– Գրադարան – Mashtoz.org

ՀԱՅՐ ԺՈՐԺ ԼԸՄԵԹՂ, ԲԻԳ ԲԵՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ, ՈՎ ՓՈԽԵԼ ՏՎԵՑ ԱԼԲԵՐՏ ԱՅՆՇԹԱՅՆԻ ՄԻՏՔԸ
Մի քանի օր առաջ (Հուլիսի 17-ին) Գուգըլը ևս հանդիսավոր կերպով նշեց Գերհարգելի Հայր Ժորժ Լըմեթղի ծննդյան տարեդարձը ( տե՛ս այստեղ ), ով համարվում է Բիգ Բենգի գիտական տեսության հայրը և նա, ով մեկնարկ տվեց տիեզերագիտության ժամանակակից դարաշրջանին։ Բելգիացի քահանան և ֆիզիկոսը ո՛չ միայն մարդկային ողջ պատմության գիտական ամենամեծ հեղափոխականներից մեկն է, ո՛չ միայն գիտության և քրիստոնեական հավատքի միջև համաձայնության համաշխարհային օրինակներից մեկը, այլ նաև նա, ով, մեծագույն խոնարհությամբ, սրբագրեց և ուղղեց իր գործընկեր Ալբերտ Այնշթայնին։ Հիմնականում երեքն են եղել Լըմեթղի ու Այնշթայնի հրապարակային հանդիպումները, որոնց ընթացքում բելգիացի կաթոլիկ քահանան հարաբերականության տեսության հեղինակին դարձի բերեց տիեզերքի սկզբնավորման և շարունակական ընդարձակման տեսությանը։
 
Ծնվել է 1894 թվականին Շառլռուայում և մանուկ հասակում արդեն դրսևորել է վառ հետաքրքրություն և՛ կրոնական կյանքի, և՛ գիտական ուսումնասիրությունների նկատմամբ։ 9 տարեկան հասակում որոշել է քահանա դառնալ, բայց միաժամանակ հետևել է ծնողների խորհրդին և ուսումները շարունակել է Հիսուսյան Միաբանությանը պատկանող կրթօջախներում։ 1922 թվականին գիտական մի թեզ է հրատարակել Այնշթայնի ֆիզիկայի մասին, որի արդյունքում տեղափոխվել է Քեմբրիջի Համալսարան (ՄԹ) որպես աստղագիտության բաժնի գիտաշխատող։ Գրեթե միաժամանակ ձեռնադրվեց կուսակրոն քահանա, 1923 թվականի Սեպտեմբերին, 29 տարեկան հասակում։ Սկսեց համագործակցել համբավաշատ աստղաֆիզիկոս Արթուր Էդդինգթընի հետ և, 1927 թվականին, առաջին անգամ լինելով խոսեց (Բրյուքսելի Գիտական Ընկերության Տարեգրքում – Annales de la Société Scientifique de Bruxelles) այն օրենքի մասին, որ այսօր հայտնի է Հաբլի Օրենք անվամբ և որ վերաբերվում է արագությանը, որով գալակտիկաները հեռանում են միմյանցից (միգամածությունների ռեցեսիան)։
 
Այսպիսով հասնում ենք Լըմեթղի ու Այնշթայնի առաջին հանդիպմանը։ 1927 թվականն է և աշխարհի բոլոր ամենակարևոր ֆիզիկոսները հանդիպում են Բրյուքսելում անցկացվող Սոլվեյի հանրահայտ գիտաժողովում։ Երկուսով երկար զրուցում են, բայց հրեական արմատներով գերմանացի ֆիզիկոսը, հաստատելով հանդերձ ընդհանուր հարաբերականության վերաբերյալ Լըմեթղի հավասարումների ճշտությունը, փիլիսոփայական տիպի կասկածանք է ցուցաբերում ընդարձակվող տիեզերքի գաղափարի վերաբերյալ, ասելով. « Հաշվարկները ճիշտ են, բայց ֆիզիկայի Ձեր ըմբռնումը խորշելի է »։ Այնշթայնը տակավին չափազանց սիրահարված էր մնում հավիտենական ու անփոփոխ տիեզերքի գաղափարին։ Լըմեթղը չի պատասխանում քննադատությանը, մինչև 1929 թվականը, երբ Հաբլը հրատարակում է մի աշխատություն, ուր ներկայացնում է տիեզերքի ընդարձակման մեծագույն փաստն ու ակնհայտությունը, հակառակվելով այդ ժամանակ գրեթե բոլորի կողմից ընդունված տեսությանը։ 1931 թվականին Լըմեթղը պատասխանում է առաջ քաշված քննադատություններին, « Nature » գիտական անվանի պարբերականի համար պատրաստված մի փաստաթղթում. « Աշխարհի սկիզբը », եզրակացնում է, « տեղի է ունեցել տարածության և ժամանակի սկզբից մի քիչ առաջ »։ Սա առաջին հստակ ձևակերպումն էր « սկզբնածին ատոմի » տեսության, որը միշտ ավելի հստակ գիտական ապացույցներ գտավ և հաջորդ տարիների ընթացքում ընդունվեց գիտնականների ճնշող մեծամասնության կողմից։ Ոմանք, հասկանալի է, ընդդիմացան. հատկապես սովետական ''գիտնականները'', որոնք այս « ռելատիվիստական տիեզերաբանությունը » որակավորեցին իբրև « ծպտված աստվածաբանություն », կրոնի հետ չափազանց դաշնակից տեսություն, մի վերաթողարկում « տիեզերքի կղերական հին տեսության, որի համաձայն տիեզերքը շարժվում է միայն մի ուղղությամբ (սկիզբից դեպի վերջը) »։ Անգլիացի աստղագետ Ֆրեդ Հոյլեն նույնպես հակառակվեց բելգիացի կաթոլիկ քահանա Լըմեթղի տեսությանը և այն արհամարհանքով անվանեց « Big Bang », Մեծ Պայթյուն։
 
Լըմեթղը հանրահայտ դարձավ և իր բազմաթիվ դասախոսություններից մեկի ժամանակ, Կալիֆորնիայում, նրան ունկնդրելու գնաց հին մտերիմ Այնշթայնը։ 1932 թվականն էր, Փասադենայում, և սա երկուսի երկրորդ շրջադարձային հանդիպումն էր։ Ժամեր շարունակ զբոսնեցին, զրուցելով ֆիզիկայի և Գերմանիայում տիրող իրավիճակի շուրջ։ Այնշթայն առաջին անգամ լինելով ընդունեց Տիեզերքի ընդարձակման գաղափարը, թեև տակավին չէր կարողանում ''մարսել'' սկզբնածին ատոմի տվյալը, կասկածելով, որ կաթոլիկ քահանան գուցեև լիովին օբյեկտիվ չէ գիտական հարթության վրա։ Գերմանացի ֆիզիկոսն, իրոք, Լըմեթղի տեսությունը գնահատեց որպես « արարչության քրիստոնեական դոգմայից ներշնչված և ֆիզիկայի հարթության վրա չարդարացված »։ Այն աստիճան, որ իր մտերիմին ու գործընկերոջն ուղղեց հանրահայտ դարձած նախադասությունը. « Այս ամենը չափազանց նման է Ծննդոց գրքի պատմությանը, և հստակ երևում է, որ քահանա եք »։
 
Այնշթայնի ու Լըմեթղի երրորդ և վերջին հանդիպումը տեղի ունեցավ հաջորդ տարի, 1933 թվականին։ Երբ Լըմեթղը իր դասախոսությունն ավարտեց Կալիֆորնիայի Ուիլսըն լեռան Աստղադիտարանում, Այնշթայնը ոտքի կանգնեց և, ծափահարելով, ասաց. « Սա տիեզերքի ծագման ամենագեղեցիկ ու ամենագոհացուցիչ բացատրությունն է, որ երբևէ լսել եմ »։
 
Իրականում, հաղորդակցության դեռ բազմաթիվ առիթներ եղան նրանց միջև, որոնք սակայն կապված էին պատմական իրադարձությունների ողբերգական ընթացքին. Գերմանիայում նացիզմի առաջխաղացման հետևանքում Այնշթայնը հրաժարվեց գերմանական քաղաքացիությունից և Լըմեթղը, նրան օգնելու համար, նրան հրավիրեց Բրյուքսել, ուր մի շարք գիտաժողովներ կազմակերպեց նրա մասնակցությամբ։ Իր հերթին, Այնշթայնը փոխադարձեց մարդկային ու գիտական հարգանքով, պաշտպանելով բելգիացի կաթոլիկ քահանայի թեկնածությունը Ֆրանքուի կարևոր մրցանակին, որը Լըմեթղին իսկապես տրվեց 1934 թվականին (F. Agnoli, Filosofia, religione e politica in Albert Eintein, ESD 2015, p. 35)։
 
Հայր Ժորժ Լըմեթղը հետագայում տարբեր պաշտոններ ստացավ Վատիկանի Գիտությունների Պապական Ակադեմիայում, դառնալով Պիուս Տասներկուերորդ Պապի անձնական խորհրդականը (ով դինամիկ Տիեզերքի և Մեծ Պայթյունի գաղաարի հանդեպ իր « համակրանքը » հայտնեց 1951 թվականի Նոյեմբերի 22-ին) և այդ նույն Ակադեմիայի նախագահը դարձավ 1960 թվականին։ Մահացավ 1966 թվականին, 71 տարեկան հասակում, երկու տարի անց այն բանից հետո, երբ ստացվեց լուրը, որ բացահայտվել է տիեզերական մնացորդային ճառագայթումը, որը վերջին վճռորոշ փաստարկն էր հօգուտ իր տիեզերաբանական տեսության և հաշվարկների ճշգրտության։ « Քրիստոնյան », գրել է, « թերևս առավելությունն ունի իմանալու, որ առեղծվածն ունի մի լուծում, որ [...] գործն է մի բանական էակի, որ բնության խնդիրը կարող է լուծվել և որ դրա դժվարությունն անկասկած համաչափ է մարդկության ներկա կամ ապագա կարողությանը։ Այս ամենը գուցեև չի տա նրան նոր միջոցներ իր փնտրտուքի մեջ, բայց կնպաստի նրան առողջ լավատեսության մեջ պահելու գործին, առանց որի անհնարին է երկար ժամանակ պահպանել եռանդուն հանձնառությունները » (մեջբերված է. O. Godart & M. Heller, Les relations entre la science et la foi chez Georges Lemaitre, Pontificiae Academiae Scentiarum Commentarium, vol. III, n. 21, p.21 )։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։