Աթոռ Իմաստության (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Աթոռ Իմաստության (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Աթոռ Իմաստության» կամ «Գահ Իմաստության» (լատիներեն՝ «Sedes Sapientiae») հասկացությունը Սուրբ Կույս Մարիամին տրված բազմաթիվ տիտղոսներից մեկն է, տարածված՝ Ընդհանրական (Կաթոլիկ) Եկեղեցու բարեպաշտական ավանդության մեջ: Ըստ մի ուսումնասիրության, «Աթոռ Իմաստության» տիտղոսը առաջացել է Տասնմեկերորդ դարում[1]: Վաղ միջնադարից սկսած, Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել են որպես Աստծո մարմնացած Իմաստություն, և Մարիամը, Հիսուսին Իր գիրկն առնելով, դառնում է «Աթոռ (կամ Գահ) Իմաստության»[2]: Ավելի ուշ, այս տիտղոսը մտել է նաև Լորեթյան Լիթանիայի մեջ:

 

 

«Աթոռ Իմաստության» անվամբ սրբապատկերներում և քանդակներում Աստվածամայրը նստած է գահին՝ Հիսուս Մանուկն իր գրկում: Տիրամոր այս տեսակի պատկերների համար որպես նախատիպ է հանդիսանում բյուզանդական «Chora tou Achoretou» - «Անբովանդակելին բովանդակող» տիտղոսը, որ գոյություն ուներ Բյուզանդական Ծեսի Աքաթիստոս կամ Հոտնկայս երգվող շարականներում՝ նվիրված Տիրամորը: Այս տիտղոսի թեման մեծ տարածում ստացավ մանավանդ Արևմտյան Եվրոպայի սրբանկարչության մեջ՝ արդեն Տասներեքերորդ դարում: Օրինակ, Գերմանիայում շատ հայտնի էր Մաթիլդայի Խաչը, որի մեջ պատկերված էր «Աթոռ Իմաստության» Տիրամայրը. այդ Խաչը գործածում էին թափորների ժամանակ: «Աթոռ Իմաստության» սրբապատկերները տարածված էին նաև ձեռագրերում, հռոմեական որմնանկարներում, խճանկարներում և կնիքներում:

 

 
[1] Rotan, S.M., Johann, "Mary, Seat of Wisdom", Marian Library, University of Dayton.
[2] Moyer, Ginny Kubitz. "What does the title Mary, Seat of Wisdom mean?", Busted Halo, March 1, 2010.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։