իրական զարգացումը վերաբերվում է անձի ամբողջականությանը միասնական անբաժանելի կերպով, իր բոլոր մասերի չափով[4]: Առանց հավիտենական կյանքի հեռանկարի, այս աշխարհում մարդկային զարգացումը մնում է շնչառությունից զուրկ: Պատմության ներսում փակված, այդ զարգացումը ենթակա է միայն ունեցվածք դիզելուն վերածվելու վտանգին. մարդկությունն այդպիսով կորցնում է ավելի բարձր բարիքների, համընդհանուր սիրուց ներշնչված մեծ ու անշահախնդիր ձեռնարկների համար տրամադիր լինելու քաջությունը: Մարդը չի զարգանում միմիայն իր սեփական ուժերով և ո՛չ էլ զարգացումը կարող է պարզապես տրվել նրան դրսից: Պատմության ընթացքում մարդիկ հաճախ կարծել են, թե պետական հիմնարկների ու հաստատությունների ստեղծումը բավարար է մարդկության զարգացման իրավունքի գոհացումն ապահովելու համար: Դժբախտաբար, մարդիկ չափազանց մեծ վստահություն են տածել այդ հաստատությունների նկատմամբ, կարծես թե դրանք ի զորու էին ինքնաբերաբար հասնելու ցանկալի նպատակին: Իրականում, սակայն, միայն հաստատությունները բավարար չեն, քանի որ մարդկային ամբողջական զարգացումը դա նախևառաջ մի կոչում է և, հետևաբար, ենթադրում է, որ հասարակության բոլոր անդամներն ազատ կամքով և համերաշխության գաղափարականով ստանձնեն իրենց պարտականություններն ու պատասխանատվության իրենց բաժինը: Այս ամենից բացի, նման զարգացումը պահանջում է մարդկային անձի վերաբերյալ ունենալ մի վերանցական տեսություն, այն կարիքն ունի Աստծո. առանց Նրա, զարգացումը կա՛մ մերժվում է, կա՛մ էլ հանձնվում է միայն մարդու ձեռքերին, իսկ այդպիսի դեպքում մարդն ընկնում է ինքն իրեն փրկելու թյուր հավակնության մեջ և ի վերջո առաջ է տանում զարգացման մի անմարդկային տարբերակ: Համենայն դեպս, միմիայն Աստծո հետ հանդիպումն է հնարավորություն ստեղծում «հանձինս ուրիշի չտեսնելու միշտ և միայն օտարի»[5], այլ նրա մեջ ճանաչել աստվածային պատկերը, այդպիսով կարողանալով իսկապես բացահայտել ուրիշին և մեր մեջ հասունացնել մի այնպիսի սեր, որ «դառնա խնամք և հոգատարություն ուրիշի հանդեպ և ուրիշի համար»[6]:

 

12. «Populorum progressio»ի և Վատիկանյան Երկրորդ Ժողովի միջև կապն իրենից մի տեսակ ընդհատում չի ներկայացնում Պողոս Վեցերորդի և նրան հաջորդած Քահանայապետների սոցիալական Վարդապետության միջև, քանի որ Ժողովն այդ Վարդապետության խորացումն է Եկեղեցու կյանքի շարունակականության մեջ[7]: Այս առումով, հստակություն հաստատելու չեն նպաստում Եկեղեցու սոցիալական ուսմունքի ոմանց կողմից կատարվող վերացական ենթաբաժանումները, որոնք քահանայապետական սոցիալական ուսուցմանը վերագրում են դասակարգումներ, որոնք իրականում խորթ և օտար են այդ ուսուցմանը: Գոյություն չունեն սոցիալական ուսմունքի երկու տարբեր տեսակներ, մեկը նախաժողովական, իսկ մյուսը՝ հետժողովական. կա միայն մեկ ուսմունք, հետևողական և միևնույն ժամանակ՝ միշտ նոր[8]: Արդար և ճշմարտացի է ընդգծել այս կամ այն Կոնդակի, մեկ կամ մյուս Քահանայապետի ուսուցումների առանձնահատկությունները, երբեք սակայն ուշադրության կենտրոնից բաց չթողնելով ուսմունքի ամբողջական մարմնի հետևողական բնույթը[9]: Հետևողականություն՝ չի նշանակում փակվածություն ինչ-որ մի համակարգի մեջ, այլ ավելի՝ նշանակում է շարժուն հավատարմություն հանդեպ մի լույսի, որ մերը չէ, մեզնից չէ, այլ՝ որ մենք այն ստացել ենք: Եկեղեցու սոցիալական ուսմունքը լուսավորում է մի այնպիսի լույսով, որը փոփոխության չի ենթարկում ծագող նորանոր խնդիրները[10]: Սա պաշտպանում և պահպանում է ուսմունքային այս «ժառանգության» միաժամանակ և՛ մնայուն, և՛ պատմական նկարագիրը[11], որն իրեն բնորոշ յուրահատկություններով մաս է կազմում Եկեղեցու միշտ կենսալի Ավանդությանը[12]: Սոցիալական ուսմունքը կառուցված է Առաքյալների կողմից Եկեղեցու Սուրբ Հայրերին ավանդված հիմքի վրա, որն հետո ընկալվեց և խորացվեց քրիստոնյա մեծ Վարդապետների կողմից: Այդ ուսմունքը, վերջնական հաշվով, իր ակունքը գտնում է հանձինս Նոր Մարդու. «երկրորդ Ադամը, որ դարձավ կյանք պարգևող հոգի» (1Կր 15, 45) և որ ակունքն է սիրո, որն «երբեք չի սպառվելու» (1Կր 13, 8): Այդ ուսմունքը վկայվել է Սրբերի և բոլոր նրանց կողմից, ովքեր արդարության և խաղաղության ասպարեզում իրենց կյանքն ընծայեցին հանուն Քրիստոս Փրկչի: Նրանում արտահայտվում է Քրիստոսի Եկեղեցուն առաքելական հաջորդականության զորությամբ առաջնորդելու և ավետարանումի նոր պահանջները կշռադատելու Քահանայապետների մարգարեական պաշտոնը: Այս պատճառներից ելնելով, «Populorum progressio»ն, Ավանդության մեծ հոսանքի մեջ իր տեղը գտնելով, տակավին ի զորու է խոսելու մեզ, այսօր:

 

13. Եկեղեցու սոցիալական ամբողջ ուսմունքի հետ ունեցած իր կարևոր կապից բացի, «Populorum progressio»ն սերտորեն կապված է Պողոս Վեցերորդի վարդապետության բազմամասն ամբողջությանը և հատկապես՝ նրա սոցիալական ուսուցումներին: Նրա սոցիալական ուսուցումներն անկասկած մեծ կարևորություն ունեն. նա կրկին հաստատեց Ավետարանի անժխտելի կարևորությունը ազատության և արդարության համաձայն հասարակություն կերտելու գործում, որպես գաղափարային և պատմական հեռանկար ունենալով սիրուց կյանք առնող քաղաքակրթության հասունացումը: Պողոս Վեցերորդը հստակ կերպով հասկացել էր, որ սոցիալական հարցը ստացել էր համաշխարհային նկարագիր[13] և ըմբռնեց այն փոխադարձ գրավչությունը, որ ներկա է մարդկության միավորման ձգտման և համընդհանուր եղբայրության ոգով համերաշխ դարձած ժողովուրդների մեկ միակ ընտանիք կազմելու քրիստոնեական գաղափարականի միջև: Զարգացումը – մարդկայնորեն և քրիստոնեաբար հասկացված – մատնանշեց որպես քրիստոնեական սոցիալական պատգամի սիրտը և քրիստոնեական սերն առաջարկեց որպես զարգացմանը ծառայող գլխավոր ուժ: Քրիստոսի սերը ժամանակակից մարդուն լիովին տեսանելի դարձնելու փափաքից մղված, Պողոս Վեցերորդը հաստատակամությամբ քննարկեց էթիկական կարևոր հարցեր, առանց տեղի տալու իր ժամանակվա մշակութային տկարություններին:

 

14. 1971 թվականին հրապարակված և «Octogesima adveniens» («Ութսուներորդ տարեդարձը») անունը կրող իր Առաքելական Նամակով, ապա, Պողոս Վեցերորդը քննարկեց քաղաքականության իմաստի և ցնորամիտ ու գաղափարախոսական տեսություններից կազմված վտանգի թեման, որոնք վնասում էին քաղաքականության էթիկական և մարդկային որակին: Սրանք նյութեր են, որ սերտորեն կապակցված են զարգացման խնդրին: Ցավոք սրտի, բացասական գաղափարախոսությունները շարունակ ծաղկում են: Պողոս Վեցերորդը մեզ արդեն հորդորել էր զգուշանալ տեխնոկրատիկ գաղափարախոսությունից, որը յուրահատուկ կերպով արմատացած է այսօր[14], գիտակցելով այն մեծ վտանգը, որ ծնվում էր զարգացման ողջ գործընթացը միայն տեխնիկայի ձեռքը հանձնելուց, քանի որ այդպիսով զարգացումը մնալու էր առանց կողմնորոշման: Տեխնիկան, ինքն իր մեջ վերցված, երկդիմի է: Եթե մի կողմից, այսօր, ոմանք հակված են ամբողջությամբ նրան հանձնելու զարգացման այս գործընթացը, մյուս կողմից ականատես ենք լինում այնպիսի գաղափարախոսությունների ծնունդին, որոնք ամբողջովին ժխտում են զարգացման օգտակարությունն ինքնին, այն համարելով արմատապես հակա-մարդկային և միայն վատթար իրավիճակներ ծնող: Այսպիսով, ի վերջո, դատապարտում են ո՛չ միայն խեղաթյուրված ու անարդար կերպը, որով մարդիկ երբեմն կողմնորոշում են զարգացումը, այլ նաև գիտական հայտնագործումներն իսկ, որոնք մինչդեռ, ճիշտ գործածվելու դեպքում, աճի ու զարգացման բարեպատեհ հնարավորություն կարող են դառնալ բոլորի համար: Առանց զարգացման աշխարհի գաղափարն անվստահություն է արտահայտում մարդու և Աստծո նկատմամբ: Ուստի ծանր սխալ է զարգացման շեղումներն իր հսկողության տակ առնելու մարդկային կարողություններն արհամարհելը, կամ ուղղակի անգիտանալը, որ մարդն իր էությամբ իսկ ձգտում է դեպի «լինել ավելին»: Գաղափարախոսական գետնի վրա որպես բացարձակ արժեք հռչակել տեխնիկական զարգացումը և կամ անիրագործելի տենչանքով երազել մի մարդկություն, որը վերադարձել է բնության սկզբնածին վիճակին, սրանք երկու հակադիր կերպեր են զարգացումն իր բարոյական գնահատումից բաժանելու և, հետևաբար, մեր պատասխանատվությունից տարանջատելու համար:

 

15. Պողոս Վեցերորդի վավերագրերից ուրիշ երկուսը, որ անմիջական առընչություն չունեն սոցիալական ուսմունքի հետ – դրանք են 1968 թվականի Հուլիսի 25-ի «Humanae vitae» («Մարդկային կյանքը») վերնագրով Կոնդակը և 1975 թվականի Դեկտեմբերի 8-ի «Evangelii nuntiandi» («Ավետարանը քարոզելու պարտավորությունը») վերնագրով Առաքելական Հորդորը – մեծապես կարևոր են ուրվագծելու համար Եկեղեցու կողմից առաջարկվող զարգացման լիովին մարդկային իմաստը: Նպաստավոր է, ուստի, այդ գրությունները ևս ընթերցել՝ կապակցելով դրանք «Populorum progressio»ի հետ:

«Humanae vitae» Կոնդակն ընդգծում է սեռականության միաժամանակ միավորող և որդեծին նշանակությունը, այդպիսով հասարակության հիմքում դնելով ամուսնական զույգը՝ տղամարդուն և կնոջը, որոնք փոխադարձաբար ընդունում են իրար, իրենց տարբերություններով և միմյանց լրացնող ու ամբողջացնող հատկություններով. մի զույգ, ուստի, որ տրամադիր է կյանքի ավանդմանը[15]: Խոսքը չի վերաբերվում սոսկ անհատական բարոյականությանը. «Humanae vitae» Կոնդակը մատնանշում է կյանքի էթիկայի և սոցիալական էթիկայի միջև գոյություն ունեցող հզոր կապերը, սկիզբ տալով վարդապետական քննարկումների, որոնք կամաց-կամաց ձևակերպվեցին ու սահմանվեցին տարբեր վավերագրերում, որոնց վերջինն է հանդիսանում Հովհաննես Պողոս Երկրորդի «Evangelium vitae» («Կյանքի Ավետարանը») Կոնդակը[16]: Եկեղեցին ուժգին պնդումով առաջադրում է կյանքի էթիկայի և սոցիալական էթիկայի միջև գոյություն ունեցող այս կապը, գիտակցելով, որ չի կարող «ամուր հիմքեր ունենալ այն հասարակությունը, որը մինչ դավանում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են անձի արժանապատվությունը, արդարությունն ու խաղաղությունը, արմատապես հակասում է ինքն իրեն, ընդունելով և հանդուրժելով մարդկային կյանքի դեմ անարգալի արհամարհանքի ու պղծիչ բռնադատությունների ամենաբազմազան կերպերը, հատկապես երբ մարդկային այդ կյանքը տկար, խտրականության զոհ դարձած, լքված ու անտեսված վիճակում է»[17]:

«Evangelii nuntiandi» Առաքելական Հորդորն, իր մասով, խիստ սերտորեն առընչվում է զարգացման խնդրին, քանի որ «ավետարանումը», գրում էր Պողոս Վեցերորդը, «ամբողջական չէր լինի, եթե հաշվի չառներ փոխադարձ կոչերը, որ շարունակ միմյանց են ուղղում Ավետարանն ու մարդու անձնական ու հասարակական կոնկրետ կյանքը»[18]: «Ավետարանման և մարդկային առաջադիմության միջև – առաջադիմությունը հասկացված որպես զարգացում, ազատագրում – արդարև գոյություն ունեն խորը կապեր»[19]. այս գիտակցությունից մեկնելով, Պողոս Վեցերորդը հստակ կերպով ընդգծում էր Քրիստոսին քարոզելու և հասարակության ներսում մարդկային անձի զարգացման միջև ներկա հարաբերությունը: Արդարությանը, խաղաղությանն ու զարգացմանը նպաստող գործերի միջոցով Քրիստոսի սիրույն տրված վկայությունը մաս է կազմում ավետարանմանը, որովհետև մեզ սիրող Հիսուս Քրիստոսի համար մարդը կարևոր է իր ամբողջությամբ: Այս մեծարժեք ուսուցումների վրա է հիմնվում Եկեղեցու սոցիալական ուսմունքի առաքելական նկարագիրը[20] որպես ավետարանման էական տարր[21]: Եկեղեցու սոցիալական ուսմունքը հավատքի քարոզն է և վկայությունը: Հավատքին կրթելու անփոխարինելի գործիքներից է և վայրերից մեկը:

 

16. «Populorum progressio» Կոնդակում Պողոս Վեցերորդը նախևառաջ կամեցել է մեզ ասել, որ զարգացումը, իր ծագմամբ և իր էությամբ, դա մի կոչում է. «Աստծո ծրագրում, յուրաքանչյուր մարդ կանչված է զարգացման, քանի որ յուրաքանչյուր կյանք դա մի կոչում է»[22]: Հենց այս փաստն է վավերացնում և օրինավոր դարձնում Եկեղեցու միջամտությունը զարգացման խնդիրներում: Եթե զարգացումը վերաբերվեր մարդկային կյանքի սոսկ տեխնիկական մասին, և ո՛չ պատմության ճանապարհի երկայնքին իր մյուս եղբայների հետ միասին մարդու քայլքի իմաստին, և ո՛չ էլ այդ քայլքի նպատակի ինքնությունը պարզելուն և այն ճանաչելուն, ապա Եկեղեցին դրա մասին խոսելու իրավունք չէր ունենա: Պողոս Վեցերորդը, մինչդեռ, ինչպես ժամանակին Լևոն Տասներեքերորդն իր «Rerum novarum» Կոնդակում[23], գիտակցում էր, որ կատարում է իր պաշտոնին բնորոշ մի պարտականություն, Ավետարանի լույսը տարածելով իր ժամանակվա սոցիալական խնդիրների վրա[24]:

Ասել, որ զարգացումը դա մի կոչում է, հավասարազոր է մի կողմից ընդունելու, որ այն ծնվում է մի վերանցական կոչից, իսկ մյուս կողմից՝ ընդունելու, որ այն անկարող է ինքն իրեն տալու իր սեփական վերջին իմաստն ու նշանակությունը: Աննպատակ չէ, որ «կոչում» բառը հանդիպում է Կոնդակի մի ա՛յլ հատվածում ևս, ուր հաստատվում է. «Ճշմարիտ հումանիզմ, ուստի, գոյություն չունի, եթե այն բաց չէ դեպի Բացարձակը, ճանաչելով և ընդունելով կոչումը, որի կողմից մեզ ընծայում է մարդկային կյանքի իրական գաղափարը»[25]: Զարգացման այսօրինակ տեսությունը «Populorum progressio»ի սիրտն է, և պատճառն ու մղիչ ուժն է Պողոս Վեցերորդի բոլոր մտքերի՝ զարգացման ընթացքում գործող ազատության, ճշմարտության և սիրո մասին: Նաև գլխավոր պատճառն է, որի համար այդ Կոնդակը տակավին այժմեական է նաև մեր օրերում:

 

17. Կոչումը դա մի հրավեր է, մարդուն ուղղված աստվածային կոչ, որին հարկավոր է տալ ազատ և պատասխանատու պատասխան: Մարդկային ամբողջական զարգացումը ենթադրում և պահանջում է անձի և ժողովուրդների պատասխանատու ազատությունը. ոչ մի հիմնարկ կամ կառույց չի կարող նման զարգացում ապահովել մարդկային պատասխանատվությունից դուրս կամ վեր: «Խոստումներով ծանրաբեռնված, բայց իրականում ցնորալի հուսախաբություններ արտադրող մեսիանականություններն»[26] իրենց առաջարկները միշտ հիմնում են զարգացման վերանցական տարրերի ժխտման վրա, որովհետև այդպես վստահ են, որ այն ամբողջովին կունենան իրենց տրամադրության տակ: Այս կեղծ վստահությունը փոխակերպվում է տկարության, քանի որ որպես իր անխուսափելի հետևանք իր հետ բերում է մարդկանց ստրկացում, որոնք վերածվում են սոսկ զարգացմանը ծառայող գործիքների, մինչդեռ կոչումն ընդունողի խոնարհությունը կերպարանափոխվում է իրական ինքնավարության, որովհետև ազատ է դարձնում անձը: Պողոս Վեցերորդը կասկածներ չունի այն հարցում, որ որոշակի խոչընդոտներ ու պայմանավորումներ արգելակում են զարգացումը, բայց նաև վստահ է, որ «յուրաքանչյուր ոք, ինչպիսիք էլ որ լինեն իր վրա գործադրված ազդեցություններն ու ճնշումները, մնում է իր հաջողության կամ ձախողման հեղինակն ու կերտողը»[27]: Այս ազատությունը վերաբերվում է զարգացմանը, որ ունենք մեր առջևում, բայց միաժամանակ վերաբերվում է նաև թերի զարգացման իրավիճակներին, որոնք պատահականության կամ պատմական անհրաժեշտության արդյունքը չեն, այլ՝ կախում ունեն մարդկային պատասխանատվությունից: Այս պատճառով է, որ «սովահար ժողովուրդներն իրենց եղերական վիճակով այսօր բացատրություն են պահանջում ճոխության մեջ թաղված ժողովուրդներից»[28]: Սա նույնպես կոչում է, ազատ մարդկանց կողմից ազատ մարդկանց ուղղված մի կոչ, որ հրավիրում է միասին ստանձնելու մարդկության հանդեպ պատասխանատվությունը: Պողոս Վեցերորդը քաջ գիտակցում էր տնտեսական կառույցների և հաստատությունների կարևորությունը, բայց նույնքան քաջ գիտակցում էր, որ դրանք իրենց էությամբ սոսկ գործիքներն են մարդկային ազատության: Միմիայն եթե ազատ է, զարգացումը կարող է ամբողջովին մարդկային լինել. միմիայն պատասխանատու ազատության մթնոլորտում այն կարող է պատշաճ կերպով աճել:

 

18. Ազատություն պահանջելուց բացի, որպես կոչում ընկալված մարդկային ամբողջական զարգացումը նաև պահանջում է, որ հարգվի նրա ճշմարտությունը: Զարգանալու կոչումը մարդկանց մղում է «ավելի՛ն անելու, ճանաչելու և ունենալու, ավելի՛ն լինելու համար»[29]: Բայց ահա այստեղ է խնդիրը. ի՞նչ է նշանակում «լինել ավելին»: Հարցին Պողոս Վեցերորդը պատասխանում է մատնանշելով «իրական զարգացման» էական հատկանիշը. այն «պետք է ամբողջական լինի, ինչը նշանակում է, որ ուղղված պետք է լինի յուրաքանչյուր մարդու և ամբողջ մարդու զարգացմանը»[30]: Մարդու վերաբերյալ տարբեր տեսությունների մրցակցության մեջ, որոնք առաջարկվում են այսօրվա հասարակությունում, ավելի՝ քան Պողոս Վեցերորդի ժամանակ, քրիստոնեական տեսակետն իրեն որպես ուրույն առանձնահատկություն ունի մարդկային անձի անկապտելի արժեքը և նրա աճի ու զարգացման իմաստը հաստատելն ու արդարացնելը: Զարգացման քրիստոնեական կոչումն օգնում է հետամուտ լինելու բոլոր մարդկանց և ամբողջ մարդու առաջադիմությանը: Գրում էր Պողոս Վեցերորդը. «Այն՝ ինչ կարևոր ու արժեքավոր է մեր համար, մարդն է, յուրաքանչյո՛ւր մարդ, մարդկանց յուրաքանչյո՛ւր խումբ, մինչև ողջ մարդկությունն ընդգրկելը»[31]: Քրիստոնեական հավատքը զարգացման խնդրով զբաղվում է իր վստահությունը հաստատելով ո՛չ թե առանձնաշնորհությունների կամ իշխանական դիրքերի վրա, և ո՛չ իսկ քրիստոնյաների արժանիքների վրա, որոնք թեև եղել են և կան նաև այսօր, բնական սահմանների կողքին[32], այլ միմիայն Քրիստոսի վրա, Որին է հարկավոր վերագրել մարդկային ամբողջական զարգացման յուրաքանչյուր անաղարտ կոչում: Ավետարանը զարգացման հիմնական տարրն է, որովհետև նրանում Քրիստոսը, «հայտնելով Հոր և Նրա սիրո խորհուրդը, լիովին հայտնում է նաև մարդու խորհուրդը մարդուն»[33]: Իր Տիրոջ ուսմունքով կրթված Եկեղեցին քննում է ժամանակների նշանները և մեկնաբանում է դրանք, և աշխարհին է մատուցում «այն՝ ինչ ունի որպես իրենը. մարդու և մարդկության վերաբերյալ համապարփակ տեսություն»[34]: Հենց որովհետև Աստված արտասանում է ամենամեծ «այո»ն մարդուն[35], մարդն ուրիշ բան չի կարող անել, այլ միայն՝ բացվել աստվածային կոչմանը, սեփական զարգացումն իրագործելու համար: Զարգացման ճշմարտությունը կայանում է նրա ամբողջականության մեջ. եթե ամբողջ մարդունը և յուրաքանչյուր մարդունը չէ, ապա այդ զարգացումը ճշմարիտ զարգացում չէ: Սա է «Populorum progressio»ի կենտրոնական պատգամը, որ վավերական է այսօր և միշտ: Բնական գետնի վրա մարդկային ամբողջական զարգացումը, որպես պատասխան Արարիչ Աստծո կողմից ուղղված կոչման[36], պահանջում է իր ճշմարիտ իրագործումը գտնել «վերանցական հումանիզմի մեջ, որը ... մարդուն հաղորդում է իր մեծագույն լիությունը. սա՛ է անձնական զարգացման գերագույն նպատակը»[37]: Այս զարգացման քրիստոնեական կոչումը, հետևաբար, վերաբերվում է և՛ բնական, և՛ գերբնական հարթությանը. մի պատճառ, որի համար էլ, «երբ Աստված մի կողմ է դրվում, բնական կարգը, նպատակն ու ''բարիքը'' ճանաչելու և ընդունելու մեր կարողությունը սկսում է տկարանալ և, ի վերջո, անհետանալ»[38]:

 

19. Ի վերջո, զարգացման տեսությունը որպես կոչում իր հետ որպես հետևանք բերում է նրանում սիրո կենտրոնականությունը: Պողոս Վեցերորդն իր «Populorum progressio» Կոնդակում նկատել է տալիս, որ թերի զարգացման պատճառներն հիմնականում նյութական կարգի չեն: Նա մեզ հրավիրում է մարդու ա՛յլ տարածաչափություններում փնտրել այդ պատճառները: Կամքի մեջ, նախևառաջ, որն հաճախ զանց է առնում համերաշխության պարտականությունները: Մտքի մեջ, ապա, որը միշտ չէ՝ որ կարողանում է պատշաճ կերպով կողմնորոշել կամքը: Այս իսկ պատճառով, զարգացման գործընթացում հարկավոր են «մտավորական մարդիկ, ընդունակ՝ խորը մտածումների, նվիրված՝ նոր հումանիզմի փնտրտուքին, որն արդի մարդու համար հնարավորություն ստեղծի վերագտնելու ինքն իրեն»[39]: Բայց սա ամենը չէ: Թերի զարգացումն է՛լ ավելի կարևոր պատճառ ունի, քան մտքի պակասն է. դա «մարդկանց և ժողովուրդների միջև եղբայրության պակասն» է[40]: Այս եղբայրությունը մարդիկ արդյոք երբևէ կարո՞ղ են ձեռք բերել իրենց ուժերով միայն: Միշտ ավելի ընդհանրականացող հասարակությունը մեզ մոտեցնում է, բայց մեզ եղբայրներ չի դարձնում: Բանականությունը, միայնակ, ի զորու է ըմբռնելու մարդկանց միջև հավասարությունը և հաստատելու քաղաքացիական կենակցություն նրանց միջև, բայց չի կարողանում եղբայրություն հիմնել: Եղբայրությունը ծնվում է վերանցական կոչումից, որ բխում է Հայր Աստծուց, ով առաջինը սիրեց մեզ, Որդու միջոցով ուսուցանելով մեզ, թե ի՛նչ է եղբայրական սերը: Պողոս Վեցերորդը, մարդու զարգացման գործընթացի տարբեր մակարդակները ներկայացնելով, հավատքին ակնարկելուց հետո՝ դրանց գագաթնակետին դնում էր «միությունը Քրիստոսի սիրո մեջ. Քրիստոսի, որ մեզ բոլորիս կանչում է որդիների կարգավիճակով մասնակցելու կենդանի Աստծո՝ բոլոր մարդկանց Հոր կյանքին»[41]:

 

20. «Populorum progressio»ի կողմից բացված այս հեռանկարները մնում են որպես հիմնական, շնչառություն և կողմնորոշում տալու համար ժողովուրդների զարգացմանն ուղղված մեր հանձնառությանը: «Populorum progressio»ն, ապա, մեկից ավելի անգամներ ընդգծում է բարեփոխումների անհետաձգելի անհրաժեշտությունը[42] և պահանջում է, որ ժողովուրդների զարգացման հարցում ներկա անարդարության մեծ խնդիրներին լուծում տրվի քաջությամբ և առանց հապաղելու: Այս անհետաձգելի անհրաժեշտությունը թելադրված է նաև ճշմարտության մեջ գործադրվող սիրուց: Քրիստոսի սերն է, որ մղում է մեզ. «Սէրն Քրիստոսի ստիպէ զմեզ» (2Կր 5, 14): Անհետաձգելի անհրաժեշտությունը բխում է ո՛չ միայն իրավիճակներից, կամ իրադարձությունների ու խնդիրների ահագնացող սպառնալիքից, այլ նաև խաղի դրված բուն հարցից. իրական եղբայրության իրագործումը: Այս նպատակի կարևորությունն այնպիսին է, որ պահանջում է մեր տրամադրվածությունը՝ այն մինչև խորքը հասկանալու և կոնկրետ պարագաներում «սրտով» գործի լծվելու, տնտեսական ու սոցիալական ներկա գործընթացները հեղաշրջելու համար դեպի լիովին մարդկային արդյունքի:

[1] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Լատինական Ամերիկայի և Կարայիբների Եպիսկոպոսների Ընդհանուր Հինգերորդ Սյունհոդոսի աշխատանքների բացման արարողությանը» (13 Մայիս 2007): Insegnamenti III, 1 (2007), 854-870.
[2] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 3-5: AAS 59 (1967), 258-260.
[3] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 6-7: AAS 80 (1988), 517-519.
[4] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 14: AAS 59 (1967), 264.
[5] Բենեդիկտոս ԺԶ, Կոնդակ «Deus caritas est», 18: AAS 98 (2006), 232.
[6] Նույն, թիվ 6: AAS 98 (2006), 222.
[7] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Հռոմեական Վարչակազմի անդամներին, Սուրբ Ծննդյան շնորհավորանքների ներկայացման կապակցությամբ» (22 Դեկտեմբեր 2005): Insegnamenti I (2005), 1023-1032.
[8] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 3: AAS 80 (1988), 515.
[9] Հմմտ. Նույն, թիվ 1: AAS 80 (1988), 513-514.
[10] Հմմտ. Նույն, թիվ 3: AAS 80 (1988), 515.
[11] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Laborem exercens», 3: AAS 73 (1981), 583-584.
[12] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 3: AAS 73 (1981), 794-796.
[13] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 3: AAS 59 (1967), 258.
[14] Հմմտ. Նույն, թիվ 34: AAS 59 (1967), 274.
[15] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Humanae vitae», 8-9: AAS 60 (1968), 485-487; Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ "Humanae vitae" Կոնդակի քառասնամյակի կապակցությամբ կազմակերպված Միջազգային Խորհրդաժողովի Մասնակիցներին» (10 Մայիս 2008): Insegnamenti IV, 1 (2008), 753-756.
[16] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Evangelium vitae», 93: AAS 87 (1995), 507-508.
[17] Նույն, թիվ 101: AAS 87 (1995), 516-518.
[18] Պողոս Զ, Առաք. Հորդոր «Evangelii nuntiandi», 29: AAS 68 (1976), 25.
[19] Նույն, թիվ 31: AAS 68 (1976), 26.
[20] Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 41: AAS 80 (1988), 570-572.
[21] Հմմտ. Նույնը: Ինչպես նաև՝ Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 5.54: AAS 73 (1981), 799.859-860.
[22] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 15: AAS 59 (1967), 265.
[23] Հմմտ. Նույն, թիվ 2: AAS 59 (1967), 258; Լևոն ԺԳ, Կոնդակ «Rerum novarum»: Leonis XIII P.M. Acta, XI, Romae 1892, 97-144; Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Sollicitudo rei socialis», 8: AAS 80 (1988), 519-520; Նույն, Կոնդակ «Centesimus annus», 5: AAS 73 (1981), 799.
[24] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 2.13: AAS 59 (1967), 258.263-264.
[25] Նույն, թիվ 42: AAS 59 (1967), 278.
[26] Նույն, թիվ 11: AAS 59 (1967), 262; Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 25: AAS 73 (1981), 822-824.
[27] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 15: AAS 59 (1967), 265.
[28] Նույն, թիվ 3: AAS 59 (1967), 258.
[29] Նույն, թիվ 6: AAS 59 (1967), 260.
[30] Նույն, թիվ 14: AAS 59 (1967), 264.
[31] Նույնը: Հմմտ. Հովհաննես Պողոս Բ, Կոնդակ «Centesimus annus», 53-62: AAS 73 (1981), 859-867; Նույն, Կոնդակ «Redemptor hominis», 13-14: AAS 71 (1979), 282-286.
[32] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 12: AAS 59 (1967), 262-263.
[33] Վատիկան. Բ Համ. Ժողով, Հով. Սահմ. «Gaudium et spes», 22.
[34] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 13: AAS 59 (1967), 263-264.
[35] Հմմտ. Բենեդիկտոս ԺԶ, «Ճառ Իտալիայի Եկեղեցու Ազգային Եկեղեցային Չորրորդ Համագումարի մասնակիցներին» (19 Հոկտեմբեր 2006): Insegnamenti II, 2 (2006), 465-477.
[36] Հմմտ. Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 16: AAS 59 (1967), 265.
[37] Նույնը:
[38] Բենեդիկտոս ԺԶ, «Քարոզ Բառանգառույի նավահանգստում հավաքված երիտասարդներին»: L'Osservatore Romano, 18.07.2008, p. 8.
[39] Պողոս Զ, Կոնդակ «Populorum progressio», 20: AAS 59 (1967), 267.
[40] Նույն, թիվ 66: AAS 59 (1967), 289-290.
[41] Նույն, թիվ 21: AAS 59 (1967), 267-268.
[42] Հմմտ. Նույն, թիվ 3.29.32: AAS 59 (1967), 258.272.273.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։