Ամենասրբուհի - Պանագիա (մարեմական տիտղոս) – Հանրագիտարան – Mashtoz.org
encyclopedia_letter Ա
Ամենասրբուհի - Պանագիա (մարեմական տիտղոս)
Թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան

«Պանագիա» անվանումը (հունարեն «Παναγία», որ նշանակում է «ամենասուրբ», «ամբողջովին սուրբ») Սրբուհի Մարիամի բազմաթիվ տիտղոսներից մեկն է, որ գործածվում է հատկապես Արևելյան Կաթոլիկ և Օրթոդոքս Եկեղեցիներում: Հունական շատ եկեղեցիներ, որ նվիրված են Տիրամորը, կոչվում են «Պանագիա»: Օրթոդոքս Եկեղեցիներում ավելի հաճախ գործածվում է հենց «Պանագիա» տիտղոսը՝ «Սրբուհի Մարիամ» անվան փոխարեն, այն մեկնությամբ, որ Մարիամը շատ ավելի բարձր է բոլոր Սրբերից. Ամենասուրբ, Ամբողջովին Սուրբ է:

Պանագիան նաև անվանումն է այն մեդալիոնի, որ կրում են Արևելյան, նաև Հայ Ընդհանրական (Կաթոլիկ) և Առաքելական Եկեղեցիների եպիսկոպոսները: Պանագիայի վրա պատկերված է Աստվածածինը, սովորաբար Հիսուս Մանուկը գրկում: Մեդալիոնը կարող է լինել օվալաձև, ինչպես հայկական ավանդության մեջ է, կամ քառակուսի և բյուզանդական երկգլխանի արծվի տեսքով, ինչպես Հույն Օրթոդոքս Եկեղեցում: Պանագիան կրում են և՛ կապայի վրա, և՛ ծիսական հանդերձանքի հետ միասին: Այն եպիսկոպոսական իշխանության նշան է:

«Պանագիա» բառը Հույն Օրթոդոքս և Ընդհանրական Եկեղեցիներում գործածվում է նաև Պրոսֆորոնի կամ Ամենասուրբ Հաղորդության համար Սուրբ Պատարագի ժամանակ ընծայաբերվող հացի մի օրհնված մասնիկի առնչությամբ, որը խորհրդանշում է Աստվածածնին: Պատարագի Առաջադրության ժամանակ, ընծայաբերված և դեռ չսրբագործված հացից կտրվում է մի եռանկյունաձև մասնիկ և դրվում է դիսկոսի կամ ափսեի մեջ: Պատարագի վերջում այդ հատվածը, որ կոչվում է Պանագիա, օրհնվում է Պատարագիչ քահանայի կողմից և ապա Պանագիայով խաչակնքվում է Ամենասուրբ Հաղորդությունը կամ Պրոսֆորոնը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։