Պողոս Վեցերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Վեցերորդ Պապ

Պողոս Վեցերորդ Պապը (1963-1978) ջանում էր Եկեղեցու մարեմաբանությունը ներկայացնել և արժևորել Վատիկանյան Երկրորդ Ժողովի լույսի ներքո և համամիութենական նոր հեռանկարի տեսանկյունից դիտված: Իր առաջին «Ecclesiam Suam» - «Իր Եկեղեցին» կոչվող Կոնդակում նա Մարիամին համարում է քրիստոնեական կատարելության տիպարը, իսկ Մարիամի «հանդեպ ջերմեռանդությունը՝ գերազանցապես կարևոր՝ Ավետարանի կյանքով ապրելու համար»[1]:

1964թ.ի Նոյեմբերի 21-ին՝ Վատիկանյան Երկրորդ Ժողովի երրորդ նստաշրջանի ավարտին, Պողոս Վեցերորդը Մարիամին հռչակեց «Եկեղեցու Ամենասուրբ Մայր, այսինքն՝ Աստծո ամբողջ ժողովրդի՝ թե՛ աշխարհականների և թե՛ քահանաների, Մայր»[2]:

1965թ.ի Ապրիլի 29-ի «Մայիս ամիսը» («Mense Maio») Կոնդակում Պողոս Վեցերորդը խոսում է Մարիամի դերի մասին՝ Եկեղեցու կյանքում, մասնավորապես մայիսյան ջերմեռանդությունների համատեքստում: Նա գրում է, որ Մարիամին պետք է իսկապես համարել այն ճանապարհը, որն Աստծո ժողովրդին առաջնորդում է դեպի Քրիստոսը: Հետևաբար՝ նա, ով հանդիպում է Մարիամին, չի կարող չհանդիպել Քրիստոսին: Պապը բացատրում է, որ Աստված Երկնքի Թագուհուն է վստահել Իր գթասրտության բաշխումը աշխարհում[3]:

Իր 1966թ.ի «Քրիստոսի Մայրը» («Christi Matri») Կոնդակում նա հորդորում է աղոթել Վարդարանը՝ Վիետնամի պատերազմի ավարտի և ատոմային հակամարտության սպառնալիքից խուսափելու դիտավորություններով: «Կարծում ենք, թե ոչինչ այնքան պատշաճ և արժեքավոր չէ, որքան ամբողջ քրիստոնյա ընտանիքի աղոթքն՝ ուղղված Աստվածամորը, որին աղաչում ենք որպես Թագուհի Խաղաղության, որպեսզի հեղի իր մայրական բարության առատ պարգևները այսքա՜ն շատ փորձությունների և դժվարությունների ժամանակաշրջանում: Մենք ուզում ենք, որպեսզի հարատև և ջերմեռանդ աղոթքներ մատուցվեն նրան, ում Վատիկանյան Երկրորդ Ժողովի հանդիսակատարության ժամանակ հայտարարեցինք Մայր Եկեղեցու, հոգևոր ծնող Եկեղեցու»[4]:

Պողոս Վեցերորդը սովորեցնում էր, որ Վարդարանը Ավետարանի ուսմունքի ամփոփումն է: Նրա նոր Ճաշոցն ընդգրկում էր բոլոր նոր մարեմական աղոթքները: Իր 1974թ.ի «Մարեմական բարեպաշտություն» («Marialis Cultus») առաքելական հորդորում Պողոս Վեցերորդը դարձյալ քաջալերում է մարեմական ջերմեռանդությունները՝ հատկապես ընդգծելով Հրեշտակն Տեառն և Վարդարանի աղոթքները: Մարիամն արժանի է ջերմեռանդական նվիրման, քանի որ շնորհների Մայր է և բացառիկ դեր ունի Փրկագործության մեջ: Ֆաթիմայում Մարիամի երևման հիսուներորդ հոբելյանի առիթով Պողոս Վեցերորդը ուխտագնացություն կատարեց դեպի Ֆաթիմա և այդպիսով եղավ առաջին Պապը, ով այցելեց Ֆաթիմա:

[1] Պողոս Վեցերորդ, Կոնդակ Իր Եկեղեցին, 58.
[2] Leo Cardinal Scheffczyk, Vaticanum II, in Remigius Bäumer, Leo Scheffczyk (Hrsg.), Marienlexikon Gesamtausgabe, Institutum Marianum Regensburg, 1994, p. 568.
[3] Պողոս Վեցերորդ, Կոնդակ Մայիս ամիսը, 2.
[4] Պողոս Վեցերորդ, Կոնդակ Քրիստոսի Մայրը, 8.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։