– Գրադարան – Mashtoz.org

ՄԱՐԻԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Այս հոդվածում համառոտ կերպով ներկայացված են Բողոքականության մի քանի ազդեցիկ ներկայացուցիչների տեսակետները Սուրբ Կույս Մարիամի մասին, մինչդեռ դժվար, կարելի է ասել անհնարին է ամփոփել և ընդհանուր բան ասել Բողոքականության մեջ Մարիամի տեղի, դերի ու նշանակության մասին, քանի որ բողոքական դավանական ուղղությունների թիվը շատ մեծ է՝ բազմաթիվ գաղափարական տարբերություններով հանդերձ:

Նախալյութերական շրջանի գործիչ, անգլիացի աստվածաբան, նակին քահանա Ջոն Ուիքլիֆը (1328-1384), որ համարվում է Տասնվեցերորդ դարում ծագած բողոքականության հիմնական նախակարապետներից մեկը, Մարիամի վերաբերյալ իր քարոզներում գրում է. «Իմ համար անհնարին է թվում, որ մենք կարող ենք ստանալ Երկնքի պարգևներն առանց Մարիամի օգնության: Չկա ո՛չ մի սեռ կամ տարիք, ո՛չ մի պաշտոն կամ դիրք, ո՛չ ոք մարդկային ցեղի մեջ, որ կարիք չունենա խնդրելու Սուրբ Կույսի օգնությունը»[1]:

 

Մարտին Լյութեր

Բողոքականության պաշտոնական հիմնադիր նկատվող Մարտին Լյութերը (1483-1546), թեև Ընդհանրական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ վիճաբանում էր Մարիամի և Սրբերի հետ կապված աստվածաբանական և բարեպաշտական կետերի շուրջ, բայց ընդունում էր Տիեզերական Ժողովների ձևակերպումները և մարեմական վարդապետությունները: Նա համոզված էր Մարիամի մշտնջենավոր կուսության և Աստվածածին, Աստվածամայր լինելու մեջ: Հատկանշական է, որ Լյութերը համոզված էր նաև Մարիամի Անարատ Հղացյալ լինելու մեջ, թեև Ընդհանրական Եկեղեցին այդ դոգման ընդունեց միայն 1854թ.ին: Որոշ մասնագետներ, սակայն, այն կարծիքին են, թե Լյութերը կյանքի վերջին տարիներին փոխել է իր դիրքորոշումը Անարատ Հղության վերաբերյալ, բայց վստահ է եղել Մարիամի անմեղության մեջ՝ իր ողջ կյանքի ընթացքում: Կույսի Վերափոխման մասին Լյութերը կասկածներ է ունեցել՝ ասելով, թե Աստվածաշունչը ոչինչ չի ասում դրա վերաբերյալ: Երանելի Կույս Մարիամին պատվելով հանդերձ, Լյութերը քննադատում էր եկեղեցական այդ ժամանակվա սովորույթները, ասելով՝ որ ջնջվում է մի կարևոր գիծ, որը բաժանում է մարդու մեջ գործող Աստծո շնորհի հանդեպ պաշտամունքը՝ մարդկային արարածի հանդեպ պաշտամունքից, թեև նա հավատում էր, որ Մարիամը և մյուս Սրբերն ապրում են մահվանից հետո: Այս տրամաբանությունն ավելի զարգացնելով՝ Լյութերը հասավ նրան, որ մինչև իսկ Սրբերի օրերը հիշատակելու, նրանց բարեխոսությունը խնդրելու, ընդ որում նաև Մարիամի բարեխոսությունը խնդրելու համար Ընդհանրական Եկեղեցուն մեղարդեց կռապաշտության մեջ[2]:

 

Ժան Քալվին

Ժան Քալվինը (1509-1564) ընդունում էր Մարիամի մշտնջենավոր կուսությունը և Աստվածածին տիտղոսը: Նա ինքն իրեն համարում էր Մարիամի իսկական հետևորդ, քանի որ, ըստ իրեն, ինքն ազատագրել էր Մարիամին նրա տիտղոսների սխալ գործածումից և Մարիամին անարժան կերպով տրվող չափազանցված պատվից, որը պատշաճ է տալ միայն Քրիստոսին: Քալվինը սովորեցնում էր, թե Մարիամը չի կարող լինել մարդկության փաստաբանը, քանի որ ինքն էլ կարիքն ունի աստվածային շնորհների, ճիշտ այնպես՝ ինչպես բոլոր մարդկային արարածները: Փաստը, որ Ընդհանրական Եկեղեցին Մարիամին պատվում է որպես Երկնքի Թագուհի, ապա դա, ըստ նրա, սրբապղծություն է և հակառակ է անձամբ Մարիամի իսկ դիտավորություններին, քանի որ այդ դեպքում – կրկին, ըստ նրա – Մարիամին են փառաբանում և ո՛չ թե Աստծուն:

Քալվինը մտահոգ էր, թե Եփեսոսի Ժողովի կողմից հաստատված Աստվածածին տիտղոսը կարող էր սխալ գործածվել՝ տեղի տալով ծայրահեղությունների:

 

Քառլ Բառթ

Քառլ Բառթը (1886-1968) Քսաներորդ դարի բողոքական ականավոր աստվածաբաններից էր: Բառթն ամբողջովին ընդունում էր Մարիամի Աստվածածին լինելու մասին դոգման, որ գալիս էր ընդհանուր դոգմատիկ ավանդությունից, ինչպես ինքն էր բացատրում: Ըստ նրա, Մարիամի միջոցով Հիսուսը պատկանում է մարդկային ցեղին, Հիսուսի միջոցով Մարիամը Աստծո Մայրն է: Բառթը ընդունում էր նաև Ավետումը և Մարիամի արգանդում Հիսուսի կուսական հղացումը: Սա նշանակում է, բացատրում է Բառթը, որ Հիսուսը՝ որպես մարդ, հայր չունի, և Հիսուսը՝ որպես Աստծո Որդի, մայր չունի: Սուրբ Հոգին, Ում շնորհիվ Մարիամը հղացավ, ինչ-որ մի հոգի չէր, այլ՝ Աստված Ինքն էր, Ում ներգործությունը հարկավոր է հասկանալ որպես հոգևոր գործողություն և ո՛չ թե ֆիզիկական[3]: Մարիամը «լի է շնորհներով», բայց այդ շնորհը վաստակված չէ, այլ՝ պարգևված է Մարիամին: Մարիամի մշտնջենավոր կուսության մասին վարդապետության վերաբերյալ Բառթը բացատրում էր, թե Եկեղեցին որդեգրել է այդ դիրքորոշումը ո՛չ թե Մարիամի պատճառով, այլ՝ ի պաշտպանություն քրիստոսաբանության: Ընդհանրական Եկեղեցու կողմից Մարիամին պատվելը, սակայն, Բառթը համարում էր «սարսափելի սխալ և կռապաշտական հերձված»:

 

Անգլիացի բողոքական մեթոդիստ Ջեյմս Դաննը ևս (1939-2020) բացասաբար է խոսում Մարիամին և Սրբերին պատվելու և աղոթելու Ընդհանրական Եկեղեցու դարավոր ավանդության մասին: Այս կարծիքն ունեն բողոքականության այժմյան բոլոր հարանվանությունները՝ Կաթոլիկ, Օրթոդոքս և Արևելյան մյուս բոլոր Եկեղեցիներին մեղադրելով Երանելի Կույս Մարիամին տրված չափազանցված և կռապաշտության նմանվող պատվի ու նվիրման մեջ, որը, ըստ նրանց, ո՛չ միայն տեղին չէ և ծայրահեղական է, այլև կարող է քրիստոնյայի ուշադրությունը շեղել Աստծո հանդեպ նվիրումից և սիրուց: Բողոքականները դա անվանում են «մարիոլատրիա», այսինքն՝ Մարիամի պաշտամունք: Քսանմեկերորդ դարում որոշ բողոքական ուղղություններ այս տեսակետը մեղմել են, իսկ ոմանք, ընդհակառակը, առավել խստացրել:

[1] Herbermann, Charles, ed. (1913), Devotion to the Blessed Virgin Mary.
[2] Տե՛ս Luther's Works, 47, p. 45f; տե՛ս նաև Lutherans and Catholics in Dialogue VIII, p. 29.
[3] Տե՛ս K. Barth, Kirchliche Dogmatic I, 2, p. 219.
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։