ՋԵՅՄՍ ՀՈԼԴԸՆ – Գրադարան – Mashtoz.org

ՋԵՅՄՍ ՀՈԼԴԸՆ

«Ես կենսաբան եմ։ Գիտությունը երբեք չի պատասխանել իմ կյանքի իմաստին վերաբերվող հարցին»

Գիտությունը հաճախ մեզ դնում է այնպիսի վիճակի մեջ և մեզ ընձեռում է այնպիսի հնարավորություններ, որ կարողանում ենք ավելի մոտիկից տեսնել և հիանալ գոյությունների գեղեցկությամբ։ Բայց չի կարող պատասխանել հարցին, թե ինչո՞ւ մեր ներսում ունենք գեղեցկության ցանկությունը, կամ ավելի ընդհանուր առմամբ՝ կյանքի իմաստի վերաբերյալ հարցին։ Շատ հստակ կերպով է արտահայտվել կենսաբան Ջեյմս Հոլդընը. « Փաստն այն է, որ գիտությունն ինձ երբեք չի տվել գոհացուցիչ պատասխաններ կյանքի իմաստի ու նպատակի վերաբերյալ, ո՛չ էլ երբևէ ինչ որ մի բան է ասել այն մասին, թե ինչո՞ւ ենք գնահատում գեղեցկությունը կամ սերը »։

Սա շատ տեղին պատասխան է անհավատ նատուրալիստ միջատաբան Է.Օ. Ուիլսընին, որի համաձայն « գիտությունը պարզապես մի ա՛յլ ձեռնարկ չէ, բժշկության, ճարտարագիտության կամ աստվածաբանության նման։ Գիտությունը աղբյուրն է բոլոր գիտելիքների, որ ունենք իրական աշխարհի վերաբերյալ, որը կարող է ճշտվել և միաձև դարձնել նախապես գոյություն ունեցող գիտելիքների հետ » (E.O. Wilson, La conquista sociale della Terra, Cortina 2013, p. 327)։ Ընդհակառակը, բացատրում է Հոլդընը, – ով Միկրոկենսաբանության դոցենտ է համաշխարհային մակարդակով համբավաշատ Մասսաչուսեթսի Համալսարանում (ԱՄՆ) և օվկիանոսագիտական կարևորագույն ուսումնասիրություններ է կատարել և գիտարշավների է մասնակցել օվկիանոսի 2.200 մետր խորություններում, – դոկտորականիս պաշտպանության ժամանակներում արդեն « ինձ բնավ բավարարված չէի զգում. ձեռքբերված արդյունքներն ինձ բնավ չէին գոհացնում, ինչ որ մի բան պակասում էր։ Այսպիսով, հազիվ վերջացրեցի դոկտորականիս պաշտպանությունը, սկսեցի այլընտրանքային կյանքի մի փիլիսոփայություն փնտրել։ Ուսումնասիրեցի կրոնական բազմաթիվ ավանդությունների հիմունքները »։

Այդ ուսումնասիրությունների արդյունքում նա վերագտավ Քրիստոնեական Հավատքը, որից հեռացել էր պատանեկության տարիներին. « Հասկացա, որ քրիստոնեականն էր այն հավատքը, որ ինձ տալիք ինչ որ մի բան ուներ, հատկապես շնորհի, սիրո, ինքնազոհաբերության գաղափարը, և իրողությունը, որ ինչ որ ես անում էի, ներշնչված էր մի մարմնացած ու մարդեղացած աստվածության կողմից, որի վերաբերյալ ես հավատում եմ, որ Հիսուս Նազովրեցին է »։ Այդ պահից սկսած, « ավելի խաղաղություն և ավելի բերկրանք ունեցա իմ կյանքում, սովորելով ուշադիր լինել ուրիշների կարիքներին, փոխանակ հայացքս միայն ինքս իմ վրա, իմ նախապատվությունների վրա սևեռած պահելու։ Հասկանալի է, որ հավատք չունեցող ինչ որ մեկը կարող է ավելի լավ անձնավորություն լինել, քան ես, բայց կարծում եմ, որ հավատքն օգնում է ավելի դրական անհատներ լինելու, քան այն դեպքում, երբ չենք հավատում ոչ մի բանի »։

Հոլդընը մասնագիտությամբ կենսաբան է, իսկ շատերի կարծիքով այդ մասնագիտությունը ամենաքիչն է հարմարվում անձնական հավատք ունենալու գաղափարի հետ, քանի որ էվոլյուցիայի դարվինյան տեսությունը աթեիստների ու անտիթեիստների կողմից շատ հաճախ – սխալ մեկնաբանությամբ կամ թյուր ըմբռնումով – ներկայացվում է որպես կարծեցյալ գիտական փաստարկ ընդդեմ Աստծո հանդեպ հավատքի։ Եվ սակայն, « իրականում, իմ կրոնական փորձառությունը շատ հաշտ ու համերաշխ գոյակցում է իմ մասնագիտական առօրյայի հետ։ Պատճա՞ռը։ Շատ պարզ է. ես համոզված եմ, որ Աստված կամենում է, որ ես անեմ այն, ինչ անում եմ սովորաբար։ Ինչպես նաև, իմ աշխատանքն ինձ օգնում է է՛լ ավելի գնահատելու Աստծուն և այն ամենը, ինչ Նա արել է պատմության մեջ և իմ կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ »։

Պոզիտիվիզմի խաբկանքի մեջ ընկնելը հաճախակի է իր մասնագիտության դաշտում, ինչը որ Հոլդընն ընդունում է. « Գործընկերներ ունեմ, որոնք միշտ շարունակելու են հավատալ միայն այն բաներին, որոնք փորձառական են և, հետևաբար, հավաստելի։ Ճշմարտությունը ճանաչելու իրենց ձևն է։ Ես, սակայն, այդ փիլիսոփայությունը համարում եմ սահմանափակող, քանի որ կան բազմաթիվ ակնհայտ իրողություններ, որ ունենք մեր կյանքում, ինչպիսիք են սերը, գեղեցկությունը, ալտրուիզմը և ինքնազոհաբերումը, որոնք չեն կարող փաստարկվել փորձառական մեթոդով։ Եվ սակայն, մեզնից ոչ ոք չի կասկածում դրանց գոյությանը »։

Հավատք և գիտություն, հետևաբար. ևս մեկ անգամ մի անվանի վկա փաստում է դրանց լիակատար հաշտ ու համաձայն լինելը։ Մի գիտնական, այսինքն՝ մեկը, որին արդի հասարակությունը դիտարկում է – բավական վիճելի կերպով – որպես ճանաչողության ու խելացիության խորհրդանշան ու տիպար օրինակ։ Ով, սակայն, կարևոր է համարում ընդգծելն ու հիշեցնելը. « Աստծուն հավատալը կարող է հիմնավոր, տրամաբանական և ռացիոնալ լինել։ Իբրև հավատքի անձ, ես Աստծո նշանները տեսնում եմ շուրջբոլորս ամենուր։ Երբ մի գիտական բացահայտում եմ կատարում կամ բնության վերաբերյալ ինչ որ մի նոր բան եմ սովորում, միշտ ասում եմ. ''Ա՜՜՜, ուրեմն այսպես է սա ստեղծել Աստված'' »։

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։