ՖԱԲԻՈ ՄԱՆԵՆՏԻ – Գրադարան – Mashtoz.org

ՖԱԲԻՈ ՄԱՆԵՆՏԻ

ԴՆԹ ԵՎ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ։ ԱՍՏԾՈ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԸ
Ատոմային փոշու և վիթխարի գալակտիկաների մեջ գոյություն ունի մի անընդմեջ, անդադար էներգիա, ամենուր տարածված և բոլորին համակող, և միաժամանակ բանական էներգիա։ Արտակարգ չափի բանական էներգիա։ Այն նշմարում ենք, որովհետև նրա մի մասն ենք, և այն անգիտանում ենք՝ միևնույն պատճառով։
Բիլլ Բրայսընը լրագրող է, բնակվում է Միացյալ Նահանգներում և հեղինակն է մի հրաշալի հատորի (ի թիվս այլոց). «Համառոտ պատմություն (գրեթե) ամեն ինչի»։ Դա մի յուրօրինակ ռեպորտաժ է տիեզերքի մասին, մի հաճելի ու կլանող վեպ, որ գիտության մասին պատմում է կոնկրետ և սքանչելիորեն հասկանալի օրինակներով։ Երբ խոսում է սպիտակուցների (պրոտեինների) մասին, մի էջից էլ քիչ տարածքում ամփոփում է փաստն ու ապացույցը այն համակարգված էներգիայի, որին ժողովուրդներն անվանում են Աստված, յուրաքանչյուրն իր լեզվով. «Մենք կարիքն ունենք բազմաթիվ սպիտակուցների, որոնցից յուրաքանչյուրը մի փոքրիկ հրաշք է։ Եթե ի նկատի առնենք հավանականության օրենքները, սպիտակուցները չպետք է նույնիսկ գոյություն ունենային։ Միայն մեկ տեսակի սպիտակուց ստեղծելու համար ամինաթթուները պետք է դասավորվեն հատուկ կարգով և հերթականությամբ։ Ամենասովորական սպիտակուցների մեկին՝ կոլագենին ծնունդ տալու համար հարկավոր է ճշգրիտ հերթականությամբ դասավորել ավելի քան 1.055 ամինաթթու։
Հավանականությունը, որ կոլագենի մոլեկուլը կինքնակազմակերպվի ինքնաբեր, պատահական կերպով, անկեղծ ասած զրոյական է։ Որպեսզի հասկանանք, թե սա որքա՛ն անհավանական է, կարող ենք պատկերացնել մի սովորական «սլոթ մեքենա», ինչպես Լաս Վեգասի հանրահայտ խաղատներում, և մեծացնենք դրա չափերը՝ հասցնելով 27 մետրի, այնպես՝ որ ունենա 1.055 անիվ (սովորական 3-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրի վրա պատկերված կլինեն 20 խորհրդանիշներ (յուրաքանչյուրը 1 սովորական ամինաթթվի փոխարեն)։ Քանի՞ անգամ պետք է աշխատացնենք այս մեքենան, որպեսզի բոլոր 1.055 անիվները կանգ առնեն հարկավոր խորհրդանշանների հարկավոր հերթականությամբ։ Գործնականում, հավիտյանս հավիտենից։ Նույնիսկ եթե անիվների քանակը նվազեցնենք 1.055-ից 200-ի (սա ամինաթթուների ամենասովորական նվազագույն թիվն է մի պրոտեին կազմելու համար), հավանականությունը, որ անիվները կանգ կառնեն հարկավոր խորհրդանշանների հարկավոր հերթականությամբ հավասար է 10-ի 260 աստիճանի (այսինքն 1 և 260 զրո)։ Մի թիվ, որն ինքնին ավելի բարձրաստիճան է, քան տիեզերքում բովանդակված բոլոր ատոմներինը»։
Բրայսընը սա անվանում է մի «փոքրիկ» հրաշք՝ հավանաբար միայն ֆիզիկական չափսերի պատճառով։ Որովհետև այս իրադարձությունը, որ նույնքան անհավանական է՝ որքան որ իրական է, միայն առաջինն է այն անհավատալի դյութանքի, որ կոչվում է կյանք։ Երկրորդն այն է, որ մեր գոյությունը չի բավարարվում միայն մեկ սպիտակուցով, այլ՝ «հարյուր հազարավոր, թերևս մեկ միլիոնի հասնող, որոնցից յուրաքանչյուրը տարբեր է մյուսներից»։ Մեկ միլիոն վիթխարի «սլոթ մեքենաներ», որոնք բոլորը, ''պատահաբար'', կանգ են առնում հարկավոր խորհրդանշանների հարկավոր հերթականությամբ։
Երրորդն այն է, որ սպիտակուցների բացառիկությունը կայանում է և՛ իր ամինաթթուների համաշղթայման մեջ, և՛ այն ճշգրիտ կերպարանքի, որ այդ հերթականությունը պետք է ստանա, մի բան, որը նույնքան աբսուրդ է, որ կարող է կատարվել ինքնաբերաբար։ Չորրորդը – այո՛, այո՛, կա նաև մի չորրորդ բացառիկ կետ – նույն մակարդակի վրա է դնում փիլիսոփաներին և պարզ հավաբույծներին, որոնք կրքոր ջանասիրությամբ տրվում են մարդկությանը հնուց ի վեր հուզած հարցի լուծմանը, թե ո՞րն է առաջինը հայտնվել երկրագնդի վրա, հա՞վը, թե՞ հավկիթը. սպիտակուցները ո՛չ միայն պետք է ունենան հարկավոր կերպարանքն ու հաջորդականությունը, այլ նաև պետք է կարողանան վերարտադրվել։ Գործողություն, որ կատարյալ արդյունավետությամբ իրականանում է ԴՆԹ-ի շնորհիվ։ Գտնվում ենք, հետևաբար, պարադոքսալ իրավիճակի դիմաց. «Սպիտակուցները», գրում է Բրայսընը, «չեն կարող գոյություն ունենալ առանց ԴՆԹ-ի, իսկ ԴՆԹ-ն ոչնչի չի ծառայում առանց սպիտակուցների։ Պե՞տք է, հետևաբար, մտածենք, որ նրանք Երկրագնդի վրա ի հայտ են եկել միաժամանակ, մեկը մյուսին փոխադարձաբար թիկունք կանգնելու նպատակով։ Այս ամենը տրամաբանության համար չպետք է որ տեղի ունենար. և սակայն, այս կամ այն կերպ, բնության մեջ տեղի է ունենում, և ինչպե՜ս»։
Ես ո՛չ գիտնական եմ, ո՛չ քահանա։ Եվ չգիտեմ, թե ինչպիսի՛ կերպարանք ունի Աստված, թե ո՛րն է Նրա գոյության վերջնական նպատակը, թե արդյոք տղամարդու կերպարանք ունի, կամ կնոջ, թե բարի է, կամ վրիժառու, զավակների կյանքին հոգատար հայր է, թե անխուսափելի ճակատագիր։ Կարծում եմ, որ մենք բավարար կարողություններ չունենք Նրան անգամ երևակայելու համար. «Կարծում եմ», որ հավասար է ասելու «Հավատում եմ», և այս բառը առանցքն է ավելի մարդկանց գործերի, քան Ինքնին Աստծո։
 
 

(բնագրի հղումը)

You can watch this video to help the site.
Շնորհակալություն կանխավ։