ՅՈՒՐԻ ԲՈՒՈՆՈ – Գրադարան – Mashtoz.org

ՅՈՒՐԻ ԲՈՒՈՆՈ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԵՆ
Գիտական արդի մեծամեծ զարգացումներն ու առաջընթացը արդյունքը չեն անցյալի (և Եկեղեցու) հետ կապը կտրուկ կերպով խզելու, դրանցից հեռանալու ու մի նոր ճանապարհ որդեգրելու, այլ ընդհակառակն՝ վեր են խոյանում անցյալ դարերում նետված հիմքերի վրա։
 
 
«Եթե կարողացա տեսնել հեռուն», գրում է Իսահակ Նյուտոնը, «դրա պատճառն այն է, որ նստած էի հսկաների ուսին»։ Ավելի քան մեկ դար տևած ուսումնասիրություններից հետո, գիտության պատմաբանները փորձել են ճշտել, թե ովքեր են այդ հսկաները, որոնց մասին խոսում է Նյուտոնը, մինչև որ կազմել են ցանկը բազմաթիվ գիտնականների, որոնք ապրել են Միջնադարում։ Նրանց գյուտերը, փորձարկումներն ու մտորումները կարևորագույն դեր են խաղացել Նյուտոնի օրենքների և ձգողականության օրենքի հետագա սահմանման համար։ Դժբախտաբար, Նյուտոնի միջնադարյան ռահվիրաների անուններն առավել հայտնի են ակադեմիական շրջանակների ներսում, մինչդեռ արդի գիտության ծննդի վերաբերյալ ժողովրդի զանգվածային գիտելիքներն իրենց վրա տակավին կրում են Քսաներորդ դարի իդեոլոգիական պրոպագանդայի ապատեղեկատվական կնիքը։
 
Ահա թե ինչու համընդհանուր հավանության են արժանանում այնպիսի գրքերը, ինչպիսին է «Գիտության ծնունդը։ Թե ինչպես Քրիստոնեական Միջնադարը սկիզբ տվեց Գիտական Հեղափոխությանը» (JAMES HANNAM, The Genesis of Science: How the Christian Middle Ages Launched the Scientific Revolution)։ Բնօրինակը լույս է տեսել Անգլիայում 2009 թվականին, 2011 թվականին հրատարակվել է Միացյալ Նահանգներում, որից հետո սկսվել են այլալեզու բազմաթիվ թարգմանությունները։
Գեղեցիկ և գրավիչ ոճով շարադրված այդ գիրքը պատմում է Միջնադարյան գիտության տակավին անհայտ պատմությունը. նրա էջերում կրկին կենդանանում են բազմաթիվ դրվագներ, նաև Էլոյիզայի ու Աբելարդոսի սիրո ողբերգական պատմությունը, և հանդիպում են բազմաթիվ ա՛յլ, առավել կամ նվազ հայտնի կերպարներ ևս, որոնցից են մաթեմատիկոս եպիսկոպոս Թոմաս Բրադվարդինը, կախարդ ու մոգ Ջորդանո Բրունոն և, բնականաբար, Գալիլեո Գալիլեյը։
Հեղինակը, գիտության անգլիացի պատմաբան Ջեյմս Հաննամը, սիրով համաձայնվեց պատասխանել մեր մի քանի հարցերին։
 
Ի՞նչը Ձեզ դրդեց գրելու «Գիտության ծնունդը» գիրքը։
Ես նախևառաջ մասնագիտացել եմ ֆիզիկական գիտությունների բնագավառում։ Անձամբ, ոչ մի բախում, ընդհարում կամ անհաշտություն երբևէ չեմ նկատել գիտության և իմ քրիստոնեական համոզումների միջև։ Գոյություն ունի, սակայն, կարծրատիպ դարձած այն կարծիքը, որի համաձայն՝ գիտությունն ու կրոնը իբր թե կառուցվածքային անհամատեղելիության վիճակի մեջ են գտնվում, և հատկապես Կաթողիկե Եկեղեցին իբր թե արգելակել է գիտական զարգացումը։ Նման կարծիքներից մղված՝ մերձեցա գիտության պատմության ուսումնասիրությանը, հասկանալու համար, թե ինչպե՞ս և ե՞րբ է ձևավորվել «անհաշտելիության» այս տեսակետը։ Քննության վերցրածս առաջին գրքերից մեկը եղավ Դեյվիդ Լինդբերգի «Արևմտյան Գիտության Սկզբնավորությունը» (The Beginning of Western Science) աշխատությունը։
Այդ աշխատությունը կենտրոնացած էր Հին Հռոմի և դասական շրջանի Հունաստանի գիտության վրա (դրա համար էի գնել այդ գիրքը), բայց մի քանի բան ասում էր նաև Միջնադարյան գիտության մասին, որի վերաբերյալ, այդ տարիներին, ես ինքս ոչինչ չգիտեի։ Մեծ զարմանքով բացահայտեցի, որ այդ դարերում գոյություն է ունեցել գիտական մի աշխույժ ու խանդավառ գործունեություն, որը հիմնական կարևորություն է ունեցել արդի գիտության գալուստը նախապատրաստելու գործում։ Տարածված կարծիքը, թե իբր Միջնադարը սնոտիապաշտական ճահճացման դարաշրջան է եղել, իսկ կրոնը թշնամական կեցվածք է ունեցել գիտության նկատմամբ, պարզորեն երևացին իբրև անհիմն առասպելներ, որոնք ոչ մի փաստարկ ու ապացույց չունեն իրական, չկեղծված պատմության մեջ։ Կար, ուստի, մի պատմություն, որը տակավին սպասում էր, որ իրեն հայտնի դարձնեին, և ես որոշեցի, որ նպատակահարմար էր պատմական ամենաարդի ուսումնասիրությունների արդյունքները հասցնել ընթերցողների լայն շրջանակներին, ընտրելով ոչ-ակադեմիական, բոլորին հասանելի մի ոճ։
 
Եթե ճիշտ հասկացա, Դուք ասում եք, որ գիտության տեսանկյունից դիտված՝ Միջնադարը բնավ էլ խավար դարաշրջան չի եղել, այլ՝ ընդհակառակը։
Բազմաթիվ անձինք կարծում են, թե Միջնադարյան Եվրոպան իբր բնակեցված է եղել սնոտիապաշտ բարբարոսների մի զանգվածով, որն իբր համոզված է եղել, թե Երկրագունդը հարթ է, իսկ Եկեղեցին իբր թե իր ժամանակն անցկացրել է գիտնականներին այրելով և գիտական զարգացման որևէ փորձ արգելակելով. Պապերը, իրենց հերթին, իբր թե ուշադիր են եղել արգելելի ամեն բան արգելելու, անատոմիայից սկսած մինչև զրո թվի գործածումը։ Յուրաքանչյուր ոք, որ կարծում է, թե գոնե նվազագույն չափով ծանոթ է միջնադարյան գիտական մտքին, երևակայում է, թե ուրիշ ոչ մի բան չի կատարվել այդ ժամանակներում, եթե ոչ միայն՝ արիստոտելական տեսությունների անմիտ ու հիմարամիտ կրկնություն։
Իրականում, մինչդեռ, խոսքը վերաբերվում է գիտական մեծ զարգացումներ գրանցած մի դարաշրջանի. գիտական ձեռքբերումներ, որոնք ամեն կերպ խրախուսվել են Եկեղեցու կողմից, հակառակ ձևավորված այժմյան կարծրատիպերի։ Միջնադարյան գիտնականները գիտությունը մեկնաբանում էին որպես Աստծո արարչությունն ըմբռնելու կերպ և համոզված էին, որ գիտության ուսումնասիրումը նախնական անհրաժեշտ հանգրվան էր աստվածաբանությանը մերձենալու համար։ Կոպերնիկոսի և Գալիլեյի տեսությունների առանցքային տարրերից շատերը նախապես սահմանվել էին Փարիզի և Օքսֆորդի եկեղեցապատկան համալսարաններում, 14րդ դարում։ 17րդ դարի գիտական հեղափոխությունը դա կտրում, հեռացում չէր անցյալից, այլ՝ մի շինարարություն, որ սկսվեց և առաջ տարվեց նախորդ դարերում նետված հիմքերի վրա։
 
Ի՞նչ եք պատասխանում նրանց, ովքեր հիշատակում են Գալիլեյի դատապարտումը և դրանով ցանականում են փաստել, թե Քրիստոնեությունը գիտության թշնամին է, կամ առնվազն՝ եղել է։
Իր գործունեության տարիների մեծամասնության ընթացքում Գալիլեյը օգնություն ու քաջալերանք է ստացել Եկեղեցու կողմից։ Իր աստղադիտակով կատարված աստղագիտական բացահայտումների համար գովաբանվել է Հիսուսյանների կողմից և, սկզբնական շրջանում, Ուրբանոս Ութերորդ Պապի անձնական մտերիմների շարքում էր։ Գալիլեյը, սակայն, կարողացավ վանել իրենից իր համախոհների ու Պապի համակրանքը։ Չեմ ասում, թե Գալիլեյի դատապարտումը – որն իրականում բավականին մեղմ է եղել – ահավոր սխալ չի եղել եկեղեցական իշխանության կողմից։ Ավելի շուտ հաստատում եմ, որ այդ դատապարտումն ավելի քաղաքական բնույթ է ունեցել, ավելի քաղաքականությանն է վերաբերվել, քան թե գիտությանը։ Հետևաբար, սա փաստարկ չէ այն բանի, թե գիտության և քրիստոնեական հավատքի աշխարհներն իբր թե անխուսափելի բախման ու ընդհարումների մեջ են։ Իմ «Գիտության ծնունդը» գրքի վերջին երեք գլուխները նվիրված են հենց Գալիլեյին, նրա դեմ գումարված դատին և Գալիլեյի միջնադարյան ռահվիրաների կողմից մշակված գիտական այն բոլոր տվյալներին, որոնցից նա ընդարձակ կերպով օգտվել է, առանց սակայն հստակ կերպով նշելու այդ աղբյուրները։
 
Կասե՞ք, թե որքան ժամանակ է տևել ուսումնասիրությունը, և թե ինչպիսի մեթոդով եք այն առաջ տարել։
Տևել է հինգ տարի։ Բավական գրականություն եմ կարդացել լատիներեն լեզվով, որը մտավորական դասակարգի լեզուն էր Միջնադարում։ Կամեցա ձեռքբերել պատմագիտության ակադեմիական պատշաճ որակավորում։ Ուստի մասնագիտացա այդ ուղղությամբ և Գիտության Պատմության և Փիլիսոփայության Դոկտորի աստիճան ստացա Քեմբրիջում, որտեղ անցկացրածս տարիների ընթացքում հնարավորությունն ունեցա մտքեր փոխանակելու բազմաթիվ գիտաշխատողների և ուսումնասիրողների հետ։ Աշխատանքիս ամենաոգևորիչ մասը եղավ Օքսֆորդի և Քեմբրիջի ամենահին գրադարաններում պահվող թանկարժեք ձեռագրերի հավաքածուների ուսումնասիրությունը։
 
Ա՛յլ առիթներով Դուք նաև ասել եք, որ բավական թվով ճամփորդություններ էլ եք կատարել՝ Ձեր ուսումնասիրության համար օգտակար նիւթեր հավաքելու համար։ Եղել եք նաև Իտալիայո՞ւմ։
Չքմեղանքների կարիք չունեմ՝ Իտալիա այցելելու համար։ Գրքի շարադրման ընթացքում բազմաթիվ վայրեր եմ այցելել Իտալիայում, որոնք առնչվում են իմ գրքում քննարկվող նյութերին։ Օրինակ, Պադովայի Անատոմիական Թատրոնը, ուր գործել է Անդրեա Վազելիոն և ուսանել է Ուիլլիամ Հարվեյը, որն հետո բացահայտել է արյան շրջանառությունը։ Այցելել եմ Հռոմում գտնվող նշանակալի վայրերը, ուր կատարվել է Գալիլեյի դատավարությունը, իսկ Ֆլորենցիայում տեսել եմ իր օրիգինալ աստղադիտակները, որոնք պահվում են Գիտության Պատմության սքանչելի Թանգարանում։ «Գիտության ծնունդը» գրքում կամեցել եմ ցույց տալ, թե ինչպես է քրիստոնեական միջնադարյան ողջ Եվրոպան – Իսպանիայից մինչև Լեհաստան, Անգլիայից մինչև Իտալիա – նպաստել արևմտյան գիտության զարգացմանը։ Դա իրոք մի ողջ աշխարհամասի պատմությունն է։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։