« ԳՆԱ՛, ՆՍՏԻ՛Ր ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԳՆԱ՛, ՆՍՏԻ՛Ր ՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ »

Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացի (1182-1226). « Չկնքված Կանոնադրություն » (1221), գլուխ 17, § 48-49.

 

[...] Ուստի, մենք՝ բոլոր վանական եղբայրներս, հեռու մնանք որևէ հպարտությունից ու սնափառությունից։ Պաշտպանվենք այս աշխարհի իմաստությունից ու մարմնի խոհեմությունից (հմմտ. Հռմ 8, 6֊7)։

Մարմնական ոգին, արդարև, ցանկանում և շատ է մտահոգվում խոսքեր ունենալով, բայց քիչ՝ դրանք գործադրելով, և հետամուտ է ո՛չ թե հոգու կրոնականությանն ու ներքին սրբությանը, այլ՝ ուզում և ցանկանում է ունենալ մի տեսակ կրոնականություն և մի տեսակ սրբություն, որ արտաքուստ տեսանելի լինի մարդկանց։ Սրանց մասին է, որ Տերն ասում է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նրանք իրենց վարձն արդեն ստացել են» (Մտթ 6, 5)։

Տիրոջ հոգին, մինչդեռ, կամենում է, որ մարմինը սանձված ու արհամարհված լինի, խոնարհեցված ու ցածրացված, և հետամուտ է խոնարհությանը և հոգու մաքուր ու պարզ ու ճշմարիտ խաղաղությանը. և միշտ ցանկանում է հատկապես աստվածային երկյուղն ու աստվածային իմաստությունն ու աստվածային սերը Հոր և Որդու և Սուրբ Հոգու։

Եվ վերընծայենք Բարձրյալ ու Գերագույն Տեր Աստծուն բոլոր բարիքները, և դավանենք, որ բոլոր բարիքներն Իրենն են, և դրանց բոլորի համար շնորհակալություն հայտնենք Իրեն, որովհետև բոլորը սերում են Իրենից։ Եվ միևնույն Ամենաբարձրյալ ու Գերագույն, միակ ճշմարիտ Աստվածը թող որ ունենա, և Իրեն թող որ ընծայվեն, և Ինքն իսկ ընդունի ամեն պատիվ ու մեծարանք, ամեն գովք ու ամեն օրհնություն, ամեն երախտագիտություն ու ամեն փառք, քանի որ Իրենն են բոլոր բարիքները և միայն Ինքն է բարի։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։