Dio (1) – Italian - Armenian – Mashtoz.org
audiolibrary_letter D

Dio – Դի՛օ

արական սեռի գոյական

 

1. ա) Աստված։ – Քրիստոնեական համատեքստում՝ գերագույն Է-ն, Էակը, հասկացված որպես կատարելագույն, հավիտենական, տարածքի ու ժամանակի սահմաններից դուրս, տիեզերքի արարիչ ու համակարգող։

Որպես սովորական անուն. – adorare l’unico vero Dio – պաշտել միակ ճշմարիտ Աստծուն; il Dio degli ebrei, dei cristiani – հրեաների, քրիստոնյաների Աստվածը; gente senza Dio – անաստված մարդիկ; individui senza timor di Dio – Աստծո երկյուղը չունեցող (Աստծուց չվախեցող) անհատներ, այսինքն՝ անխիղճ և բարոյական գիտակցությունից զուրկ։

Որպես հատուկ անուն (առանց որոշյալ հոդի). prove dell’esistenza di Dio – Աստծո գոյության փաստեր; Dio Padre – Հայր Աստված, Ամենասուրբ Երրորդության առաջին Անձը; il Figlio di Dio – Աստծո Որդին, Հիսուս Քրիստոսը; la Madre di Dio – Աստծո Մայրը, Աստվածածինը; credere in Dio – հավատալ Աստծուն; Uomo-Dio – Մարդ-Աստված կամ Աստվածամարդ (հունարեն՝ Θεάνϑρωπος), Քրիստոսին տրվող տիտղոս՝ ընդգծելու համար Նրա մեկ Անձի մեջ երկու բնությունների՝ աստվածայինի ու մարդկայինի միությունը։

բ) Արտահայտություններ. servo di Dio – Աստծո ծառա, քահանա, աբեղա; sposa di Dio – Աստծո հարս, Ընդհանրական Եկեղեցին; casa di Dio – Աստծո տուն, եկեղեցի (շինություն); le vie di Dio – Աստծո ճանապարհները, միջոցները, որ գործի է դնում Նախախնամությունը; ascoltare la parola di Dio – ունկնդրել Աստծո խոսքը, ականջ դնել Ավետարանի քարոզչությանը կամ Եկեղեցու վարդապետությանը։

Ամենահայտնի ասացվածքներից. l’uomo propone e Dio dispone – մարդը ծրագրում է, իսկ Աստված՝ որոշում; ognuno per sé e Dio per tutti – ամեն ոք իր համար, իսկ Աստված՝ բոլորի; aiùtati che Dio t’aiuta – օգնիր ինքդ քեզ, որպեսզի Աստված քեզ օգնի։

Տարբեր զգացմունքներ արտահայտող բացականչություններ. Dio benedetto! – Օրհնյա՜լ Աստված, Dio buono! – Բարի՜ Աստված, Dio grande! – Մե՜ծ Աստված, Dio santo! – Սո՜ւրբ Աստված (որոնք, երբեմն, անհամբերություն և զայրույթ արտահայտող բացականչություններ են)։ Basta! Mi fai impazzire! Dio buono! – Բա՛վ է։ Ինձ խենթանալու ես հասցնում։ Բարի՜ Աստված (հայերենի «Աստծո՜ սիրույն» բացականչության նման)։

Սոսկ բացականչական արժեքով. Dio (oppure Dio mio), che disgrazia! – Աստվա՜ծ [կամ էլ՝ Աստվա՜ծ իմ], ինչպիսի՜ դժբախտություն; Dio, che pena!, che dolore!, che spavento!, ecc. – Աստվա՜ծ, ինչպիսի՜ հոգնություն, ինչպիսի՜ ցավ, ինչպիսի՜ սարսափ, և այլն; Dio, che sarà successo? – Աստվա՜ծ, տեսնես ի՞նչ է պատահել; Oh Dio, mi sento mancare – Ա՜հ Աստված, ուշագնաց եմ լինում; Dio, quant’è brutto quell’uomo! – Աստվա՜ծ, որքա՜ն տգեղ է այդ մարդը; in nome di Dio – հանուն Աստծո; per l’amore di Dio – ի սեր Աստծո (կատակով՝ lavorare per l’amor di Dio – աշխատել Աստծո սիրո համար, այսինքն՝ ձրի); և անհամբերություն արտահայտելու համար. lasciatemi in pace, nel nome di Dio – ինձ հանգիստ (բռց.՝ խաղաղության մեջ) թողեք, հանուն Աստծո։

Մաղթանքի բանաձևեր. Dio t’assista – Աստված քեզ օգնական; Dio v’accompagni – Աստված ձեր հետ լինի (բռց.՝ ձեզ ընկերակցի); Dio ve ne renda merito – Աստված ձեզ վարձահատույց լինի։

Շնորհակալության բանաձևեր. grazie a Dio – Աստծո շնորհիվ կամ շնորհակալություն Աստծունringraziando Dio – Աստծուն շնորհակալություն հայտնելովDio sia lodato! – Աստված թող գովաբանված լինի, և բազմաթիվ նման արտահայտություններ։

Հույսի արտահայտություններ. Dio lo voglia – Աստված անի (բռց.՝ կամենա դա), Dio volesse che ... – Աստված աներ (բռց.՝ կամենար), որ ... , արտահայտելու համար հույս, որ փափագված բանը իրականանա; և նույն կերպ: se Dio vuole – եթե Աստված կամենա, a Dio piacendo – Աստծուն հաճելի լինելու դեպքում, con l’aiuto di Dio – Աստծո օգնությամբ, ստորադասելով սեփական փափագը Աստծո կամքին. tra pochi giorni, se Dio vuole, tutto sarà finito – քիչ օրեր անց, եթե Աստված կամենա, ամեն բան վերջացած կլինի; Che Dio ce la mandi buona! – Աստված մեզ բարի [բախտ] ուղարկի, երբ ձեռնարկվում է անորոշ մի գործ կամ երբ գործերը լավ չեն գնում; և որպես մաղթանք. Dio ne liberi! – Աստված դրանից ազատի, Dio ci scampi e liberi! – Աստված մեզ փրկի ու ազատի։

Կասկածի արտահայտություններ. Dio sa ... – Աստված գիտի, lo sa Dio ... – դա Աստված գիտի, որպես «ո՞վ գիտի»ի հոմանիշ: Dio sa se ci riusciremo – Աստված գիտի, թե կկարողանա՞նք; lo sa Dio quando ci potremo rivedere – դա Աստված գիտի, թե ե՛րբ կկարողանանք կրկին հանդիպել (կամ, հերթականությունը փոխելով, առավել շեշտադրված կերպով: quando ci potremo rivedere, Dio solo lo sa! – թե ե՛րբ կկարողանանք կրկին հանդիպել, դա միայն Աստված գիտի

Ճշմարտացիություն հաղորդելու համար սեփական խոսքին. lo sa Dio se vi aiuterei volentieri – Աստված դա գիտի (հայերենի Աստված վկա արտահայտության նման), որ հոժարությամբ կօգնեի ձեզ; Dio solo sa quanto mi è costato – միայն Աստված գիտի, թե ինձ ինչքան է արժեցել (վրաս ինչքան է նստել); և նույն կերպ. Dio mi è testimonio che ... – Աստված ինձ վկա է, որ ... ; ve lo dico davanti a Dio – ձեզ դա ասում եմ Աստծո առաջ; Dio mi mandi un accidente se non dico il vero – Աստված ինձ վատ բան ուղարկի, եթե ճիշտը չեմ ասում; Che Dio mi perdoni, Che Dio ti perdoni – Թող որ Աստված ինձ ների, Թող որ Աստված քեզ ների ... ։

գ) Առավել մասնակի իմաստներով. grazia di Dio, ben di Dio – Աստծո շնորհ, Աստծո բարիք, նյութական բարիքներ, ունեցվածք, առատություն: è peccato sprecare tanta grazia di Dio – ափսոս է Աստծո այսքա՜ն շնորհ վատնելը; casa ricca d’ogni ben di Dio – Աստծո ամեն տեսակ բարիքով հարուստ տուն։ Ira di Dio – Աստծո զայրույթ, ավերածություն, տակնուվրայություն, սանձազերծ անձ, և նման հասկացողություններ. questo bambino è un’ira di Dio (o un’iradiddìo) – այս երեխան Աստծո զայրույթ է (հայերենի Աստծո պատիժ արտահայտության հոմանիշը). Castigo di Dio – Աստծո պատիժ, մեծ աղետ; flagello di Dio – Աստծո մտրակ. È la mano di Dio – Աստծո ձեռքն է (հայերենի՝ Աստծո աջն է), երբ վրա է հասնում մի անսպասելի բարիք կամ օգնություն, կամ նաև՝ արժանի պատիժ, հատուցում։

2. Բազմաստվածյան կրոններում՝ յուրաքանչյուրն այն էակներից, որ պաշտվում են որպես մարդուց գերակա, օժտված անձնականությամբ ու անմահությամբ (այս իմաստով գործածվելիս, արական սեռի դեպքում ունի հոգնակի տարբերակ՝ gli dei - լյի դե՛յ, ինչպես նաև իգական տարբերակ. եզակի՝ dea - դէ՛ա, հոգնակի՝ dee - դէ՛էNel tempo degli dèi falsi e bugiardi (Dante) – Կեղծ ու ստախոս աստվածների ժամանակ (Դանթե); gli dèi di Roma – Հռոմի աստվածները; gli dèi della mitologia greca, germanica – հունական, գերմանական առասպելաբանության աստվածները; dèi superi, inferi – բարձրակարգ, ցածրակարգ աստվածներ; la dea della fertilità – պտղաբերության աստվածուհին; le dee babilonesi – բաբելոնյան աստվածուհիները; և այլն։

3. Չափազանցված ձայներանգով գործածվում է անձանց վերաբերյալ, որոնք բարձրագույն աստիճանի տիրապետում են ինչ որ մի որակի կամ իրենց արվեստի մեջ հասնում են ծայր աստիճան գերազանցության. bello come un dio – գեղեցիկ [է] ինչպես մի աստված; ha un cuore da dio – աստվածային [բռց.՝ աստծո բնորոշ] սիրտ ունի; suona, canta come un dio – նվագում է, երգում է ինչպես մի աստված; Gianni è un dio in matematica – Ջաննին մի աստված է թվաբանության ոլորտում; Bellini è il dio della melodia – Բելլինին քաղցրաձայնության [մեղեդիի] աստվածն է։ Կամ նաև անձի կամ առարկայի վերաբերյալ, որը պաշտամունքի առարկա է դարձվում ոմանց կողմից. quell’uomo è un dio per lei – այդ մարդը մի աստված է նրա համար; Napoleone era un dio per i suoi soldati – Նապոլեոնը մի աստված էր իր զինվորների համար; s’è fatto un dio del suo ventre – իր փորն իր համար մի աստված է դարձրել, ասվում է չափազանց որկրամոլ մարդու վերաբերյալ; Fatto v’avete dio d’oro e d’argento (Dante) – Ձեր համար ոսկու ու արծաթի աստված շինեցիք (Դանթե)։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։