ԹՈՄ ՀՈԼԼԱՆԴ – Գրադարան – Mashtoz.org

ԹՈՄ ՀՈԼԼԱՆԴ

« ՄԵՐ ԷԹԻԿԱՆ ՍԵՐՈՒՄ Է ՄԻՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ »
2016թ. Սեպտեմբերի 14ին բրիտանական ձախակողմյան «New statesman» պարբերականի էջերում լույս է տեսել այս հոդվածը, որն այստեղ ներկայացնում ենք թարգմանաբար։ Հեղինակը անգլիացի հայտնի ու գնահատված գրող և պատմագետ Թոմ Հոլլանդն է, ով այս խոսքերով է ներկայացրել իր վկայությունը. «Շատ ժամանակ հարկավոր եղավ ինձ՝ հասկանալու համար, որ իմ կենսաձևի տարրերը հունական կամ հռոմեական չեն, այլ՝ հիմնովին, և հպարտորեն, քրիստոնեական են»։
 
 
Երբ երեխա էի, իմ քրիստոնեական դաստիարակությունը միշտ ենթակա է եղել իմ խանդավառությունների քմահաճույքին։ Առաջին հերթին, իմ համար գոյություն են ունեցել դինոզավրերը։ Իր ողջ թարմությամբ հիշում եմ ապրածս մտային ցնցումը, երբ Քրիստոնեականի դասի ժամին բացեցի Մանկական Աստվածաշունչը և մի գունավոր նկար տեսա, ուր պատկերված էին Ադամն ու Եվան մի բրախիոզավրի ընկերակցությամբ։ Վեց տարեկան էի ընդամենը, բայց մի բան իմ համար հստակ էր. մարդկային ոչ մի էակ երբեք չի տեսել սաուրոպոդների ընտանիքին պատկանող ոչ մի դինոզավր դրանց կենդանի եղած ժամանակ։ Եվ փաստը, որ ուսուցիչը ոչ մի կարևորություն չէր տալիս այդ սխալին, միմիայն ավելի բորբոքեց իմ զարմանքն ու զայրույթը։ Կասկածի մի թեթև ստվեր, առաջին անգամ լինելով, եկավ մթագնելու իմ քրիստոնեական հավատքը։
 
Խավարը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի թանձրացավ։ Դինոզավրերի հանդեպ ունեցածս մտասևեռումը առանց ընդհատման հեղաշրջվեց ու դարձավ հին կայսրությունների հանդեպ մտասևեռման։ Երբ կարդացի Աստվածաշունչը, իմ հիացմունքի կենտրոնում էին ո՛չ թե Իսրայելի զավակները, կամ Հիսուսը, կամ Իր Առաքյալները, այլ՝ նրանց հակառակորդները. եգիպտացիները, ասորեստանցիները, հռոմեացիները։ Նման ձևով, թեև շարունակեցի մի անորոշ կերպով հավատալ Աստծուն, Նրան համենայն դեպս նվազ հմայիչ էի գտնում, քան Օլիմպոսի իմ նախասիրած աստվածները. Ապոլլոնը, Աթենասը, Դիոնիսոսը։ Օրենքներ հաստատելու փոխարեն՝ նախընտրել են զվարճանալ։ Եվ թեև ներկայանում էին որպես ունայնամիտ գոռոզներ, էգոիստներ ու դաժան ինքնություններ, դա ավելի էր օժտում նրանց ռոք-սթարի վայել հմայքով։
 
Որոշ ժամանակ անց սկսեցի կարդալ Էդուարդ Գիբբոնի և Լույսերի դարաշրջանի ա՛յլ մեծ հեղինակների գործերը, առավել քան պատրաստ էի ընդունելու պատմության վերաբերյալ նրանց կողմից տրված մեկնաբանությունը. իբր Քրիստոնեության հաղթանակը սկիզբ է տվել ''սնապաշտությունների ու դաժանությունների դարաշրջանին'', իսկ արդի դարաշրջանը հիմնված է դասական արժեքների վերականգնման վրա, որոնք երկար ժամանակ մոռացության էին մատնվել։ Մանկական բնազդս, որից մղված՝ աստվածաշնչյան Աստծուն տեսնում էի իբրև ազատության և զվարճությունների ուղղակի թշնամին, վերջապես մտային հանդերձանք ստացավ։ Հեթանոսության պարտությամբ սկիզբ էր առել «նոբոդեդդի»ների և բոլոր հանցագործ խաչակիրների, ինկվիզիտորների և պուրիտանների թագավորությունը։ Գույնն ու հոգեկան բուռն ոգեշնչվածությունը ջնջվել էին աշխարհից։ «Դու հաղթեցիր, ո՜վ գունատ Գալիլիացի», գրել է Սուինբուրնը, արձագանքելով Հուլիանոս Ուրացողի՝ Հռոմի վերջին հեթանոս կայսեր պարականոն ողբին։ «Աշխարհը գորշ դարձավ քո շնչից»։ Բնազդաբար, ընդունեցի այս ամենը։
 
Անակնկալ չէ փաստը, որ շարունակեցի դասական հին դարաշրջանը սրտումս պահպանել որպես այն ժամանակաշրջանը, որը բոլորից ավելի է ինձ խթանել ու ներշնչել։ Տարիները, որոնք անցկացրել եմ դասական աշխարհի մասին պատմական գրքեր գրելով, հաստատում էին այն հմայքը, որ զգում էի Սպարտայի և Հռոմի հանդեպ։ Շարունակեցի իմ երևակայությունների ետևից վազել, ինչպես որ միշտ վարվել էի, դինոզավրի նման։ Եվ սակայն, այդ հսկա մսակերները, թեև սքանչելի էին, բայց իրենց էությամբ իսկ սարսափելի էին։ Որքան ավելի էի խորասուզվում դասական հին դարաշրջանի ուսումնասիրման մեջ, այնքան ավելի էի գտնում այն որպես իմ համար օտար ու խռովեցուցիչ։ Լեոնիդասի արժեքները, որոնք մարդկանց հանգեցրեցին մի յուրահատուկ ձևի ոճրագործ էուգենետիկա գործադրելու և իրենց փոքրերին գիշեր ժամանակ սպանել սովորեցնելու, դրանք իմ արժեքները չէին։ Իմ արժեքները չէին նաև Կեսարի արժեքները, որն հայտնի է մեկ միլիոն Գաղղիացիներ սպանած լինելու և շա՜տ ավելի մարդիկ ստրկացրած լինելու համար։ Իմ համար ապշեցուցիչ էր ո՛չ միայն բացահայտելը ծայրահեղ անխղճությունը, անզգայությունն ու անտարբերությունը, այլ նաև աղքատի կամ տկարի ներքին արժեքի բացակայությունը դասական քաղաքակրթության մոտ։ Այսպիսով, Իլլումինիզմի հիմնական համոզմունքը – այսինքն, որ իբր ոչինչ պարտական չենք այն հավատքին, որի մեջ ծնվել ենք – ինձ միշտ ավելի ու ավելի էր անհիմն թվում։
 
«Յուրաքանչյուր ողջամիտ մարդ», գրում է Վոլտերը, «յուրաքանչյուր պատվավոր մարդ, պետք է խորշանքով նայի քրիստոնեական աղանդին»։ Փոխանակ ընդունելու, որ իր սկզբունքները սերում էին Քրիստոնեությունից, նախընտրեց ասել ու պնդել, թե դրանք սերում էին մի շարք ա՛յլ աղբյուրներից, ո՛չ միայն դասական գրականությունից, այլ նաև չինական փիլիսոփայությունից և բանականության կարողություններից։ Եվ սակայն Վոլտերը, թույլերի ու հարստահարվածների նկատմամբ իր ուշադրության ու հոգատարության հարցում շա՜տ ավելի տևական կերպով է դաջվել աստվածաշնչյան էթիկայի կնիքով, քան որքան կամեցել է խոստովանել։
 
«Մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին», հայտարարում է Պողոս Առաքյալը, «գայթակղություն հրեաների և անմտություն հեթանոսների համար»։ Իրավացի էր։ Իր ժամանակակիցների – հրեաների, հույների կամ հռոմեացիների – խորապես արմատացած համոզումներին ավելի հակասող ուրիշ ոչինչ չէր կարող լինել, քան գաղափարը, որ մի աստված կարող էր ինքնակամ ընտրել ենթարկվել չարչարանքների և խաչի վրա մահվան։ Դա այն աստիճան ցնցող ու գոյություն ունեցող բոլոր մտահամակարգերը տակնուվրա անող գաղափար էր, որ խորշելի էր թվում։ Աստվածաշնչյան Խաչելության հետ ունեցած մեր ընտանությունը մթագնել է մեր խորհրդածելու կարողությունը, թե որքա՜ն ցնցող, գրավող ու եզակի է Քրիստոսի Աստվածությունը։ Հին աշխարհում, աստվածների կողմից իրենց համար պահանջված դերը տիեզերքին իշխելը, կարգուկանոնը պահպանելը և պատիժներ որոշելն էր։ Ո՛չ իրենք անձամբ տառապելը։
 
Այսօր, մինչ Աստծո հանդեպ հավատքը վերանում է ողջ Արևմտյան աշխարհում, երկրները, որոնք մի ժամանակ քրիստոնյա էին, շարունակում են կրել կնիքը երկուհազարամյա այն հեղափոխության, որն իրականացրել է Քրիստոնեությունը։ Սա է գլխավոր պատճառն այն բանի, որ մենք՝ հետ-քրիստոնեական հասարակությունների անդամների մեծամասնությունը, դեռևս շարունակում ենք լիովին համոզված լինել, որ ավելի ազնվական է տառապելը, քան թե տառապանք պատճառելը։ Քրիստոնեության շնորհիվ է, որ լիովին համոզված ենք, որ մարդկային յուրաքանչյուր կյանք հավասար արժեք ունի։ Նայելով իմ էթիկային ու իմ բարոյականությանը՝ սովորեցի ընդունել և խոստովանել, որ ես հույն կամ հռոմեացի չեմ, այլ՝ խորապես ու արմատապես քրիստոնյա եմ, ինչի համար նաև մեծապես հպարտ եմ։
You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։